Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Աստծու կողմից առաջինը» կամ ԱԺ ընտրությունների ծաղրածուն

«Աստծու կողմից առաջինը» կամ ԱԺ ընտրությունների ծաղրածուն
24.01.2017 | 12:36

Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորումը» միանում է Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի և Արամ Սարգսյանի կուսակցությունների դաշինքին: «Ազատության» հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասել է. «Արամ Սարգսյանի հետ հին ընկերներ ենք, Օսկանյանի հետ առնչություններ ունեցել ենք ժամանակին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, Վիկտոր Դալլաքյանի հետ էլ եղել ենք պատգամավորական ընկեր: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, նրա հետ մարդկային կապեր են եղել դեռ նախարար եղած ժամանակ: Բացի այդ` նաև գործնական»:

Կարելի՞ է եզրակացնել, որ Պարույր Հայրիկյանի համար նախընտրական դաշինքին միանալու հիմք է հին ընկերությունը: Մի շտապեք, նա բացատրել է, որ դաշինքը դռները բացել է, իրենք էլ միանում են և՝ «Իմ տպավորությունն այն է, որ բոլոր նրանք, ում հետ աշխատում եմ, տրամադրված են վճռականորեն»: Հայրիկյանը նաև բացատրել է իր տեսակետը. «Պիտի էս փուլում մտածես համախմբելու մասին: Եթե վաղը Հովիկ Աբրահամյանը գա, ես Հովիկ Աբրահամյանի հետ պատրաստ եմ աշխատել հանուն Հայաստանի ժողովրդավարության: ՈՒզում եմ ասել, որ պիտի էնքան քեզ բարձր չհամարես, որ քեզ հետ նույն նպատակը հասկացած մարդուն մերժես: Մեր նպատակն է՝ մոլորության պատճառով, վախի պատճառով, ինչ-ինչ հանգամանքներով հակառակորդ ճակատում եղած կամ սխալ ուղղությամբ աշխատած մարդկանց դարձի բերել: Եվ այստեղ է, որ մենք պիտի բոլոր տարաձայնությունները մոռանանք»:


Նա ամիսներ առաջ դիմել է հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերին լայն դաշինք կազմելու առաջարկով՝ ընտրություններին միայնակ մասնակցելուն դեմ է, համարում է մի քանի մանդատի համար պայքար: Հայրիկյանը հատկապես ցանկացել է միանալ Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի «Ելք» դաշինքին, բայց արձագանք չի ստացել: Հայրիկյանը չի ընդունում քննադատությունը, թե հրաժարվել է իր աշխարհաքաղաքական սկզբունքային դիրքորոշումից. «Ո՞վ ասեց, որ ժողովրդավարական Հայաստանը, այն երկիրը, որտեղ քաղաքացին կլինի իրավիճակի տերը, քաղաքակրթական ճիշտ կողմնորոշում չի ունենա: Ես ոչ միայն իմ սկզբունքներից չեմ հրաժարվել, այլև կարծում եմ, վստահ եմ, հավատում եմ, որ ճիշտ ճանապարհի այս ընթացքը բոլորին պիտի հանգեցնի նույն եզրակացությանը, նույն արժեքային համակարգին»: Եվ արդեն բացարձակապես համեստափայլ Պարույր Հայրիկյանը ասել է, որ նախընտրական ցուցակում իր և ԱԻՄ-ականների տեղի վերաբերյալ խնդիրներ չի տեսնում. «Թող իրենք մտածեն, թե հետո իրենց երեխաներին ինչպես պիտի պատասխանեն, որ Աստծու կողմից առաջինը, օրինակի համար, հինգերորդն է: Դա ինձ համար խնդիր չի»:


Իհարկե, հասկանալի է, որ նախընտրական շրջանում ինչ ասես պատահում է, բայց դա չի նշանակում, որ նախընտրական շրջանը պարտադրում է բոլորին քաղաքական հայտ ներկայացնել ու իրենց անձով անլրջացնել ընտրությունները: Արդեն նույնիսկ ծիծաղելի չէ, որ հինգ տարի քաղաքականությունը տոն օրվա հագուստ համարածները նախընտրական շրջանում դնում են պետության, հասարակության, ժողովրդավարության ու հատկապես Հայաստանի ժողովրդի համար խիստ մտահոգ, քաղաքական հույժ կարևոր գործչի դիմակ ու ասպարեզ են իջնում իրենց աղմուկով, որտեղ որևէ հոդաբաշխ միտք, սկզբունք, հետևողականություն գտնելը անիմաստ զբաղմունք է: Պարույր Հայրիկյանը բոլոր ընտրությունների ժամանակ առաջադրվում էր նախագահի թեկնածու ու հավաքում իր մեկ տոկոսից էլ պակաս ձայները: Վերջին ընտրություններում՝ 2013-ին, նրան հաջողվեց, հանգամանքների անպատեհ դասավորությամբ, նույնիսկ մահափորձի զոհ դառնալ, որի մեջ ինքն առաջինը մեղադրեց ռուսական հատուկ ծառայություններին, հետո մի քանի օր իր անձի վրա էր կենտրոնացրել ուշադրությունը՝ վիրավորվելու պատճառով իրավունք ունենալով հետաձգել ընտրությունները: Հայրիկյանն առավոտյան որոշում էր՝ հետաձգել, կեսօրին նրա մեջ արթնանում էր քաղաքացիական պարտքը ու որոշում էր չհետաձգել, երեկոյան փոխում էր որոշումը, ու այդպես՝ մի քանի օր: Ընտրություններից հետո էլ նա խորապես համոզված էր, որ իր վիրավոր թևի վերականգնումը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ու պետության թիվ մեկ պրոբլեմն է: Հիմա ինչպե՞ս է Պարույր Հայրիկյանը՝ ազգային ինքնորոշման ջատագովը, ԱԻՄ միավորման նախագահը որոշում միանալ ռուսական դաշտում գործող դաշինքին ու նույնիսկ բացատրում է, որ… սխալ ուղղությամբ աշխատած մարդկանց պատրաստ է դարձի բերել: Ինչո՞ւ չի սկսում ինքն իրեն դարձի բերելուց: Ի՞նչ է պետք, որ վերջապես անցյալի վաստակ ունեցողները սկսեն հարգել իրենք իրենց վաստակը ու հանգիստ թողնեն հասարակությանը իրենց ազգափրկիչ առաքելությունից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Խորապես ցավակցում եմ Վարդան Օսկանյանին, Վիկտոր Դալլաքյանին և Արամ Սարգսյանին ու չեմ հասկանում՝ այդքան վա՞տ է իրենց վիճակը, որ Պարույր Հայրիկյանի հույսին են: Լուրջ-լուրջ հայտարարություններ էին անում, մեծ-մեծ խոստումներ էին տալիս, եթե այդքան վաղուց պատիվ են ունեցել միմյանց ճանաչելու ու հարաբերվելու ՝ չե՞ն հասկանում, թե ինչ կշռաքար են կախում իրենց դաշինքի վզից ու ինչ ձախողումների առաջ են կանգնելու, եթե հանկարծ որոշեն դաշինքի ներսում որոշումները կոնսենսուսով ընդունել: Աստծո առաջ ի՞նչ պատասխան են տալու, որ «Աստծու կողմից առաջինին», օրինակի համար, հինգերորդն են համարում: Թե՞ արդեն իրենք էլ են անլրջացել:

Դիտվել է՝ 1398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ