Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աշխարհում ահաբեկչական բոլոր ակտերն ահաբեկչակա՞ն են, թե՞ հատուկ ծառայությունների «մրցակցություն»` Հալեպի համար «վրեժի» տարրերով

Աշխարհում ահաբեկչական բոլոր ակտերն ահաբեկչակա՞ն են, թե՞ հատուկ ծառայությունների «մրցակցություն»` Հալեպի համար «վրեժի» տարրերով
27.01.2017 | 01:59

(սկիզբը՝ այստեղ)

Բարձրացավ ահաբեկչական ակտերի մի նոր ալիք: Հունվարի լույս 1-ի գիշերը՝ գնդակոծություն Ստամբուլի «Reina» սրճարանում (զոհվեց տարբեր երկրների 40-ից ավելի քաղաքացի), հունվարի 5՝ Իզմիրի դատարանի շենքի մոտ պայթում է ականապատ ավտոմեքենա, որին հետևում է փոխհրաձգությունը, հարձակվողներից երկուսը սպանվում են, մեկը՝ փախչում, առնվազն 11 մարդ վիրավորվում է: Ահաբեկչական առաջին ակտը նորից վերագրվում է ԻՊ խմբավորմանը, չնայած պարզություն չկա, թե ում են որոնում թուրքական ուժայինները՝ ոչ այն է` ուզբեկի, ոչ այն է՝ ղրղզի (Աբդուլգադիր Մաշարիպով, որը հայտնի է նաև որպես Աբու Մուհամեդ Խորասան), որին համարում են «ՈՒզբեկստանի իսլամական շարժման» ակտիվիստ: ԻՊ-ի հետ կապված է, թե ոչ, կարելի է միայն գուշակություն անել: Թեև, դատելով Ստամբուլի քաղաքապետ Վասիպ Շախինի հայտարարությունից, Մաշարիպովը կալանավորված է, նա ՈՒզբեկստանի քաղաքացի է, «պատրաստություն է անցել Աֆղանստանում», Թուրքիա է մտել անլեգալ կարգով՝ 2016 թ. հունվարին և արդեն ընդունել է «իր մեղքը»՝ հաղորդել է բրիտանական BBC գործակալությունը: Նրա հետ մեկտեղ ձերբակալվել են Իրաքի մեկ քաղաքացի և երեք կին:

«Reina» գիշերային ակումբի վրա հարձակման գործով ձերբակալվել է 50 մարդ: ՈՒ նորից, չսպասելով հետաքննության արդյունքներին, թուրքերը պնդում են. «Կասկածից վեր է, որ ակումբի վրա հարձակման թիկունքին կանգնած է հենց ԻՊ-ը»: Հա՞... Ինչպես դեսպան Կառլովի դեմ կատարված ահաբեկչական ակտի և կամ այլ պարագայո՞ւմ:
Իզմիրի առնչությամբ մենք նորից «տեսնում ենք» իբր TAK-ի քրդերի կամ էլ, եթե հավատալու լինենք այդ խմբի ստեղծման մութ անցյալի մասին խոսակցություններին, բուն թուրքական MIT հատուկ ծառայության հետքը: Թուրքիայում, ինչպես միշտ, զանգվածային ձերբակալություններ են, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգում: Առաջվա նման հատուկ ապացույցներ են ի հայտ գալիս, որ թուրքական բոլոր «ներքին» ահաբեկչական ակտերը, բացի քրդերի, Սիրիայի, ԻՊ զինյալների հետ կապերից ու թելերից, նաև «կիրառական նշանակություն» ունեն Էրդողանի ներքաղաքական պլանների համար: Համենայն դեպս, հունվարի 12-ին թուրքական Մեջլիսում տեղի ունեցավ... ծեծկռտուք: Պարզվում է, Թուրքիայի նախագահը հատկապես հիմա է պնդել ունկնդրումներ անցկացնել նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ, որը նախատեսում է արմատապես ընդլայնել Էրդողանի լիազորությունները: Մասնավորապես, պետության ղեկավարը կկարողանա ինքը գլխավորել նախարարների կաբինետը, կամ էլ միանձնյա կարգով կառավարության ղեկավար նշանակել: Բացի այդ, փաստաթուղթն ընդունվելու դեպքում, պետության ղեկավարի անմիջական ենթակայության տակ կանցնեն երկրի զինված ուժերն ու հատուկ ծառայությունները:

Բանավեճը ձեռնամարտի վերածվեց այն բանից հետո, երբ ընդդիմադիր նացիոնալիստական ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ներկայացուցիչները շրջափակեցին ամբիոնը: NTV հեռուստաալիքը ճշգրտում է, որ հրմշտոցի ընթացքում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) նախագահի տեղակալ Ֆաթիհ Շահիմը քթի կոտրվածք է ստացել:
Մի դեպքում նորից «օգնում են» իբր «TAK-ի քրդերը»՝ օրինականացնելով Էրդողանի ամբոխավարությունը «քրդական ահաբեկչության» վերաբերյալ, մեկ այլ դեպքում օգտագործվում է ԻՊ խմբավորման մասին սովորական դարձած խրտվիլակը, բայց թուրք նախագահի դեկտեմբերի 27-ի հայտարարությունից հետո, ստացվում է, որ իսլամիստների հասցեին արվող ակնարկները երկակի իմաստ են ստանում. բա ո՞նց, ԱՄՆ-ն օգնում է ԻՊ-ին Եվրոպայում և Թուրքիայում ահաբեկչական ակտերի թե՛ պլանավորման, թե՛ իրագործման հարցում: Եվ այդ ժամանակ, իսկ ավելի ճիշտ, երբ շատերին հասկանալի է դառնում իրավիճակի երկիմաստությունը, աշխարհն ականատես է լինում ԱՄՆ-ի հունվարի 6-ի ահաբեկչությանը՝ ֆորտ Լոդերդեյլի օդանավակայանում անհասկանալի ու չհրահրված հրաձգության տեսքով (5 սպանված և մոտ 10 վիրավոր): Իսկ արդեն հունվարի 8-ին՝ վերոհիշյալ ահաբեկչությունը Երուսաղեմում, որը, ահաբեկչի սպանությունից հետո, իսրայելական իշխանություններն անմիջապես վերագրում են ԻՊ-ին: Ամերիկայում «հրաձիգը» կալանավորված է, ու թեև նրան համարում են «հոգեկան շեղումից բուժվող» մեկը, այդուամենայնիվ, լրատվամիջոցների բոլոր հաղորդագրություններում մատնանշվում է, որ «ինչ-որ տեղ վերևներում ինչ-որ մեկը» Վաշինգտոնում հաստատ մտադրություն ունի «լատինացի» Էստեբան Սանտյագոյին ևս ամեն կերպ կապել ԻՊ-ի հետ: Մասնավորապես, ամերիկյան և իսրայելական լրատվամիջոցները գրում են, թե «նա ծառայել է Իրաքում և տառապել «հոգեկան շեղումներով»: Նրա մոտ հալյուցինացիա էր սկսվել, և նա հոգեբույժի էր այցելում: Անցած տարվա աշնանը Սանտյագոն գնացել էր ՀԴԲ-ի դաշտային գրասենյակ (Անքորիջի) և հայտարարել էր, թե կառավարությունը հսկողության տակ է վերցրել իր գիտակցությունը: Նա նաև հայտնել էր, թե իրեն ուզում են ստիպել դիտելու «Իսլամական պետության» քարոզչական տեսանյութը: Սանտյագոն հայտարարել էր, թե ոչ ոքի չի ուզում վնաս պատճառել: Դրանից հետո տեղի ուժային գերատեսչությունները նրան ստուգման ենթարկեցին, խոսեցին զինծառայողի ընտանիքի անդամների հետ: Նրան համարեցին անվտանգ»:


Այսպիսով, տպավորություն է ստեղծվում, որ Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի ակտիվացումից երկուսուկես տարի անց, 2014 թ. ահաբեկիչներին օգնություն ցուցաբերելու մեջ Իրանի կողմից, իսկ 2016 թ. դեկտեմբերի 27-ին նաև Էրդողանի կողմից մեղադրված երկրները, այսինքն՝ ԱՄՆ-ը և Իսրայելը (թերևս նաև Թուրքիան) ձգտում են աշխարհին ապացուցել, թե իրենք էլ են այդ չարագույժ խմբավորման ահաբեկչական հարձակումների օբյեկտներ հանդիսանում: Այլ խոսքով ասած, ԻՊ-ի տերերն ու հովանավորները «հանձնում են» իրենց խնամարկյալներին: Համենայն դեպս, իրավիճակն սկսում է նմանվել այդ սցենարին, թեև, ինչպես տեսանք, սխալ չի լինի հայտարարել, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Էրդողանի ձեռքով շարունակում են Իրան-Ռուսաստան-Շիական աշխարհ կոալիցիայից զիջումներ պոկել հատկապես Սիրիայի հարցում՝ հաղթողներին առաջարկելով «հեռանալ կամովին»: Այսինքն, խրախուսել Սիրիայում պատերազմի թափանվի «վերագործարկումը»: Իսկ այս հանգամանքը մեզ ստիպում է դեկտեմբերի և հունվարի սկզբի ահաբեկչական ակտերի արմատները, այնուամենայնիվ, որոնել Սիրիայում, այդ թվում՝ բազմաչարչար Հալեպում: Անկարայում դեսպան Կառլովի սպանությունից երկու օր առաջ ամերիկյան ազդեցիկ համացանցային Veterans ToDay կայքը, խմբագիր Ջիմ Վ. Դինի ստորագրությամբ, մի սենսացիոն տեղեկություն էր հրապարակել, որը պարբերաբար թարմացվում էր: Վկայակոչելով Սիրիայում գտնվող «իր սեփական աղբյուրները», նա հաղորդում էր, որ սիրիական հատուկ նշանակության ուժերը գերել են ԱՄՆ-ի հատուկ ուժերի 22, Ֆրանսիայից՝ 21, 16 բրիտանացի, 62 թուրք, 7 իսրայելցի և Սաուդյան Արաբիայի, Կատարի, Հորդանանի, Մարոկկոյի և այլ արաբական երկրների հատուկ ծառայությունների չնշված քանակությամբ սպաներ: Սակայն միստր Դինը գիտե, ընդ որում՝ անուն առ անուն, որ դեկտեմբերի 15-ին սիրիացիների ձեռքն է ընկել նշված արաբական երկրների 11 սպա: Բայց գերեվարված սպաների թիվն անցնում է 150-ից: Եվ մի հետաքրքիր հավելում. «Ոչ արաբ սպաներն «ազատ արձակվեցին» Հալեպից տեղափոխված ահաբեկիչների հետ՝ ՆԱՏՕ-ի երկրների և Իսրայելի որոշ զիջումների դիմաց: Իսրայելը յուրաքանչյուր ազատված սպայի համար վճարեց 3-ական մլն դոլար: Արաբ սպաները մնում են սիրիացիների ձեռքին»: Լինելով հոռետեսներ, թեև սիրիական հատուկ ուժերի հնարավորությունների նկատմամբ հավատով առլեցուն, հիշեցնենք՝ Հալեպում, այնուամենայնիվ, լուսանկարչական և տեսագրման խցիկները «որսացել» են ԻՀՊԿ-ի «Կոդս» հատուկ նշանակության ուժերի գեներալ Կասեմ Սոլեյմանիին և ոչ թե սիրիական զինվորական հետախուզության կամ հատուկ ծառայությունների ղեկավարներից ինչ-որ մեկին: Այնպես որ, տեղին է ենթադրել, որ հենց նա էլ գերել է թվարկված երկրների ավելի քան 150 հատուկջոկատային սպաների, և, ինչպես ասում են, պետք չէ «գլուխ արդուկել»:


Սակայն կան հարցեր, որոնք կարող են նշանակություն ունենալ թե՛ Սիրիայի հետ կապված ամբողջ իրավիճակի, թե՛ Կառլովի սպանության, թե՛ դեկտեմբեր-հունվար ամիսների ահաբեկչական ակտերի էությունն ըմբռնելու համար: Չէ՞ որ կա նաև այսպիսի «հաշվարկ». խփելով Ռուսաստանին, այսինքն՝ սպանելով դեսպան Կառլովին, նախաձեռնողները ցանկացել են խփել Իրանին, որն զբաղվում է արևմուտքցի, իսրայելցի և թուրք հատուկջոկատայինների գերեվարմամբ ու «բաշխմամբ»: Համարձակվենք չհամաձայնել Veterans ToDay-ի խմբագրի հետ. արաբներին, բացառված չէ, իրանցիներն իրոք հանձնում էին Սիրիային, իսկ այ մյուսների «հաշիվներն իրենք էին մաքրում». չէ՞ որ այդ Իրանն էր 2014 թ. ամռանից հայտարարում, թե Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկիչները ԱՄՆ-ի և Իսրայելի մշակած հատուկ գործողությունների պտուղներն են: Ամեն ինչ չէ, որ պարզ է թուրքերի հետ կապված. 2015-ին, ի պատասխան իբր «չափավոր սիրիացիների» մի շարք ցուցադրական գազանությունների, իրանցիներն ու շիա կամավորականները ևս անցկացրին մի շարք ցուցադրական գլխատումներ: Մի շարք աղբյուրներ պնդում են, թե գլխատվածների թիվը հարյուրից ավելի է եղել, ընդ որում՝ նրանց մեջ եղել են նաև թուրք զինվորականներ: Այնպես որ, առայժմ հարց է՝ արդյո՞ք բոլոր 62 թուրք սպաներին են բաց թողել Հալեպն ազատագրողները: Եվ երկրորդ հարցը՝ ո՞ւմ է, ուրեմն, վճարել Իսրայելը իր սպաների համար 21 մլն դոլարը՝ իրանցիների՞ն, թե՞ Սիրիային:

Ընդհանուր հետևությունը ակնհայտ է. Հալեպում նշված երկրների հատուկ ծառայությունների այդ ձախողումը աշխարհը կանգնեցրեց այն բանի եզրին, որ Սիրիայի հարցով ապագա հնարավոր «Նյուրնբերգյան դատավարության» ժամանակ հնչեն անուն-ազգանուններ, ինչպես և նրանց վերադաս ղեկավարների անուն-ազգանունները: Օրինակ, Veterans ToDay-ն նշում է միայն մեկ ամերիկացու և մեկ իսրայելցու՝ Դևիդ Սքոթ Վիների և Դավիթ Շմոլո Արամի տվյալները: Սպասվում է, որ կհրապարակվեն ևս 21 ամերիկացու և 6 իսրայելցու տվյալներ: Չի բացառվում, որ Թեհրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ «սակարկության դնի» այդ «մասնագետների» անուն-ազգանուններն ու զինվորական աստիճանները: Կանխատեսելով դա, ԻՊ-ի խնամակալներն ու հովանավորները շտապեցին աշխարհին համոզել, թե իրենք էլ են տուժել իսլամիստների ձեռքից, իսկ թուրքերը, սովորության համաձայն, մեջտեղ են քաշում նաև քրդերին: Իսկ ընդհանուր առմամբ, փորձեր են արվում դուրս գալու «միջնորդավորված պատերազմից», որում հաջողություն այդպես էլ չեղավ: Հիշեցնենք, Իրաքի և Սիրիայի տարածքում այդ «միջնորդավորված պատերազմում» ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների պարտության մասին դեռ դեկտեմբերի 16-ին հայտարարել էր Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ բրիգադային գեներալ Մասուդ Ջազաերին: Ի դեպ, տեղին է հիշատակել նաև հետազոտված ահաբեկչական ակտերի ամենաֆանտաստիկ վարկածները (բացառությամբ Կառլովի սպանության). Հալեպում տեղի ունեցած ձախողումը և իրանցիների ու սիրիացիների կողմից ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի և այլ երկրների հատուկ նշանակության սպաների գերեվարումը ԻՊ-ի օգնականների միջև եղած «հաշիվների» մասին որոշակի տեղեկություններ ի հայտ բերեցին: ՈՒստի և մի դեպքում ահաբեկչական ակտերը կատարողները տեղում վերացվում են, մեկ այլ դեպքում նրանց չեն գտնում, երրորդ դեպքում նրանք ազդարարվում են հոգեկան հիվանդներ:


Ի դեպ, սպանված դեսպան Կառլովը հայ էր մոր կողմից: Սա ևս հետաքրքրական նրբություն է, հատկապես, երբ իմանում ես, թե ինչն է ամենանշանակալի դերը խաղացել թե՛ սիրիական «չափավոր ընդդիմության» հետ, թե՛ Հալեպի ճակատագրի շուրջ տեղի ունեցած գաղտնի բանակցություններում: Ի վերջո, մի՞թե ԻՊ խմբավորմանը հայտնի չէր, որ ցամաքում Սիրիայի ռազմական հաջողությունների առյուծի բաժինը ապահովում են Իրանը և իրանամետ շիա աշխարհազորայինները: Իսկ Իրանի թիկունքին կանգնած է Չինաստանը: Սակայն ահաբեկչությունն իրականացվեց միայն Ռուսաստանի դեսպանի նկատմամբ և այն էլ՝ մոր գծով հայի: Իրանի ու Չինաստանի դեսպաններին ոչ այն է ԻՊ-ը, ոչ այն է թուրքական MIT հատուկ ծառայությունը պարզապես վախեցան «ձեռք տալ»: Այնպես որ, նորից «դեմ ենք առնում» ահաբեկչական ակտերի միջոցով «կիրառական նպատակներ» հետապնդելու Էրդողանի գործելակերպին, և պատահական չէ, որ արդեն այժմ թուրքերն ու նրանց հրեա լոբբիստներն ԱՄՆ-ում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում են... Հայոց ցեղասպանության չճանաչման երաշխիքներ տալ: Իսկ ահաբեկչական ակտերը, ըստ էության, «միջնորդավորված պատերազմի» մեկ այլ տեսակ են: Սակայն սպասենք նկարագրված բոլոր ահաբեկչությունների վերաբերյալ հետաքննության արդյունքներին:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ