Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այս օրենքի ընդունման դեպքում խառնվելու, միջամտելու են ընտանիքների ներքին գործերին, երեխաներին օտարելու են ընտանիքներից, քայքայելու են ընտանիքները»

«Այս օրենքի ընդունման դեպքում խառնվելու, միջամտելու են ընտանիքների ներքին գործերին, երեխաներին օտարելու են ընտանիքներից,  քայքայելու են ընտանիքները»
24.01.2017 | 01:52

ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի մերժելի նախագծի առնչությամբ է մեր հարցազրույցը «Հայ մայրեր` հանուն ընտանիքի» նախաձեռնության համակարգող ԱՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:


-Ի՞նչ կարծիքի եք Հայաստանում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենք ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ:
- Օրենքի նախագիծը կարդալուց հետո այն տպավորությունը ստացա, որ այդ փաստաթուղթը ստեղծվել ու փորձ է արվում առաջ մղել մի ենթադրյալ, մտացածին կամ ուռճացված խնդրի հիման վրա: Հիշեցի, որ ժամանակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Քոլին Փաուելն ինչ-որ շինծու սրվակներ էր թափահարում Իրաքի քիմիական զինանոցի վերաբերյալ, որպեսզի արդարացվի այդ երկրի նկատմամբ ագրեսիան, հիմնավորվի Իրաքի ռմբակոծումը: Հիմա էլ հայաստանյան ընտանիքներում կատարվող բռնությունների իրական մասշտաբները և վտանգավորությունն արհեստականորեն ուռճացնում են, որպեսզի հիմնավորվի այդ բռնությունների դեմ պայքարելու համար առանձին օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
-Իսկ ի՞նչ է հայտնի հայաստանյան ընտանիքներում անչափահասների նկատմամբ բռնությունների դեպքերի քանակի վերաբերյալ:
-Ոստիկանության, ավելի որոշակի` գնդապետ Արթուր Վարդանյանի հրապարակած տվյալների համաձայն, 2014 և 2015 թվականներին անչափահասների նկատմամբ բռնությունների համապատասխանաբար 152 և 154 դեպքեր են եղել, որոնցից, ընդգծում եմ, 2014-ին ընդամենը ութը, իսկ 2015-ին ընդամենը 11-ն են եղել ընտանիքներում, մնացածները եղել են ընտանիքներից դուրս: Օրենքի նախագծի հեղինակներն ընտանեկան բռնություն համարելով նաև տնտեսական և հոգեբանական բռնությունները ու հստակ չսահմանելով, թե դրանք ինչ են, ընտանեկան բռնության շրջանակի մեջ են դրել նաև այնպիսի հնարավոր դեպքեր, որոնք հնարավոր չէ որակել որպես ծնողի կողմից իր երեխայի նկատմամբ վատ արարք: Օրինակ, 17-18 տարեկան աղջիկն ասում է` հայրիկ, ինձ փող տուր, գնամ գիշերվա 11-ին գիշերային կամ պարային ակումբ` պարելու: Հայրը, հասկանալով, թե ինչ կարող է լինել, մերժում է աղջկան, ասում, որ նա, բոլոր դեպքերում, չի գնալու: Այս օրենքի ընդունման դեպքում այսօրինակ դեպքը համարվելու է տնտեսական բռնություն և ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում, քանի որ հոր տվյալ արարքը խախտում է օրենքը: Բայց հայրն ինչի՞ մասին է մտածում… Երեխայի անվտանգության մասին:
Մեկ այլ օրինակ. 18-19 տարեկան տղան կամ աղջիկը ցանկանում է գնալ, մատուցող աշխատել, ծնողն ասում է` ոչ, գնա սովորիր, ինչո՞ւ աշխատես, մենք ամեն ինչ կապահովենք: Այս օրենքի ընդունման դեպքում դա համարվելու է աշխատանքի և գումար վաստակելու արգելք և այդ իրավունքի ու օրենքի խախտում: Բայց ի՞նչ մտադրություններով է ծնողը խախտում օրենքը, որը ցանկանում է, որ իր երեխան սովորի: Ակնհայտ է, որ երեխայի շահերից բխող մտադրությամբ, քանի որ երեխան չի գիտակցում իր շահերը: Օրենքի ընդունումից հետո այսպիսի դեպքերում որոշ երեխաներ պահի տակ բռնկվելով, ջղայնացած, առանց մտածելու, զանգելու են արագ արձագանքման կենտրոն, հայտնելու են, որ ծնողն իրենց նկատմամբ բռնանում է: Ոստիկանը գալու է, իմանալու է, թե ինչ է եղել, այսպիսի դեպքերում ի՞նչ անի ոստիկանը: Նա հասկանալու է, որ ծնողը վատ արարք չի գործել, իր երեխայի ապագայի մասին է մտածում, բայց արդյունքում ստացվում է, որ նա այս օրենքը խախտել է, իսկ օրենքի խախտումը նախատեսում է որոշակի իրավական հետևանքներ:
Այս նախագծում այնքան շատ են այն կետերը, դրույթները, որոնք թույլ են տալիս երեխաների նկատմամբ մեր հայկական ծնողական սիրուց, անհանգստությունից, մտահոգությունից բխող հնարավոր արարքները` դաստիարակչական ապտակը, տարբեր արգելքները, համարել ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական բռնություններ, խառնվել, միջամտել ընտանիքների ներքին գործերին, երեխաներին օտարել ընտանիքներից, որովհետև ծնողները բռնացել են նրանց իրավունքներին: Մինչդեռ օրենքի նախագծում մենք չենք տեսնում որևէ դրույթ ընտանիքի իրավունքների, ծնողի իրավունքների մասին: Խոսքը երեխայի իրավունքների մասին է, բայց երեխայի իրավունքների և շահերի ամենալավ պաշտպանը ծնողն է, մանավանդ հայ ծնողը:
-Ոստիկանության աշխատակից Նելլի Դուրյանը համեմատաբար վերջերս ասաց, որ ընտանիքներում երեխաների նկատմամբ սեռական բռնությունների մեծ մասը կատարվում է կալանավայրից վերադարձած կնոջ զուգընկերոջ կողմից, ավելի հազվադեպ` հայրիկների կողմից: Ոմանք հայաստանյան որոշ ընտանիքներում երեխաների նկատմամբ սեռական բռնության սակավաթիվ դեպքերի մասին տեղեկությունները փորձում են ծառայեցնել Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը սրելու և այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
-Նախ, եղած օրենսդրությունը լիովին բավարար է այդպիսի դեպքերի դեմ պայքարելու, այդպիսի արարքների հեղինակներին քրեորեն պատժելու համար, հետևաբար դրա համար ամենևին կարիք չկա ընդունելու «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենք:
Երկրորդ. քրեակատարողական հիմնարկների ղեկավարության և աշխատակազմերի պարտականությունն է ազատազրկվածների հետ այնպիսի աշխատանքը, որ նրանք կալանավայրերից դուրս գան որպես նորմալ մարդ, չէ՞ որ դրանք մարդուն ուղղելու և ոչ թե ավելի փչացնելու և ավելի ագրեսիվ դարձնելու հիմնարկներ են: Պետության պարտականությունն է կալանավայրերից ազատ արձակված մարդկանց հետ համապատասխան հոգեբանական ու սոցիալական աշխատանքը, որի պարագայում այդպիսի դեպքերը կբացառվեն կամ կլինեն չափազանց հազվադեպ: Ինչ-ինչ օղակների աշխատանքը կարգավորելու փոխարեն չպետք է առանձին օրենք ընդունել:
Հետաքրքիր է` այս օրենքի ընդունման դեպքում ուսուցիչները համաձա՞յն են լրտեսություն և մատնություն անելու իրենց աշակերտների ծնողների նկատմամբ: Եթե կարդաք օրենքի նախագծի դրույթները, կտեսնեք` պետք է հայտնել, պետք է դիմել համապատասխան մարմիններին… Այդ դեպքում ուսուցիչները կորցնելու են ծնողների մոտ իրենց վստահությունը, մինչդեռ, ինչպես գիտենք, ուսուցիչը ծնողի ամենալավ ընկերն է երեխայի դաստիարակության գործում: Ստացվում է, որ չենք կարողանալու վստահել ուսուցիչներին, ուսուցիչները ստիպված են լինելու հարցաքննել մեր երեխաներին, այդ ընթացքում նրանց սթրեսի ենթարկել:
Նույնը կարելի է ասել բժիշկների առնչությամբ: Եթե իմ երեխային տանում եմ բժշկական հաստատություն, ուզում եմ, որ նրան այնտեղ բուժեն, ոչ թե հարցաքննեն և ուրիշ տեղեր տեղեկություններ փոխանցեն, որ հետո ոստիկանն առաջացած ինչ-ինչ կասկածները ստուգելու համար գա, մտնի իմ տուն:
Գիտե՞նք մի ընտանիք, որտեղ ամուսինների միջև ընդհանրապես վեճ չի եղել. երևի չկա այդպիսի ընտանիք, կամ դրանք շատ քիչ են: Վեճեր լինում են ընտանիքներում, դա արտասովոր չէ, մենք ռոբոտ չենք, ամուսնական կյանքը սովորաբար իր ճգնաժամային փուլերն է ունենում, երբ զույգերի միջև հարաբերությունները սրվում, հետո հանդարտվում են: Ինչո՞ւ պետականորեն չստեղծել հոգեբանական կենտրոններ ընտանիքների համար, ոչ թե կանանց համար, ոչ թե տղամարդկանց համար, այլ հենց ընտանիքների համար, որտեղ ընտանիքի անդամները կայցելեն կամավոր հիմունքներով, եթե զգում են, որ ինչ-որ ճգնաժամային փուլում են, և կկարողանան ստանալ միջանձնյա ընտանեկան անվճար հոգեբանական օգնություն: Հիմնական խնդիրը պետք է լինի հենց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը, և ոչ թե մասնատենք, առանձին պաշտպանենք կանանց իրավունքները, առանձին` երեխաների իրավունքները, տղամարդկանց սարքենք հրեշ, քայքայենք ընտանիքները: Հայ տղամարդիկ լավագույն ամուսինների համաշխարհային վարկանիշային ցուցակում են: ՈՒ մեկ էլ հանկարծ տեսնում կամ իմանում ես, որ մեզ մոտ որոշ հասարակական կազմակերպությունների կողմից փորձ է արվում հայ տղամարդուն ներկայացնելու մոլագար, բռնարար, ահավոր… Թվերի հետ մանիպուլյացիա են անում: Օրինակ, հայտարարում են, թե սեռական ոտնձգությունների 49 տոկոսը կատարվում է ընտանիքներում: Քանի՞ տարվա ընթացքում, քանի՞ դեպքի 49 տոկոսը, կարող է 5 կամ 3 դեպքի՞ 49 տոկոսը, կարող է, ասենք, տա՞սը դեպքի… Եթե մարդը լսում է 49 տոկոսը, մտածում է, որ դա, այո, շատ լուրջ թիվ է, բայց քանի՞ դեպքի 49 տոկոսը, այս մասին չեն տեղեկացնում:
-Անդրադառնանք որոշ հասարակական կազմակերպությունների, այսպես ասած, եվրոպական մտածելակերպին, որն ուզում են փաթաթել մեր պետության ու հասարակության վզին: Մեզ համար ընդունելի՞ է դա:
-Եվրոպական մտածելակերպի դրսևորումը և մարդու իրավունքների պաշտպանությունը մենք շատ լավ տեսանք 2016-ի Քյոլնի Նոր տարվա դեպքերի ժամանակ, երբ ոչ մի գերմանացի տղամարդ, նույնիսկ ոստիկանությունը չպաշտպանեց 90-ից ավելի բռնաբարված, այլ բռնության ենթարկված, ստորացված կանանց: Քյոլնի քաղաքապետն ասաց` մի մետր հեռավորությամբ քայլեք ու մեկ էլ կարճ շրջազգեստ մի հագեք, որ չգրգռեք ներգաղթյալներին: Իսկ ի՞նչ կլիներ, եթե կանանց նկատմամբ այդպիսի հրապարակային բռնություն լիներ մեզ մոտ, ինչպե՞ս կվարվեին հայ տղամարդիկ: Հինգ րոպե հետո գրեթե ողջ քաղաքը կլիներ այդ վայրում ու բռնացողներից ոչ մեկը չէր կարողանա հեռանալ առանց «հայկական հյուրասիրության» գոնե մեկ դոզայի: Մեր հայ տղամարդիկ ուրիշ են, երբ որ մեր տղամարդկանց հրեշ, բռնարար են ուզում ներկայացնել, պետք է ընդվզենք դրա դեմ:
-Ըստ օրենքի նախագծի, ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգի դեպքում ենթադրյալ զոհին, ըստ նրա ցանկության, տեղափոխելու են հատուկ այդպիսի դեպքերի համար նախատեսված ապաստարան: Մի՞թե այդ ապաստարաններն անհրաժեշտություն են:
-Ի՞նչ է, մենք ծնող չունե՞նք, մենք տատիկ-պապիկ կամ բարեկամներ չունե՞նք, որ ծայրահեղ դեպքում նրանց տուն գնանք, ժամանակավորապես հանգրվանենք մինչև ընտանիքում իրավիճակը խաղաղվի: Ի վերջո, պետությանը ոչ մեկը չի կարող արգելել ու չի արգելում, առանց այս օրենքի էլ, սոցիալական ապաստարան ստեղծել, որտեղ կարող են տեղավորվել այդ մարդիկ, եթե այդքան ծայրահեղ վիճակում են և ընտանեկան բռնության դեպքում որևէ այլ տեղ չունեն գնալու:
Ի դեպ, եթե խոսքը երեխաների ապաստարանների մասին է, նույն ապաստարանների համաշխարհային փորձը ցույց է տվել, որ հենց դրանցում երեխաների նկատմամբ բռնության, այդ թվում նաև սեռական բռնության բազմաթիվ դեպքեր են եղել: Հետո կարո՞ղ է մի օրենք էլ ընդունենք ապաստարաններում բռնության դեմ պայքարի մասին: Եվրոպայում հինգուկես միլիոն երեխա գտնվում է ստրկության մեջ, Նորվեգիայում վերջերս մանկապիղծների մեծ ցանց են հայտնաբերել, զոհերը` բարուրի տարիքից մինչև 14 տարեկան: Եվրոպական համապատասխան կազմակերպությունները, Եվրոպայի կառավարիչները թող մտածեն իրենց երկրներում երեխաների իրավունքների պաշտպանության մասին:
Վերջերս Ռուսաստանում 3-ամսական երեխային ընտանիքի աղքատության պատճառով խլեցին ծնողներից, տարան ապաստարան, հետո այնտեղ երեխային գցեցին, երեխան մահացավ: Մի՞թե սա այդ ապաստարաններում երեխաների նկատմամբ այլոց, օտար խնամողների չակերտավոր հոգատարության, անուշադրության վկայություններից չէ:
Եթե ընտանիքներում բռնությունը ծնողների ալկոհոլիկ լինելու պատճառով է, ապա նկատի ունենանք, որ նրանք ալկոհոլիկ են դառնում հիմնականում աղքատության հետևանքով: Ապաստարանների փոխարեն պետությունը թող աշխատատեղեր ստեղծի, որ մարդիկ աշխատեն, գոնե նվազագույն մակարդակով կարողանան պահել իրենց ընտանիքները, որ աղքատության, երեխայի կարիքները հոգալ չկարողանալու պատճառով ծնողներից երեխային չխլեն ու տանեն ապաստարան: Սա ուղղակի հակամարդկային վերաբերմունք է, ոչ թե մարդասիրություն:

Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3609

Մեկնաբանություններ