Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Շոտլանդա-հայկական բարեկամական կապերի յուրօրինակ կամրջում

Շոտլանդա-հայկական բարեկամական կապերի յուրօրինակ կամրջում
24.01.2017 | 11:42

Փոխհատուցված ժամանակի ութերորդ րոպեին Ալեքսիս Սանչեսը հաղթանակ է բերում «Արսենալին», մանչեստրյան թիմերը բավարարվում են մեկ միավորով, «Չելսին» շարունակում է հիշեցնել արգելափակոցներ չճանաչող ամենագնաց, մրցակցի դարպասի տեղը վերջապես կարողացավ վերհիշել Նեյմարը, իսկ Սուարես ասելով՝ այժմ արդեն պիտի հասկանալ ոչ միայն Լուիս, այլև Դենիս, «Միլանին» չհաջողվեց նույն բանը երկրորդ անգամ կրկնել, «Նիցցան» կրկին բավարարվում է ոչ-ոքիով, ու կարծես թե միավորներ կորցնելը թիմի համար դառնում է օրինաչափություն, ինչը սոսկ փաստում է, որ հարավցիները պատշաճ չափով չեն հասունացել առաջատար լինելու ծանրությանը դիմանալու համար:

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր տուր նոր փոփոխություն է մտցնում առաջատար եռյակում՝ աներեր թողնելով միայն «Չելսիի» դիրքերը, որը գերարագություն է զարգացրել չեմպիոնության տանող ճանապարհին, թեև առաջնության հանգուցալուծմանը դեռ բավական ժամանակ կա, ու ընթացքում ամեն ինչ հնարավոր է այս չափից ավելի հետաքրքիր մրցավազքում: Այս հերթական հաղթական երեք միավորը «ազնվականները» ձեռք բերեցին «Հալ Սիթիի» հետ պայքարում՝ 2:0: Գոլերից մեկի հեղինակը Դիեգո Կոստան է, ով Ալեքսիս Սանչեսի հետ 15 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: «Բյոռնլիի» հետ պայքարում այս նույն Ալեքսիս Սանչեսի խփած գոլը հաղթական եղավ «Արսենալի» համար՝ 2:1:
«Արսենալ»-«Բյոռնլի» դիմակայության օրինակով «Լիվերպուլ»-«Սուոնսի» գերհետաքրքիր մրցակցությունում բուն գործողությունները զարգացան երկրորդ խաղակեսում (ի դեպ, նույնը եղավ և «Մանչեստր Սիթի»-«Տոտենհեմ» դիմակայությունում, սակայն այս մասին հետո¤: Հյուրերի առաջին երկու խոցումներին տանտերերը պատասխանեցին բավական արագ: Հետաքրքիր է, որ Լիորենտեի երկու գոլին նույնքանով պատասխանողը նույնպես մեկ մարդ էր՝ Ֆիրմինիոն: Սակայն 2:2 հաշիվը լուսատախտակի վրա այնքան էլ երկար չմնաց: 74-րդ րոպեին Սիգուրդսոնը հաղթանակ բերեց «Սուոնսիին»՝ մրցաշարային աղյուսակում Յուրգեն Կլոպի համար ապահովելով անպատվաբեր նահանջ:
Մանչեստրյան թիմերի համար տուրը խաղաղ հանգուցալուծում ունեցավ: Բնականաբար՝ հաշվի առումով, թե չէ դրանք պակաս արյունալի բախումներ չէին: Հարկավ ցանկալի կլիներ, որ մեր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 28-ամյակը «Յունայթեդը» փառավորեր հաղթանակով, սակայն թիմը պիտի գոհանա նրանով, որ գոնե կարողացավ պարտությունից խուսափել, ինչը կլիներ հանդիպման խաղային տրամաբանությունից դուրս բան: Ի դեպ, միավոր բերած գոլը ծնվեց հավելյալ ժամանակում՝ տուգանայինի փառահեղ իրացումից: Այն դարձավ ՈՒեյն Ռունիի 250-րդը «Յունայթեդի» կազմում՝ ռեկորդայինը մանչեստրյան ակումբի պատմության մեջ: Ի դեպ, իր այս ցուցանիշի մասին հիշելիս նա ինչպես որ կարող է ասել` «դա եղավ 2017 թ. դեկտեմբերի 21-ին», այնպես էլ՝ «դա եղավ հայ տաղանդաշատ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրը»: Շոտլանդա-հայկական բարեկամական կապերի ահա այսպիսի յուրօրինակ կամրջում, որում մեր արտաքին գործերի նախարարության մասնակցությունը զրոյական է, ինչպես որ զրոյական է մնացած բաներում, եթե դրանք իհարկե չեն վերաբերում զբոսաշրջիկության մակարդակով իրականացվող ճանապարհորդություններին:
«Մանչեստր Սիթի»-«Տոտենհեմ» զույգի մրցակցությունում գրանցվեց չորս գոլ: «Քաղաքաբնակները» հաշվի մեջ առաջ էին երկու գնդակի տարբերությամբ, սակայն հյուրերը այդ առավելությունն արագ չեզոքացրին ու 46 միավորով պահպանեցին աղյուսակի երրորդ հորիզոնականը: «Արսենալը» Մոուրիսիո Պոչետինոյի սաներից ավելի ունի մեկ միավոր, իսկ աղյուսակի գլխավերևում «Չելսին» է 55 միավորով:

ԳԵՐՄԱՆԻԱ
Վերջապես արձակուրդից վերադարձան բունդեսլիգայի ներկայացուցիչներն ու միացան եվրոպական ֆուտբոլային գերտերությունների «հարսանիքին»: Առաջատար եռյակը չունեցավ միավորների կորուստ: «Բավարիան» (2:1¤ ու «Հոֆենհայմը» (2:0¤ հաղթեցին արտագնա, «Լայպցիգը» (3:0¤՝ տնային խաղում: Մրցակիցներն էին «Ֆրայբուրգը», «Աուգսբուրգը», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»: «Բավարիան» ունի 42, «Լայպցիգը»՝ 39, «Հոֆենհայմը»՝ 31 միավոր (այն ցարդ մնում է ընթացիկ մրցաշրջանում չպարտված միակ թիմը¤:
Բունդեսլիգայի մասին այս համառոտ տեղեկատվությունը ավարտենք «Վերդեր»-Դորտմունդի «Բորուսիա» հանդիպման հիշատակումով, որտեղ առավել հաջողակ են եղել հյուրերը՝ 2:1: Դորտմունդցիները 30 միավորով չորրորդ հորիզոնականում են։

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեում ևս առաջին եռյակը կազմածները հաղթանակով ավարտեցին հանդիպումները, ու դա չնայած նրան, որ մրցակիցները եվրագոտում հայտնվելու հայտ ներկայացրած կամ այնտեղ գտնվող թիմեր էին: Նախորդ տուրում «Ֆիորենտինայից» կրած պարտությունից հետո «ֆազերը գցած» «Յուվենտուսը» շանս չտվեց եռյակում հայտնվելու ախորժակ ունեցող «Լացիոյին» (2:0¤, «Ռոման» նվազագույն հաշվով առավելության հասավ երիտասարդ, ամբիցիոզ «Կալյարի» նկատմամբ (1:0¤, «Նապոլին» արտագնայում հաղթեց «Միլանին», ու սա անվիճելիորեն Իտալիայի առաջնության հերթական տուրի ամենադրամատիկ հանդիպումն էր ոչ միայն արձանագրված հաշվի, այլև թիմերի բարձր կարգավիճակի առումով: Նշենք միայն, որ երկրորդ անընդմեջ խաղն է «Միլանը» առաջին խաղակեսում երկու գոլ բաց թողնում ու ապա հերոսաբար փորձում անցնել իրավիճակի շտկմանը: Տարբերությունն այն է, որ եթե մեկ տուր առաջ հաջողվեց մրցակցից միավոր պոկել, այս անգամ դա էլ չեղավ՝ 1։2: «Յուվենտուսն» ունի 48 միավոր՝ պլյուս պակաս անցկացրած մեկ խաղ: «Ռոմայի» ու «Նապոլիի» միավորները համապատասխանաբար 47 ու 44 են:

ԻՍՊԱՆԻԱ
Սկուդետեի ու բունդեսլիգայի առաջին եռյակների օրինակով հերթականում հաղթական էին նաև լա լիգայի առաջին եռյակը կազմածները: «Մալագան» «Բեռնաբեուում» որքան էլ ջանաց, այդուհանդերձ հարկադրված էր զիջել «արքայականին»՝ 1։2: Նշենք, որ «սերուցքայինների» կազմում երկու գոլի հեղինակն էլ Սերխիո Ռամոսն է, ում ինքնագոլը «Սևիլիայի» հետ խաղում «Ռեալին» պարտություն արժեցավ՝ ծանր նստվածք թողնելով թիմի երկրպագուների հոգում:
Գոլերի կատարյալ հրավառություն էր «Օսասունա»-«Սևիլիա» դիմակայությունում, սակայն տանտերերը, չնայած ագրեսիվ խաղին, դաշտը լքեցին պարտված՝ 3:4:
Փաստորեն ամենահեշտը եղավ «Բարսելոնի» համար: Կատալոնցիներն «Էյբարին» նրա իսկ դաշտում պարտության մատնեցին չորս անպատասխան գնդակի տարբերությամբ ու այստեղ հատկապես նշելին ոչ թե Մեսիի ու Լուիս Սուարեսի հերթական գոլերն էին, այլ տևական գոլային երաշտից հետո հարձակվողի սուրբ պարտականությունը վերջապես հիշած, այսպես ասենք, Նեյմարի խիզախումը: Նշենք, որ հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել Բուսկետսը, և ֆուտբոլիստից շուրջ մեկ ամիս կպահանջվի խաղադաշտ վերադառնալու համար: «Ռեալն» ունի 43 (պլյուս պակաս անցկացրած մեկ խաղ), «Սևիլիան»՝ 42, «Բարսելոնը»՝ 41 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Աջ ու ահյակ միավորներ շաղ տալը դիվիզիոնի երբեմնի անվիճելի առաջատար «Նիցցայի» համար դառնում է բնավորություն, ու ոչինչ տարօրինակ չէ նրանում, որ թիմն արդեն երկրորդ հորիզոնականում է, իսկ եթե բանն այսպես գնա, այդ երկրորդն էլ շատ մոտ ապագայում կդառնա երազային: Ինչևէ, փաստենք միայն, որ այս անգամ նրա հետ հավասարի իրավունքով ոտք գցողը «Բաստիան» էր՝ 1:1: Փոխարենը ագրեսիվ պահվածք է շարունակում դրսևորել «Մոնակոն» ու լիուլի վարձահատույց լինում իր երկրպագուներին: Մոնեգասկների հերթականը դարձյալ խոշոր հաշվով էր, իսկ տուժող կողմը հյուր եկած «Լորիանն» էր՝ 4:0: Հաղթական մրցելույթ ունեցավ և «Պարի Սեն Ժերմենը»՝ արտագնայում երկու անպատասխան գնդակ ուղարկելով «Նանտի» դարպասը: 22-րդ տուրից հետո դիվիզիոնի առաջին եռյակն այսպիսի տեսք ունի՝ «Մոնակո»՝ 48, «Նիցցա»՝ 46, «Պարի Սեն Ժերմեն»՝ 45 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ