Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եկեք թարգմանենք Լավրովի խոսքերը դիվանագիտականից. «Բաքու, իսկ դու հիշո՞ւմ ես 2008 թվականը և Հարավային Օսիան»

Եկեք թարգմանենք Լավրովի խոսքերը դիվանագիտականից. «Բաքու, իսկ դու հիշո՞ւմ ես 2008 թվականը և Հարավային Օսիան»
31.01.2017 | 00:05

2017 թ. հունվարի 17-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամփոփեց ռուսական դիվանագիտության անցած տարվա արդյունքները: Եվ պատկերացնո՞ւմ եք, «անկախ» լրատվամիջոցներում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության դրածոները Ռուսաստանի նախարարին հարկադրեցին անդրադառնալ նաև Արցախի խնդրին: Ասել, թե Լավրովը սադրիչ հարցերին իր պատասխաններով «Ամերիկա հայտնաբերեց» կարգավորման գործում, բացահայտ չափազանցություն կլինի: Լինելով իսկական դիվանագետ, նա նաև կտրուկ ու կոշտ չէր. նախարարի պատասխանները սոսկ փաստերն էին արձանագրում: Ընդ որում, վաղուց հայտնի փաստերը: Ճիշտ է, Երևանում ոմանք, այդ թվում` լրատվամիջոցներ, կարծիք հայտնեցին, թե նրա խոսքերը Բաքվին հասցեագրված միանգամայն որոշակի ուղերձ են պարունակում, այսպես ասած, «ռուսական մեսիջ»: Ըստ էության, ամեն ոք իրավունք ունի այսպես թե այնպես մեկնաբանելու փաստորեն ցանկացած միտք կամ հայտարարություն: Հիշում եմ, հայերի մեջ կային այնպիսիք (ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում), որոնք 2013-2015 թթ. «միջուկային թեմայով» ԱՄՆ-ի ու Իրանի բազմաթիվ շփումները մեկնաբանում էին իբրև Վաշինգտոնի ու Թեհրանի ապագա դաշինք՝ ընդդեմ Ռուսաստանի: Եվ դեռ հայրենակիցներին էլ փորձում էին համոզել, թե նրանք ոչինչ չգիտեն: «Ամերիկացիներն ու իրանցիները հիմա «իրար լավ էլ հասկանում են», նրանք ամեն ինչի մասին արդեն նախապես պայմանավորվել են, և վաղը մյուս օրը Ռուսաստանի վերջը գալու է»,- կռկռում էին այդ «գուշակները»: Կյանքը ցույց է տալիս, որ այդ «միտումը» որոշ հայերի թելադրվում էր, իմ կարծիքով, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից: Չէ՞ որ որոշ կարճամիտներ իրենց «մեկնաբանություններում» կամ չէին նկատում, կամ դիտավորյալ լռության էին մատնում այն հանգամանքը, որ որպես «ատոմի վերաբերյալ» Իրան-ԱՄՆ բանակցությունների միջնորդ, հանդես էին գալիս... Ռուսաստանն ու Չինաստանը, որոնց Իրանն աջակիցներ էր անվանում:


Դե, Աստված իրենց՝ արտասահմանյան երկրների վարձու գործակալների հետ, ասենք նաև, որ այսօր խոսքը Իրանի կամ նրա ատոմային հավակնությունների մասին չէ, թեև ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն արդեն խոստացել է վերանայել «ատոմի վերաբերյալ» Իրանի հետ կնքված Վիեննայի համաձայնագրերը: Իսկ Իրանը, իր հերթին, ԱՄՆ-ին սպառնացել է, որ ամենակարճ ժամկետներում կխափանի Թրամփի կործանարար մտադրությունները և կվերականգնի իր միջուկային ծրագիրը: Այսօր մենք, այնուամենայնիվ, դիմենք Արցախի վերաբերյալ նախարար Լավրովի հայտարարությանն ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքի առթիվ Ադրբեջանի արձագանքին: Մեկ անգամ ևս ընդգծեմ. սենսացիոն ոչինչ չկա Լավրովի պատասխանում, զուր են «խառնվել» որոշ հայկական լրատվամիջոցներ և համացանցային կայքեր:

Սակայն Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից ընթացիկ իրավիճակի սոսկական արձանագրումը չափազանց կարևոր է: Թե՛ մեզ համար, թե՛ ամբողջ տարածաշրջանի:
Եվ այսպես, ապշերոնցի գրչակը հարց է տվել՝ Ռուսաստանը աչք կփակի՞, թե՞ կնախընտրի միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, եթե Բաքուն «հակաահաբեկչական գործողություն սկսի գրավյալ տարածքներում՝ նպատակ ունենալով այդ տարածքներն ազատագրել զավթիչ ուժերից և այլ քրեական տարրերից»: Համոզված եմ, իմ գնահատականը ճիշտ է. դա ոչ թե հարց է, այլ գաղափարախոսական ագիտացիոն սադրանք, քանի որ Ադրբեջանում հստակորեն գիտեն, որ առանց ԱՄՆ-ի և Թուրքիայի համապատասխան «հրամանների», ոչ մի Ալիև ոչ ոքի ոչինչ չի հրամայի պատերազմական գործողությունների վերսկսման առնչությամբ: Մեկ հարցում միայն կհամաձայնեմ լավատեսների հետ. Լավրովի պատասխանը, իրոք, «տեղն է դրել» ապշերոնցիներին: Ընդ որում, այն աստիճանի, որ հետագա օրերին ազգային անվտանգության նախարարության (և կամ իլհամյան աշխատակազմի, քանի որ այդ կայքը, ըստ էության, Բաքվի պաշտոնական տեղեկատվությունից ոչնչով չի տարբերվում) Minval.az ապշերոնյան «կայքիկը» իրար հետևից պարծենկոտ մեծամտական «զեկույցներ» է հրապարակում համապատասխան վերնագրերով, ինչպես, օրինակ. «Մամեդյարովը պատասխանել է Լավրովի ղարաբաղյան ինքնագոհ հայտարարությանը», «Բահար Մուրադովան դժգոհություն է հայտնել Լավրովի անհամարժեք դիրքորոշման առթիվ», «Երևանում, չնկատելով «գերանը», «ասեղ» են հնարել» և այլն: Այ «քյորփեք», մենք ամեն ինչ նկատել և հասկացել ենք, այդ դուք եք այդտեղ՝ Ապշերոնում, իներցիայով ջանում «միտումներ փայփայել»: Հիմա էլ հաղորդվում է, որ «ձայնը կորցրած դեղձանիկ» Փոլադ Բյուլ-բյուլօղլու պահանջով ապշերոնցի այդ լրագրողին նույնիսկ աշխատանքից են ազատել «ոչհայրենասիրության» համար: Իրականում այդ դուք, կրտսեր թուրքեր, պիտի մտորեք, թե է՞լ ինչ իրական զիջումներ նույն Ռուսաստանին ու Իրանին հիմա պատրաստ կլինի անելու ձեր «նոր ավագ եղբայր» Էրդողանը, և նա երբ կորոշի «հանձնել» Ադրբեջանը՝ իբրև Թուրքիայի արտաքին քաղաքականության գործոն: Սիրիայում նա դեռ փորձում է «պոզահարել»` թուրքերի և ԱՄՆ-ի համար երկարացնելով այնպիսի խմբավորումների «կյանքը», ինչպիսիք են «Ջեիշ ալ-Իսլամը» կամ «Ահրամ աշ-Շամը»: Իսկ Իրաքում ընդունել է պարտությունը. ահա, թաղամաս թաղամասի հետևից ազատագրվում է Մոսուլը, և այնտեղ գործում են ոչ այնքան Իրաքի բանակը՝ ամերիկյան ռազմական խորհրդականների գլխավորությամբ, որքան տարբեր շիա աշխարհազորայիններ: Հուսով եմ, որ Բաքվում տեղյակ են, թե հիմնականում ում հրամաններն են կատարում շիա աշխարհազորայինները Մերձավոր Արևելքում: Բայց չէ՞ որ Ռուսաստանին և Իրանին Անդրկովկասում էլ է պետք Թուրքիայի անվերապահ կապիտուլյացիան, ինչից հետո միջնորդավորված կապիտուլյացիայի կենթարկվի նաև ԱՄՆ-ը՝ Իսրայելի հետ: Այնպես որ, ապշերոնցի գիտունիկներ, ձեզ համար ամեն ինչ դեռ առջևում է, և շուտով, երևի, մենք կտեսնենք, թե ինչպես քծնանքի սովոր կովկասյան թաթարները կնետվեն Մոսկվա և Թեհրան՝ ապացուցելու, որ իրենք միշտ եղել են ամերիկատյացներ ու թրքատյացներ:


Լավրովն անմիջապես հասկացել է ադրբեջանցի «լրագրողի» սադրանքի նպատակը, ուստի և պատասխանել է չոր, թեև բավական մանրամասն: Ռուսաստանի նախարարը ի պատասխան հայտարարել է. «Դա (Արցախյան խնդիրը-խմբ.) արդեն ինչ-որ աբստրակտ բան չէ, բացարձակապես Ադրբեջանի ներքին գործերի թեմա չի հանդիսանում»: Եվ հավելել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ կա որոշումների մի ամբողջ տրցակ, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ հակամարտության ամենաթունդ շրջանում, և պահանջում էին դադարեցնել կրակը: Եթե հետաքրքրվում եք, կարելի է դիմել արխիվներին և տեսնել, թե ինչպես են կատարվել կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ այդ պահանջները, ում կողմից են կատարվել և ում կողմից չեն կատարվել»: Այնուհետև Լավրովը հիշեցրել է, որ թեև պայմաններից մեկը եղել է «գրավյալ տարածքների» ազատումը, նկատի է առնվել ամենևին ոչ ուժով և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման պարագայում:

«Եվ սա գրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, նրա համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջոցով: Դա վավերագրված է համանախագահ երկրների ղեկավարների (Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների) ընդունած բազմաթիվ հայտարարություններում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված ու ստորագրված հայտարարություններում ու փաստաթղթերում: Վեճերի խաղաղ կարգավորումն այնտեղ գրված է ամենայն հավաստիությամբ»,- նշել է Լավրովը: Իսկ անդրադառնալով Ադրբեջանի ապրիլյան ռազմական արկածախնդրությանը, Լավրովը հիշեցրել է, որ, հաշվի առնելով կողմերի փոխադարձ մեղադրանքները, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցյալ տարվա կեսերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած բարձր մակարդակի հանդիպումներում պայմանավորվածություն է ձեռք բերվել միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու, անմիջականորեն շփման գծում ԵԱՀԿ դիտորդների քանակն ավելացնելու անհրաժեշտության մասին: «Բայց, ցավոք, դրա համար այնպիսի տարրական, անհրաժեշտ բաներ, ինչպիսիք են միջադեպերի հետաքննության մեխանիզմը և շփման գծում ԵԱՀԿ դիտորդների ավելացումը, չեն կարող կենսագործվել, քանի դեռ կոնսենսուս չկա ԵԱՀԿ-ում: ԵԱՀԿ-ում կոնսենսուսի բացակայության պատճառների մասին ևս կարելի է հետաքրքրվել այդ կազմակերպության ղեկավարներից»,- եզրափակել է Լավրովը:


Լավրովի պատասխանի ընդգծված մասը՝ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման պարագայում», ծայրաստիճան կարևոր է: Բանն այն է, որ ադրբեջանական լրատվամիջոցները, հեռարձակելով Ռուսաստանի նախարարի պատասխանը, ամեն հնարք գործադրում էին «սվաղելու» Լավրովի խոսքի այդ մասի իմաստը: Ադրբեջանցիների մոտ այնպես էր ստացվում, թե իբր Լավրովը հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության «վերջնական կարգավիճակի սահմանման» հարցը: Մինչդեռ անզեն աչքով էլ նկատելի է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը, այսպես կոչված, «գրավյալ տարածքների»՝ Արցախ-ԼՂՀ-ի շրջակա անվտանգության գոտու հողերի հարցի լուծումը տեսնում է, ըստ էության, միայն Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի սահմանումից հետո: Քանի որ այդ վերջնական կարգավիճակը սահմանելու համար նախ պետք են համապատասխան միջոցառումներ, այդ թվում նաև ԼՂՀ-ի ժողովրդի «կարծիքի ի հայտ բերման» ինչ-որ գործընթացի նախապատրաստում՝ լինի դա կրկնական հանրաքվե (առաջինը անցկացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին) կամ որևէ «հարցում» («պլեբիսցիտ») և այլն, և այլն: Նորմալ մարդիկ այդպես էլ հասկանում են, որ այդ ժամանակաընթացքում ոչ ոքի ձեռնտու չէ որևէ զորաշարժ, իսկ Լավրովը, ի տարբերություն ապշերոնցիների, նորմալ, իրազեկ մարդ է և ռազմի դաշտում ոտնահարված ինքնասիրության վիրավորվածության ինչ-ինչ համախտանիշներով չի տառապում:


Բայց սա չէ՞ որ «նոր», առավել ևս սենսացիոն բան չէ: Քանի որ կան ամեն տեսակի «Մադրիդյան սկզբունքներ», որոնցում գրված է, որ նախ պետք է սահմանվի կարգավիճակը և հետո միայն մնացած բոլորը, ապա այստեղ ոչ մի նոր բան չկա: Բացառություն է ուժի գործադրումը. դա մի սկզբունք է, որը (գոնե պաշտոնապես) չի վիճարկվել և չի վիճարկվում ոչ Ռուսաստանի, ոչ էլ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից: «Հընթացս» մեջտեղ է գալիս ամերիկա-տերպետրոսյանական թեզիսը ինչ-որ «ժամանակավոր կարգավիճակի» մասին:

Բայց, փառք Աստծո, յոլա կգնանք առանց «ամերիկյան մոտիվներով» կապիտուլյանտության: Ահա սա է «Լավրովի ապտակը Ադրբեջանին», ինչպես գրել են մի շարք հայկական լրատվամիջոցներ, և բնավ ոչ այն, թե իբր «Լավրովը, փաստորեն, ապտակ է հասցնում Ադրբեջանին» այն բանի համար, որ նա փորձում է ղարաբաղյան հակամարտությունը վերածել բացառապես իր ներքին քաղաքականության հարցի: Այս առումով Բաքվին «ապտակ է հասցվել» դեռ 2008-ին, ընդ որում` ոչ թե Լավրովի, այլ անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից, որ այն ժամանակ Ռուսաստանի վարչապետն էր: Ընդ որում, նա «ապտակ հասցրեց» և՛ իր գործողություններով՝ ի պատասխան նույն տարվա օգոստոսին Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիայի, և՛ նույն Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման որոշմամբ, և՛ կոնկրետ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, չէ՞ որ Բաքուն դեռ 2008 թվականին էր «հող շոշափում»: Այն ժամանակ ապշերոնցիները այրվում էին Վրաստանի արկածախնդրական գործողությունները կրկնելու ցանկությամբ, բնականաբար, ընդդեմ Արցախի:


Ե՛վ Պուտինը, ընդ որում` ոչ միայն Վրաստանին, այլև Վրաստանի թիկունքին կանգնած Արևմուտքին՝ 2008-ին Հարավային Օսիայի առիթով, և՛ Լավրովը 2017-ին ադրբեջանցի լրագրողին (ուրեմն և՝ դարձյալ ամբողջ աշխարհին) հասկանալ տվեցին, որ դա տարածքային վեճ չէ, այլ առաջին հերթին ինքնորոշման հարց է: Հիշո՞ւմ են, արդյոք, ադրբեջանցիները 2008-ը: Եվ այն վախը, որ նրանք իրենց լրատվամիջոցներում նկարագրում էին այն բանից հետո, երբ Վրաստանը ջախջախվեց զուտ միայն չեչենական «Արևելք» գումարտակի կողմից:

Այդ մասին է վկայում նաև այն, որ Ռուսաստանի նախարարը հիշատակեց Արցախի վերջնական կարգավիճակի սահմանման պայմանները, որ շարադրված են հակամարտությանը վերաբերող միջազգային փաստաթղթերում: Սա կարևոր հանգամանք է այն առումով, որ մինչ այդ Ռուսաստանը մի քանի անգամ հայտարարել էր, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս ֆոնին Լավրովի պնդումը, թե Արցախի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ, խոսում է այն մասին, որ Բաքուն, միևնույն է, փախչելու տեղ չունի Արցախի վերջնական կարգավիճակի սահմանման հարցից, և որ այդ հարցում Ադրբեջանին չի հաջողվի Մոսկվան և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահներին օգտագործել իբրև գործիք միակողմանի որոշումներ պարտադրելու և պատերազմի իր քաղաքականությունն առաջ տանելու համար: Իհարկե, չի կարելի բացառել, որ Լավրովի կողմից անհերքելի փաստերի չոր արձանագրումը հետևանք է այն բանի, որ Իլհամ Ալիևը կոպտորեն խախտեց անձամբ Պուտինին 2016 թ. մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում տված հավաստիացումներն ու խոստումները. օրինակ, հենց նույն «դրա համար այնպիսի տարրական, անհրաժեշտ բան, ինչպիսիք են միջադեպերի հետաքննության մեխանիզմի և շփման գծում ԵԱՀԿ դիտորդների ավելացման» հարցում: Երևում է, որ Լավրովը այդ պարտավորությունների ձախողման գործում ուղղակիորեն մեղադրում է հենց Ադրբեջանին: Մոսկվան շատ լավ է հասկանում, որ իր վարքագծով Ալիևը կասկածի տակ է դնում Ռուսաստանի և անձամբ Պուտինի հեղինակությունը: Եվ ուրեմն, Բաքում սպառնալիքի տակ է դնում Մոսկվայի ազդեցությունը Արցախի հարցում առհասարակ և, մասնավորապես, նրա ընդունակությունը՝ տարածաշրջանում ապահովելու հարաբերական կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն: Բացի այդ, Արցախի հարցում Կրեմլի և նրա դաշնակից Իրանի ներկա քաղաքականության նպատակը նոր պայթյուն թույլ չտալն է, իսկ Բաքուն չի ուզում որևէ պարտավորություն ստանձնել այդ հարցում՝ մշտապես պահպանելով լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման իրական սպառնալիքը: Մոսկվան, իհարկե, չի ուզում հաշտվել սրա հետ, քանի որ չի կարող դառնալ Բաքվի անշրջահայաց քայլերի պատանդը:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ