Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ժամհարյանները

Ժամհարյանները
27.01.2017 | 11:08

Ա. «ՓՈԹՈՐԿԻ» ԶՈՀԸ


1779-1782 թթ. Մոսկվայի ներկայիս Հայկական նրբանցքում նորջուղայեցի Հովհաննես ու Խաչատուր Լազարյանների միջոցներով կառուցվեց Կենարար Սուրբ Խաչի Վերացման (Св. Крестовоздвиженская) եկեղեցին: 1902 թ. դեկտեմբերի 15-ին եկեղեցու մոտ կանգ առավ կառքը, որտեղից դուրս եկավ մուշտակի կոճակներն արձակած, մորթե գլխարկով մի ազնվատես պարոն: Հանկարծակի, վազքով նրան մոտեցավ մի երիտասարդ և իրար հետևից դաշույնի հինգ հարված հասցրեց: Տեղնուտեղն սպանված պարոնը Մոսկվայի ամենաունևոր մարդկանցից մեկն էր` բանկատեր Իսահակ Ժամհարյանը:


Մարդասպանին հաջողվեց ձերբակալել, իսկ հաջորդ օրը «Մոսկովսկի լիստոկ» թերթը «Սարսափելի հանցագործություն Մոսկվայում» վերնագրով հաղորդեց. «Օրը ցերեկով Սբ Խաչ հայկական եկեղեցու գավթում սպանվել է ամենահարուստ մոսկվացիներից մեկը` Իսահակ Իսահակովիչ Ժամհարովը: Մարդասպանն է Միխայիլ Յակուբովը` պարսկահպատակ հայ: Մոսկվա է եկել վերջերս` կեցություն փնտրելու: Այդ նպատակով դիմել է Ժամհարովին, բայց վերջինս մերժել է, ընդ որում, ըստ Յակուբովի, մերժել է կոպտորեն ու վիրավորանք հասցրել: Դրա համար էլ, իբր, որոշել է վրեժ լուծել»:


Հարցաքննության ժամանակ մարդասպանը սկզբում հայտնեց, որ պարսկահպատակ Միքայել Սարգսյանցն է, ապա` Յակուբովը, ինչը հաստատվեց նրա իրերում հայտնաբերված անձնագրով: Հետո խոստովանեց, որ Մաթևոս Մինասյանցն է` Թիֆլիսի նահանգի Զաքաթալա քաղաքից: Հայտնեց, որ սովորել է քաղաքային ուսումնարանում, ծնողները մահացել են, ունի երեք եղբայր, որոնք ապրուստ են վաստակում Զաքաթալայում առևտուր անելով: Քննությունը պարզեց, որ Մինասյանցը չորս տարի Թիֆլիսում եղել է գործակատար, իսկ 1895 թ. զինվորական ծառայության էր անցել 1-ին Կովկասյան զորախմբում: Հաջորդ տարի ստանալով ութօրյա արձակուրդ` ժամանել էր Մոսկվա` տեսնելու կայսեր թագադրմանը նվիրված արարողությունները ու մնացել: Բարձրագույն մանիֆեստից տեղեկանալով, որ իրենց զորամասերն ինքնակամ լքած ցածրաստիճան զինծառայողները պատժի չեն ենթարկվի, եթե մեկ տարվա ընթացքում վերադառնան, Մինասյանցը Պետերբուրգից մեկնել էր Պարսկաստան` պարսկահպատակ իր ընկեր Կարապետյանի մոտ, և միայն 1897 թ. հունվարին վերադարձել զորախումբ: Ծառայության ժամկետը լրանալուց հետո, 1899-ից Մինասյանցն ապրել էր Կովկասի տարբեր քաղաքներում, իսկ 1902 թ. Բաքվում ծանոթացել էր թուրքահպատակ ոմն Խաչոյի հետ, որն իր հերթին նրան ծանոթացրել էր Կոստանդնուպոլսից եկած, «Դաշնակցություն» կուսակցության անդամ Պատրիկ էֆենդու հետ: Սա էլ Մինասյանցին առաջարկել էր մեկնել Շուշի և մի հարուստ հայից փող կորզել իրենց հեղափոխական գործունեության համար:


Այսքանը պաշտոնական, այսբերգի երևացող մասն էր, այնինչ Ի. Ժամհարյանի սպանությունն ուներ շատ ավելի խոր արմատներ:
ՀՅԴ գաղափարախոսներից մեկը` ՀՀ խորհրդարանի անդամ, Հռոմում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ Միքայել Վարանդյանը (1870, Շուշվա գավառի գ. Քյաթուկ - 1934, Բոմոն, Ֆրանսիա) իր «Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն» գրքում գրում է. «Հ.Յ Դաշնակցութեան այդ արիւնոտ ձեռնարկը ճակատագրական ծնունդ մըն էր այն պաղ, անխռով, հայրենադաւ անտարբերութեան, որ կը ցուցահանէր հայ ունեւոր դասակարգը իր հարազատ ժողովուրդի օրհասական պայքարներու հանդէպ»:


Ի՞նչ «արիւնոտ ձեռնարկի» մասին է խոսքը. «Փոթորիկ» գործողության:
Մ. Վարանդյանը շարունակում է. «Մեր նորագոյն պատմութեան ողբերգական էջերէն մէկն է այս ցցուն հակապատկերը հայ տառապող ու զոհաբերող ընդհանրութեան և երջանիկ, բարեկեցիկ փոքրամասնութեան: Մինչ այդ չարքաշ, աշխատաւոր ընդհանրութիւնը հազարներով կը ծնէր ճշմարիտ, մարդկայնատիպ հերոսներ, որոնք անվերջ շարքերով կ’երթային իրենց գլուխը դնելու հայրենիքի ազատութեան սեղանին, հայկական մեծահարուստ բուրժուազիան տասնեակ տարիներու ընթացքին չծնաւ մէկ հատիկ վեհանձն հայրենասէր, որ լայն բանար իր քսակը ազատութեան գործին համար…
Եւ այդ քար անտարբերութեան մէջ կը յամառէին ոչ միայն Պոլսոյ, Իզմիրի, Բագուի, Թիֆլիզի մեր կրեսոսները - որոնք իրենց բարոյական սնանկութիւնը քողարկելու համար երբեմն կը պատրւակէին թուրք ու ռուս կառավարութեան հսկողութիւնը,-այլ և Պարիզ, Լոնդոն, Մանչեսթր, Նիւ-Յորք ու այլ ազատ կեդրոններում հարստացած ու յղփացած մեր ազգային ջոջերը:


Հայ ժողովուրդը - հարուստ` գաղափարով ու անձնազոհութեամբ, հայ բուրժուազիան- աղքատ` հոգիով, գծուծ ու նիւթապաշտ: Մէկը իր կեանքը կուտար` յանձին իր մարտնչող վաշտերուն, միւսը իր գանձին վրա կը դողար և անարգօրէն կը փախչէր ազատագրական շարժման կրողներէն… Դժւար է գտնել նման պատկեր մը ուրիշ ազգերու տարեգրութեան մէջ»:
Գաղափարական հենքը, հիմնավորումը պարզ էին, հարկ էր գործնականորեն կյանքի կոչել:
Բռնի դրամահավաքի հարցը առաջին անգամ քննարկվեց 1898 թ. ՀՅԴ երկրորդ ընդհանուր ժողովում, Թիֆլիսում: Տեղի ունեցավ բուռն քննարկում. ընդունելով հանդերձ սկզբունքը, այդուհանդերձ, տեղական մարմիններին հանձնարարվեց բռնություն կիրառել միայն «ամենածայրայեղ, յուսահատական պարագաներում»: Կես տարի անց` 1899 թ. հունվարին, Կարսի կոմիտեն Արևելյան բյուրոյի ժողովում կրկին նույն հարցը մեջտեղ բերեց, ու կրկին տարաձայնություններ եղան (կտրականապես դեմ էր Սիմոն Զավարյանը), որոշվեց դրամ հայթայթելու նպատակով շարունակել քարոզչությունը ու հետաձգել ահաբեկման կիրառումը:
1901 թ. «Դաշնակցութեան կամքը ներկայացնող մարմինը» նիստ գումարեց Ֆիլիպեում (Պլովդիվ)` Ս. Զավարյանի և Ս. Զորյանի (Ռոստոմ) հետ ՀՅԴ-ն հիմնադրած Քրիստափոր Միքայելյանի մասնակցությամբ: Այս անգամ որոշվեց իրագործել բռնի դրամահավաքը, ինչի համար ստեղծվեց «Փոթորիկ» կոմիտեն` գլխավորությամբ Ք. Միքայելյանի, որն այդ նպատակով Եվրոպայից ժամանեց Բաքու: Այստեղ նա դիմեց հայ երիտասարդներին. «Դուք կը յափշտակվիք մարքսեան աւետարանով և գործադուլային անարիւն յեղափոխութեամբ, դուք կ’ըմբոստանաք դրամատէրերու իւրացուցած աշխատաւորական յաւելեալ արժէքին դէմ, բայց մի՛ մոռնաք, որ անդին ամենէն ճնշւած ու պրօլետար ժողովուրդ կայ, որ ոչ միայն զրկւած է իր արդար վաստակի յաւելեալ արէքէն, այլ և ամէն օր իր «յաւելեալ արիւնը» կուտայ թրքական նշտրակի հարւածներուն տակ: Մի մոռնաք բուն հայկական դատն ու շարժումը, որ կը կարօտի ձեր մշտարթուն ուշադրութեան ու աջակցութեան»: Այս կոչը խանդավառեց ու զինվորագրեց բազմաթիվ երիտասարդների, որոնք էլ դարձան ապագա գործողության շարժիչ ուժը:
«Փոթորկի» առաջին հարվածը հասցվեց 1902 թ. ամռանը Շուշիում, Իսահակ Ժամհարյանի դեմ: Թե ինչու ընտրվեց Ղարաբաղը և ոչ, ասենք, Կ. Պոլիսը, Զմյուռնիան, Եվրոպան, որտեղ կային շատ ավելի մեծահարուստ հայեր, դժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ:
Ք. Միքայելյանի խմբում էին գանձակեցի Սարգիս Օդաբաշյանը (Վանա Սարգիս), որը թողել էր ուսումնառությունը Ժնևում ու վերադարձել Կովկաս, շուշեցի Մարգար Ժամհարյանը, որը Սարգսի նման անավարտ էր թողել ուսումը Գերմանիայում, թեքիրդաղցի հսկա Օնիկ Նևրուզը, Սև Աշոտը և այլք:


Ի. Ժամհարյանը ժամանել էր ծննդավայր Շուշի` ամառն անցկացնելու: 1900 թ. սկզբին նրան ֆրանսիական Նիսում արդեն դիմել էին դրամատվության պահանջով, բայց մերժում էին ստացել: Այս անգամ ժամն էր հատուցման:
Գիշերով Շուշվա քաղաքային ակումբից վերադառնալիս Ք. Միքայելյանի տղաները նրան առևանգեցին, տարան քաղաքից դուրս գտնվող մի լքյալ տուն ու մի քանի օր պահեցին: Խնդրեցին, համոզեցին, սպառնացին ու պահանջեցին 50 հազար ռուբլի (գնողականության մասին պատկերացում տալու համար ասենք, որ 1 կգ տավարի միսն արժեր 40-50 կոպեկ): Ի. Ժամհարյանը համաձայնեց 30 հազար տալ: Նրան ազատ արձակեցին` պայմանով, որ հաջորդ օրը նշանակված ժամին գումարը կբերի բուսառատ ու կանաչախիտ Պաղ աղբյուրի մոտ, այլապես մահվան կդատապարտվի:


Ավելորդ է ասել, որ ամբողջ ոստիկանությունը ոտքի էր ելել և ամենուրեք որոնում էր միլիոնատիրոջը, և երբ Ի. Ժամհարյանը տուն դարձավ` ոստիկաններն անցան գործի: Ի. Ժամհարյանի ուղեկցությամբ և ոստիկանապետի գլխավորությամբ նրանք դարանակալեցին առևանգիչներին ու բոլորին ձերբակալեցին: Նրանց մեջ էր նաև Սարգիս Օդաբաշյանը: Շուշվա բանտում պահելուց, հարցաքննելուց որոշ ժամանակ անց որոշեցին նրան տեղափոխել Գանձակ` դատելու: Պահակ զինվորի ուղեկցությամբ նստեցրին գնացք: Երբ հասան Եվլախ կայարան, դաշնակցական երիտասարդների մի խումբ հարձակում գործեց, չեզոքացրեց պահակին և ազատեց կալանավորին: Սարգիսը հետագայում եռանդուն մասնակցություն ունեցավ հայ-թաթարական ընդհարումներին, գործեց Նախիջևանի շրջանում, ապա 1906-ին անցավ Վան` դառնալով Արամի, Իշխանի, Կոմսի հավատարիմ զինակիցը: Նա նահատակվեց 1915-ի ցեղասպանության ժամանակ:


«Փոթորկի» առաջին անհաջող փորձից հետո Ք. Միքայելյանը, Օնիկ Նևրուզը, Սև Աշոտը և այլք արագորեն հեռացան արտասահման: Բայց Ի. Ժամհարյանն ստորագրել էր իր մահվան վճիռը:
Մ. Վարանդյանը նշում է. «Հայ ունեւոր դասակարգը տասնեակ տարիներէ ի վեր արհամարհեր էր հայ ժողովուրդի լաւագոյն զաւակներու գերմարդկային ճիգերը, արհամարհեր էր անոնց գոյութիւնն իսկ - պե՜տք էր անգամ մը իջեցնել լախտի հարւածը անոր մէջքին ալ…
Իր սինիք մատնութեամբ Ժամհարեան արդէն դարբնէր էր իր եղերական ճակատագիրը: Եւ ահա դէպքէն քանի մը ամիս յետոյ, օր ցերեկով, Մոսկւայի հայոց եկեղեցու բակին մէջ, խուռն բազմութեան ներկայութեամբ, մատնիչը քաւեց իր յանցանքը, ընկաւ դաշոյնի հարւածներուն տակ…»:
Հարվածներ հասցնողը ծնունդով ագուլեցի Մաթևոս Մինասյանցն էր, որը, իբր, հարցաքննության ժամանակ ասել էր, թե հանցանքը գործել է, որովհետև Ի. Ժամհարյանը դրժել էր խոստումը` ի նպաստ թուրքահայ դատի, «մերժէր է տալու այն չնչին գումարը, որ մէկ գիշերւան մէջ կը վատնէր»:


Հանցագործը դատապարտվեց տաժանակիր աշխատանքների, բանտի «վայելքները» ճաշակեց Մոսկվայում ու Կովկասում, ապա քշվեց Սիբիր: Այստեղից հաջողեց փախուստի դիմել, թաքնվեց Կովկասի տարբեր քաղաքներում, հետո անցավ Արևմտյան Հայաստան, երկար տարիներ գործեց Մուշում ու նահատակվեց Ցեղասպանության ժամանակ:
«Փոթորկի» շրջանակում սպանվեցին ծագումով շուշեցի նավթարդյունաբերողներ Հ. Ադամյանը, Ի. Ջանփոլադյանը, այլ հարուստներ` Հյուսիսային Կովկասում, Ռոստովում, եվրոպական քաղաքներում:


Կրկին անդրադառնանք Մ. Վարանդյանին. «Մեծամասնութիւնը (հայ հարուստների - Խ. Դ.) խոհականութեան ձայնը հնչեցուց և որոշեցաւ համակերպիլ Դաշնակցութեան պահանջներուն: (Երկու խոշորագոյն ջոջերը անձամբ եկան Պարիզ և հատուցին իրենց պարտքը Արեւմտեան Բիւրօին)»: Ովքե՞ր էին փակագծերի մեջ նշված «երկու խոշորագոյն ջոջերը». ենթադրում եմ` Ալեքսանդր Մանթաշյանցն ու Ժամհարյան եղբայրներից Հովհաննեսը (Աթանես, Իվան)…
Ի՞նչ տվեց «Փոթորիկը», օգո՞ւտն էր մեծ, թե՞ վնասը: 1904 թ. հունվարին Սոֆիայում կայացավ ՀՅԴ երրորդ համագումարը, որի ժամանակ Ք. Միքայելյանը մանրամասն հաշվետվություն ներկայացրեց «Փոթորկի» գործունեության ու հայթայթած գումարների մասին: Շեշտվեց, որ բռնի դրամահավաքը ընդունելի է միայն «որոշ տագնապալի վայրկեաններու մէջ, իբրեւ անխուսափելի միջոց մը, որը սակայն, իբր բացարձակ չարիք` պէտք է իր կիրարկութեանը մէջ սահմանափակւի Ընդհանուր ժողովի կողմէ մասնաւոր որոշումներով»:


«Բացարձակ չարիք»… Այո, անկասկած, «Փոթորկի» գործունեությունը բացարձակ չարիք էր: Նախ, խիստ տարօրինակ էր, որ կամավոր դրամահավաք չիրականացվեց Արևմտյան Հայաստանում` թե հարուստների և թե ժողովրդի մեջ, ինչը տրամաբանական կլիներ: Երկրորդ, հայ մեծահարուստներից յուրաքանչյուրը հայ հանրույթ էր պահում, և նրանց ոչնչացումը ընդվզում էր առաջացնելու հենց «Դաշնակցության» դեմ: Եվ, երրորդ, հայ կապիտալիստներից ոչ մեկը իր հարստությունը նվեր չէր ստացել, այլ վաստակել էր արդար քրտինքով, տքնանքով և հազար ու մի փորձություններ հաղթահարելով: Ինչն էլ կփորձեմ ապացուցել Ժամհարյանների օրինակով:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ