Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արևմտահայ խճանկար

Արևմտահայ խճանկար
20.01.2017 | 13:00

Մեր հայագետները տտիպ, անհամ բնորոշումներ հորինելու մեծ վարպետներ են, նրանց, ում մասին հիմա ուզում եմ պատմել, անվանել են «կիսանկախ հայկական ցեղախումբ»: Այնինչ նրանք հայի մի ամբողջ տեսակ էին, ռազմաշունչ ու մարտնչող տեսակ` մեզանում եզակի:

ՄԻՐԱՔՅԱՆՆԵՐԸ
Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Դերսիմ գավառում, Մազկերտ քաղաքից հյուսիս ընկած էր Տուժիկ (այլ անվանումներով` Ապաստան, Առյուծ) ֆիզիկաաշխարհագրական շրջանը: Այստեղ օդն առողջարար էր, հողը` բերրի, իսկ մրգառատ, անտառապատ շրջանի գլխավոր սրբավայրը Հավլորի Սբ. Կարապետ վանքն էր: Լինելով բարձրլեռնային, անառիկ մի կղզյակ` երեք կողմից անանցանելի էր, ճանապարհը մատչելի էր միայն հարավային կողմից, այն էլ` դժվարանցանելի: (Հենց այս հանգամանքը` արտաքին աշխարհից, քաղաքակրթությունից բնական տարանջատվածությունը, պատճառ է հանդիսացել, որ Միրաքյանների մասին ուսումնասիրությունները հատուկենտ լինեն): XIX դարավերջին այստեղ` 10-25 տներից բաղկացած սփյուռ գյուղակներում, ապրում էին շուրջ 7000 Միրաքյաններ, որոնցից 3000-ը մշտապես ոտքից գլուխ զինված էին, պատրաստ ամեն պահի կռվի բռնվելու և… հաղթելու:


Նրանց նախահայրը եղել էր Տեր-Օվանես Միրաքյանը, որը, ըստ տեղի ավանդության, սերում էր Մամիկոնյաններից: Սկզբում բոլորն ապրում էին Տեր-Օվան գյուղակում, բայց ժամանակի ընթացքում բազմանալով` խումբ-խումբ սփռվեցին Տուժիկով մեկ:
Բայց նախքան նրանց նիստուկացի, հագուստ-կապուստի, վարքուբարքի, զբաղմունքի մասին պատմելը, կուզենայի նշել լեզվական առանձնահատկությունները: Շատ տառ-հնչյուններ փոխարինել էին, օրինակ Ճ-ի փոխարեն գործածում էին Ծ, Ճ-ի` Զ, Ջ-ի և Չ-ի` Ց, Շ-ի` Ս (ասենք` շաքար-սաքար, գեշ-գես և այլն): Օրինակ.
Կարմիր վարդ ես ծաղկանց մեց,
ՈՒ բուսեր ես մեսին (մեշի, անտառի - Խ.Դ.) մեց,
Ես իմ յարը կծանցնամ,
Տասը հազար մարդուն մեց:
Եվ կամ.
ՈՒսկո՞ւց կուգաս հուսիկ-մուսիկ,
Ոտքդ մտնա վարդի փսիկ,
Դուն պզտուտիկ, պագդ անուսիկ:
Իսկ «Է» օժանդակ բայի փոխարեն գործածում էին «Ա», ինչպես մենք` երևանցիներիս խոսակցականում:
Սակայն զարմանալին այլ բան էր. Միրաքյանները թվաքանակով կազմում էին քրդերի 1/25-ական մասը, բայց նրանց հարգը, հեղինակությունը, ռազմի ոգին այնքան մեծ էին, որ քրդերը սովորել էին հայոց լեզուն, Միրաքյանների բարբառը: (Հիմա մտովի պատկերացրեք Միրաքյանների լեզվով խոսող քրդերի):


Տղամարդիկ կրում էին բրդե շալվար, կտավե շապիկ, այծի մազից հյուսված հաստ կրկնաբաճկոն, բրդից կամ մազից պատրաստված գոտի, կրկին բրդից գործված քոլոզ, որի վրա փաթաթում էին 5-15 գույնզգույն լաչակներ: Իսկ կանայք հագնում էին ծնկներից ներքև իջնող սպիտակ կտավե շրջազգեստ, վերնամասը կարմիր, ներքնամասը կապույտ կտավե վարտիք, բրդե գունավոր գոտի, իսկ գլուխներին փաթաթում էին երկար, գունավոր լաչակներ, որոնց ծայրերով փակում էին քիթ-բերանը, որպեսզի տղամարդիկ չգայթակղվեն: Կրում էին նաև ականջօղեր, մատանիներ, ապարանջաններ, արծաթե շղթաներ` ճակատից մինչ ծնոտ ու խզմա` արծաթե կամ ոսկե զարդ, որն անցկացնում էին քթի մի կողմից բացված անցքի միջով: Թե կանայք և թե տղամարդիկ ոտքերին ունեին խամչարոխ` տրեխ:
Տները գետնափոր, անտաշ քարերով այրեր էին: Ամեն տուն ուներ քառակուսի մեծ բակ, որտեղ տեղավորվում էր 1-5 հազար գլուխ ոչխար: Բակի միջից բացվում էին տուն տանող երկու փոքրիկ դռներ, մեկը` դեպի գոմ, ուր գիշերում էին տավարները, մյուսը` դեպի կրակտուն, այսինքն` խոհանոց, հյուրասենյակ ու ննջարան միաժամանակ: Կրակտան միջից էլ մի փոքրիկ դուռ բացվում էր մառան, որտեղ պահում էին պաշարները:
Միրաքյանների միջև խնամախոսությունն ու ամուսնությունը բարդ, խճճված «գլխացավանք» էր: Տղայի հայրը հենց որ նկատում էր, որ զավակը «չափը լեցած է», այսինքն` սեռական արբունքի է հասել, սկսում էր ապագա հարս որոնել: Հարմար որևէ մեկին հավանելու դեպքում ամենայն մանրամասնությամբ տնտղում էր նրա ամբողջ ազգուտակը և հենց այդ ազգուտակի բոլոր չափահաս անդամներին նվերներ էր բաժանում, որպեսզի համաձայնություն ստանա: Ընդ որում, ոչ տղան և ոչ էլ աղջիկը ընտրություն կատարելու իրավունք չունեին ու ենթարկվում էին հայրերի կամքին: Տղաներն ամուսնանում էին 15-22, իսկ աղջիկները` 12-16 տարեկան հասակում: Ամուսնությունից հետո հարսը գույնզգույն լաչակներով ծածկում էր դեմքը և այլևս իրավունք չուներ որևէ մեկի հետ խոսելու, բացի ամուսնուց: 25-30 տարվա հարսը լեզու չէր թրջում անգամ սկեսրոջ ու սկեսրայրի հետ, մինչև վերջիններս չբարեհաճեին թույլ տալ:


Միրաքյանները հազվադեպ էին հիվանդանում, և պատճառը, անշուշտ, անարատ սնունդն էր և անաղարտ էկոլոգիան: Սակայն եթե, այնուամենայնիվ, որևէ մեկը տկարանում էր, գլխին դնում էին Ավետարան կամ Նարեկ, հավատալով, որ հիվանդը կբժշկվի:
Ո՞րն էր ապրուստի հիմնական միջոցը. իհարկե` անասնապահությունը: Վերևում արդեն ասացի, որ յուրաքանչյուր ընտանիք ուներ 1-5 հազար գլուխ ոչխար, որոնք մի տղուկի ու 4-5 հովվաշան ուղեկցությամբ ազատորեն արածում էին սարերում: Դրանցից ստացված կաթը, պանիրն ու յուղը լիովին բավարարում էին բազմանդամ ընտանիքի պահանջները, իսկ կանայք բրդից գործում էին գորգեր, կարպետներ, քիլիմներ, գուլպաներ և այլն: Բնականաբար, բրդեղենի ու կաթնամթերքի ավելցուկ էր առաջանում, որը տղամարդիկ բարձում էին ջորիներին ու լեռնային կածաններով հասցնում Չարսանջակ, Քղի, Բալու: Հարկ է հաշվի առնել, որ Միրաքյաններն ապրում էին առանց փողի, և այս քաղաքներում իրենց բերածը ոչ թե վաճառում էին, այլ փոխանակում, հատկապես` բամբակով: Ընդ որում, ոչ ոք չէր համարձակվում նրանց հետ սակարկել. Միրաքյանները տալիս էին որքան հարկ էին համարում և վերցնում որքան իրենց պետք էր:


Հիմա, երբ ընդհանուր գծերով համառոտ ներկայացրի Միրաքյաններին, խոսեմ գլխավոր հատկության մասին: Նրանք խիզախ, քաջարի, անվեհեր մարտիկներ էին, յուրաքանչյուրը` զինավարժ ու ռազմագետ: Նրանց տան պատերից կախված էին Դերսիմի ոսկեպատ ու արծաթապատ շեշխանեներ` խորշավոր հրացաններ, «բերդանկաներ», «մարտինիներ» և վերջին նմուշի այլ հրազեն` միափող ու երկփող ատրճանակներ: Ի թիվս բազմաթիվ տապարների, վահանների, աղեղնաձև սրերի, յուրաքանչյուրը սրբությամբ պահում էր իր «պապու տատայի աթայի» խունացած թուրը: Իրենց հիմնական բնակատեղիներից` Տեր-Օվանից, Չոխուրից, Էքըզից, Հավլորից, Թորուտից դուրս գալով, նրանք ոտքից գլուխ սպառազեն հասնում էին Խարբերդ, Բալու, Քղի, Երզնկա, Ակն և անգամ Արաբկիր ու Կապան-Մադեն: Ոչ ոք համարձակություն չուներ ոչ միայն ծուռ աչքով նայելու, այլև պատրաստակամորեն կատարում էր նրանց ցանկացած պահանջ: Թուրքական իշխանությունները նույնպես չէին համարձակվում ոչ նրանց երթևեկությանը խոչընդոտել, ոչ էլ որևէ մեկի ձերբակալել, որովհետև գիտեին` Միրաքյանները քսանապատիկ վրեժ կլուծեին: ՈՒշագրավ է մի երիտասարդ Միրաքյանի փաստագրված խոսքը. «Մենք հիքիմաթը (կառավարություն - Խ. Դ.) ցինք ծանցնար, ցունքի անի անօրեն ա, դատաստան ըլ ցի գիտա, մենք մինակ սիլահը (զենք, ուժ - Խ. Դ.) կծանցնանք: Պիթունս ըլ սիլահ կառնենք ու կերթընք անոնց մարերը կլացնենք»:
Հավելեմ նաև, որ նրանք որևէ հարկ չէին վճարում, այսինքն` հիրավի չէին ճանաչում թուրքական իշխանություն և ապրում էին ինքնուրույնաբար, ազատ և անկախ:

Առաջին աշխարհամարտի ու ցեղասպանության ժամանակներում Միրաքյանների մի մասը մնաց ու քրդացավ, մի մասն էլ արտագաղթեց: Ասում են, թե նրանք եկան նաև Արևելյան Հայաստան, իսկ դա նշանակում է, որ Միրաքյանների մարտնչող շունչը միախառնվեց հայոց անմեռ հավաքական ռազմական ոգուն:

ՓՈՐԹՈՒԳԱԼՅԱՆՆ ՈՒ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հրապարակախոս, բանաստեղծ, «Արմենական» կուսակցության հիմնադիրներից Մկրտիչ Փորթուգալյանը (1848-1921) XIX դ. 70-ական թթ. լուսավորչական եռանդուն գործունեություն է ծավալում Եվդոկիայում (Թոքատ): Դա խիստ անհաճո է լինում ազգային «ջոջերի» համար, որովհետև անուղղակիորեն նսեմացնում է իրենց դերն ու նշանակությունը: Սրանք էլ առանց երկար-բարակ մտածելու մի մատնագիր են ուղարկում թուրքական իշխանություններին, նշելով, թե Փորթուգալյանը նպատակ ունի վերականգնելու հայոց թագավորությունը: Մկրտչին շղթայակապ են անում ու տանում Սեբաստիա:
Վալին` նահանգապետը, նայելով ամբաստանյալին ու լսելով նրան մեղսագրվող հանցանքը, ձեռքը թափ է տալիս և ասում.
-Գնացեք բաններիդ, մի՞թե կարծում եք, թե այդքան հեշտ է թագավորություն վերականգնելը, այն էլ` հայերի պես ազգի համար: 500 տարի է անցել, բայց սուլթանը չի կարողանում օսմանյան թագավորության հիմքը դնել:

ԷՖԵՆԴԻՆ, ՄՇԱԿՆ ՈՒ ՁԻՆ
XIX դ. կեսերին Կարնո (Էրզրում) նահանգի Հասանկալե քաղաքում ապրում էր Իբրահիմ Հագգը անվամբ ծեր, իմաստուն ու հարգարժան մի թուրք խոջա: Կարնո նրա ազգակիցները պատրաստվում են մահմեդական տոնի և հրավիրում են խոջային` որպես պատվո նշան Հասանկալե ուղարկելով մի ձի, որ նստի գա:
Իբրահիմը հետը ուղեկից է վերցնում մի հայ մշակի, ինքը նստում է ձին, մշակը` ոտքով, գնում են: Ճանապարհի կեսին խոջան ձիուց իջնում է, մշակին հրամայում նստել ձին, իսկ ինքը` ոտքով, ընթացքը շարունակում են:
Կարնո մոտ դիմավորող թուրքերը, տեսնելով, որ հայը ձի է նստել, իսկ խոջան ոտքով քայլում է` կատաղում են ու պատրաստվում մշակին սպանելու: Սա նկատելով` Իբրահիմն ասում է.
-Հայ ուղեկցիս մի՛ նախատեք: Մենք երկուսս էլ Աստծո ստեղծած արարածներն ենք: ՈՒղարկել էիք մի գրաստ, ճանապարհի կեսը ես նստեցի, մյուս կեսը իրեն տվեցի: Անիրավություն չէ՞ր լինի, եթե 6 ժամ ես նստած գայի, ինքը ոտքով քայլեր:
Հայ մշակի կյանքը փրկվում է:

«ԱՄՈԹ ԵՄ ԶԳՈՒՄ ԹՈՒՐՔ ԼԻՆԵԼՈՒՍ ՀԱՄԱՐ»
1915 թ. սեպտեմբերի 15-ին, երկուշաբթի առավոտյան, Տիգրանակերտում (Դիարբեքիր) լուր տարածվեց, թե իր ննջասենյակում գլխին կրակելով ինքնասպան է եղել հազարապետ` բին-բաշըսը, Մուշդագ բեյը: Նրա գրասեղանին հայտնաբերվեցին սեպտեմբերի 14 թվակիր երեք նամակ, մեկը հասցեագրված մորն ու կնոջը` Կ. Պոլիս, մյուսը` Վանում ծառայող հարյուրապետ եղբորը, երրորդը` Տիգրանակերտի զինվորական հրամանատարին:
Երեք նամակների բովանդակությունն էլ նույնն էր: Բողոքում էր հայերի գույքն ու ունեցվածքը թալանելու դեմ, ապա սեպտեմբերի 10-ին Երզնկայից ստացված հրամանի կապակցությամբ, որով հրահանգվում էր առանց խտրականության բոլոր ողջ մնացած հայերին բնաջնջել: Լինելով գիտակից մուսուլման, ինքը չի կարող համակերպվել կառավարության և ամբողջ մահմեդական ազգի հավանությամբ իրագործվող անիրավությունների ու անարդարությունների հետ: Նամակներն ավարտել էր հետևյալ նախադասությամբ. «Վերջ եմ տալիս կյանքիս` ամոթ զգալով թուրք լինելուս համար»:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ