«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Ավելի հայկական դարձնենք մեր միջավայրն ու այդ հայկականությունը փոխանցենք աշխարհին»

«Ավելի հայկական դարձնենք մեր միջավայրն ու այդ հայկականությունը փոխանցենք աշխարհին»
24.01.2017 | 02:12

Ձեռագործ աշխատանքների և թվանշանային արտադրության համադրությամբ հայկական զարդանախշերով ստեղծվում են արվեստի գործեր, կիրառական իրեր:
«Արդեան» նախագծման, ճարտարապետության և արվեստի կենտրոնի հասարակության հետ կապերի պատասխանատու ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ վստահեցնում է, որ Հայաստանում կան դիզայն արդյունաբերությունը զարգացնելու բոլոր նախադրյալները՝ տաղանդավոր երիտասարդներ, հարուստ մշակութային ժառանգություն, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներ ու հնարավորություններ:

-«Արդեանի» արվեստի գործերը ձեռքի աշխատանքի ու նոր տեխնոլոգիաների համադրության արդյունք են,- ասաց Մանե Գևորգյանը:- Նախ և առաջ լուսանկարում ենք ճարտարապետական որոշ նմուշներ, դետալներ, ասեղնագործ աշխատանքներ, հայկական խորհրդանիշերով գորգեր և այլ զարդանախշեր, որոնք հետո մշակում ենք, դարձնում տարբեր կոլաժների մասնիկներ, նոր գույներ հաղորդում, տպագրում թղթի վրա, իսկ հետո ավելացնում նոր շերտեր՝ բայց արդեն ձեռքի աշխատանքի և ոչ թե «ֆոտոշոփ» ծրագրի գործիքների միջոցով։
-Ե՞րբ և ինչպե՞ս է հիմնվել «Արդեանը»:
-«Արդեանը» ձևավորվել է երկու տարի առաջ՝ նպատակ ունենալով տարբեր նախաձեռնությունների միջոցով նպաստելու Հայաստանում դիզայն արդյունաբերության զարգացմանը: «Արդեանի» հիմնադիր-ղեկավար Վազգեն Բրուտյանը 13 տարեկանից ապրել է Լոս Անջելեսում, ունեցել է իր ճարտարապետական գրասենյակը, հրավերների դեպքում որոշակի թեմաների շուրջ դասախոսություններ է կարդացել երիտասարդների համար: ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում դասընթացներ վարելու առաջարկով մի քանի անգամ հայ պատանիների ու երիտասարդների հետ աշխատելու առիթ է ունեցել։ Ոգեշնչվել է նրանց աշխատասիրությամբ ու որոշել մնալ Հայաստանում՝ միասին նոր ծրագրեր իրականացնելու և Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու համար։ Հենց այդպես էլ ձևավորվել է «Արդեանը» հիմնելու գաղափարը: Իր աշխատակիցներին Վազգեն Բրուտյանն ընտրում է դասընթացների մասնակից երիտասարդներից։
-Ինչո՞ւ «Արդեան»:
-Անվանման հիմքում գրաբարյան «արդեան» բառն է, որը նշանակում է արդի, նոր, ժամանակակից, և արտացոլում է «Արդեանի» գաղափարներն ու գործունեությունը` հիմք ընդունելով հայկական՝ դարերի փորձությունը հաղթահարած ու իրենց առանձնահատկությունները պահպանած մշակութային արժեքները՝ նոր կիրառական իրեր նախագծելու և արվեստի գործեր ստեղծելու համար։
-Ցուցահանդեսներ ունենո՞ւմ եք:
-«Արդեանի» առաջին ցուցահանդեսը, նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Ցուցահանդեսներ եղել են նաև «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում, Դիլիջանի «UWC»-ի միջազգային դպրոցում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում։ Վերջերս «Արդեանը» ձևավորեց Նյու Յորքում և Երևանում տեղի ունեցած՝ ՀԲԸՄ -ի 110-ամյակին նվիրված «Հոգիս» երաժշտական ներկայացման բեմը։
-Արվեստի գործեր ստեղծելուն զուգահեռ նախագծում եք հայկական մոտիվներով ու զարդանախշերով կիրառական իրեր` վզկապներ, շալեր, սեղանի ծածկոցներ, բարձի երեսներ: Հետաքրքիր է, դրանք օտարերկրացիների՞ն են գրավում, թե՞ մեր հայրենակիցներին:
-Մեր աշխատանքների առանձնահատկությունն այն է, որ դրանք ներկայացնում են հայկականը, բայց այնպես, որ այն գրավի ոչ միայն հայերին, այլև այլազգիներին. մեր ձեռագիրը որքան հստակ, այնքան էլ ընթեռնելի է։ Դրանք վաճառվում են նաև ԱՄՆ-ի մի քանի խանութներում։ Հետաքրքրական է, որ և հայաստանցիներն են շատ գնում, և՛ դրսում ապրող հայերը, և՛ այլազգիները, որոնց պարզապես շատ է հետաքրքրում հայկական զարդանախշերի ու գրությունների նորովի ներկայացումը։
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-«Արդեանը» պատրաստվում է համագործակցելու տարբեր արվեստագետների ու արհեստավորների հետ՝ մեր դիզայններով նոր արտադրանքներ ստեղծելու կամ արտադրելու համար։ Կլինեն նաև դասընթացներ երիտասարդների համար, որոնք ստացած տեսական և գործնական գիտելիքների շնորհիվ կկարողանան նոր կիրառական իրեր նախագծել ու դառնալ մեր նախաձեռնության մի մասը։ Վազգեն Բրուտյանը երկար ժամանակ ապրել է ԱՄՆ-ում, եղել աշխարհի լավագույն ցուցահանդեսներին, ցուցահանդես-վաճառքներին ու հիմա վստահ ասում է, որ Հայաստանն էլ ունի աշխարհին մրցունակ արտադրանքով ներկայանալու բոլոր հնարավորությունները։ Հայերի ստեղծարարության մասին են խոսում հայկական ճարտարապետությունը, մանրանկարչությունը, գորգագործությունը, խաչքարագործությունն ու եկեղեցաշինությունը: Եթե այս մշակութային ժառանգությունը համարենք ոչ միայն անցյալի, այլև ներկայի մաս և ապագայի հիմք, կկարողանանք ավելի հայկական դարձնել մեր միջավայրն ու այդ հայկականությունը փոխանցել աշխարհին. ահա և մեր հիմնական ու կարևոր նպատակներից մեկը։

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ