«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նախընտրական պինգ պոնգ

Նախընտրական պինգ պոնգ
20.01.2017 | 13:59

Խորհրդարանական ընտրությունների քարոզչությունը սկսվելու է մարտի հինգից: Պաշտոնապես: Անպաշտոն վաղուց է սկսվել: Բայց՝ ինտրիգների մակարդակում: Գուցե սխալ է տպավորությունը, բայց թվում է՝ ամեն ինչի հիմքում ընտրացուցակն է, մնացած բոլոր հարցերը կառուցվում են, համաձայնությունները կայացվում են, մերժվում են ածանցյալ: Երկար ժամանակ ինտրիգ էր՝ Գագիկ Ծառուկյանը կվերադառնա՞, թե՞ ոչ: Նույնքան երկար նախապատրաստվում էր վերադարձը, որ զուգահեռ հերքվում էր: Վերադարձավ: ՈՒ իրենից սկսած՝ ոչ ոք չի պատասխանում հարցին՝ վերադարձավ, որ ի՞նչ անի: Չէ, իհարկե, հայտարարություն արեց, ասաց՝ տեղս բաց է մնացել: ՈՒ այնպես չէ, որ դա ճիշտ է, որովհետև հարց է առաջանում՝ իսկ ո՞րն էր այդ տեղը: ՈՒ հարցը հստակ պատասխան չունի, որովհետև հայտնի չէ՝ ի՞նչ քաղաքականություն է հիմա որդեգրելու ԲՀԿ-ն:

Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն այլընտրանք էր, ինքը ԱԺ նիստերի չէր գալիս, հազվադեպ պաշտոնական այցերի ժամանակ բոլոր հարցերին պատասխանում էր՝ «Այդ մասին՝ հաջորդ դասին»: Նաիրա Զոհրաբյանի գլխավորած ԲՀԿ-ն պաշտոնապես ԱԺ-ում հայտարարեց, որ ընդդիմություն է: Այլընտրանք, ընդդիմություն, ոչիշխանություն՝ ո՞րն է ԲՀԿ-ն հիմա: Իհարկե՝ նրանք կպատասխանեն, որ պատրաստվում են դառնալ իշխանություն: Բայց դա պատասխան չէ, այլ՝ պատասխանից խուսափել: Խոսում են Ծառուկյան դաշինքի մասին: «Անտեր» մնացած քաղաքական գործիչներ են կցվում դաշինքին՝ տեղեկատվությունները տարածվում են՝ ոչ հաստատվում, ոչ հերքվում: Եվ պատճառը նորից ընտրացուցակն է, որովհետև անմիջապես հարց է ծագում՝ ո՞ր համարը կլինեն ցուցակում, եթե միանան Ծառուկյանին: Անցողի՞կ, թե՞ պայմանական: Իսկ այդ հարցին պատասխանելու համար գոնե մոտավոր պիտի իմանան՝ մինչև քանի՞ պատգամավոր կունենա Ծառուկյանը, որ վերադարձել է: Այդ հարցին էլ պատասխանելու համար պիտի բացատրվի՝ ո՞վ է հիմա Գագիկ Ծառուկյանը և քաղաքական դաշտի ո՞ր հատվածում է նա տեսնում ԲՀԿ-ն:

Ո՞րն է հիմա նրա ընտրազանգվածը: Բարեգործ Գագիկ Ծառուկյանից բարերարվածնե՞րը, քաղաքական դաշտի տարբեր տարիների աբիժնիկնե՞րը, պաշտոն կորցրածնե՞րը, բրածոնե՞րը, որոնց կոչումը ընտրությունների ժամանակ պատվերով այս ու այն մրցակցի վրա տակառ գլորելն է, թե՞ արյունահեղություն ցանկացողները, թե՞ ՀՀԿ-ի հեռանալը երազողները, թե՞ փող ու պաշտոն որոնողները: Ամենայն հավանականությամբ՝ Գագիկ Ծառուկյանը մինչև ընտրությունները այդպես էլ չի պատասխանի հարցին՝ ո՞վ է ինքը և ի՞նչ է ուզում, նա կասի անհոդաբաշխ, խիստ ընդհանուր կամ շատ կոնկրետ կարգախոսներ ու ծափերի տակ կհեռանա: ՈՒ դա է նրա ֆենոմենը: Որովհետև Գագիկ Ծառուկյանին ծնել, սնել ու պահպանում է համակարգը, նա համակարգի մաս է ու նա ուզում է պահպանել համակարգը, որովհետև եթե այս համակարգը փլուզվեց, փլուզվում է Գագիկ Ծառուկյանի ֆինանսական կայսրությունը, իսկ այդ դեպքում արդեն ոչ մեկին նա չի հետաքրքրի ոչ իր մտքի գոհարներով, ոչ մարզական կարիերայով, ոչ խարիզմայով, ոչ էլ առավել ևս ինտելեկտով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Քաղաքական դաշտում ինտրիգների պինգ պոնգը չի ավարտվելու մարտի հինգին, շարունակվելու է հետո էլ, երբ չկան գաղափարներ, ընտրողին մնում է հրամցնել ինտրիգներ: Ոչինչ, որ ստացվում է պատկեր՝ բոլորը բոլորի դեմ են: Գործնականում այս ընտրություններում ՀՀԿ-ն լուծում է ոչ միայն իշխանություն մնալու հարցը, այլև լեգալ ընդդիմադիր դաշտ բերելու իր ներքին ընդդիմախոսներին, նրանց կարգավիճակ տալու և կառավարելու, այլապես արդեն անկառավարելի ու վտանգավոր է, երբ իշխանության տարբեր թևեր պայքարում են միմյանց դեմ՝ ընդդիմադիր դարձնելով մամուլը իրենց վճարովի պատվերներով կամ մի մութ անկյունում միմյանց դեմ դավեր լարելով: Դա բումերանգով հարվածում է ՀՀԿ-ին, որ հիմա պիտի ձերբազատվի իր «խառնակիչներից»:

Դիտվել է՝ 2357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ