Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստան. երբ միահյուսվում են կրոնականն ու քաղաքականը

Ռուսաստան. երբ միահյուսվում են կրոնականն ու քաղաքականը
24.01.2017 | 01:45

Հախուռն զարգացող քաղաքական խոշոր իրադարձությունների հետ մեկտեղ ռուսաստանյան ԶԼՄ-ներում այս օրերին լայնորեն քննարկվում է նաև արտաքին հայացքից զուտ կրոնական-եկեղեցական մի երևույթ՝ Սանկտ Պետերբուրգի Իսակիևյան տաճարը Ռուս ուղղափառ եկեղեցուն հանձնելու որոշումը: Հանձնելու և չհանձնելու կողմնակիցների կրքերն այնքան են բորբոքվել, որ երկրի մշակութային մայրաքաղաքը բաժանվել է երկու «հակամարտող» ճամբարների: Ի՞նչ է պատահել:


Օգյուստ Մոնֆերանի այդ հոյակերտ ստեղծագործության՝ Պետերբուրգի խոշորագույն ուղղափառ տաճարի սեփականատերը քաղաքային իշխանությունն է, քանի որ, ըստ օրենքի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտները պետք է լինեն պետական սեփականություն: Բոլշևիկյան հայտնի անօրենություններից հետո 1931 թվականին այն ի վերջո վերածվեց թանգարան-հուշարձանի, թեև ժամանակին ո՛չ Նիկոլայ Առաջինը, ո՛չ էլ Մոնֆերանը չեն էլ մտածել այդ մասին: Եկեղեցական ծիսակատարություններն այստեղ նվազագույնի էին հասցված: Ահա և Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել էր Պետերբուրգի նահանգապետին՝ խնդրելով տաճարը հանձնել Ռուս ուղղափառ եկեղեցուն: Որոշ ձգձգումներից հետո՝ հունվարի 10-ին, նահանգապետը տվեց իր համաձայնությունը՝ տաճարը հանձնել 49 տարով, պայմանով, որ այնտեղ պահպանվեն նաև թանգարանի գործառույթները:


Իրավական տեսակետից ամեն ինչ անթերի է. 2010 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր դաշնային օրենք պետական սեփականություն հանդիսացող եկեղեցական գույքը կրոնական կազմակերպություններին հանձնելու մասին: Բայց, միևնույն ժամանակ, տաճարում ձևավորվել էր մոտ 400-հոգանոց թանգարանային կոլեկտիվ, որն ինքն էլ հոգում էր հաստատության բոլոր հոգսերը՝ ներառյալ վերակառուցման աշխատանքները: Տարեկան Իսակիևյան տաճար է այցելում մոտ 3,5 միլիոն զբոսաշրջիկ, միայն անցյալ տարվա եկամուտը կազմել է 728 միլիոն ռուբլի: Եվ եթե եկեղեցին տաճարը դարձնում է աղոթատեղի, վերացնում է մուտքի տոմսերը, ապա չի կարող պահել այդչափ աշխատակիցների:


Թվում է՝ այս վարչաբյուրոկրատական հարցերը, այնուամենայնիվ, կարելի էր արագ ու անաղմուկ հարթել, քանզի, ինչպես ասում է նշանավոր կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին, տաճարի էությունը ճարտարապետությունը չէ, այլ նրա վերածումը ծիսակատարության տան, որտեղ ռուս մարդիկ կնվիրաբերվեն իրենց շնորհված կրոնին: Եվ այդպես էլ կլիներ, եթե գործին չխառնվեր մեծն… քաղաքականությունը՝ ստեղծված ներկա խրթին իրավիճակի հիմքը:
Ռուսաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հասարակության լիբերալ խավը՝ իր հրեական միջուկով, չի հանդուրժում ո՛չ Պուտինին, ո՛չ էլ Ռուս ուղղափառ եկեղեցուն: «Արևմտահաճո» այս շերտին պետք չեն ո՛չ ուժեղ Ռուսաստան, ո՛չ էլ ազդեցիկ ազգային եկեղեցի: Եվ տվյալ դեպքում էլ տաճարի թանգարան լինել-չլինելու աղմուկն ընդամենը պատրվակ է հակապուտինական, հակաեկեղեցական թույնը թափելու համար:


Առհասարակ, Ռուսաստանում ապշեցնում է մի այսպիսի պարագա. որոշ ոչ ռուս ռուսաստանցիներ, բավականին հաճախ հանրությանը քաջ հայտնի, երբեմն հրապարակայնորեն այնքան անհարգալից, եթե չասենք լպիրշ են արտահայտվում ռուս եկեղեցու մասին, որ ակամայից մտածում ես՝ բայց ո՞ւր կորավ տարրական հարգանքն այն երկրի ու նրա ժողովրդի հանդեպ, որտեղ ապրում ես: Դժվար է հավատալ, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից որևէ մեկը հրապարակավ իրեն թույլ տա անշնորհք արտահայտություններ հայ եկեղեցու, հայ մարդկանց հասցեին:

Ռուս եկեղեցու ներկայացուցիչները այդպես էլ նշում են, որ Իսակիևյան տաճարի թանգարանային կարգավիճակի պահպանման լիբերալ «ջատագովները» չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը ոչ թե մշակութային արժեքների պահպանությունն է, այլ պայքարը Ռուսաստանի քրիստոնեազերծման համար, ընդդեմ Ռուս ուղղափառ եկեղեցու հավատքապահ ազգանպաստ գործունեության:


Ռուս եկեղեցին ծնկի չեկավ գլոբալիստական հակաքրիստոնեական հարձակումների առջև: Եթե Եվրոպայում եկեղեցիները փակվում են կամ վերածվում մզկիթների, ապա Ռուսաստանում ամեն տարի հառնում են բազմաթիվ նոր ռուսական եկեղեցիներ, վերակառուցվում են հները: Ավելին, ռուս հոգևորականությունը անթաքույց պաշտպանում է ռուսական պետության վերածնմանը, նրա հզորացմանն ուղղված Պուտինի գործունեությունը: Աշխարհիկ և հոգևոր կառույցները համերաշխորեն չեն ընդունում եվրոպական, Սերգեյ Լավրովի խոսքերով, «հետքրիստոնեական շատ արժեքներ», չեն հրաժարվում քրիստոնեական հավատքից, ավանդական ընտանիքից և այլն, ինչն էլ առաջ է բերում լիբերալների կատաղությունը: Վերջիններս բնավ էլ չեն մոռանում, որ 2012 թվականի փետրվարի 8-ին՝ նախագահական ընտրություններից առաջ, Պուտինը հանդիպում ունեցավ պատրիարք Կիրիլի հետ, որի ժամանակ ռուս հոգևոր առաջնորդը հայտարարեց առաջիկա ընտրություններում Վլադիմիր Պուտինի թեկնածությունն անվերապահ պաշտպանելու մասին: Շատերի կարծիքով, այդ պարագան շոշափելի դեր խաղաց Պուտինի հաղթանակի գործում: Լիբերալների վրեժխնդրությունը արտահայտվեց ԶԼՄ-ներում, որտեղ ծավալվեց լկտի հակաեկեղեցական, հակառուսական քարոզչություն:


Խա՞ռն է Վլադիմիր Պուտինի մատը Իսակիևյան տաճարի կարգավիճակը փոխելու և այն հավատացյալներին վերադարձնելու գործում: Հնարավոր է:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ