Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան  բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
31.01.2017 | 11:39

(սկիզբը`այստեղ)

Բազմաբնակարանային շենքերի համար նախատեսված ցածր սեյսմակայունությունը համարվում էր խորհրդային կենտրոնացված պլանային տնտեսության կարևոր բացթողումներից մեկը, հատկապես Խրուշչովի տարիներին: Ապրելու համար անհարմար, ցածր սեյսմակայունությամբ, էժանագին, այսպես կոչված, «խրուշչովկաները», շատ են նաև Երևանի Աջափնյակ, Չարբախ ու այլ թաղամասերում: Էժանագին բնակարանաշինության խրուշչովյան կոնցեպցիային խորհրդային քաղաքացիները տվել էին հետևյալ ծաղրական նկարագիրը. լոգարանը միացված էր խոհանոցին, առաստաղը՝ հատակին:
Բնակելի շենքերի ցածր սեյսմակայունությունը դարձյալ բացատրվում էր էական խնայողությունների հասնելու կոմունիստական հաշվարկներով՝ առանց հաշվի առնելու խորհրդային քաղաքացիների կյանքի ու անվտանգության հիմնախնդիրները: Սեյսմակայունությունը մեկ բալով իջեցնելու պարագայում շինարարության արժեքը կարող էր իջնել մոտ 20 տոկոսով, միևնույն կապիտալ ներդրումների հաշվին կարելի էր կառուցել 20 տոկոսով ավելի շատ բնակարաններ, 20 տոկոսով թեթևացնելով բնակարանային հերթերը, ինչը (ժամանակավոր փրկություն կրեմլյան իշխանությունների համար) թույլ էր տալիս շարունակել անհեռանկար սոցիալական քաղաքականությունը, որը հիմնովին խարսխված էր մարդկանց խաբելու, նրանց աչքերին թոզ փչելու, սին հույսերով կերակրելու և, ամենակարևորը, ժամանակ շահելու, թե պայծառ ապագան այնքան էլ հեռու չէ, մի քիչ էլ է պետք համբերել ու սպասել, բնակարանային հերթերը կամաց-կամաց կպակասեն, կյանքը կթեթևանա, ու ամեն ինչ կգնա լենինյան կոմունիստական հունով: Խորհրդային ղեկավարությունը լավ էր հասկանում, որ խորհրդային մարդկանց համբերությունը վերջանալու վրա է, արդեն բարձրանում է մարդկանց արդարացի բողոքի ձայնը, այն կարելի է լռեցնել միայն առժամանակ, հավերժ լռեցնել չի ստացվի, պետք է փորձել այն մեղմել՝ թեկուզ ժամանակավորապես, բայց թե մինչև երբ, ոչ ոք չգիտեր, որովհետև ոչ ոք չգիտեր, թե Խորհրդային Միությունում տիրող այդ աննորմալ քաղաքա-տնտեսական համակարգը մինչև երբ է շարունակվելու. հավանաբար մինչև Գորբաչովի նման մի «ձախորդ» ղեկավարի ի հայտ գալը, մինչև Լենինի նման հերթական պայծառատեսի գալուստը:


Կյանքը ցույց տվեց, որ էժան կառուցված տները կարող են մի քանի րոպեում քանդվել ու ամբողջությամբ հողին հավասարվել՝ իրենց հետ տանելով բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր, ինչպես տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի դեպքում, որը, իր հերթին, պարզորոշ ցույց տվեց կոմունիստական տնտեսավարման բարոյական այլանդակության իրական պատկերը:
1988 թվականի երկրաշարժից հետո շենքերի սեյսմակայունության բարձրացման հարցը ժամանակավորապես մտավ Հայաստանի կոմունիստական իշխանությունների առաջնահերթությունների ցուցակի մեջ, դարձավ ամենակարևորը, քննարկման դրվեց ու, պետական բարձր մակարդակով, ընդունվեց հետևյալ կարևոր որոշումը. Հայաստանում այսուհետ կառուցել միայն սեյսմակայուն շենքեր՝ տեսադաշտում, միաժամանակ, պահելով եղած շենքերի սեյսմակայունության բարձրացման խնդիրները՝ մասսայաբար կիրառելով ամրացման ինժեներա-շինարարական աշխատանքները: Այդ որոշումը, խորհրդային ժամանակների մյուս որոշումների նման, կրեց ժամանակավոր բնույթ ու, նոր իշխանությունների գալուն պես, շատ արագ մոռացվեց: Դրա մասին է վկայում այն անպատասխանատվությունը, որ իրենց աշխատանքները կազմակերպելիս ցուցաբերում էին, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի պրոֆիլային ստորաբաժանումները: Այս հարցերում մենք խորհրդային ժամանակներից շատ հեռու չենք գնացել, ավելի ճիշտ կլինի ասել՝ զգալի նահանջ ենք ապրել, որովհետև եղածը չենք ցանկանում պահել ու պահպանել, մարդկանց կյանքին ու առողջությանը վերաբերող այս կարևոր ճակատում ևս ամեն ինչ դարձյալ արվում է հանուն փողի:


Պետք է խոստովանել, որ Գորբաչովից հետո հետխորհրդային շարքային քաղաքացիների կյանքն ավելի է արժեզրկվել, հավասարեցվել է զրոյի: Եթե օգտվենք բարդ ֆունկցիաների պարզեցման ու ֆունկցիա-արգումենտ անմիջական կապի հաստատման մաթեմատիկական մոտեցումներից, ազատվենք ու մի կողմ դնենք միջանկյալ ֆունկցիոնալ կախվածությունները, ապա կունենանք հետևյալ պատկերը. իրենց գրպանի փողը աշխատելու համար Հայաստանի բոլոր քաղաքապետերն ու գյուղապետերը չեն խորշում այնպիսի քայլերից, որոնք, ուղղակի կամ անուղղակի ճանապարհներով, վտանգում են մեր բնակիչների կյանքն ու առողջությունը՝ բազմաթիվ կետերով խախտելով ՀՀ Սահմանադրության նորմերը: Այդպիսի մոտեցումներն իրենց ստամոքսի ծալքերում պահում են նաև Հայաստանի բոլոր իշխանական մարմինները՝ ՀՀ իրավապահ ու դատական մարմինների գլխավորությամբ. նրանց համար ևս մեր քաղաքացիների կյանքը ոչինչ չարժե: Հետաքրքիր է իմանալ՝ մեր իշխանավորների մոտավոր հաշվարկներով, որքա՞ն է գնահատվում հայ մարդու կյանքը՝ որպես քաղաքացու ու որպես ընտրողի (որպես ընտրակեղծիքի մշտական օբյեկտի): Մեկ միավոր անձ-ընտրողի պետական պաշտոնական գինը մենք արդեն գիտենք, էմպիրիկ տվյալներով այն 5-20 հազար դրամ է կամ 10-50 դոլար: Մտովի պատկերացնենք մի այսպիսի սարսափելի իրավիճակ. դիցուք, ուժեղ երկրաշարժի պատճառով, Աստված մի արասցե, ամբողջությամբ ավերվել է Մոսկովյան փողոցի 21 շենքը, զոհվել է շենքի բնակիչների մոտավորապես կեսը՝ մոտ 100 մարդ (մոտավոր տվյալներով Սպիտակում այդպես էր): Եթե քաղաքապետարանի քաղծառայողների ստացած 70 հազար դոլարի կաշառքը (14 վերափոխված դռան բացվածք x 5-հազարական կաշառք) բաժանենք 100-ի, ապա կստանանք 700 դոլար թիվը, որը, մոտավորապես, կարող է ընդունվել որպես մեր շենքի բնակիչների կյանքի արժեքը՝ համաձայն քաղաքապետարանային կոռուպցիոն գնացուցակի: Ընտրությունների ժամանակ մարդ-ձայնի միջին գինը, իրականում, ավելի ցածր է՝ մոտ 20 դոլար: Այստեղ ոչնչով չհիմնավորված անճշտություն կա, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի (կենդանի, թե մեռած) միջազգային ֆինանսական կազմակերպություններին արդեն պարտք է 2 հազար դոլար, որը մոնոտոն աճի միտում ունի: Երկրաշարժի դեպքում հայրենի երկրի բյուջեն միայն մեր բազմաբնակարանային շենքից կկորցնի հարյուր պարտատիրոջ:


Համապատասխան պաշտոնյաները կարող են ինքնուրույն հաշվարկներ կատարել, ունենալով ինչ-ինչ գիտությունների թեկնածուի դիպլոմ, ու որոշել բյուջեի մյուս սպասվող կորուստների ճշգրիտ չափը՝ հաշվի առնելով Երևանի շենքերի սեյսմակայունության իրական վիճակը: Համեմատության համար ես կարող եմ բերել հայ մարդկանց իրական արժեքների իմ սեփական հաշվարկները՝ ելնելով հելիոֆիկացիայի Հերունի-Համազասպյան ծրագրի հետ կապված միանգամայն իրատեսական հաշվարկներից: Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի իրականացումը թույլ կտա ունենալ հեռանկարային արտադրություններ ու, նոր արտադրատեսակներով, դուրս գալ արևային տեխնիկայի օրեցօր զարգացող միջազգային շուկա, որի մոտավոր հաշվարկային ծավալները կազմելու են 8 տրիլիոն դոլար (8 տրիլիոն դոլարը վերաբերում է միայն արևային ծրագրի զարգացման առաջին փուլին, որին հետևելու են երկրորդ, երրորդ ու հաջորդ, ավելի հեռանկարային փուլերը՝ հաշվի առնելով արևային տեխնոլոգիաների տված ֆանտաստիկ հնարավորությունները), որը կարող է ներկայացվել այսպես. 2,6666 միլիոն դոլար x 3 միլիոն Հայաստանի քաղաքացի կամ 0, 666 միլիոն դոլար x 12 միլիոնի հասնող աշխարհասփյուռ հայություն: 2,666 կամ 0,666 միլիոն դոլարը ամենևին էլ հայ մարդու գինը չէ, ինձ համար հայ մարդը, աշխարհի որ անկյունում էլ լինի, բարձրագույն արժեք ու անգին է: Այս թվերը կարող ենք ընկալել որպես յուրաքանչյուր հայի համար նախատեսված վիրտուալ բաժնեմասերի մոտավոր չափը, որը իրատեսական կլինի՝ աշխարհի հելիոֆիկացիայի մեր ծրագիրը հաջողությամբ իրականացնելու դեպքում: Այս թվերը հիվանդոտ երևակայության արդյունք չեն, դրանք իրատեսական են ու կարող են իրականություն դառնալ, եթե մեր երկիրը վերադառնա իրեն հարիր աշխատանքային նորմալ ռիթմին, հրաժարվի սերունդների հաշվին ապրելու անպատվաբեր պրակտիկայից՝ անվերջ պարտքեր կուտակելով, ծախելով ու ծախսելով երկրի անկախությունը:


ՈՒսումնասիրելով Հայաստանի կոռուպցիոն համակարգի առանձնահատկությունները` գալիս ենք մի պարզ հետևության. ստեղծված պայմաններում Հայաստանի տնտեսությունն արդյունավետ ձևով աշխատել չի կարող, որքան սահմանադրություններ ու վարչապետներ էլ մենք փոխենք, մեր հաջողությունները գրանցվելու են հայրենիք-սփյուռք գիտաարտադրական լայն համագործակցություն հաստատելու պարագայում: Այո, այս իշխանությունների գոյությունը բացասաբար է ազդում մեր տնտեսության վրա, նրանցից ազատվել մենք չենք կարողանում, ուրեմն մնում է մի էտյուդային տարբերակ. հայկական արդյունաբերությունն ու տնտեսությունը պետք է կազմակերպել սփյուռքում՝ ներգրավելով Հայաստանի գիտական, ինժեներական ու բանվորական պոտենցիալը, որքան շուտ, այնքան լավ:


Սփյուռքի հետ համատեղ գիտաարտադրական պրոցես կազմակերպելու, արտադրական փակ ցիկլով աշխատելու պարագայում մենք, աշխարհի բոլոր մասերում, կստանանք հսկայական մրցակցային առավելություններ, կունենանք բաց ճանապարհներ, նյութական ու էներգետիկ անխափան մատակարարում, չկոռումպացված աշխատանքային միջավայր, առաջնակարգ տեխնիկա ու տեխնոլոգիաներ, 7-միլիարդանոց միջազգային շուկա, արտադրությունների ու շուկաների ֆիզիկական համատեղում և հազար ու մի այլ նպաստավոր բաներ: Համահայկական տնտեսություն կազմակերպելու կարևոր գործի համար ես պատրաստ եմ նվիրաբերելու իմ բոլոր գյուտերն ու մշակումները, դրանք շատ են ու բավականին ծանրակշիռ:
Հարկ է նշել, որ արտադրական պրոցեսների կազմակերպման այս տարբերակում մենք օրիգինալ լինել չենք կարող, այդ մոտեցումը տարբեր ձևերով արդեն իրականացվել է Իսրայելում ու արաբական որոշ երկրներում: Իրենց գործը սկսելու համար հրեաները կարող են օգտվել զարգացման հատուկ հրեական հիմնադրամներից, ստանալ պահանջվող մեկնադրամները (տՏՊՕպՎվօպ): Արաբական որոշ երկրներում, յուրաքանչյուր ծնված երեխայի անունով, հատուկ հաշիվ է բացվում ու միլիոն դոլարանոց հատկացումներ կատարվում: Համահայկական տնտեսության գաղափարը հատկապես արդիական կլինի Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Ամերիկայի նորընտիր նախագահը ծրագրել է մաքսային խոչընդոտներ ստեղծելու և հարկային արտոնություններ տրամադրելու միջոցով իր արտադրությունները հետ բերել ուրիշ երկրներից՝ խթանելով դրանց զարգացումը երկրի ներսում: Արդեն աժիոտաժային իրարանցում է ստեղծվել ավտոմոբիլաշինության բնագավառում. Ամերիկայի դռները փակվում են ճապոնական ավտոարտադրողների առաջ, 2017 թվականի հունվարի 4-ին չեղյալ է հայտարարվել Մեքսիկայում «Ֆորդի» ավտոհավաքման գործարան կառուցելու 2,4 միլիարդ դոլարանոց ծրագիրը: Թրամփյան ըմբռնման զոհ են դառնալու նաև Չինաստանում, Հնդկաստանում, Եվրոպայում ու այլ տեղերում գործող ամերիկյան արտադրություններ: Ամերիկան մտնելու է իր պատյանի մեջ և աշխատելու է իր համար՝ հետևողականորեն սահմանափակումներ դնելով ներմուծված ապրանքների վրա:

Սա լավ հնարավորություն կտա մեզ՝ հայկական ապրանքների արտադրությունը Ամերիկայում կազմակերպելու համար. հայկական տեխնոլոգիաներ, ամերիկահայ աշխատակազմ ու 300-միլիոնանոց ամերիկյան էլիտար շուկա՝ վատ տարբերակ չէ:
Նույն մոտեցումով մենք կարող ենք աշխատել նաև մյուս երկրներում՝ ՈՒրուգվայում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, ամենուր, որտեղ կան կայացած հայկական համայնքներ: Մենք լավ գիտենք այդ աշխարհագրությունը, դա համայն աշխարհն է: Մեզ ոչ ոք իրավունք չի տվել սահմանափակվելու միայն Ռուսաստանով կամ ԵԱՏՄ-ով, Հայոց ցեղասպանության պատճառով մենք դարձել ենք աշխարհասփյուռ ազգ ու կանգնած ենք ասիմիլյացիայի վտանգի առաջ, որից պաշտպանվելու լավագույն ձևը կլինի համատեղ շահավետ բիզնեսի կազմակերպումն այնպես, ինչպես դա անում են աշխարհասփյուռ հրեաները: Նրանք կարողանում են պահպանել իրենց ազգային պատկերը, որովհետև ստեղծել են այնպիսի տնտեսական միջավայր, որտեղ հրեա լինելը շահավետ է: 20 միլիոն հրեաներից շատերը զտարյուն չեն, բայց 5-10-տոկոսանոց հրեան արդեն հրեա է և իրավունք է ստանում օգտվելու բոլոր արտոնություններից: Համահայկական տնտեսություն ունենալուց հետո մենք կտեսնենք, որ 12 միլիոն հայությանը կմիանան նաև 5-10-տոկոսանոց հայերն ու մեր թիվը աշխարհում կկրկնապատկվի, կեռապատկվի: Այս գաղափարները մենք հետագայում կզարգացնենք (օգտագործելով նաև մեր ընթերցողների հուշող գաղափարները, որոնք շատ են, օգտակար և օրիգինալ, դրանցից մեկը փարիզաբնակ Վարդան Գաբրիելյանի առաջարկն է՝ միավորել հայկական գիտության ու սփյուռքի ֆինանսատեխնոլոգիական հնարավորությունները), երբ կանցնենք սփյուռքում համահայկական տնտեսություն կազմակերպելու հիմնախնդիրներին, բայց վերադառնանք մեր անիրավ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, որպեսզի տեսնենք ու հասկանանք, թե մեր կյանքում ինչեր են կատարվում ու թե ինչպես է պետք դուրս գալ ազատ ու անկախ Հայաստանի ճահճացած միջավայրից: Իմ կարծիքով այստեղ մի հետաքրքիր ելք կա. ճահիճը պետք է չորացնել ու պարարտ հող դարձնել հայ և օտարերկրյա արդյունաբերողների և գործարարների համար:
Մենք արդեն գիտենք, որ Մոսկովյան 21 շենքի խանութների դռների բացվածքներում բացակայում են հակասեյսմիկ պարտադիր երկաթբետոնե շրջանակները, որովհետև խանութների տերերին դա ձեռնտու չէ, դռների բացվածքները կստացվեն նեղլիկ, հաճախորդների համար անհարմար. այլապես մարդիկ ստիպված կլինեն ներսուդուրս անել իրար քսվելով:

Հաջող առևտուր ունենալու համար խանութների դռներն ու ցուցափեղկերը պետք է լինեն ավելի ընդարձակ ու գրավիչ: Հիմա դռների բացվածքների միջին լայնությունը 1,5 մետր է (պատուհանների նախնական բացվածքի 1,3-ի փոխարեն): Հակասեյսմիկ շրջանակների պարագայում դռների միջին լայնությունը կհասներ 0,8-0,9 մետրի, որը ոչ մի դեպքում ընդունելի չէր լինի խանութների տերերի համար: Շենքի բնակիչներին դա չի հետաքրքրում, միանշանակ է, որ իրենց ներքևի հարկերի բնակարանների տարածքներում բացվող խանութներն ու դրանց համար վերակառուցված դուռ-ցուցափեղկային ավելի ընդարձակ բացվածքներն իջեցնելու են շենքի ընդհանուր սեյսմակայունությունը՝ երկու պատճառով.
ա) թուլանալու են շենքի ընդհանուր կրող պատերը,
բ) փոխվելու են շենքի առանձին մասերի ռեզոնանսային բնութագրերը (երկրաշարժերի ժամանակ առանձին վտանգ են ներկայացնում ռեզոնանսային տատանումները, որոնք թույլ ցնցումների ժամանակ անգամ կարող են ավերածություններ առաջացնել, դրանցից խուսափելու համար ճապոնացիները մշակել են հակառեզոնանսային բարձիկների՝ դեմպֆերային կամ տատանումների հանդարտիչների տեխնոլոգիաները): Խանութների դռների ձևափոխված բացվածքներն անխուսափելիորեն հանգեցնելու են շենքի սեյսմակայունության նվազեցմանը, սեյսմակայունության So գործակիցը իջնելու է մինչև Sch ներքին մակարդակը, որի դեպքում տեղին կլինի Sch<So անհավասարությունը: Եթե, օրինակ, բազմաբնակարանային շենքի սեյսմակայունության համար նախատեսված է եղել 8 բալը, ապա շենքի կոնստրուկցիայի «խանութային» ձևափոխումներից հետո այն կարող է իջնել ու հասնել մինչև 6-7 բալի:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 5795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ