Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սեյրան Օհանյանն ու Դոնալդ Թրամփը

Սեյրան Օհանյանն ու Դոնալդ Թրամփը
22.01.2017 | 09:09

ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած, բայց առայսօր անկուսակցական Սեյրան Օհանյանը իրեն դրել է Դոնալդ Թրամփի տեղը՝ ԱՄՆ-ը նախագահը լրատվամիջոցների հետ հաղորդակցությունից գերադասում է Թվիթերը, պաշտպանության նախկին նախարարը՝ Ֆեյսբուքը: Որերորդ անգամ նա հայտարարություններ է անում՝ իրեն վերապահելով մենախոսելու իրավունք ու զրկելով երկխոսության, ուրեմն և անցանկալի հարցերի պատասխանելու հաճույքից: Բայց անցանկալի հարցերը, այնուամենայնիվ, նրան հասնում են և ամեն անգամ իր հերթական հայտարարությամբ նա իբր պատասխանում է այդ հարցերից մեկին: Եթե Դոնալդ Թրամփ ընտրված նախագահի թվիթերյան յուրաքանչյուր գրառում դառնում էր օրվա թիվ մեկ նորությունը գոնե ԱՄՆ-ում, եթե ոչ աշխարհում, Սեյրան Օհանյանի պարագայում ընտրություններից առաջ հասարակության հետ հաղորդակցվելու այդ տարբերակը օրավուր մեծացնում է անվստահությունը նրա նկատմամբ՝ իրական ընտրողի և վիրտուալ թեկնածուի անհաղորդակցության օրենքով:


Ինչո՞ւ և ինչի՞ց է նա խուսափում, որ հայտարարում է, թե ասուլիսների ու հարցազրույցների ժամանակը դեռ չի եկել: Ընտրություններից հետո՞ է գալու: Մամուլի նկատմամբ հակակրանքի կամ վախի մեջ նրան մեղադրելն անհիմն է: Առաջին օրը չէ, որ Սեյրան Օհանյանը գործում է հրապարակային դաշտում ու այնպես չէ, որ նրան միշտ միայն ցանկալի հարցեր են ուղղվել՝ ելնելով իր պաշտոնական գործունեությունից ու անձնական կյանքից: Խնդիրը լրատվամիջոցները չեն: Սեյրան Օհանյանը դեռ սպասում է, թե որն է լինելու իր առաջադրանքը և իբրև կարգապահ զինվորական՝ չի ցանկանում ավելորդ քայլեր անել: Այդպես նա չմասնակցեց «Երրորդ հանրապետության» համագումարին: Այդպես նա որևէ կուսակցության չի անդամակցում, թեպետ թե «Երրորդ հանրապետությունը», թե «Համախմբումը» գրկաբաց կընդունեին, ՀԴԿ-ն էլ երևի թե: Սոսկ ժամկետների մեջ տեղավորվելու նկատառումով նա համաձայնեց, որ հայտարարվի «Երրորդ հանրապետություն», «Համախմբում», ՀԴԿ նախընտրական դաշինքը և այդ դաշինքին իր մասնակցությունը: Նրա բոլոր հայտարարություններից այն տպավորությունն է, որ Սեյրան Օհանյանը մինչև անցած տարվա սեպտեմբեր կույր է եղել և միայն Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար նշանակումով է նրա տեսողությունը բացվել:

ՈՒ նա սկսել է տեսնել երկիրը՝ ինչպես կա, մարդկանց՝ ինչպես կան ու խնդիրները, որ պետք է լուծել: Բացի կույր լինելուց հետո տեսողությունը վերագտնելը՝ Սեյրան Օհանյանը նաև թողնում է հենց նոր ծնվածի տպավորություն, որ լույսաշխարհ է եկել իր կարծիքով Բեթղեհեմի աստղի տակ ու թեև Մելքոնը, Բաղդասարը և Գասպարը նրան ընծաներ չեն բերել, բայց վստահ է փրկչի իր առաքելության վրա, այնքան վստահ, որ բոլորովին չի զարմանում, որ ոչ բոլորն են ուզում իր շնորհիվ փրկվել: Սեյրան Օհանյանը, թերևս ցանկանալով պատասխանել իր պաշտպանության նախարար պաշտոնավարման տարիներին ու հատկապես վերջին ամիսներին հասցեագրված մեղադրանքներին, գրում է. «Զինված ուժերում իմ ծառայության տարիները մի ժամանակահատված են, որը չես կարող ամբողջացնել մի հայացքով կամ ներկայացնել մի քանի բառով: Այն կարելի է բաժանել ամիսների, շաբաթների, օրերի ու ժամերի... Եվ այդ բաժանումներից յուրաքանչյուրը կունենա իր հաջողությունը, ձեռքբերումն ու բացթողումը, իր աշխատանքային ջանքն ու նյարդը, իր խիզախումը:

Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի և չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը»։ Բայց ո՞վ է նրան առաջարկել միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը: Իսկ եթե նա ցանկանում է ասել, որ բանակը և պաշտպանությունը իր տնօրինության տակ չէին, որ կար գերագույն գլխավոր հրամանատար, թող այդպես էլ ասի, որ իրեն չէին թողնում իր ցանկացածի պես աշխատել: Ինչո՞ւ չի ասում: Եվ ինչո՞ւ է ասում «Այսօր երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բանակը դարձել է երկրի թերևս միակ հենարանը, միակ հավասարակշիռ, վստահելի ուժը, իսկ այն ամուր թիկունքի կարիք ունի»՝ 25 տարի է այդպես: Եվ այնպես չէ, որ 8 տարի կամ 18 տարի «Թուլացած տնտեսությունը, ահագնացող արտագաղթը, ժողովրդի հուսալքությունը, իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահությունը» բանակին թիկունք էին ապահովում, իսկ հիմա չեն կարող: Բարձրաստիճան պաշտոնյա էր՝ իրավիճակ փոխեր՝ լծակներն իր ձեռքին էին:

Նո՞ր միայն հասկացավ, որ «Աղքատության մակարդակն արդեն հատել է ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը։ Ոչ մի մտածող ու սրտացավ մարդ չի կարող չանհանգստանալ այս պատկերով»։ Առաջ մտածող ու սրտացավ մարդ չէ՞ր: Թե՞ առաջ իշխանություն էր ու հասարակության աճող անվստահությունն արհամարհում էր: Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան յուրաքանչյուր գրառում միայն ավելացնում է հարցերը, թերևս ճիշտը առժամանակ ֆեյսբուքյան դադար վերցնելն է, կամ ուղղակի հաղորդակցության տարբերակին անցնելը: Մահացու չէ՝ բոլորն էլ այդ գործով են զբաղված:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Ելք» դաշինքի անդամ Հայկ Կոնջորյանը երեկ դաշինքի առաջին համաժողովում սքանչելի ելույթ ունեցավ՝ շերեփը ձեռքին: 1878-ը հիշեց, Խրիմյան Հայրիկին, Բեռլինի կոնգրեսը, հարիսան՝ նրանց ու մեր շերեփների տարբերությունը ու ասաց՝ անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը, ցավոք, դեռ երկաթից չէ: Ո՞րն է մեր երկաթե շերեփը՝ հարցրեց Հայկ Կոնջորյանը: Բանա՞կը, ոչ միայն, որովհետև եթե դու ունես հզոր բանակ, բայց ունես թույլ կառավարման համակարգ, դու նմանվում ես հզոր մկաներով, սակայն թույլ մտքով տկար հսկայի: Եթե դու ունես ուժեղ կառավարման համակարգ, բայց ունես թույլ բանակ, դու նման ես տկար հանճարի: Եթե դու ունես ուժեղ միտք ու ուժեղ կառավարման համակարգ, սակայն չունես ուժեղ տնտեսություն, շատ շուտով սկսպառվեն և քո առողջ դատողությունը, և մկանների հզորությունը: Ուրեմն, երկաթե շերեփը միայն հզոր բանակը չէ, հզոր տնտեսությունը չէ և միայն հզոր կառավարման համակարգը չէ: Ասաց՝ երկաթե շերեփը ուժեղ պետությունն է և երկու ճանապարհ առաջադրեց. «Ճանապարհ առաջին՝ մենք նորից մեր պետության կառավարումը կվստահենք մարդկային այն տեսակին, որը տարբեր կերպարանքներով տասնամյակներ շարունակ հարստահարել է Հայաստանը: Արդյունքում՝ մեր տնտեսությունը կթուլանա, աղքատությունն ու արտագաղթը կահագնանան, մեր անվտանգությունը կդառնա ավելի խոցելի, և նորից կկանգնենք նույն կոտրված տաշտակի առաջ: Ճանապարհ երկրորդ, մենք վերջապես կկարողանանք առողջացնել Հայաստանի հիվանդ քաղաքական համակարգը և կկարողանանք ունենալ որակյալ ու առողջ սերնդափոխություն:

Կստեղծենք այնպիսի մրցունակ տնտեսություն ու միջավայր, որտեղ մարդկային տաղանդն ու աշխատասիրությունը ավելի ծանր կշիռ կունենան, քան զոռբայությունն ու մարտնչող տգիտությունը»: Հետաքրքիր է՝ ո՞ր ճանապարհն է ընտրում Սեյրան Օհանյանը: Նա սպասում է և վճռական ոչինչ չի ասի՝ մինչև Մոսկվայից չվերադառնա վարչապետ Կարեն Կարապետյանը, մինչև Գագիկ Ծառուկյանը չանի հերթական առաջարկը, մինչև Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց չտա ու մինչև Վարդան Օսկանյանը չշտապեցնի: Ուրեմն ի՞նչ իմաստ ունեն Սեյրան Օհանյանի հայտարարությունները: Գուցե ինչ-որ մեկը գտնվի ու նրան հուշի, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելը պարտադիր զինվորական ծառայություն չէ կամ ինքն ազատված է այդ ծառայությունից՝ իբրև գեներալ ու պատերազմ անցած մարդ:

Դիտվել է՝ 1539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ