Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եթե ժողովուրդն իր ներսում չի ընդունում այդ գաղափարը, այն չի ընդունում նաև վերնախավը»

«Եթե ժողովուրդն իր ներսում չի ընդունում այդ գաղափարը, այն չի ընդունում նաև վերնախավը»
27.01.2017 | 10:44

Եթե տնտեսական հատվածի բարեփոխումների ազդեցությունը որոշակի ժամանակ է պահանջում, ապա առողջապահության ոլորտում իրականացված քայլերն անմիջապես զգալի են բնակչության և բժշկական կենտրոնների համար։ Գաղտնիք չէ, որ առողջապահության գլխավոր խնդիրը ֆինանսավորումն է։ Խնդիր, որին 2016-ի դեկտեմբերին անդրադարձել էր առողջապահության նախարարը. կարևորելով մարդկանց առողջությունը` նա նշել էր նաև, որ կլինիկաները պետք է անսահմանափակ ծավալով ծառայություն մատուցեն։ Ինչ խոսք, այս հայտարարությունը բնակչության համար վաղուց սպասված էր, սակայն եթե պետպատվերի ֆիքսված գումարը բաշխվում է ըստ կլինիկաների, ապա ինչպե՞ս է հնարավոր անսահմանափակ ծառայություններ մատուցել։ Եթե մատուցված ծառայությունը ֆիքսված գնից ավելի արժենա, ապա որտեղի՞ց է այդ բացը լրացվելու։ Այս հարցի շուրջ տարեվերջյան ասուլիսից հետո զրուցեցինք առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ հետ։

-Այո, համակարգում գործում է սահմանափակ բյուջեի սկզբունքը, որը հաստատված է առողջապահության նախարարության և բժշկական ծառայություն մատուցողի միջև կնքվող պայմանագրում,- ասաց նախարարը։- Սահմանափակ բյուջեի սկզբունքի համաձայն` հիվանդանոցին տրամադրվում է պետպատվեր, դրա հատկացված լիմիտի շրջանակներում հիվանդանոցն իրականացնում է պետպատվերի ծառայություն: Եթե լիմիտը վերջանում է, տվյալ բժշկական կենտրոնը շարունակում է սպասարկել, սակայն անվերջ այդ գործընթացն ապահովել անհնար է: Շահագործել հիվանդանոցների հնարավորությունները չի կարելի: Համակարգում գործում է նաև պետպատվերի վերաբաշխման սկզբունքը: Արդյունքում օգոստոսին կամ սեպտեմբերին նախարարությունը ստիպված է լինում վերաբաշխել բյուջեն: Այժմ մենք փորձելու ենք հրաժարվել այդ սկզբունքից: Պետպատվերի միջոցների վերաբաշխումը պայմանավորված է տարեսկզբին իրականացված ոչ ճիշտ բյուջետավորմամբ: Բյուջեի հատկացումներն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով մենք փորձելու ենք փոխել պետպատվերի բաշխման մեթոդոլոգիան, ինչի արդյունքում զերծ կմնանք տարվա կեսից վերաբաշխում կատարելուց: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ հատվածին, ապա, այո, հատկացվող, ասենք, 100 միավորին պետք է լրացուցիչ 100 միավոր գումարենք, որն ինչ-որ տեղից պետք է հայթայթել: Այսօր այդ բացը լրացնում է բնակչությունը տարբեր ձևերով՝ համավճարներով, ցավոք, նաև ստվերային եղանակով, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մեր խնդիրն է ստվերից այդ գումարները դուրս բերել և դրանցով ծածկել եղած ֆինանսական բացը: Այժմ մենք աշխատում ենք այդ խնդրի լուծման տարբերակը գտնելու ուղղությամբ:
-Պարոն նախարար, ասացիք, որ ֆինանսների վերաբաշխումից փորձելու եք զերծ մնալ, դա իրականություն կդառնա 2017-ի՞ց, թե՞ 2018-ից:
-Մտադիր ենք այս տարվա առաջին եռամսյակում աշխատել վերաբաշխման մեխանիզմով, իսկ դրանից հետո կիրառել նոր մոտեցումներ:
-Գաղտնիք չէ, որ պետպատվերի գումարը մատուցվող ծառայությունների ինքնարժեքից ցածր է, ինչը ևս խնդիր է ստեղծում: Չե՞ք կարծում, որ իրավիճակը կարող է շտկվել պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմամբ: Մի կողմից դա կլուծեր ստվերային գումարների, մյուս կողմից` վերաբաշխման խնդիրները: Դուք ապահովագրության համակարգի «ուղնուծուծը» գիտեք, և մի տեսակ անհասկանալի է, թե ինչու եք հապաղում այդ որոշումը կայացնել: Գուցե այն չի ներդրվում, որովհետև կարող է արդարացված չլինե՞լ, թե՞ քաղաքական վերնախավը դրա «դաբրոն» չի տալիս:
-Ասեմ այսպես՝ ապահովագրությունը հիմնադրամ է, որտեղ կատարվում են մուտքեր, և իրականացվում են հատուցումներ: Այս դեպքում պետք է պարզել` կուտակող կողմը ո՞վ է լինելու` քաղաքացի՞ն, գործատո՞ւն, թե՞ պետությունը: Այսօր պետությունն իր կարողությունը ներդնում է պետպատվերի մեջ: Եթե կուտակող կողմը հանդիսանալու են քաղաքացին կամ գործատուն, ապա կամավոր ապահովագրության դեպքում մենք չենք ունենում հիմնադրամում այն անհրաժեշտ կուտակային մեծությունը, որը լրացնի բացակայող գումարների չափը: Եթե մենք խոսում ենք պարտադիր ապահովագրության մասին, ապա այն իրականացնելու համար պետք է մարդիկ իրենք ներկայացնեն այդ պահանջը: Այսինքն, մարդն ինքը պետք է ցանկանա մասնակցել հայրենի առողջապահության վերելքի գործընթացին, որը հետադարձ կապով անմիջականորեն անդրադառնալու է իր վրա: Ցավոք, այս պահին մեր հասարակությունն այդպես չի մտածում: Եթե ժողովուրդն ինքը պատրաստ չէ պարտադիր ապահովագրության ներդրմանը, դրա իրականացումը նրա կողմից կդիտարկվի որպես պարտադրանք, ինչը որոշ դեպքերում կարող է ստանալ նաև քաղաքական երանգ:
-Այնուհանդերձ, իշխանության վերնախավի համար, որը խաղի կանոններ թելադրողն է, ընդունելի՞ է պարտադիր ապահովագրությունը:
-Քաղաքական վերնախավը տեղյակ է և ապրում է ժողովրդի հոգսերով: Եթե մենք Ձեզ հետ միասին գիտենք, որ ժողովրդի համար պարտադիր ապահովագրությունը կարող է բեռ լինել, ապա հավատացեք, որ դա գիտի նաև քաղաքական վերնախավը: Եթե ժողովուրդն իր ներսում չի ընդունում այդ գաղափարը, այն չի ընդունում նաև վերնախավը: Վերնախավը հասարակության շարունակությունն է, որը շատ լավ զգում է նրա մտածողության տենդենցներն ու շունչը: Սրա հետ մեկտեղ համաձայն եմ Ձեզ հետ, որ մենք ուշացնում ենք այդ համակարգի ներդրումը: Իհարկե, կարելի է դրան գնալ ստիպողական մեթոդներով, սակայն ոչ ոք այդպիսի բան չի անի: Կարծում եմ` լավագույն տարբերակն այն է, որ հասարակությունն ինքը, հասկանալով, որ իր առողջության պահպանման և բարձրակարգ բժշկական ծառայություն ստանալու համար այդ համակարգն անհրաժեշտ է, պահանջի պարտադիր ապահովագրություն:


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ