Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առաքյալների կանոնները

Առաքյալների կանոնները
20.01.2017 | 12:31

Երբ Փրկչի առաքյալները մեկնելու էին տարբեր աշխարհներ քարոզելու, նախօրոք ժողով արեցին, որպեսզի միաբանությամբ սահմանեն այնպիսի կանոններ, որոնցով մարդկության բոլոր եկեղեցիները, ըստ քարոզվող Սուրբ Ավետարանի, միանման լինեն բոլոր աշխարհներում: Ժողովի արդյունքները հանձնարարեցին, որ գրի առնի Ղուկասը: Կանոններն ընդամենը 33-ն են՝ մեր Փրկչի այս աշխարհում ապրած տարիների թվի համեմատ: 34-րդ գլուխը պատմում է, թե առաքյալները որ երկրները հանձնառություն ունեցան գնալու և ինչ գործեր արեցին:

«ԻՍԿ ԴՈՒ ՏԵՂՅԱ՞Կ ԵՍ, ՈՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՎԵՏԱՐԱՆԸ ԿԱ»
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը խորհրդային ժամանակներում մեր ազգի լավագույն հավատացյալներից էր։ Խորհրդային օրերին, երբ հավատացյալ մտավորականներն անգամ, հալածանքից կամ բամբասանքից վախենալով՝ հազվադեպ էին եկեղեցի այցելում, մի լրագրողուհի, որ Նորագավթից էր, վկայեց, թե. «Ապշելու բան տեսա: Այդ հռչակավոր գիտնականը ծնկի էր եկել մեր Սուրբ Գևորգ եկեղեցում, հայացքը վեր՝ վերացած այս աշխարհից», երբ մտավորական հավատացյալներիցս քչերն էինք համարձակվում ամենքի ներկայությամբ Աստծո առաջ ծնկի գալ:
Մի օր էլ, երբ արդեն պատգամավոր էր, բնականաբար, հոգսերն ու գործերն ավելի շատ, հանդիպեցինք գրողների տան մոտ: Գիտնականն ուրախ ողջունելուց հետո հարցրեց.
-Իսկ դու տեղյա՞կ ես, որ Մատենադարանում հինգերորդ Ավետարանը կա՝ գրաբար թարգմանությամբ:


Այդ օրերին էլի գրվածքներ էին հայտնի, որ հինգերորդ Ավետարան էին անվանվում, և ես տարակուսանքով հետաքրքրվեցի, մտածելով թե գուցե նման գրքի մասին է խոսքը:
-«Առաքյալների կանոններն» են,- իմ տարակուսանքը փարատեց գիտնականը,- Ղուկաս Ավետարանիչն է հեղինակը:
Ինձ համար ուրախություն էր այդ մասին լսելը, որովհետև արդեն գրաբարից փոխադրել էի Ղուկասի «Առաքյալների կանոնները», որն ահա մեծարգո գիտնականն անվանում էր հինգերորդ Ավետարան: Հաճելի զարմանքով լսեց, որ արդեն փոխադրել եմ և, ասես ինչ-որ հոգսից թեթևացած, հրաժեշտ տվեց: Վստահ էի, որ եթե առողջություն ու ժամանակ ունենար՝ ինքն այդ անգին հոգևոր գոհարը վաղուց փոխադրած-հրատարակած պիտի լիներ:
Փոխադրությունն առաջին անգամ հրապարակվեց «Գարուն» ամսագրում` անկախության առաջին տարիներին:
Ապա հայրական հովանավորությամբ և հոգատարությամբ «կանոններն» առանձին գրքույկով հրատարակեց Երուսաղեմի միաբան, Երևանի պետհամալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դեկան ՇԱՀԵ արքեպիսկոպոս ԱՃԵՄՅԱՆԸ:
Սրբազանի ուրախությունը «Առաքյալների կանոնների» հրատարակման առթիվ այն իմաստուն խոսքի ըմբռնումն ուներ, թե` որքան էլ թանկարժեք գանձեր ունենաս Մատենադարանում պահած, եթե գործածության մեջ չես դնում, այդքան իսկ դրանք սակավօգուտ են մնում:


-Որդյա՛կ,- ասաց,- ես չգիտեմ էլ ինչ բարի գործեր ունես կատարած, բայց համոզված եմ, որ այս աշխատանքը բոլոր գործերիցդ լավագույնն է:
Սրբազանի տպագրած գրքույկը` 5000 օրինակ, մեծ մասամբ նվիրեցինք մեր եկեղեցիներին, դպրոցներին, գրադարաններին, հավատավոր մտավորականների: Նաև Սփյուռք ուղարկեցինք:
Այսօր արդեն, երբ հայոց դպրոցներում հոգևոր դասընթացներ կան, և Քրիստոսի եկեղեցու հանդեպ նեռային ճնշումները հզորանում են ու սաստկանում, նոր հրատարակության պահանջարկ առաջացավ, որ նվեր տանք մեր թեմերին, հայ հավատացյալ մեր ժողովրդին: Այն հույսով, որ առաքելական պարզ, անպաճույճ, կենդանարար և արմատական սահմանումները, երբ լսող լինենք` կամրացնեն մեր հավատքը` մղելով մեզ առավել իմաստուն ապրելակերպի ու փրկաբեր կյանքի` երկնաբույր մխիթարություններով:
Եվ Աստծո առավել օրհնությունը խնդրենք, որ իջնի բանիմաց այն մարդկանց վրա, ովքեր այս և նման այլ գործերի համար իրենց քրիստոնեական վերանձնական ներդրումը պատիվ համարեցին: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Սուրբ եկեղեցու այն կանոններն ու սահմանները, որ, Տիրոջ երկինք համբառնալուց հետո վերնատան մեջ ժողովվելով, հանձնարարեցին Քրիստոսի աշակերտները

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Հույների իշխանության երեք հարյուր երեսունիններորդ տարին էր, հռոմեացիների կայսր Տիբերիոսի թագավորության ժամանակը, հունիս ամսի չորսը՝ մեկշաբթի, որը և Պենտեկոստեի կատարման հիսուներորդ օրն էր: Այս նույն օրը աշակերտները եկան Գալիլիայի Նազարեթ քաղաքը, որտեղ Գաբրիել հրեշտակը Տիրոջով հղիանալու ավետիսը տվեց Կույս Մարիամին: Նույն այդ օրը, վաղ առավոտյան, աշակերտները Ձիթենյաց լեռը բարձրացան, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը, սովորական աչքի համար աներևույթ տեսիլքով, եղավ նրանց մեջ և զորացրեց նրանց: Այս մեծ կիրակիի առավոտյան կողմ Փրկիչը, բարձրացնելով իր տերունական ձեռքը, դրեց տասնմեկ աշակերտների գլխներին և նրանց շնորհեց քահանայության աստիճան, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ձեռնադրությամբ նույն քահանայությունը շնորհեն իրենց աշակերտներին: Եվ երբ աշակերտները երեցության պարգևն ընդունեցին և պատվեր ստացան, որ իրենք ևս քահանայության պարգևով օծեն իրենց հնազանդ աշակերտներին, որպեսզի նրանք էլ Ավետարանի քարոզողներ և ընդհանրական սուրբ եկեղեցու սեղանի սպասավորներ լինեն, մկրտեն բոլոր հեթանոսներին՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, այդ ժամանակ հանկարծահաս մի լուսավոր ամպ եկավ, վերցրեց Կենարարին ու բարձրացրեց երկինք:
Եվ առաքյալները, որ միաբան արժանի եղան լուսավոր այդ տեսիլքը տեսնելուն և ԱստվածՈրդու համբարձմանն ու Հոր աջ կողմը նստելուն՝ ցնծալից ուրախությամբ փառաբանում և գոհանում էին Աստծուց, և այնպիսի ուրախություն էր, որի մասին Տերը նախօրոք էր նրանց ասել, թե. «Առավել ուրախություն պիտի լինի այն ժամանակ, երբ Մխիթարիչ Սուրբ Հոգին ուղարկեմ»: Նրանք ուրախանում և ցնծում էին, որովհետև քահանայության աջն ընդունել էին ճիշտ այնպես, ինչպես Մովսեսն ու Ահարոնը: Եվ Ձիթենյաց լեռից իջնելով, նրանք եկան Վերնատուն, որտեղ իրենք էին առաջին եկեղեցին: Այստեղ էր, որ Տիրոջ հետ միասին զատիկը կերան, այստեղ էր, որ աշակերտները հարցրին Նրան, թե ո՞վ է նա, որ Նրան պիտի մատնի հրեաների ձեռքը: Այստեղ էր, որ եղան վեճեր և հարցմունքներ: Եվ այստեղ էր, որ աշակերտները միմյանց մասին հոգ էին տանում, և մտածում, թե ինչպես մեր Տիրոջ արքայության Ավետարանը ամբողջ երկրի վրա քարոզեն: Եվ այստեղ էր, որ Տերն իր սուրբ Մարմնի և Արյան խորհուրդը աշակերտներին հայտնեց, որով նրանք առաջինը մտան հավիտենական լույսի թագավորության մեջ: Եվ այստեղ, այդ նույն օրը, միաբան ամենքով կատարեցին Սուրբ Հաղորդության խորհուրդը, և այստեղ դրեցին Արքայության Ավետարանի քարոզչության սկիզբը՝ ողջ տիեզերքի համար: Եվ մինչև Տիրոջ աշակերտները այն մտատանջությունների մեջ էին, թե Արքայության Ավետարանը ինչպես քարոզեն հեռավոր և օտար աշխարհներում, երբ այդ աշխարհների լեզուները չգիտեն և ասում էին. «Սքանչելի զորությունները, նշաններն ու բժշկություններ գործելը, որ ստացանք մեր Տիրոջից և Նրա սուրբ անվան վրա հաստատ հույս ունենք, որ Նա մեզ կպահի օտար ազգերի առաջ, բայց երբ նրանց լեզուները չգիտենք, մեզ ինչպես պիտի լսել կարողանան, երբ իրենց հերթին իրենք ևս չգիտեն մեր լեզուները: Եվ երբ Կենդանարարի անվամբ նշաններ գործենք և բժշկություններ կատարենք, նրանց ինչպես ասենք, որ այդ մեծամեծ նշաններն ու զորավոր գործերը գործում ենք Քրիստոսի անունով, Նրա, որ Խաչվեց»:

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Եվ մինչդեռ առաքյալները այս խորհրդի մեջ էին, Սիմոն Պետրոսը, որ հավատի վեմն ու եկեղեցու հիմքն է՝ առաքյալների անդրանիկը, վեր կացավ և նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, մենք այժմ դեռ չգիտենք, թե Քրիստոսի Ավետարանը ինչպես պիտի քարոզենք այս աշխարհում, սակայն հավատանք և հույս ունենանք այն հոգեբարձությանը, որ այժմ Տերը պատրաստում է մեզ համար, որովհետև Նա մեզ խոստացավ և ասաց, թե՝ երբ իմ Հոր մոտ գնամ, ձեզ մոտ կուղարկեմ Մխիթարության Հոգին, որը կուսուցանի ձեզ և կհիշեցնի այն ամենը, ինչ արժան է իմանալ, գործել կամ ուսուցանել»: Եվ մինչ Սիմոն Պետրոսը այս բաներն էր խոսում և մեր Տիրոջ խոստումները հիշեցնում առաքյալներին, հանկարծահաս նրանց լսելի եղան բարբառվող հնչյունների ձայներ, և նույն պահին բուրեց մի բույր անուշության, որն այս աշխարհի կողմից երբևէ ընդունված չէր: Եվ երկնքից հրեղեն լեզուներ իջան Սուրբ Հոգով՝ նրանցից ամեն մեկի վրա, և կրակի բոցը հայտնապես նրանց վրա երևում էր: Եվ ըստ այն լեզուների, որ նրանցից ամեն մեկն ընդունեց, այդպես էլ պատրաստեցին իրենց անձերը, որպեսզի այն աշխարհները գնան, որոնց լեզվով որ սկսեցին խոսել:
Եվ մինչ առաքյալների գունդը միաբան ու միասիրտ էր, Սուրբ Հոգու պատվերով նույն օրն իսկ դրեցին և հաստատեցին սուրբ ընդհանրական եկեղեցու կանոնները և օրենքները, որպեսզի այս կանոնները և օրենքները նույնպես միաբան լինեն Ավետյաց Ավետարանի քարոզչությանը և լինեն հենարան իրենց ուսուցանած արդար, ճշմարիտ և հավատարիմ վարդապետությանը:

ԳԼՈՒԽ Ա
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՂՈԹՔԻ ԿԱՆԳՆԵԼ ԱՐԵՎԵԼՔ ԴԱՐՁԱԾ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ այն ժամանակ, երբ աղոթքի կանգնես կամ երկրպագես Աստվածությանը՝ կանգնի՛ր դեմքով արևելք, համաձայն այն խոսքի, որ Փրկիչն ասաց. «Ինչպես կայծակն է փայլատակում արևելքից և երևում է մինչև արևմուտք, այդպես էլ պիտի լինի մարդու Որդու Գալստյան ժամանակ»: Որովհետև արդարության Արեգակը՝ Քրիստոսը, Աստծո Որդին, արևելքից է ծագում և փրկություն կատարում երկրի մեջ: Եվ այսուհետև իմացե՛ք, որ արժան է աղոթքի կանգնել ու հավիտենական անմահ արքային երկրպագել միայն արևելք դարձած:

ԳԼՈՒԽ Բ

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՊԱՏԱՐԱԳԻ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ամեն կիրակի՝ մեկշաբաթի օրը, լինի տոն, պաշտոն և տերունական արյան ու մարմնի խորհրդի կատարում, որ մեզ պատվիրեց Կենարարը, և պատարագի հացը սուրբ սեղան բարձրացվի նույն օրը եփած՝ տաք վիճակում: Իսկ արժանավորները հաղորդվեն առանց որևէ արհամարհանքի, այլ մեծ երկյուղով: Մեկշաբթի օրը լինի դատարկված ու փափկացված, ինչպես Աստված պատվիրեց Նոյին, Աբրահամին ու Մովսեսին: Լինի հանգիստ երկրավոր աշխատությունից, ինչպես յոթերորդ ժամանակի մեջ՝ մեր Տիրոջ հավիտենական արքայության Գալստյան ժամանակ: Ամեն մեկշաբթի ընթերցվեն սուրբ մարգարեների ու առաքյալների գրքերը, իսկ ավարտին՝ կարդացվի այս ամենի գլուխ Ավետարանը և մատուցվի պատարագ, որովհետև մեկշաբթի օրը եղավ արարածների ստեղծումը, մեկշաբթի օրը Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առավ մեռելներից, և մեկշաբթի օրը ծագեց աշխարհի վրա և մեկշաբթի օրը՝ Պենտեկոստեի ժամանակ, մեր Տերը բարձրացավ երկինք և աշխարհի վախճանին պիտի երևա մեկշաբթի օրը՝ Հայրական փառքով ու երկնային հրեշտակներով հանդերձ:

ԳԼՈՒԽ Գ
ՉՈՐԵՔՇԱԲԹՎԱ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ չորեքշաբթի օրը պահեցողություն լինի, որովհետև այդ օրը Տերը կանխատեսեց և հայտնեց աշակերտներին իր չարչարանքների, կենարար խորհրդի, մատնության, դատաստանի, խաչելության, մահվան ու հարության մասին, և այդ օրը տրտմեցին աշակերտները: Արդ, չորեքշաբթի լինի պահք, սուգ, պաշտոն, նաև ցնծության և ուրախության աղոթքներ:

ԳԼՈՒԽ Դ
ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ուրբաթ օրը պահեցողություն, սուգ և տրտմություն լինի, որովհետև ինչ ասվեց չորեքշաբթի օրը մեր Փրկչի չարչարանքների մասին, ուրբաթ օրը կատարվեց, այն ժամանակ շարժվեցին բոլոր արարվածները, և խավարեցին երկնքի լուսատուները: Պահեցողությունը լինի մինչև իններորդ ժամը:

ԳԼՈՒԽ Ե
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՊԱՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ շաբաթ օրը լինի տոն և պաշտոն՝ ամբողջ տիեզերքի համար, հանուն բոլոր մարտիրոսների՝ հիշատակի օր, քահանաները նրանց համար պատարագ մատուցեն և ուրախության սաղմոսներ երգեն, որովհետև շաբաթ օրը մեծ Արքայի Գալստյան կարապետն է: Բոլոր սրբերին պարտ է ուրախ լինել Քրիստոսի առաջ:
(շարունակելի)

Գրաբարից փոխադրեց
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ