Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էրդողանը պատերազմում է Դարվինի դեմ

Էրդողանը պատերազմում է Դարվինի դեմ
31.01.2017 | 12:06

Թուրք դպրոցականների ուսումնական ծրագրերից պետք է հանվի Դարվինի տեսակի զարգացման տեսությունը՝ թուրք դպրոցականները պետք է դաստիարակվեն իբրև «ուղղափառ մուսուլմաններ»: Շատերին դա թվում է վերադարձ միջնադար՝ Tagesanzeiger-ում գրում է Էնվեր Ռոբելլին: Քայլ առ քայլ երկիրը գլորվում է անցյալ: Վերջերս նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի իշխող կուսակցությունը փոփոխություններ կատարեց Սահմանադրության 18 հոդվածներում, որ երկիրը վերածում են իսլամական բռնապետության: Նոր Սահմանադրության հանրաքվեն, որ ծրագրված է ապրիլին, կարող է վերջնականապես փոխել Թուրքիայի ճակատագիրը: Իսկ մինչ այդ Էրդողանի կամակատարները մշակութային հեղափոխություն են անում:

Կրթության նախարար Իսմեթ Յիլմազի կարծիքով՝ թուրքական դպրոցների միջին դասարանների աշակերտները ապագայում չպետք է անցնեն Դարվինի տեսությունը, որի համաձայն մարդը ծագել է կապիկից, այդ տեսությունը կհանվի ուսումնական ծրագրերից: Ամենայն հավանականությամբ՝ դպրոցականներին կբացատրեն, որ մարդիկ, կենդանիներն ու բույսերը ամենակարող ալլահի ձեռքի գործն են: Նոր ուսումնական ծրագրերը, որ վերջերս ներկայացրել է նախարարությունը, դպրոցներ կներմուծվեն փետրվարից:
Էրողանը և նրա «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը էվոլյուցիայի դեմ վաղուց են պայքարում՝ նախագահն ու իշխող կուսակցությունը մտադիր են հասունացող սերնդին դաստիարակել կրոնական ոգով: 2011-ին խիստ նկատողություն արվեց ուսուցչին, որ հինգերորդ դասարանցուն փորձել էր բացատրել Դարվինի տեսության բովանդակությունը: Երեխան տուն էր գնացել ու պատմել էր աստվածավախ ծնողներին, նրանք էլ բողոքել էին դպրոցի տնօրենին: Հարցումների համաձայն՝ թուրքերի 70 % չի հավատում Դարվինի տեսությանը: ՈՒսումնական ծրագրերից անհետանալու են և այլ թեմաներ ու հասկացություններ՝ «սեկուլյարիզմ», «ռեինկարնացիա», «աթեիզմ»՝ այլևս որակվելով «խնդրահարույց»: Նոր ուսումնական ծրագրերում դասաժամեր են հատկացված 2016-ի հուլիսի պետական հեղաշրջման ձախողված փորձի պատմության ուսումնասիրմանը:

Կրճատվել են թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին հատկացված դասաժամերը, ում համար կրոնական դոգմաները քաղաքականությունից դուրս էին: Նոր ծրագրերը արդեն սուր քննադատության են ենթարկել հրապարակախոսներն ու ընդդիմությունը: Թուրք մեկնաբան Մուստաֆա Ակյոլի կարծիքով՝ «ուսումնական ծրագրերից էվոլյուցիայի տեսությունը հանելը հարյուրամյակներ շարունակվող մշակութային պատերազմի ժամանակակից ռաունդն է»: Սոցիալ-դեմոկրատական Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Գաե ՈՒզլուերը ավելի հստակ է ախտորոշել՝ ուսումնական նոր ծրագրերն անընդունելի են, որովհետև կասկածի տակ են դնում Թուրքիայի հիմնարար արժեքները: «Մենք վերադառնում ենք միջնադար»՝ հայտարարել է նա:
Էնվեր ՌՈԲԵԼԼԻ, Tages anzeiger


Հ.Գ. Ինչի՞ է հասնելու Թուրքիայի նախագահը այս փոփոխություններով: Որ բնակչության ոչ միայն 70 %-ը, այլև 100 %-ը չհավատան Դարվինի տեսությա՞նը: Դարվինի ժառանգները Էրդողանին դատի չեն տա: Որքանո՞վ է հնարավոր ժամանակակից տեխնոլոգիաների դարում միջնադար վերադարձը: Թուրքիայում հնարավոր է՝ նրանք պայքարում են ոչ թե գիտելիքի դեմ, նրանք պայքարում են մտածողության ազատության դեմ: Էրդողանին պետք են ենիչերիներ ու նա գնում է սուլթանների ճանապարհով: Ո՞վ է նրան կանգնեցնելու: Ո՞վ է Թուրքիան կանգնեցնելու բռնապետության դռների առաջ: Եվրոպան կարող է ծիծաղել, իսկ մենք՝ ոչ: Թուրքիան Եվրոպայից հեռու է, իսկ մեր հարևանն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ