Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տեղեկություններ ռազմաճակատի գծից

Տեղեկություններ ռազմաճակատի գծից
24.01.2017 | 01:28

Եթե ոչ ամբողջ աշխարհում, բազմաթիվ երկրներում են ընտրություններ լինում: Տարբեր մակարդակների ու տարբեր ընտրակարգերով, բայց նույն նպատակով՝ ձևավորել իշխանություն: Աշխարհում նաև կա քաղաքական ուժերի դասական բաժանում՝ իշխանություն և ընդդիմություն: Հայաստանում դասականությունը դասականորեն խախտված է՝ կան իշխանություն, ոչիշխանություն, ընդդիմություն, այլընտրանք ու մի մեծ հարց՝ ինչպե՞ս միմյանցից տարբերել: Կա ավանդույթ՝ պաշտոնանկությունից հետո դառնում են ընդդիմադիր: Առայժմ ավանդույթ, որ օրինաչափություն կդառնա, եթե բոլոր նախկին նախարարներն ու վարչապետները իրենց ընդդիմադիր հայտարարեն: Առայժմ կան ավանդույթը չհարգողներ: Օրինակ՝ նախկին վարչապետ, փոխվարչապետ, նախարար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի հայտարարել:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ դեսպան դարձավ, հետո ԵԱՏՄ պաշտոնյա: Նախկին վարչապետներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դարձան նախագահ: «Ռեսուրսները» այս ասպարեզում մեծ են՝ բազմաթիվ նախարարներ ու փոխնախարարներ կան, որ հեռացել են երկրից կամ երկրում են, բայց իրենց ընդդիմադիր չեն զգացել կամ հայտարարել: Փաստացի նախկիններից քաղաքական «բարձր գիտակցությունն» արթնացել է միայն ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մեջ: Դասական քաղաքականությունից Հայաստանում ևս մեկ «դասական» շեղում կա՝ ընտրությունները նույնանում են քաղաքական պատերազմի հետ, ու ծավալվում են ճակատամարտեր ոչ միայն քաղաքական դաշտում: Միմյանց ոչ թե մրցակից, այլ թշնամի են դիտում քաղաքական կուսակցությունները, թշնամանում են ընկերներ, բարեկամներ, հարազատներ, ու այդ անիմաստ թշնամանքը բևեռացնում ու բզկտում է հասարակությունը: Ընտրությունների հաջորդ օրը երկիրն արթնանում է կամ խրամատներում, կամ փլատակներում՝ հույսերի ու ակնկալիքների, և ԿԸՀ-ն հայտարարում է անփոփոխ հաղթողներին ու պարտվողներին: Դա ևս ավանդույթ է, բայց ոչ օրինաչափություն: Եվ նույնիսկ գործող ԿԸՀ-ն կարող է նոր ավանդույթի սկիզբ դնել:


ՈՒրեմն՝ լուրեր ռազմաճակատից: Միայն հունվարի 26-ին ՀՀԿ-ն իր ԳՄ նիստում կհաղորդի (կամ կասի՝ ավելի ուշ կհաղորդի), թե ով է նախընտրական շտաբի պետը, լինելո՞ւ է վարչապետ Կարեն Կարապետյանը պատգամավորի թեկնածու, թե՞ համատիրությունը 731 օրվա բնակության տեղեկանք չտվեց: Գլխավորելո՞ւ է ՀՀԿ նախագահը առաջին եռյակն ու ընտրացուցակը: ՈՒ ընդհանրապես՝ գուցե պարզվի՝ ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ում, մասնավորապես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կա՞, թե՞ չկա ՀՀԿ-ի հեռագնա ծրագրերում: Երևանում քաղաքական երջանկության որոնումները ապարդյուն էին ու նա, այո, Մոսկվա էր մեկնել: Ավանդույթ է՝ ինչ անես: Բայց բախտը, կարծես, չի բերում՝ հենց այդ օրերին վարչապետը որոշեց վերջապես կարգի բերել Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսները: Իսկ թե Արարատի մարզի ջրերի հոսքից ում գրպանում են դրամները զրնգում, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հետայսու այդ դրամները կարող են զրնգալ պետական գանձարանում: Մոսկվայում է, ՌԴ վարչապետի հրավերով ու պաշտոնական այցով, վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա այցը նախապատրաստելու համար ԱԳ նախարարն էր Մոսկվա մեկնել, որ լինում է միայն նախագահական այցերի դեպքում: Գուցե դեռ վաղ է, բայց ՀՀԿ-ում չկա նախկին էնտուզիազմը, թվում է՝ իներցիայով են գործում ու իներցիայով են հետևում քաղաքական դաշտի ամենօրյա փոփոխություններին, որ հրապարակավ դաշնակից չեն ավելացնում, իսկ մրցակիցներին բազմացնում են, ներսում էլ հստակության բացակայությունը ստիպում է հայացք նետել կուսակցությունից դուրս:


ԲՀԿ-ն 2 տարվա դադարից հետո բացեց Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի գինու, օղու կոմբինատի կենտրոնակայանը՝ Կանյաչնիում նորից հանդիպումներ ու որոշումներ են կայացվում:

Գագիկ Ծառուկյանը կուսակիցներին հրավիրել ու ներկայացրել է իր տեսակետները: Նաիրա Զոհրաբյանն էլ համաձայն է ԲՀԿ-ի ղեկը Գագիկ Ծառուկյանին հանձնել: Գուցե վերադարձը այնքան շռնդալից չստացվեց, ինչպես ակնկալվում էր, Գագիկ Ծառուկյանը դադար է վերցրել ու սպասում է, որ իրեն միանան: Միացողները, կարծես թե, դռները չեն կոտրում. կամ քաղաքական դաշտի տզրուկներն են, որ վազում են փողի հետևից, կամ հապաղում են՝ իրավիճակը հասկանալու: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը գնաց արձակուրդ ու գլխավորելու է ԲՀԿ նախընտրական շտաբը: Դաշինքում 3 նախկին նախարարներ կարող են լինել՝ Ալիկ Արզումանյանը, Հովհաննես Մանուկյանը, Գևորգ Պետրոսյանը։
ՀԱԿ-ի նախընտրական շտաբը կգլխավորի Լևոն Զուրաբյանը, քաղխորհրդի նիստից հետո ՀԱԿ-ը հայտարարել է, որ ընտրությունների օրը նշանակվել է «գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ» և «պահանջում է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, իսկ ընտրությունների օրը նշանակել գործող Սահմանադրության անցումային դրույթների 209 հոդվածով նախատեսված՝ նախկին Սահմանադրության 68 հոդվածի պահանջներին համապատասխան, այն է՝ ապրիլի 21-30-ի միջակայքում»: Դաշինքների ու բանակցությունների մասին տեղեկություններ չկան:


«Հայկական վերածնունդը» հունվարի 22-ին ի ցույց դրեց Մատյան գունդը՝ կանանց համագումար արեց, և լրագրողներին Արթուր Բաղդասարյանն ասաց, որ իրենց շանսերը փայլուն է գնահատում. «Մրցունակ գաղափարներ ենք ներկայացնելու, հանրությանը չենք տանելու թշնամության, ատելության, այլ տանելու ենք համախմբման, հանուն մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու գաղափարի ճանապարհով: Մեր շանսերը լավ են, մենք ունենք մարտունակ կառույց, հետաքրքիր և մրցունակ գաղափարներ, գրավիչ և ներկայանալի թիմ, փորձված և կրթված մարդիկ: Սա չափազանց կարևոր է, կարծում եմ՝ մենք կարող ենք մեր ներկայությամբ, մեր գաղափարներով լավ արդյունքների հասնել»: Շանսերն այնքան են փայլուն, որ ՀՎԿ-ն ընտրություններին միայնակ է մասնակցելու. «Մենք բովանդակության մեջ արդեն իսկ որոշակի դաշինք ենք, ընտրություններին ամենայն հավանականությամբ միայնակ ենք մասնակցելու: Ամեն դեպքում մեր դռները դեռևս բաց են, քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունենում, տեսնենք՝ ինչպիսին կլինի վերջին հանգրվանը, փետրվարի 11-ին համագումար է լինելու, որի ժամանակ վերջնական դիրքորոշումը կհայտնենք»՝ ասել է Արթուր Բաղդասարյանը: 2003-2012-ի ընտրական վիճակագրությունը վկայում է, որ ՕԵԿ-ի ցուցանիշները նվազել են ընտրությունից ընտրություն, ինչո՞վ կփայլի 2017-ը: Կերևա:


Նախընտրական վիրտուալ ռազմավարությունն է ընտրել անկուսակցական գեներալ Սեյրան Օհանյանը՝ նա շարունակում է Facebook-ով հայտարարություններ տարածել, իսկ Վարդան Օսկանյանն ասում է, որ նա կգլխավորի դաշինքի նախընտրական ցուցակը: «Համախմբում», «Երրորդ Հանրապետություն» և ՀԴԿ դաշինքի մյուս անդամները լռում են: Օսկանյանն ասում է, որ դաշինքն ընդլայնելու խնդիր ունեն: Ավելին՝ նա համարում է, որ Սեյրան Օհանյանի ընդդիմադիր դառնալն օրինաչափ է. «Ցանկացած հայրենասեր մարդ, որ մտահոգված է այս երկրի ապագայով, նման քայլ կաներ: Ես համոզված եմ, որ նույն ՀՀԿ-ում բազմաթիվ մարդիկ կան, որ կուզենային նման քայլ անել, բայց երևի իրենց համարձակությունը չի հերիքում, որովհետև բոլորն էլ տեսնում են, որ իշխանությունը արդեն սպառել է իրեն, և փոփոխություն է պետք»: Վարդան Օսկանյանին նաև թվացել է, որ Սեյրան Օհանյանը «որոշեց դուրս գալ իշխանությունից», թեև ակնհայտ է, որ լիներ գեներալը նախարար, ընդդիմադիր չէր դառնա ու համախոհների փնտրտուք չէր հայտարարի: Համենայն դեպս՝ Վարդան Օսկանյանը համոզված է, որ իրենց դաշինքը դեռ «լավ կորիզ է», որ ժողովրդին պետք է այլընտրանք տա և չի բացառում Ծառուկյանին միանալը:


Փնտրտուքի մեջ է «Ժառանգությունը». Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձը որոշակիություն չբերեց, նրանք դեռ որոշում չունեն: Փոխարենը հրապարակային քննարկում ունեն՝ ով ում է ապտակել, թե չի ապտակել: Զարուհի Փոստանջյանը հրապարակավ մեծ շնորհակալություն հայտնեց կուսակիցներին, որ նման էր հրաժեշտի կտակի: Դեպի ո՞ր դաշինքը կգնա «Ժառանգությունը», միայնա՞կ կմասնակցի, թե՞ չի մասնակցի ընտրություններին՝ ոչ ոք չգիտի:
Ռազմաճակատի միայն մեկ գծում կա որոշակիություն՝ հունվարի 21-ին «Ելք» դաշինքը առաջին համաժողովն արեց և հայտարարեց, որ 2017-ի ԱԺ ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի միասնաբար՝ ընտրական դաշինքով՝ «Համատեղ գործունեության, այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կկայացվեն կոնսենսուսով: Համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ: Հետամուտ ենք Հայաստանում եվրոպական մոդելի իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը»: «Ելք»-ի կարգախոսն է՝ «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ ժողովուրդը իրենցով հաղթելու իրական հնարավորություն ունի՝ «Եկել է ժամանակը փակելու կոռումպացված Հայաստանի էջը ու բացելու լուսավոր Հայաստանի էջը: Եկել է ժամանակը փակելու խնամի, ծանոթ, բարեկամով Հայաստանի էջը ու բացելու քաղաքացիական Հայաստանի էջը: Եկել է ժամանակը փակելու խմբապետական Հայաստանի էջը ու բացելու Հայաստանի Հանրապետության էջը»:

Էդմոն Մարուքյանը կոնկրետ էր՝ «Ելք» դաշինքը և դաշինքի գործողությունները միտված են խաղաղ իշխանափոխության»: ««Ելքը» չի ստեղծվել այսինչին կամ այնինչին միանալու համար, «Ելքը» ստեղծվել է միավորելու, ներառական գործընթաց սկսելու համար: Այդ գործընթացն անհրաժեշտ է ընտրությունների միջոցով փոփոխություններ բերելու և հաղթանակ արձանագրելու համար: Ցանկացած համահայկական խնդրի լուծման բանալին ուժեղ Հայաստանն է»:


Արամ Սարգսյանն ասաց. «Մենք ուզում ենք փոխել պատմությունը ու փակուղուց ելք տալ», հետո անցավ թվերի. «Փաստ է, որ ընտրության իրավունք ունեցողների գրեթե 30 %-ը չի մասնակցում ընտրություններին, իսկ մասնակցածների 40 և ավելի տոկոսը պայքարող է, անկաշառ և խղճով քվեարկող։ Եթե ընդունենք, որ մասնակիցների 45 %-ը վարչական ռեսուրսի, վախի և ընտրակաշառքի պատճառով քվեն տալու է գործող իշխանությանը, մենք պետք է անկաշառ և պասիվ հատվածին ակտիվացնենք և համոզենք նախապատվությունը տալ Ելք-ին»: ՈՒ շեշտեց՝ «Այս բոլոր ուժերը ունեն մեկ ընդհանրություն՝ Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը սիրով ու ինքնամոռաց նվիրել են Ռուսաստանին և մեր երկրի ներկան ու ապագան տեսնում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի շրջապատում ու մոդելով։ Անգամ որոշ կուսակցապետեր Արցախի հարցի լուծումը առաջարկում են «Լավրովի պլան» կոչվածով, միայն թե Մոսկվային ցույց տան, որ իրենք ավելի լավ կծառայեն Ռուսաստանին, քան գործող իշխանությունը։ Այս բոլոր ուժերը իրարից չեն տարբերվում՝ նույն քաղաքական հենքը ունեն, նույն ռազմավարությունն ու մարտավարությունը, նրանց ընտրազանգվածը վախից ու փողով քվեարկող 45 %-ն է։ Նայելով այս ուժերին՝ ակնհայտ ու պարզ է դառնում, որ Ելք-ը մենք ենք»:


Այսպիսին էր իրավիճակը քաղաքական ռազմաճակատում անցած շաբաթ՝ ռեսուրսների գույքագրում և բուռն գործունեություն կուլիսներում, հրապարակավ հայտարարություններ փայլուն ապագայի, կորիզների ու փնտրտուքի մասին: ՈՒ ո՞րն է իսկապես մեր ելքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ Կապիտոլիումի բլրի վրա ավարտվեց աշխարհի 20-րդ դարն ու սկսվեց 21-րդը՝ ինչպես Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունը բնորոշեց Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Առաջին իսկ հրամանագրով ԱՄՆ նախագահը սահմանեց ազգային հայրենասիրության օր: Հետո պաշտոնաթող արեց բոլոր դեսպաններին ու գնաց տիկնոջ հետ Ազատության պարահանդեսում պարելու՝ Սինատրայի «My way»-ի տակ: Գուցե ամբողջ խնդիրը My way ունենա՞լն է:

Դիտվել է՝ 1217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ