«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Աշխարհում ահաբեկչական բոլոր ակտերն ահաբեկչակա՞ն են, թե՞ հատուկ ծառայությունների «մրցակցություն» Հալեպի համար «վրեժի» տարրերով

Աշխարհում ահաբեկչական բոլոր ակտերն ահաբեկչակա՞ն են, թե՞ հատուկ ծառայությունների «մրցակցություն» Հալեպի համար «վրեժի» տարրերով
24.01.2017 | 01:50

Հունվարի 16-ին «My Cargo Airlines» ավիաընկերության թուրքական «Boeing 747» բեռնատար ինքնաթիռը, որը Հոնկոնգից թռչում էր Ստամբուլ, աղետի ենթարկվեց Ղրղզստանի երկնքում, երբ ընդամենը երկու կիլոմետր էր մնացել Բիշքեկի օդանավակայան հասնելուն: Որպես կանոն, նման դեպքերում ավելի շատ խոսում են զոհերի մասին, մանավանդ որ այս անգամ զոհվել են ոչ միայն անձնակազմի անդամներն ու ուղևորները, այլև 30 մարդ գետնի վրա: Թուրքական ինքնաթիռն ընկնելիս քարուքանդ է արել մերձակա ավանի 15 տուն:


Բայց մենք այլ բանի մասին ենք ուզում խոսել. իսկ ի՞նչ է դա եղել: Պարզապես հերթական օդային աղե՞տ, թե՞... ահաբեկչական ակտ: Իհարկե, վատ չէր լինի ճշտել, թե ինչու է նման տարօրինակ երթուղի ընտրել թուրքական «Boeing»-ը, օրինակ պարտադի՞ր էր մտնել ԱՊՀ ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի օդային տարածք: Ինչո՞ւ էր ինքնաթիռն այդքան շեղվել հարավային օդային միջանցքից, չէ՞ որ Հարավային Չինաստանից էր օդ բարձրացել: Պարտադի՞ր էր վայրէջք կատարել Բիշքեկի օդանավակայանում: Աստված տա, հետաքննությունը պարզի այս նրբությունները: Նայեք Ասիայի աշխարհագրական քարտեզը. հեշտորեն կարելի է հասկանալ, թե ինչ եմ ակնարկում: Թռիչքային ի՞նչ առաջադրանք են ունեցել թուրքերը Ղրղզստանում, այսինքն՝ Միջին Ասիայում: Իսկ որ լիովին կարող էր լինել ահաբեկչական ակտ (ահաբեկչության դեպքում ամենևին պարտադիր չէ, որ ինքնաթիռը դեռ օդում սկսի ցրիվ գալ, այսինքն, որ ռումբի պայթյունի կասկած լինի) հուշում է, առնվազն, երկու հանգամանք: Նախ, այդպես էլ հայտնի չդարձավ, թե ովքեր էին եղել Սինայի երկնքում ռուսական ինքնաթիռի կործանման հեղինակներն ու պատվիրատուները, պարզություն չկա նաև, թե ինչ կատարվեց ՌԴ պաշտպանության նախարարության Ty-154 ինքնաթիռի հետ Սոչիի երկնքում: Ի դեպ, այն ևս պետք է վայրէջք կատարեր: Երկրորդ, հենց հունվարի 16-ին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը թուրքական «A Haber» հեռուստաալիքով հեռարձակվող զրույցի ընթացքում հայտարարեց հունվարի 1-ի գիշերը «Ստամբուլի ակումբի վրա հարձակմանը օտարերկրյա հետախուզության» հնարավոր մասնակցության մասին: Նրա ասելով, ակումբի վրա հարձակումը կատարվել էր «շատ արհեստավարժորեն»: Իսկ արդեն հունվարի 17-ին միջազգային խոշորագույն լրատվամիջոցները հաղորդեցին, թե սաստկանում է ազգային արժույթի՝ թուրքական լիրայի, փոխարժեքի «փլուզումը», որովհետև Թուրքիայի կենտրոնական բանկը ոչ մի կերպ չի կարողանում զսպել լիրայի թուլացումը՝ դրույքաչափի բարձրացման վրա պետության ղեկավար Էրդողանի դրած արգելքի պատճառով:


Ինչն ինչի հետ է կապված՝ կպարզվի հետո: Հիմա անհրաժեշտ է առհասարակ հասկանալ, թե Ծննդյան տոներից առաջ, Ամանորին և 2017 թ. առաջին շաբաթներին ինչո՞ւ պիտի աշխարհը՝ Գերմանիայից մինչև ԱՄՆ, Թուրքիայից մինչև Իսրայել, ծվատվեր ահաբեկչական ակտերից: Թեև, եթե վերականգնելու լինենք ժամանակագրությունը, ապա կտեսնենք անչափ հետաքրքրական մի պատկեր, որից նույնիսկ կարելի է կառուցել այն վարկածը, որ «Իսլամական պետության» կամ քրդական «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) «անհասկանալի» ջոկատների կարգի ահաբեկչական խմբավորումները, բացառված չէ, առհասարակ չպետք է հաշվի առնվեն, երբ հետազոտվում են վերջին ահաբեկչական ակտերը: Ժամանակը ցույց կտա՝ Ղրղզստանի երկնքում թուրքական «Boeing»-ի կործանումը ահաբեկչությո՞ւն էր, թե՞ ոչ, թեև անձամբ ես հակված եմ այն կարծիքին, որ Հոնկոնգից Ստամբուլ թռիչքի համար «տարօրինակ» միջանցքի ընտրության և ինքնաթիռի կործանման միջև ինչ-որ կապ կա: Ընդ որում` անզեն աչքով էլ նկատելի է, որ աշխարհը ցնցած գրեթե բոլոր ահաբեկչական ակտերն ինչ-որ անտեսանելի թելերով ասես շաղկապված լինեն: Որոշ դեպքերում այդ բանը հարկադրված են ընդունել նաև այն երկրները, որոնց վրայով անցել է ահաբեկչության ալիքը՝ Թուրքիան, Գերմանիան, Իսրայելը... Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Եգիպտոսում, Լիբիայում և ուրիշ նման երկրներում կատարվող ահաբեկչությունների մասին աշխարհն արդեն չի էլ խոսում, ասես այդպես էլ պիտի լիներ: Մնացածն արդեն ճաշակի հարց է՝ պե՞տք է զուգահեռներ կամ կապ տեսնել 2016 թ. հուլիսի 14-ին ֆրանսիական Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչության հետ, թե՞ ոչ, կամ էլ «սովորության համաձայն» խոսել ԻՊ խմբավորման գործողությունների և «քրդական ահաբեկչության» մասին:


Բայց նայած ինչպես ես նայում խնդրին: Դեկտեմբերի 10-ին Ստամբուլի «Բեշիկթաշ» մարզադաշտում և դեկտեմբերի 17-ին թուրք զինվորականներ տեղափոխող ավտոբուսի վրա Կայսերիում կատարված ահաբեկչական հարձակումները, կարծես, դուրս են ընդհանուր շարքից: Մնացածները կատարվել են արդեն գլխավոր ահաբեկչական ակտերից մեկից՝ դեկտեմբերի 20-ին Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո: Մի հետաքրքրական նրբերանգ. Ա. Կառլովի սպանությունը կատարողին, ինչպես նաև իսրայելական փաստաթղթերով ոմն պաղեստինցի արաբի, որը հունվարի 8-ին բեռնատար ավտոմեքենայով Երուսաղեմում ճխլեց իսրայելցի զինվորականներին, համապատասխանաբար Թուրքիայի և Իսրայելի ուժայինները ոչնչացնում են, չնայած բոլոր հնարավորությունները կային նրանց վնասազերծելու և ձերբակալելու: Ո՞Ւմ էր պետք հետքերի այդքան կոպիտ «վերացումը»: Ա. Կառլովի սպանությունը, ինչպես և Երուսաղեմում իսրայելցի զինվորականների վրաերթը Թուրքիայի և Իսրայելի իշխանությունները տեղնուտեղը կապում են ԻՊ խմբավորման հետ, թեև հետաքննության նույնիսկ նախնական տվյալներ չկան: ՈՒղղակի խոսվում է մարդասպանների հարազատների ու մերձավորների վրա գործադրվող ճնշումների մասնակցության և աջակցության մեջ կասկածվող տասնյակ կալանավորվածների մասին և այլն:


Դեկտեմբերի 17-ի և 20-ի արանքում մի ահաբեկչություն էլ Բեռլինում է կատարվում, ու նորից «Նիցցայի սցենարը», թեև կարելի է նաև «Կայսերիի սցենար» անվանել: Բրայտշայդպլացի նախածննդոց տոնավաճառում իրենց նախատոնական առևտուրն անող միամիտ մարդկանց մեջ են մխրճվում ինչ-որ անձինք՝ լեհական արտադրության բեռնատարով: Շատ ավելի քիչ գրվեց Վիսբադենում (Գերմանիա) և Ցյուրիխի (Շվեյցարիա) երկաթուղային կայարանի շրջանում դեկտեմբերի 20-ին կատարված ահաբեկչությունների մասին. նույնիսկ թվում էր, թե համապատասխանաբար Գերմանիայի ու Շվեյցարիայի քաղգործիչները և ուժայինները դիտավորյալ այդ միջադեպերին «կենցաղային» կամ «քրեական վիճաբանության» բնույթ էին վերագրում: Սակայն որքա՞ն պատահական կարող է լինել Ցյուրիխում տեղի ունեցած «քրեական վեճը», եթե հաշվի առնենք, որ այնտեղ հրաձգությունը տեղի է ունեցել իսլամական աղոթարանից ոչ հեռու: Այլ բան է, որ ծանրակշիռ հիմքեր կան կասկածելու, թե այդ ակտերը, ինչպես և Բեռլինի ահաբեկչական ակտը, իրոք ԻՊ-ի ահաբեկիչների ձեռքի գործն են: Թեև սկսած դեկտեմբերի 20-ից արևմտյան շատ լրատվամիջոցներ հաղորդել են, թե իբր իսլամիստները ստանձնել են Բեռլինի ողբերգության (12 մարդ զոհվել էր, ավելի քան 50-ը՝ վիրավորվել) պատասխանատվությունը, սակայն, այնուհետև ամեն ինչ եթե ոչ հերքվել, ապա հարցականի տակ է դրվել. չէ՞ որ գերմանացիներն այդպես էլ կատարողին չկարողացան գտնել: Պակիստանցի Նավեդին, պարզվում է, «սխալմամբ էին վերցրել», չնայած սկզբում աշխարհով մեկ հավաստիացնում էին, թե հենց նա էլ ԻՊ խմբավորման այն համակիրն է, որը մեկ տարի առաջ Գերմանիա էր անցել իբրև «փախստական Սիրիայից»:

Մի անչափ հետաքրքիր հանգամանք. չէ՞ որ, հաղորդելով նման նրբություններ, Արևմուտքը անուղղակիորեն ընդունում է, որ ավելի քան մեկ տարի ինչ-որ շրջանակների (բացահայտորեն արևմտյան) նախաձեռնությամբ Սիրիան վերևից ներքև օգտագործում էին ովքեր ուզում և ինչպես ուզում էին՝ մատից ծծելով «Եվրոպայում սիրիացի փախստականների խնդիրը»: Մի՞թե պակիստանցիներն էլ էին Եվրոպա փախչում «Ասադի վարչակարգի դաժանություններից փրկվելու համար»: Ինչպես տեսնում ենք, Արևմուտքը հիմա հրաժարվում է իր իսկ ստեղծած ագիտացիոն-քարոզչական տեսլականից:


Իսկ ահա ինչ-որ թունիսցի Ամրիի այդպես էլ չեն կարողանում գտնել: Կան միայն մարդկանց Բեռլին տանող ծանր բեռնատարի լեհ վարորդի դիակը, մեկ էլ Գդանսկի ֆիրմայի՝ Արիել Ժուրավսկի բնորոշ անունով տիրոջ վկայությունները, որը տեղեկացրել է իր ենթակայի հետ ունեցած վերջին խոսակցության մասին: Այդուամենայնիվ, գերմանական իշխանությունները, համենայն դեպս, խոսում են ԻՊ-ի հանցակցության մասին: Ապա ամեն ինչ նման էր արագացված գեղադիտակի: Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը անսպասելիորեն... հաճոյանում է Իրանին և հայտարարում, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները օգնություն են ցուցաբերում, իհարկե, Սիրիայի ահաբեկիչներին, և տալիս է ոչ միայն քրդական «Ինքնապաշտպանության ջոկատների» (YPG), այլև ԻՊ խմբավորման անունները: «Դա միանգամայն ակնհայտ է: Մենք ունենք հաստատված տվյալներ՝ պատկերազարդումներով, լուսանկարներով և տեսագրություններով»,- ըստ բրիտանական Reuters գործակալության, հայտարարել է Էրդողանը: Ինչո՞ւ ենք մենք հիշատակում Իրանի դերը Էրդողանի հայտարարության մեջ:

Նախ, որովհետև 2014 թ. հուլիսից Իրանն աշխարհում ամենաառաջինն է հայտարարել, թե ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ը, ինչպես նաև Իսրայելը մասնակցություն են ունեցել Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի զինյալների հարձակումներին, և նշել, որ ԿՀՎ-ի փախստական գործակալ Էդվարդ Սնոուդենի հայտարարություններում ևս համապատասխան ապացույցներ կան: ԻՊ-ի պարագլուխ Աբու-Բաքր ալ-Բաղդադին, ըստ իրանցիների, նույն ինքը իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայության հաստիքային գործակալ Շիմոն Էլիոթն է, իսկ նրա հետ անգամ ԱՄՆ-ի սենատորների (օրինակ, ոչ անհայտ Մակքեյնի) կապը կասկած չի հարուցում, այնքան որ հաճախ է ալ-Բաղդադի-Էլիոթը լուսանկարվել ամերիկացի քաղգործիչների հետ: Երկրորդ, որովհետև հենց այդ օրերին էր լուծվում այն հարցը, թե որտեղ է կայանալու Սիրիայի խնդրի առնչությամբ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների դեկտեմբերի 27-ին նախատեսված հանդիպումը՝ Մոսկվայո՞ւմ, թե՞ Աստանայում: Հանդիպումն առայժմ այդպես էլ չի կայացել, բայց Անկարան, Թեհրանն ու Մոսկվան պնդում են, որ մտադիր են, այնուամենայնիվ, անցկացնել այն և նախանշել Սիրիայի հարցի քաղաքական հանգուցալուծման ուրվանկարը: Հիմա հասկանալի է նաև, թե ինչու Էրդողանը որոշեց տպավորություն ստեղծել, թե Թուրքիան պատրաստ է հրաժարվելու ԱՄՆ-ից ու «նրա դաշնակիցներից» (իսկ դա առաջին հերթին նաև Իսրայելն է) Սիրիայի հարցում. Իրանի ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ռասուլ Սանայի Ռադը օրերս ձախողեց Էրդողանի ամբողջ «խաղը», մերժելով Անկարայի առաջարկությունները Սիրիայից իրանցի ռազմական խորհրդականների և Լիբանանի դիմադրության ուժերի (այսինքն, «Հըզբոլլահ» կուսակցության ջոկատների և շիական տարբեր աշխարհազորայինների) դուրսբերման մասին՝ հաղորդել է իրանական Fars News գործակալությունը: «Հալեպի ճակատամարտի հետևանքներն այսօր Թուրքիային ստիպեցին ընդունել իրողությունները, ինչպես նաև այն բաղադրամասերն ու բաղկացուցիչները, որոնք կերտեցին այդ հաղթանակը և որոնք երբեք չեն հանվի այդ կարգավորումից,- ընդգծել է նա:- Դիմադրության այն երկրներն ու խմբերը, որոնք օգնեցին Սիրիային ահաբեկչական խմբավորումների դեմ մղվող պայքարում, կմնան ասպարեզում և որոշիչ դեր կխաղան կարգավորման գործում»:


Էրդողանն իր հայտարարությամբ, իհարկե, մոլորության մեջ չի գցել ո՛չ Իրանին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ շիական աշխարհը, որոնք էլ հենց նույն «դիմադրության այն երկրներն ու խմբերն են, որոնք օգնեցին Սիրիային», ինչպես արտահայտվել է բրիգադային գեներալ Ռասուլ Սանայի Ռադը: Բայց Թուրքիայի նախագահը խոսում էր արդեն Ստամբուլի և Կայսերիի ահաբեկչական ակտերից հետո (որոնք վերագրվեցին քրդերին, թեև TAK խմբավորման մասին խոսակցությունն առանձին հարց է, քանի որ նրա ձևավորումը շատ բան անորոշ դարձրեց այն աստիճանի, որ ոմանք TAK-ը համարում են «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) պառակտման նպատակով թուրքական MIT հատուկ ծառայության ստեղծած «նախագիծ»), Կառլովի սպանությունից և Բեռլինի, Վիսբադենի ու Ցյուրիխի ահաբեկչական ակտերից հետո, որոնցից Անկարայինն ու Բեռլինինը վերագրվում էին հենց ԻՊ խմբավորմանը: Ջանալով «դուր գալ» Իրանին, որից էլ կախված է՝ կմնա՞ն, արդյոք, Սիրիայում «Հըզբոլլահի» մարտիկները, տարբեր երկրների շիա կամավորականները և Իրանի ռազմական խորհրդականները, Էրդողանը կամ չափն անցել է ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքներով, կամ նույն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների սկզբնական հաշվարկը, թե Թուրքիայի նախագահը նման հայտարարություններով կկարողանա Իրանին «շեղել» Ռուսաստանի և այլ երկրներից հավաքված շիական շարժումների հետ դաշնակցելուց, խորապես սխալ ու անիրատեսական է եղել:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ