Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Այսօր առաջնահերթը մեր սահմանների պաշտպանությունն է»

«Այսօր առաջնահերթը մեր  սահմանների պաշտպանությունն է»
24.01.2017 | 11:37

Օրեր առաջ գեղանկարիչ ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ բոլորեց 70 տարին։ Սա, ինչ խոսք, լավ առիթ էր նրա հետ հանդիպելու։


«ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌՎԻՑ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՀԻՇԵԼ ՎԱՆԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ»


-Յուրաքանչյուր նկարչի կարելի է այս հարցն ուղղել` ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում զգացիք, որ արդեն նկարիչ եք, որ հետդարձի ճանապարհ չկա։
-Երբ ավարտեցի նկարչության դպրոցն ու ընդունվեցի Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։ Ես և համակուրսեցիներս շատ լուրջ էինք վերաբերվում նկարիչ դառնալու մեր առաքելությանը։
-Այսինքն, նկարիչ դառնալու կոչումը տրվում է ի վերո՞ւստ։
-Անկասկած։
-Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն անվերապահորեն հայ մշակույթի և արվեստի ամենանշանավոր օջախներից էր։ Ի՞նչ եք հիշում ուսումնառության տարիներից։
-Նախ` շատ էինք հպարտ և ոգևորված, որ մեզ դասավանդում էին հանրապետության լավագույն մասնագետները` Վանիկ Համբարձումյանը, Վերգինե Հայրապետյանը, հետագայում` նաև Ցոլակ Ազիզյանը։ Եվ ոչ միայն նրանք։ Բայց այսօր, տարիների հեռվից, կցանկանայի հիշել հատկապես Վանիկ Համբարձումյանին։ Նա հրաշալի մանկավարժ էր։ Նրա ձեռքի տակ մենք դարձանք նկարիչներ։ Նա գծանկարչություն էր դասավանդում, բայց բացահայտում էր երիտասարդ, սկսնակ նկարիչների թաքնված ունակությունները, ճանապարհ էր հարթում, որ զարգանա նրանց տաղանդը։ Զարմանալիորեն ընկերական էր մեզ հետ, բայց խստապահանջ էր և շատ ուշադիր։ Առհասարակ մեր կուրսը գրեթե ամբողջությամբ կազմված էր շնորհալի պատանիներից, որոնք հետագայում դարձան ճանաչված նկարիչներ։ Խոսքս Նորայր Կարգանյանի, Վիլիկ Գաբուզյանի (ովքեր, ցավոք, մեզ հետ չեն), Խաչատուր Ազիզյանի, Հակոբ Թորոսյանի և այլոց մասին է։
-Խորհրդային բանակում ծառայելիս հաջողվո՞ւմ էր նկարել։
-Դեպքից դեպք տուշով ու գրիչով ուրվանկարներ էի անում։ Ծառայել եմ երեք տարի երկաթուղային զորքերում, շաբաթը մեկ Սիբիրի այս վայրից այն վայրն էինք տեղափոխվում, ապրում էինք վրաններում, բայց, ինչ խոսք, ժամանակ գտնում էի նկարելու համար։

«ՎԵՐՆԻՍԱԺԸ ՍՊԱՌՎԵԼ Է ՈՐՊԵՍ ԵՐԵՎՈՒՅԹ»


-Դուք այն եզակի պրոֆեսիոնալ նկարիչներից եք, որոնք հանրածանոթ Վերնիսաժում են լինում, Սարյանի արձանի հարևանությամբ։
-Վերնիսաժն ինձ և ընկերներիս համար ավելի շատ հանդիպավայր է, մեր մտքերով, մեր աշխարհներով հանդիպում ենք, մեր օրը իմաստավորում։ Ես եմ, Սերգեյ Մալցևն է, Մինասն է Զաքարյան, Արթինն է, Հարությունը Հարությունյան։ Վերնիսաժը սպառվել է որպես երևույթ, այնտեղ այսօր տոն են տալիս կա՛մ սիրողական նկարչությամբ զբաղվողները, կա՛մ էլ վերավաճառողները։ Հետաքրքիր է, որ պրոֆեսիոնալ նկարիչներիս գործերն այսօր չեն հետաքրքրում գնորդներին. նրանք արագ անցնում են մեր կողքով և գնում են կա՛մ պատճենահանված գործեր, կա՛մ էլ տպագրված գործեր, որոնց վրա ոմանք մեկ-երկու վրձնահարված են ավելացնում։ Հաճախ գնում են եվրոպական բնանկարների պատճեններ։ Սա է։
-Վերնիսաժը, այնուամենայնիվ, Երևանի գեղարվեստական դիմագիծը բավականին հարստացնում է։
-1986-ին Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը վերնիսաժ կազմակերպեց Սարյանի պուրակում, որպեսզի ուսանողները վաճառեն իրենց աշխատանքները և ինչ-ինչ գումարներ վաստակեն։ 1991-ից այն դարձավ նկարիչների համար գումար վաստակելու միջոց։ Չէ՞ որ փակվել էին հանրահայտ գեղարվեստի սալոնները (Թումանյան և Նալբանդյան փողոցներում), լուծարվել էր ՀՆՄ գեղարվեստի ֆոնդը։ Վերնիսաժում յուրահատուկ միջավայր է ձևավորվել, հաճախորդն է խաղի կանոնները սահմանում։ Այսինքն, գնում է այն, ինչը բավարարում է իր ճաշակը։ Այսպես է նաև Փարիզում, այստեղ չկա որևէ պախարակելի բան, պարզապես Երևանի Վերնիսաժն այն միջավայրը, այն համակարգը չէ, ուր հայ ժամանակակից նկարիչներն իրենց ստեղծագործություններն իրացնեն։ Նրանք օտարվեցին Վերնիսաժից։ Հաճախ Սարյանի արձանի հարևանությամբ գործող այս բացօթյա պատկերասրահն են այցելում երիտասարդ լրագրողները և հարցազրույց են վերցնում... վերավաճառողներից, ովքեր ներկայանում են որպես լուրջ ու հետաքրքիր վարպետներ։
-Հայ կերպարվեստի ներկան ու հեռանկարը նախկին համակարգում գրեթե բացառապես տնօրինում էր Հայաստանի նկարիչների միությունը, որը, ինչպես այսօր, գործում էր որպես հասարակական կազմակերպություն, այսինքն` ներկա կարգավիճակով։ Հանրապետության կերպարվեստային կյանքն ի մի էր գալիս նկարիչների միությունում։ Այնտեղ էր որոշվում` որ արձանը, գեղարվեստական ինչպիսի մակարդակով և որ վայրում տեղադրել, գեղանկարչական, գրաֆիկական, դեկորատիվ-կիրառական ինչ ստեղծագործություններով հարստացնել Հայաստանը։ Ընդ որում` ո՛չ ՀԽՍՀ կենտկոմի կուլտուրայի բաժինը, ո՛չ էլ ՀԽՍՀ կուլտուրայի նախարարությունը գրեթե չէին վերահսկում միության գործունեությունը։
-Ստեղծվում էին մրցութային հանձնաժողովներ, որոնք էլ տնօրինում էին ստեղծագործական արգասիքի ճակատագիրը։ Գործում էր պետական պատվերի ինստիտուտը, ՀՆՄ յուրաքանչյուր անդամ ապահովվում էր բավականին լուրջ գումարով և կարողանում էր ազատ ստեղծագործել։ Հազվադեպ էր կոմունիստական վերնախավը միջամտում մեր գործերին (եթե դա կարելի է համարել միջամտություն), երբ որևէ կուսակցական գործչի արձանը կամ դիմանկարն էին պատվիրում։ Ասենք, ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանին Մոսկվան պատվիրել էր արձան ստեղծել, ուրիշ ոչինչ։ Այսինքն` խորհրդային տոտալիտարիզմի պայմաններում նկարիչները, առհասարակ արվեստի գործիչները շատ ավելի ազատ էին և ապահովված։ Այսօր շատ ավելի... անտերության են մատնված։ Տեսեք, մեր միությունը կառուցել է նոր դահլիճներ, պահպանում է Ծաղկաձորի և Շորժայի ստեղծագործական հանգստի տները, վերականգնել է «Գեղարվեստ» կոմբինատը, իսկ պետությունն այս տարիներին մեզ «ընդառաջեց» գույքահարկը ահռելի բարձրացնելով։ Այսօր շատ հազվադեպ է նկարիչն իր գործը վաճառում, տեղական շուկան հայտավորված է մի քանի մասնավոր արվեստի սրահներում, պետական պատվեր չկա, արտասահման դուրս գալ անկարող ենք. ոչ միության ձեռքում գումար կա, ոչ էլ նկարչի։
-Վարչապետ Կարեն Կարապետյանը հիմնարար բարեփոխումներ է սկսել։ Նկարչի, ստեղծագործողի հայացքը հեռուն է տեսնում, իրավիճակը գնահատում է։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։
-Կարեն Կարապետյանն իմ տպավորությամբ նախ բավականին գրագետ մարդ է, բարձրակարգ կառավարիչ։ Կասկած չունեմ, որ նրա բարեփոխումները, ի տարբերություն իր նախորդների, կիրականանան։ Կգա նաև նկարիչների, նկարիչների միության հետ հեռանկարային և փոխշահավետ համագործակցության ժամանակը։ Այսօր առաջնահերթը մեր սահմանների պաշտպանությունն է, երկրի տնտեսության վերականգնումը, առհասարակ, հայ մարդու արժանապատիվ կյանքի ապահովումն իր հայրենիքում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ