Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
24.01.2017 | 02:00

Երևանի քաղաքապետարանին կարելի է քննադատել շատ հարցերում, բայց բավարարվենք Երևանի Մոսկովյան 21 հասցեում գտնվող մեր բազմաբնակարան շենքին առնչվող պատմությամբ: Եթե Սպիտակի երկրաշարժից հետո ԼՏՊ-ն խոսում էր (միայն խոսում էր) խորհրդային տարիներին Երևանում կառուցված շենքերի անբավարար սեյսմակայունության մասին՝ վկայակոչելով իր պրիմիտիվ դատողությունները, ապա Երևանի քաղաքապետերը ջանք ու եռանդ չեն խնայել, որ իջեցվի խորհրդային տարիներին կառուցված երևանյան շենքերի սեյսմակայունության աստիճանը: Հարց՝ ի՞նչ հիմքեր ու պատճառներ կան դրա համար: Պատասխանը մեկն է՝ փողի խնդիր է լուծվում: Անկախությունից հետո Երևանում զանգվածային բնույթ էր կրում բազմաբնակարան շենքերի առաջին հարկերի բնակարանները ձևափոխելն ու փոքրիկ խանութների վերածելը: Հայտնի բան է՝ բոլոր խանութների դռները պետք է բացվեն դեպի փողոց, լինեն ընդարձակ շքամուտքեր: Իսկ ինչպե՞ս վարվել նման դեպքերում, եթե շենքերի նախագծերում դրանք չկան, դա էլ խնդիր չէ, կա շատ պարզ լուծում, կա երկու տարբերակ.
ա) քանդել շենքի կապիտալ (կրող) պատերը և ունենալ նոր, ընդարձակ բացվածքներ դռների ու ցուցափեղկերի համար,
բ) դռների ու ցուցափեղկերի համար օգտագործել եղած պատուհանային բացվածքները՝ հիմնականում դրանք լայնացնելու և խորացնելու միջոցով:


Նման ձևափոխումների համար, բնականաբար, պետք է ունենալ համապատասխան ճարտարապետական նախագծեր՝ հաստատված Երևանի քաղաքապետարանի շինարարական վարչության կողմից: Սույնը հստակորեն կանոնակարգված է ՀՀ կառավարության թիվ 91 որոշումով, ինչը 2002 թվականի փետրվարի 2-ին վավերացրել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հետագայում, շինարարական աշխատանքները ավարտելուց հետո, քաղաքապետարանի համապատասխան ծառայության կողմից պետք է ստանալ ձևափոխված շինությունների շահագործման ակտերը, նույն այն ակտերը, որոնցից մեկի (արդյո՞ք միայն մեկի) կայացման համար կաշառք էր վերցրել ու ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել քաղաքապետարանի շինարարության բաժնի աշխատակիցը: Նման գործողություններին հետևելու, քաղաքում ինքնակամ ու ապօրինի շինարարություն թույլ չտալու համար Երևանի քաղաքապետարանում ստեղծված է հատուկ ծառայություն՝ հողի վերահսկողության վարչություն, որտեղ աշխատում են հողի վերահսկողության տեսուչները: Թե ինչպես են «աշխատում» ու «վերահսկում» Երևանի քաղաքապետարանի հողի վերահսկողության տեսուչները, մեր քաղաքացիները լավ գիտեն, գիտեն՝ ելնելով իրենց անձնական փորձից, ես՝ ևս, լսելով չէ, որ մենք պետք է ծանոթ լինենք նրանց աշխատաոճին ու կատարած «ներդրումներին»:

Հողի վերահսկողության տեսուչների ծառայողական պարտականությունների մեջ կան տարբեր գործառույթներ, մասնավորապես, նրանք պարտավոր էին հետևել, որ Մոսկովյան 21 բազմաբնակարան շենքի սահմաններում ապօրինի շինարարություններ չկատարվեն, չփոխվեն շենքի պատմա-ճարտարապետական տեսքը, ֆունկցիոնալ նշանակությունը և բազմաթիվ նման բաներ: Նրանք իրենց ուղղակի ծառայողական պարտականությունները չեն կատարել: Իմ անունից կարող եմ ավելացնել՝ ընդհակառակը, մշտապես հետևել են, որ շինարարական ապօրինություններն անսպասելի խոչընդոտների չհանդիպեն կամ քաղաքացիների արդարացի բողոքի թեմա չդառնան (հայաստանյան լրատվամիջոցները բազմիցս են անդրադարձել նման դեպքերին), կողմնակի խանգարողներ չլինեն՝ մշտական հերթապահություն սահմանելով նման օբյեկտներում: Նման օրինակները շատ են: Արդյունքում ունենք այն, ինչը հիմա ունենք. շենքի առաջին հարկի բնակարաններից շատերը վերածվել են փոքրիկ խանութների, որոնց աստիճանային շինությունները հիմնովին գրավել են Տերյան փողոցի մայթի զգալի մասը: Սակայն միայն այդ խնդիրը չէ բնակիչներիս մտահոգության առարկան. նման ապօրինի շինությունների պատճառով մեր բազմաբնակարան շենքը, առնվազն մեկ նիշով, կորցրել է իր նախագծային սեյսմակայունության աստիճանը:

Եթե հավատալու լինենք քաղաքապետարանի ներկայացուցիչներին, ապա դրանք այնքան էլ չեն կարող ազդել շենքի սեյսմակայունության վրա (նման հաշվարկներ նրանք չունեն, չեն էլ կարող ունենալ, ոչինչ հիմնավորված չէ, ամեն ինչ արվում է «եղունգ» նայելու տեխնոլոգիաների հիման վրա), որովհետև իրենք չեն այդ շենքի բնակիչները, նրանցից շատերը, քաղաքապետի գլխավորությամբ, ապրում են սեյսմակայուն շենքերում: Ի միջի այլոց, օլիգարխական դղյակները կառուցվում են՝ նկատի ունենալով գերբարձր սեյսմակայունության բոլոր պահանջները, իրականում դրանք բունկերային կառույցներ են, որոնք կարող են դիմանալ նաև միջուկային հարձակումներին, դրա մասին կանխավ մտածել են՝ չափազանց թանկ գնահատելով սեփական կաշին, իսկ ուրիշների պրոբլեմները նրանց չեն հուզում, որովհետև ուրիշի «յարեն» իրենց ցավ տալ չի կարող: Իրենց ինչ, թե համազասպյանների տները երբ ու ինչպես կարվեն, ովքեր կմնան փլատակների տակ, եթե գործը դրան հասնի, այս անգամ էլ մի ուրիշ Գորբաչովի կգտնեն ու այսօրվա իրենց մեղքերը նրա շալակը կտան, լեզվի խնդիր չէ՞: Իշխանավորի լեզվի տակ ոսկոր չկա: Ասված է, չէ՞, язык до Киева доведет, կամ՝ լեզուն մինչև Երուսաղեմ կտանի: Նրանց պնդումները անհիմն են, տեղին չեն, շենքի կրող պատերի պատուհանների բացվածքների ընդարձակումը ուղիղ համեմատական ձևով նվազեցնում է շենքի սեյսմակայունությունը: Մոսկովյան 21 բազմաբնակարանային շենքի բնակիչներիս հանդեպ դա կատարված փաստ է կամ, ավելի ճիշտ կլինի ասել, արդեն կատարված հանցանք է: Լուսանկարներում (1, 2) ցույց են տրված Մոսկովյան 21 բազմաբնակարան շենքի պատուհանային բացվածքները դռան ու ցուցափեղկի վերածելու կոնկրետ դեպքերը: Նման ձևափոխումների ժամանակ, շենքերի սեյսմակայունությունը նախկին ու ավելի բարձր մակարդակի վրա պահելու համար, պարտադիր կարգով պահանջվում է, որ իրականացվեն հատուկ ինժեներական միջոցառումներ, մասնավորապես, արտաքին պատերի հարթության մեջ պետք էր նախատեսել լրացուցիչ երկաթբետոնե շրջանակներ՝ համաձայն «Սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի» ՀՀՇՆ 11-6.02-2006 (հաստատված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ 03.02.2006 թ. թիվ 24 հրամանով ու գրանցված՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից, 20/03/2006 թ., պետական գրանցման թիվ 11706077):

Լրացուցիչ երկաթբետոնե շրջանակը ցուցադրված է լուսանկար 3-ում. պատուհանի բացվածքի փոփոխության այս դեպքը բավարարում է Հայաստանում ընդունված շինարարական նորմերին, մենք ունենք բարձր որակավորում ունեցող մասնագետ-կոնստրուկտորներ, որոնք կարող էին համապատասխան հաշվարկներ կատարել ու, ցանկության դեպքում, սեյսմակայունությունը ապահովող լուծումներ գտնել նաև Մոսկովյան 21 բազմաբնակարան շենքի դուռ-պատուհանային բացվածքների փոփոխությունների դեպքում: Վերջերս Ռուսաստանի Ռյազան քաղաքում մի բազմաբնակարանային շենք փլուզվեց, երեք հոգի զոհվեց միայն այն պատճառով, որ առաջին հարկում գործող սրճարանի տերը, ներքին դիզայնը ապահովելու համար, քանդել էր շենքի կապիտալ (կրող) պատի մի հատվածը, ըստ ռուս փորձագետների՝ դա բավական էր աղետալի վթարի համար՝ առանց արտաքին ազդեցությունների, պայթյունների կամ երկրաշարժերի:


Խորհրդային տարիներին իրականացված բնակարանաշինությունն ուներ կոմունիստական-դիկտատորական-քաղաքական առանձնահատկություններ. ամեն ինչ հարմարեցվում էր մարդկանց սոցիալական խնդիրները մի կերպ, հիմնականում ի միջի այլոց լուծելուն, մարդկանց սոցիալական աճող պահանջները մի կերպ բավարարելուն, հասարակական դժգոհությունների ալիքը մի կերպ մարելուն, որը, սակայն, մշտապես ներկայացվում էր որպես մարդկանց նկատմամբ մշտական կոմունիստական հոգատարության ավելի վառ արտահայտության կոնկրետ դրսևորում: Ավելի քիչ փողերով, էժան ու անհարմար բնակարաններ կառուցելու կոնցեպցիան դրված էր ԽՍՀՄ-ում իրականացվող բնակարանաշինության պետական քաղաքականության հիմքում: Բացի փոքրիկ բնակմակերեսներից ու ցածրիկ առաստաղներից, այստեղ անհիմն սահմանափակումներ էին մտցված նաև բնակելի շենքերի սեյսմակայունության հարցում: Հայաստանի վրա, ստիպողաբար, տարածվում էին նաև Մոսկվայում ընդունված որոշումները. բնակելի շենքերի սեյսմակայունությունը չէր կարող գերազանցել 7 բալը: Բնակարանների ահռելի դեֆիցիտի պայմաններում այդ բալերի խնդիրը մարդիկ լավ չէին պատկերացնում, ուշադրություն չէին դարձնում՝ մտածելով, որ կոմունիստական դոգմատիկ իշխանությունները չեն կարող այդ աստիճանի ստոր լինել ու սեյսմավտանգ երկրում ապրող խորհրդային մարդկանց ընտանիքների համար «թղթե տնակներ» կառուցել: Մոսկովյան այդ հանցավոր ստորությունը կոծկելու համար էր, որ Գորբաչովը Լենինականում սկսեց խոսել կառուցված շենքերի ցածր որակի ու անցեմենտ բետոնների մասին: Կոմունիստական շինարար-թալանչիները, իրենց կատարած հանցանքները թաքցնելու համար, ավելի հեռուն գնացին՝ երկրաշարժի մեղքը, ընդհանրապես, գցելով Գորբաչովի վրա: Այս տողերը կարդալուց հետո քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները պետք է այսօրվանից մտածեն, թե նման իրավիճակում (Աստված չանի) իրենց հանցավոր գործերի մեղքն ում վրա են բարդելու:


Սպիտակի դեպքը կոմունիստական ոճով իրականացված հանցագործություններից միայն մեկն է, շարքային մի դրվագ՝ սեյսմիկ գոտում ապրող հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ: Պետք է նշել, որ ԽՍՀՄ-ում ցածր սեյսմակայունության պայմանը վերաբերում էր միայն բնակարանաշինությանը, արդյունաբերական օբյեկտները ավելի կարևոր էին համարվում (խորհրդային մարդու կամ, մեր դեպքում, հայ մարդու կյանքը արժեք չուներ, մնացել էր հավանականության տեսության բանաձևերի ու կոմունիստական կուսակցական կանխատեսումների հույսին, արդյունաբերական օբյեկտների դեպքում մոտեցումներն այլ էին, դրանք, ի տարբերություն մարդու կյանքի, իրենցից նյութական արժեք էին ներկայացնում: Նույն երգը, ավելի վուլգար ու մարդատյաց ձայնանիշերով, կատարվում է մեր օրերում ու, ի վերջո, կբերի նույն արդյունքին՝ նույնքան կանխատեսելի ու սպասելի:


Եթե բնակարանաշինության ոլորտում սեյսմակայունությունը սահմանափակվում էր վերևից՝ 7 բալից ոչ ավելի, ապա արդյունաբերական շինարարության համար նախատեսված էին սեյսմակայունության ավելի բարձր, 8-9 բալի հասնող ցուցանիշներ: Այդ նորմերով էր հաշվարկված, օրինակ, Սպիտակի հացահատիկի էլևատոր-շտեմարանը, որը երկրաշարժի ժամանակ չքանդվեց, թեկուզ և ցորենի ստրատեգիական պաշարները կոմունիստ ղեկավարները հասցրել էին ամբողջությամբ գողանալ՝ մինչև վերջին հատիկը: ՀՀ բարձրագույն իշխանությունների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այդ առիթով դատական գործեր չեն հարուցվելու (նման պետական դավաճանությունը Մոսկվան երբեք չէր ներելու, հացահատիկի ստրատեգիական պաշարները միշտ էլ եղել են անձեռնմխելի հատկապես Հայրենական մեծ պատերազմից հետո): Մի առիթով Լենինգրադի իմ ընկեր Վալերի Բոնդարենկոն ցույց տվեց իր ամառանոցի մոտով անցնող բեռնատար գնացքը, որով ամեն օր սննդամթերք էր տարվում՝ ստրատեգիական պահեստավորման համար: Նույն գնացքով դուրս էր բերվում նախկինում պահեստավորված սննդամթերքը՝ մթերային խանութներին բաժանելու համար: Ռուսաստանում սննդամթերքի ստրատեգիական պաշարները մշտապես պահվել են հատուկ հսկողության տակ, հատուկ սառնարաններում ու պարենային անվտանգության պահանջներից բխող մակարդակի վրա, այն մակարդակի, որն անհրաժեշտ է, հնարավոր պատերազմների ժամանակ, մարդկանց կենսաապահովման խնդիրները լուծելու համար՝ ելնելով Լենինգրադի բլոկադայի փորձից: Հնարավոր եմ համարում, որ սննդամթերքի պակասը (որոշ հանրապետություններում՝ մինչև սովի աստիճանի), կտրոնային առևտուրը և այլն Գորբաչովի ժամանակ ստեղծվել են արհեստականորեն, այստեղ դիտավորություն կար: Վերհիշելով անցած-գնացած այս պատմությունները՝ ես սկսում եմ համոզվել, որ Հայաստանի տնտեսական ճգնաժամը անխուսափելի էր, այլ կերպ հնարավոր էլ չէր, ի՞նչ կարող էինք սպասել այն ղեկավար այրերից, ովքեր միշտ զբաղվել էին գողությամբ ու թալանով, ովքեր իրենց գրպանի համար հանդգնել էին վաճառել անգամ երկրի ցորենի ստրատեգիական պաշարներն ու, հավանաբար այդ փողերով, բարձր պաշտոններ էին գնել ՀՀՇ-ից, մասնավորապես, ԼՏՊ-ի ժամանակ, էլևատորի գողերից մեկը դարձավ անկախ Հայաստանի առաջին մարզպետներից մեկը, որն իր ընկերական նեղ շրջապատում պատմել էր, որ մաքուր ոսկուց ու ադամանդից թագ է պատվիրել նախագահ ԼՏՊ-ի համար:

Սպիտակի էլևատորի գողերի վրա պաշտոնապես դատական գործեր չբացվեցին, բայց, ներքին կարգով, նրանք պետք է 200 հազար ռուբլու կաշառք տային հանրապետության դատախազությանը (ամեն ինչ պայմանավորված էր), բայց երկրաշարժը խանգարեց ու գործարքը տեղի չունեցավ, երկրաշարժն օգնեց, որ գործը դրան չհասնի: Այո, Հայաստանի կոմունիստ հանցագործ տարրերից շատերը կարողացան փրկվել, Սպիտակի երկրաշարժը նրանց օգնեց, ու հիմա իրենց վատ չեն զգում, կյանքից, գրաված դիրքերից ու ապրուստից չեն բողոքում:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Լուսանկարներ

. .
  • Պատուհանի բացվածքը վերափոխելու ճիշտ տարբերակը, որից շենքի սեյսմակայունությունը կարող է միայն աճել:
  • Պատուհանի բացվածքը դռան վերածելու սխալ դեպքը (Տերյան փողոցի կողմից), որի պատճառով շենքի սեյսմակայունությունը անկասկած նվազելու է:
Դիտվել է՝ 2293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ