Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կցանկանամ, որ մարդիկ փորձեն այս աշխարհն ավելի լավը դարձնել»

«Կցանկանամ, որ մարդիկ  փորձեն այս աշխարհն ավելի լավը դարձնել»
20.01.2017 | 12:44

«Իրատեսը» շարունակում է զրույցը դերասան, բեմադրիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ:

(սկիզբը՝ այստեղ)

«ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԲԱՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՆՑՅԱԼԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ»


-Պարոն Էլբակյան, զրույցի ընթացքում խոսեցիք այն մասին, թե սխալ է ներկայացման մասին կարծիք կազմել և այն արտահայտել առաջնախաղից անմիջապես հետո: Քննադատների շտապողականության արդյունքում չէ՞ր արդյոք, որ ժամանակին այդպես քարկոծվեցին Խորեն Աբրահամյանի բեմադրած «Պեպոն», Հրաչյա Ղափլանյանի բեմադրած «Քաջ Նազարը»:
-Ես անշնորհակալ բան եմ համարում անցյալի մասին խոսելը: Ավելին՝ անհարմար եմ զգում որևէ բան ասել: Կան այնպիսի պիեսներ, որոնք հրաշալի են գրված, զարմանալի լեզվով, շատ հետաքրքիր գեղագիտությամբ, բայց դրանք դժվար բեմադրվող պիեսներ են: Այդպիսին է «Պեպոն», այդպիսին է նաև Ռոստանի «Սիրանո դը Բերժերակը»: Քիչ է պատահում կամ չի էլ պատահում, որ այսպիսի պիեսները թատրոնում հաջողություն ունենան: Թատրոնի մարդկանց համար կարծես թե պարտավորություն է այդ պիեսները բեմադրելը, բայց և մեծ ռիսկ է: Եվ ես սրտատրոփ սպասում էի հանդիսատեսին. արդյոք հանդիսատեսը համաձայն կլինի՞ այն մեկնությանը, որը մենք արել ենք «Պեպոյում»: Կարծես թե ոմանք համաձայնեցին, ընդունեցին, ինչի համար ուրախ եմ: «Պեպո» պիեսը չունի ավարտ, չնայած լավ պատմված է: Ըստ պիեսի՝ Կակուլին վերջում գոտին հանում է, հարձակվում Զիմզիմովի վրա՝ ասելով. «Աղա՛ Արութին, հիմի մնացինք յիս ու դուն»: Սա, իհարկե, լուծում չէ, մանավանդ՝ մեր ժամանակներում: Համաշխարհային մշակույթում կա այդպիսի դրամատուրգիա՝ անավարտ պիեսների շարք: Հատկապես դա ընդունված է անգլիական թատրոնում: Բայց այդ պիեսները հենց այդպես էլ գրված են, բերում են անավարտության. ով ինչպես ուզում է, թող այդպես էլ մտածի-ավարտի:
-Այսինքն՝ բեմադրիչը, գուցե անգամ հանդիսատեսն իր մտքում, իր պատկերացրած լուծումո՞վ կարող է ավարտել տվյալ թատերգությունը:
-Այո՛: Բայց այլ է «Պեպոյի» դեպքում. պիեսն ուղղակի ավարտ չունի: Պիեսը բաղկացած է երկու տարբեր ներկայացումներից: Առաջին մասն ընթանում է Պեպոյի տանը, երկրորդ մասը՝ Զիմզիմովի: Տարբեր գեղագիտություն է դրված դրանցում, և դա բերել մեկ ընդհանուր գեղագիտության, բավական դժվարին աշխատանք է, որը պիտի կարողանաս հաղթահարել: Նույն խնդիրը կա նաև Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարում»: Առաջին մասը ուրիշ գեղարվեստական լեզվով է գրված, երկրորդը, որ ներկայացնում է պալատական միջավայրը, բոլորովին ուրիշ: Դրամատուրգիայի առումով դա ուղղակի հանճարեղ է, բայց բեմադրելու համար՝ դժվարին մի ծանրաձող, որը պիտի կարողանաս բարձրացնել. կկարողանա՞ս արդյոք: Եվ Ձեր նշած երկու ներկայացումների դեպքում էլ տեղի ունեցավ նույն բանը: Ըստ իս՝ «Քաջ Նազարի» առաջին գործողությունը հիանալի էր բեմադրել Հրաչյա Ղափլանյանը: Դա փայլուն ներկայացում էր: Երկրորդում եղան դժվարություններ, թեև այնտեղ էլ շատ հետաքրքիր գեղարվեստական լուծումներ կային: «Քաջ Նազարը» շատ սուր ներկայացում էր ստացվել: Դա մյուզիքլի ժանրում մեր թատրոնի ունեցած առաջին փորձերից էր՝ Մարտին Վարդազարյանի երաժշտությամբ: Եվ ներկայացումը նաև իր սրության պատճառով փակվեց: Ինչ վերաբերում է Գաբրիել Սունդուկյանի «Պեպոյի»՝ Խորեն Աբրահամյանի արած բեմադրությանը, ապա այստեղ կային այլ խնդիրներ. ներքին տարբեր հոսանքներ, չկամություն Խորեն Աբրահամյանի նկատմամբ, անհամաձայնություն գեղարվեստական ղեկավարի անձի հետ: Կարծես թատերախմբի և գեղարվեստական ղեկավարի միջև շփման բոլոր եզրերը սպառվել էին: ՈՒ ի թիվս բուն ներկայացմանն առնչվող պատճառների՝ նաև դա նպաստեց ներկայացման փակվելուն: Այդ անհաղթահարելի պրոցեսը կարծես հանգեցրեց այն իրողությանը, որ շատ տեսարաններ ուղղակի կրճատվեցին, չբեմադրվեցին: Ճիշտ է, բեմադրվելու դեպքում դրանք կծանրացնեին ներկայացումը, բայց չբեմադրելն էլ դիտվեց իբրև աններելի բացթողում: Այդ խնդիրը նաև մենք ենք ունեցել «Պեպոն» բեմադրելիս, և չեմ կարող ասել, թե լրիվ հաղթահարել ենք, գուցե կարելի է ասել՝ հնարավորինս հաղթահարել ենք: Եվ քանի որ Խորեն Աբրահամյանի պարագայում կար ճնշում գեղարվեստական ղեկավարի վրա, այդպիսի պայմաններում շատ դժվար էր ստեղծագործել, ներկայացում բեմադրել: Հիմա ես երբեմն հետադարձ հայացք եմ նետում կատարվածի վրա, հասկանում եմ, որ երբ մարդու սիրտը, միտքը, հոգին փակվում են, մարդը չի կարող ստեղծագործել: Ստեղծագործությունը շատ փխրուն, դժվար մի բան է, և երբ ստեղծագործողի վրա կան կողմնակի ազդեցություններ, նա կաշկանդվում է: Կարծում եմ՝ պատճառներից մեկն էլ դա էր, որ Խորեն Աբրահամյանի աշխատանքը «Պեպոյի» վրա կիսատ մնաց, հետո ստիպեցին, որ նա այդ վիճակով հանձնի ներկայացումը, որն իրականում պատրաստ չէր, «եփված» չէր: Խորեն Աբրահամյանի անձի հանդեպ բացասական վերաբերմունք կար թե՛ վերևներում, թե՛ ներքևներում, և ստեղծվեց հեղափոխական մի իրավիճակ, որի մասին ընդունված է ասել. «Վերևները չեն կարողանում, ներքևները չեն ցանկանում»:

«ԹԱՏՐՈՆԸ ԿՈՉՎԱԾ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՕԳՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍԶԻ ԱԶԱՏԱԳՐՎԵՆ ՄԵՐ ՇՈՒՐՋԸ ՏԻՐՈՂ ՔԱՈՍԻՑ»


-Վերջերս Ձեր բեմադրած մեկ այլ ներկայացման պրեմիերան կայացավ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: Խոսքս «Քո կյանքի ժամերը» ներկայացման մասին է՝ ըստ Վիլյամ Սարոյանի ստեղծագործության: Թատրոնների միջև ստեղծագործական փոխշփումները Ձեզ գրավո՞ւմ են փաստորեն:
-Մի առիթով ասել եմ, որ Հայաստանի բոլոր թատրոններն իմն են, անկախ նրանից` ես տվյալ թատրոնում աշխատում եմ, թե չեմ աշխատում: Ես սիրում եմ թատրոնը, սիրում եմ մարդկանց, որոնք աշխատում են թատրոնում: Սիրում եմ իմ գործընկերներին՝ նրանց, ովքեր ղեկավարում են մյուս թատրոնները: Համենայն դեպս, երբ ես գնում եմ նրանց ներկայացումները դիտելու, նախապես չեմ գնում չհավանելու, գնում եմ հավանելու, տեսնելու, թե ինչ են իմ ժամանակակիցները մտածում այս աշխարհի մասին: Միշտ չէ, որ իմ կոլեգաները նույն տրամադրությամբ են գալիս իմ ներկայացումները դիտելու: Բայց ես նրանց ներում եմ՝ մաքուր սրտով, Սունդուկյանի լեզվով ասած՝ «իստակ սրտով»: Ներում եմ՝ հասկանալով, որ ամեն մարդ ունի իր անհատականությունը: Համենայն դեպս, այս աշխարհը ամեն մարդ տեսնում է յուրովի: Եվ այնպես չէ, որ եթե ես ինչ-որ բան չեմ հավանում, ապա դա անպայման վատն է: Պարզապես ես այլ կերպ եմ տեսնում: Եվ շատ հնարավոր է, որ մարդը ներկայացնի մի ստեղծագործություն, որը ինձ բոլորովին դուր չգա, չհավանեմ այդ ստեղծագործության գեղագիտությունը, քաղաքացիական դիրքորոշումը, գեղարվեստական ճաշակը: Բայց դա չի նշանակում, որ ես պիտի ստանձնեմ այդ ստեղծագործության կամ նրա հեղինակի դատավորի դերը: Ես ընդամենը անցորդ եմ, որը մասնակից է դառնում մեր կյանքում գոյություն ունեցող այս կամ այն երևույթին: Թատրոնը կոչված է մարդկանց օգնելու, որ ազատագրվեն մեր շուրջը տիրող քաոսից: Ես հիմա դրանով եմ զբաղված: ՈՒ օգտագործելով առիթը՝ ցանկանում եմ ասել. ում ինչ վատություն եմ արել, խնդրում եմ՝ ների, ով ինձ է վատություն արել, դաղել է սիրտս, ես էլ նրան եմ ներում, դարձյալ Սունդուկյանի խոսքով ասած՝ «իստակ սրտով»: Եվ ասեմ, թե ինչու բեմադրեցի Սարոյանի պիեսը Սոս Սարգսյանի անվան թատրոնում: Երբ ես ասում եմ՝ բոլոր թատրոններն իմն են, դա նշանակում է, որ պատրաստ եմ ամեն տեղ իմ ծառայությունները մատուցելու: Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը երկար էր ինձ համոզում անել ներկայացումը: Ինձ համար հեշտ չէր այդ գործն ստանձնելը, որովհետև «Պեպոյի» սպասվող առաջնախաղի հարցը կար, ես ժամանակի խնդիր ունեի, նաև՝ ֆիզիկապես սպառվելու խնդիր: Բայց Սարոյանն իմ կյանքում ամենակարևոր դերն ունեցող հեղինակն է, որի ստեղծագործությունը բեմադրելու գայթակղությունից ես չէի կարող հրաժարվել: ՈՒստի և սիրով ստանձնեցի այդ գործը՝ շատ լավ հասկանալով, որ Համազգայինը Սարոյանի և սարոյանական իմ մեկնության կարիքն ունի: ՈՒրախությամբ պիտի ասեմ, որ շատ բավարարված եմ այդ աշխատանքով, շնորհակալ եմ այն մարդկանց, որոնց հետ ստեղծեցինք ներկայացումը: Շատ ուրախ եմ, որ գործ եմ ունեցել երիտասարդ թատերախմբի հետ: Հայրիկիս՝ Էդգար Էլբակյանի ընկերոջ և իմ ավագ ընկերոջ՝ Սոս Սարգսյանի հիշատակին է նվիրված այդ ներկայացումը իմ հոգում: Դա պաշտոնապես հայտարարված չէ, բայց ես ինքս իմ մեջ այդպես եմ որոշել: Եվ, դարձյալ իմ հոգում, այն նվիրված է տղայիս՝ կրտսեր Էդգար Էլբակյանի հիշատակին, որը ժամանակին խաղացել է նույն Համազգային թատրոնում բեմադրված՝ Սարոյանի «Մի գավաթ բարություն» ներկայացման մեջ: ՈՒ ասեմ, որ հրաշալի էր խաղում, շատ հմայիչ դերակատար էր բեմում: Կարճ ասած՝ դա հոգու պարտք էր, որը ես պիտի տայի: Եվ գուցե դրանից «Պեպոն» մի քիչ տուժեց, որովհետև Սարոյանի վրա աշխատանքն ինձ արդեն կարգին հոգնեցրել էր: Բայց հիմա ուրախ եմ, որ այդ ներկայացումը լույս աշխարհ է եկել: Այն իմ զավակներից մեկն է: «Քո կյանքի ժամերը» Վիլյամ Սարոյանի ամենադժվար, ամենաբարդ, նաև ամենաերկարաշունչ պիեսն է, որը մեծ գրողը գրել է վեց օրում:
-Հավանաբար հանճարեղ մարդիկ իրենց հանճարեղ գործերը հաճախ են ստեղծում հաշված օրերի ընթացքում: Այդպես են գրվել նաև Դերենիկ Դեմիրճյանի «Հայը», «Քաջ Նազարը»:
-Հավանաբար: Եվ մենք էլ «Քո կյանքի ժամերը» ներկայացումը բավական կարճ ժամանակում բեմադրեցինք: Դա հնարավոր եղավ շնորհիվ այն բանի, որ մեծ նվիրումով էին աշխատում բոլոր դերասանները, բոլորը՝ անխտիր: Ես չափազանց գոհ եմ նրանց աշխատանքից: Արվեստը, թող զարմանալի չթվա, շատ բանով նման է սպորտին: Ասենք, մարզիկը պիտի կատարի հարյուր մետր վազք: Մեկը յոթ վայրկյանում է հասնում եզրագծին, մեկը՝ տասը, մեկը՝ տասներկու: Այդպես է և յուրաքանչյուր ներկայացման մեջ: Բոլորը «վազում» են: Մեկն արագ է հասնում տեղ, մյուսը՝ մի քիչ ուշացած: Դա կախված է դերասանի անհատականությունից, Աստծո տված շնորհից, տաղանդի չափից: Եվ ռեժիսորը դրանում չի կարող մասնակցություն ունենալ, որովհետև Աստծո գործերին մասնակցելը անշնորհակալ գործ է, և ոչ ոք չի կարող այդ բանն իր վրա վերցնել: Բայց շատ էական է, թե ինչպիսի ստեղծագործական լրջությամբ, ինչպիսի նվիրվածությամբ, ինչպիսի հավատով են աշխատում մարդիկ: Եվ հենց այդ հատկանիշների առկայության շնորհիվ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք թե՛ «Քո կյանքի ժամերը», թե՛ «Պեպո» ներկայացումներում, ինչի համար շատ շնորհակալ եմ թե՛ Համազգայինի, թե՛ Սունդուկյանի թատերախմբերին: Ամեն մեկն իր կարողացածի չափով իր տեղում կատարեց իր գործը:

«ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ, ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ Է ՄԻԱՅՆ ՍԵՐԸ»


-Պարոն Էլբակյան, մենք բավական երկար զրուցեցինք: Բայց գուցե կարևոր ասելիք կա, որին ես իմ հարցերում չանդրադարձա: Ի՞նչ կցանկանաք ասել՝ իբրև մեր այս զրույցի ամփոփում:
-Ճիշտն ասած՝ ես ասելու բաներ երբեք չեմ ունենում:
-Բայց այս զրույցի ընթացքում ահագին բան ասացիք: Ինքներդ Ձեզ մի՛ ժխտեք:
-Դե՜, թերևս, միակ բանը, որ կարող եմ ասել՝ իբրև զրույցի ամփոփում, հետևյալն է. շատ կցանկանամ, որ մարդիկ փորձեն այս աշխարհն ավելի լավը դարձնել: Ամեն մեկն իր տեղում թող փորձի անել այդ բանը:
-Տա՛ Աստված:
-Այո՛, տա՛ Աստված: Եվ թող մարդիկ անտարբեր չլինեն իրականության հանդեպ, անտարբեր չլինեն իրենց զավակների հանդեպ, անտարբեր չլինեն իրենց վաղվա օրվա հանդեպ: Կցանկանամ՝ յուրաքանչյուրը հասկանա, որ այս աշխարհում հավիտենական ոչինչ չկա, հավիտենական է միայն սերը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ