Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ծերուկն անտանելի է դառնում

Ծերուկն անտանելի է դառնում
31.01.2017 | 00:55

ՀՀԿ-ն շարունակում է զարմացնել: Բոլորը, տարված լինելով «չորացող առվակներով» և ընդամենը մեկ-երկու բնակավայր (չէ, հո չե՞նք ասում՝ Արարատի ու Կոտայքի մարզերը) ոռոգող վտակներով, չնկատեցին ամենակարևորը. ի դեմս բնապահպանական այս ասքի՝ ՀՀԿ-ն «ազատագրվեց» բավականին մեծ բալաստից:


Լինենք անկեղծ` մինչ այժմ ՀՀԿ-ում «վտակներն ու առուները» խառնել, ալքիմիայի է ենթարկել, լայնամասշտաբ «զորավարժություններ» է իրականացրել, ընդդիմության հետ բազմաբևեռ խաղեր տվող, դրանք հմտորեն մանիպուլյացնող մեկ անձ: Եվ այդ անձը, գաղտնիք չէ, Հովիկ Աբրահամյանն էր: Ով, եթե էլ ավելի անկեղծ, միշտ էլ հաջողել է… վերջնահաշվում:


Կլինի՞ դեժավյու այս անգամ ևս: Հաշվենք: Առաջնահերթ արձանագրմամբ. այն, ինչ արեց Հովիկ Աբրահամյանն այս անգամ, խոր ապահաշվարկ ուներ` սկզբի համար: Քանզի երկու օրվա ՀՀԿ-ից «դուրս» եկած ցանկացած ոք, էլ չենք ասում տևական տարիներ գրեթե երկրորդ դեմքի կարգավիճակ ունեցող մեկը, պատասխանատվության ու վարքականոնի առումով` ա) պետք է իր նախկին կուսակցության ու նրա առաջնորդի հետ, որը նաև երկրի առաջին դեմքն է, չխոսեր ֆեյսբուքյան ասուլիսով, մանավանդ որ դա երբեք իր ժանրում չի եղել, բ) չպետք է .խոսեր «ռաբիսի» այն խոր մակարդակով, որն ուղղակի ֆարսի էր նման, եթե այդքան ողբերգական չլիներ: Հասկանալի է, Հովիկ Աբրահամյանը դիտմամբ սրում է ինտրիգը` հերոսանալու համար ՀՀԿ-ի բողոքական թևի առաջ, որտեղից այդպես էլ որևէ մեկը չհամարձակվեց հետևել իրեն ու դուրս գալ կուսակցությունից` հանուն Արգամիչի: Նա հերոսանում էր նաև մնացյալ` ՀՀԿ չսիրող ուժերի և գործիչների համար:


Պատայի՞ն է Հովիկ Աբրահամյանի համար իրավիճակը: Այս պահին` այո, որովհետև, ինչպես Սեյրան Օհանյանին ու Վարդան Օսկանյանին, նորօրյա «հերոսին» նույնպես «նոն-ստոպ» հարցերի շարք է սպասում` թե՛ Մարտի մեկի, թե՛ ստեղծված շտաբի, թե՛ ընտրական կեղծարարությունների, թե՛ տապալված տնտեսության, թե՛ ձեռք բերած առաջին «միլիոնի», թե՛ մնացածի մասով: Էլ չենք ասում, որ «շատ առաջ» գնալու դեպքում, ինչպես օրերս նկատել էր լրատվամիջոցներից մեկը, կստացվի, որ Հովիկ Աբրահամյանը կրակի հետ է խաղում: Ասել է` հակընդդեմ «գետը» կարող է առնվազն հեղեղ, եթե ոչ ցունամի սարքել նրա գլխին:
Ի դեպ, այս ամենում կար անչափ հետաքրքիր մեկ օրինաչափություն ևս. կյանքում առաջին անգամ Հովիկ Աբրահամյանը խաղաց իր դեմքով, իր ձեռքերով: Որպես օրինաչափություն, նա ցայս խաղացել է այլոց միջոցով: ՈՒ թե քիչ էլ անկեղծ լինենք, ապա այս անգամ կարծես իրենով խաղացին:


Ովքե՞ր: «Մնացյալք», որոնք դեռ հմտորեն քողարկվում են: Որոնց «թաքուն» ուժից ոգևորված էլ խաղը կշարունակի Հովիկ Աբրահամյանը, որովհետև այլևս որևէ ջոկեր չունի այս մեծ խաղում, և իր հույսը, ինչպես ասել ենք, ֆորս մաժորն է, ինչի մասին, ի դեպ, օրերս ակնարկեց ոչ պակաս «գորշ» կարդինալ, խաղի մեջ առանձնապես չերևացող «Կամանդույուշչին»` Սամվել Բաբայանը. այն է` առջևում կարևոր զարգացումներ են լինելու:
Իհարկե, ինչպես Սեյրան Օհանյանի, այնպես էլ Հովիկ Արգամիչի դեպքում կարելի է բարոյախրատական լիքը «ասքեր» ձոնել, բայց քանի որ քաղաքականությունը հայտնի արհեստին միշտ հավասար է քայլում, հռետորաբանությունը մի կողմ թողնելով ասենք՝ իշխանությունից «քշված» այս երկուսն էլ խոսում և ցուցադրում են Ռուսաստանի անունից (մեկը հանդիպեց Մեդվեդևի հետ, մյուսը Շոյգուի մտերիմն է եղել):


Եվ այնուհանդերձ, չէր խանգարի նորելուկ ընդդիմադիրներ-ֆորսմաժորիստներին` յուրյանց ներամփոփման ու խոկման ժամին իրենք իրենց հարցնել.
-Իսկ ձեռնտո՞ւ է Ռուսաստանին տարածաշրջանային զարգացումների այս փուլում ֆորսմաժորը:
Իհարկե՝ ոչ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ