Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Նրա էության մաքրամաքուր ելևէջները փոխանցվում էին կտավներին»

«Նրա էության մաքրամաքուր ելևէջները փոխանցվում էին կտավներին»
24.01.2017 | 11:34

Երեկ լրացավ վաղամեռիկ գեղանկարիչ ԱՎԵՏԻՔ ՉԹՉՅԱՆԻ 55-ամյակը (1962-2012 թթ.)։ Նա վառ հետք է թողել թե՛ որպես մարդ, թե՛ որպես ստեղծագործող։ Ավետիք Չթչյանի մասին իրենց հուշերով ներկայացան Հայաստանի նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ, քարտուղար ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԸ և գեղանկարիչ ՄԱՐԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։

«ԱՎԵՏԻՔԻ ՁԵՌԱԳԻՐՆ ԱՆՇՓՈԹԵԼԻ ԷՐ»


-Պարոն Աղամյան, ՀՆՄ շուրջ հազար անդամի մեջ այնքան էլ դյուրին չէ մեկ ստեղծագործողի առանձնացնելը, սակայն Ավետիք Չթչյանին Դուք այսօր էլ հիշում եք։
-Ավետիք Չթչյանը, անշուշտ, վառ անհատականություն էր։ Նրա արվեստը խոր ակադեմիական հիմքեր ուներ։ Տեխնիկան անգերազանցելի էր, նյութին տիրապետում էր հիանալի։ Միաժամանակ Ավետիքը մերձ էր բնությանը, հայկական բնաշխարհի հանդեպ նրա սերը մշտական էր։ Իսկ նատյուրմորտում նա իսկապես հասել էր բարձր կատարողական վարպետության։ Ավետիքի ձեռագիրը անշփոթելի էր ժամանակակից հայ կերպարվեստում։ Եվ, անկասկած, ժամանակակից և ազգային կերպարվեստում նա անմոռաց հետք է թողել։


«ՆԱ ԱՆՑԱՎ ՆԿԱՐՉԻ ԴԱՍԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»


-Պարոն Ազիզյան, Ավետիք Չթչյանը` Ձեր հիշողություններում։
-Նրան ճանաչել եմ 1979-ից, երբ ուսանում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ Ես նրան դասավանդում էի։ Անկախ դասախոս-ուսանող հարաբերություններից և տարիքային տարբերությունից, մենք (և՛ Ավետիքը, և՛ էլի մի քանի առաջադեմ ուսանողներ) հետաքրքիր ընկերախումբ էինք ձևավորել, շատ հաճախ շրջագայում էինք հանրապետության շրջաններում, նկարում էինք բնության գրկում, հավաքվում էինք իմ կամ մեկ ուրիշի արվեստանոցում, բանավիճում էինք ամենատարբեր, անշուշտ, հիմնականում կերպարվեստին առնչվող հարցերի շուրջ։ Ավետիքին բոլորն էին ընդունում ինչպիսին որ նա կար, շնորհալի մարդ և շնորհալի նկարիչ։ Նա անցավ նկարչի դասական ճանապարհով, Թերլեմեզյանից հետո սովորեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ծառայեց բանակում, այնուհետև ընդունվեց ՀՆՄ շարքերը և ակտիվորեն մասնակցում էր բազմաթիվ ցուցահանդեսների։
-Երբեմն ստեղծագործող անհատի արվեստն ու նրա մարդկային էությունը հակոտնյա են, նայում ես` կտավներում ներդաշնակություն է, քնարականություն և երազ, այնինչ հեղինակն իր խառնվածքով ոչ ներդաշնակ է, ոչ էլ քնարական։
-Չթչյանի մեջ լիակատար ներդաշնակություն էր, նրա էության մաքրամաքուր ելևէջները փոխանցվում էին կտավներին։ Նկարում էր դասական արվեստի օրինաչափություններով, հիանալի նատյուրմորտներ էր նկարում, որոնք մտածված էին, հիանալի կառուցված կոմպոզիցիայի տեսանկյունից, նրա գործերում նաև առկա էին անսպասելիության պահերը։ Ոչ մի դիտող, նկարիչ լիներ, արվեստի գիտակ, թե պարզապես արվեստասեր, երբեք անտարբեր չէր անցնում Ավետիքի նկարների կողքով։
-Նկարիչների շրջանում մարդկային կերպարի ընկալումները հաճախ իրարամերժ են, սա բնական է, կերպարվեստի վարպետն ինքնին բազմերանգ երևույթ է։ Բայց կան նկարիչներ, որոնք սիրված են եղել բոլոր կողմերից։ Հիշենք ավագ սերնդի ստեղծագործողներից Լևոն Կոջոյանին և Էդուարդ Արծրունյանին։
-Սիրով հիշենք նրանց և այդ զարմանալի շարքում դասենք նաև Ավետիք Չթչյանին։ Իսկապես լուսավոր մարդ էր։ Հիշում եմ, մենք հաճախ էինք մեր ստեղծագործական հանգիստն անցկացնում Շորժայի «Նկարիչ» ստեղծագործական հանգստի տանը։ Շորժայի ձկնորսները Ավետիքի մշտական հյուրերն էին։ Հատուկ ձուկ էին որսում, բերում էին Ավետիքի սենյակ, միայն թե նրա հետ սեղան նստեին և զրույցի բռնվեին։ Զարմանալի է, մենք ընկերներ էինք նրա պատանեկան շրջանից, բայց վաղուց արդեն հասուն մարդ էր, միևնույն է, ինձ դիմում էր` ընկեր Ազիզյան։

«ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏԻ ԺԱՆՐՈՒՄ ՆԱ ՓԱՅԼՈՒՄ ԷՐ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՏԱՂԱՆԴՈՎ»


-Մարատ, դու Ավետիքի, այսպես ասեմ, կյանքի ընկերներից ես։
-Չթչյան Ավետիքի հետ մեր ընկերությունը սկսվել է ուսանողական տարիներից։ Ավետիքը կենսուրախ, գյումրեցուն բնորոշ հումորով լի, բարի անձնավորություն էր, և այս ամենն արտացոլվում էր իր ստեղծագործություններում։ Դեռ ուսանողական տարիներից աշխատասեր և ձևավորված ինքնատիպ նկարիչ էր։ Սիրում էր բնությունը և հենց բնության գրկում էլ սիրում էր էտյուդներ անել, հատկապես Շորժայի բնանկարները, որ նման են իր յուրօրինակ աշխարհին։ Ավետիքին հոգեհարազատ էր նատյուրմորտի ժանրը, որում փայլում էր իր ամբողջ տաղանդով։ Շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ բախտ է վիճակվել սովորելու Ավետիքի հետ և լինելու ընկեր ամբողջ կյանքում։ Ես տեսել եմ նրա արվեստի անցած ճանապարհը։ Մեղմ զգացողության շնորհիվ փայլեց իր «Գորգերով նատյուրմորտների» շրջանում, ինչը, ցավոք, կարճ տևեց։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ