«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սպանությունն անձնագրերի հետ կապող վարկածի առնչությամբ նույնիսկ պաշտոնական հարցում է եղել, թե ինչ է պարզվել, լռություն է

Սպանությունն անձնագրերի հետ կապող վարկածի առնչությամբ նույնիսկ պաշտոնական հարցում է եղել, թե ինչ է պարզվել, լռություն է
03.02.2017 | 00:53

2009 թ. փետրվարի 3-ին իր բնակարանի դիմաց դարանակալ մարդասպանի կրակոցներից սպանված, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ ԳԵՎՈՐԳ ՄՀԵՐՅԱՆԻ սպանությունը դեռ մնում է չբացահայտված: Սպանության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, սակայն, ինչպես տեղեկացանք Քննչական կոմիտեից, քրեական գործի վարույթը կասեցված է:

Ինչպես հայտնի է, Մհերյանի սպանության գործով պաշտոնապես և ոչ պաշտոնապես գոյություն ունեն տարբեր վարկածներ: Գ. Մհերյանի սպանության պատճառը բացատրող վարկածներից մեկը, այսպես կոչված, անձնագրայինն է: Ի՞նչ է հայտնի այդ կապակցությամբ: Բացատրություններից մեկը կապված է Վրաստանի քաղաքացիներին հայկական անձնագրեր տրամադրելու հետ:


Այդ վարկածի հետ կապված փակագծերը դեռ 2012 թ. ԶԼՄ-ների հետ զրույցում բացել է նախկինում Ազգային անվտանգության պետական վարչության (ԱԱՊՎ) պետի տեղակալ, ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: Վերջինս, հղում կատարելով «չար լեզուների» վրա, ասել է, որ Մհերյանին սպանությունից առաջ հայտնի են եղել ջավախահայության ցուցակները և այն տեղեկությունը, թե քանի միլիոն են աշխատել այդ մարդկանց անձնագիր տալու համար: Ըստ նրա, հենց այս ամենի համար էլ զոհվել է Մհերյանը:


Եղիազարյանի ասելով, ջավախահայերի զանգվածային գրանցումները (ըստ շրջանառվող լուրերի, խոսքը հազարավոր մարդկանց մասին է) սկսվել են հարավօսական պատերազմի ընթացքում, երբ Ռուսաստանը փակել էր Վրաստանի հետ սահմանը, մինչդեռ մեր հայրենակիցներն աշխատելու նպատակով կարիք ունեին մեկնելու Ռուսաստան։ ԱԱՊՎ պետի նախկին տեղակալը, հղում կատարելով շրջանառվող լուրերի վրա, ասել է նաև, որ անձնագրային բյուրոյից այդ մարդկանց թվում ավելի քան 30 վրացի հանցագործներ նույնպես ՀՀ անձնագրեր են ստացել, դրանցով «մաքրվել են», գնացել Եվրոպա: Եղիազարյանի կարծիքով, Մհերյանին սպանել են այն տարրերը, որոնց համար շատ կարևոր էր, որ ջավախահայությանը տված անձնագրերի ցուցակը մինչև վերջ չբացահայտվի։ NEWS.am-ի հետ զրույցում Գուրգեն Եղիազարյանը նշել է. «Պետք է ուշադիր լինել այդ ցուցակներին և կտեսնեք, որ ոչ միայն ջավախահայերն են այստեղ անձնագրեր ստացել, այլև վրացիները, որոնք հայի են վերածվել»:


Դժվար է ասել` վերոնշյալ վարկածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, իրականությունը պետք է պարզեր կամ պարզի նախաքննությունը, որին էլ կոչված է այն: Այնուամենայնիվ, կան նաև տեղեկություններ, փաստեր, որոնց աղբյուրը չար լեզուները և շրջանառվող լուրերը չեն: Մհերյանի սպանության` անձնագրերի հետ կապված լինելու վարկածի առնչությամբ ժամանակին ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանն այն ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին դիմել է հետևյալ գրությամբ. «ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Պետրոսի Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության անհրաժեշտությունից ելնելով` խնդրում եմ հանձնարարել տրամադրել 2007-2008 թթ. ՀՀ քաղաքացու անձնագրերի գնման գործընթացի վերաբերյալ ողջ փաստաթղթերը»:
Թե ՀՔԾ-ն ինչ է պարզել դրանից հետո, անհայտ է:


«Այս փաստաթղթին պատասխան չկա,- տողերիս հեղինակի հետ զրույցում ասաց Պետրոս Մհերյանը:- Ոչ մեկը չի պատասխանում` կա՞ արդյոք այս թղթի պատասխանը, թե՞ ոչ, չէ՞ որ իմ տղան զբաղվել է անձնագրերով, ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության գործունեությունն ինքն էր համակարգում»:


ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի աշխատասենյակի զննությամբ գրասեղանի հորիզոնական 2-րդ դարակից հայտնաբերվել է նաև թղթապանակ` «Անձնագրերի և վիզաների վարչություն» գրառմամբ, որում առկա են եղել զեկուցագրեր, դիմումներ, գրություններ, անձնագրի պատճեններ: Հետաքրքիր է` ո՞ւմ անձագրի կամ անձնագրերի պատճենների մասին է խոսքը: Աշխատասենյակի զննում կատարելու վերաբերյալ 03.02.2009 թ. արձանագրության մեջ ինչո՞ւ չեն նշված այդ պատճենների քանակը, անձնագրի տիրոջ կամ անձնագրերի տերերի անուն-ազգանունները, երբ նույնիսկ աշխատասենյակում գտնվող սառնարանում եղած «Բյուրեղ» տեսակի սեղանի ջրի շշերի քանակն է նշված` յոթ շիշ, ինչպես նաև էլեկտրական թեյնիկում գտնվող անգույն հեղուկի (ըստ ամենայնի` ջրի) մոտավոր ծավալը` թեյնիկի կեսի չափ, և ջերմաստիճանը` սենյակային ջերմաստիճանին մոտ:
Ի՞նչ է նշանակում այս ամենը` միտո՞ւմ, անփութությո՞ւն… Հարցն ուղղված է ոստիկանապետի տեղակալի աշխատասենյակի զննումն իրականացրած, այն ժամանակ ՀՔԾ հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննիչ Ա. Վարդանյանին, նշված զննությանը մասնակցած և համապատասխան արձանագրության տակ ստորագրած նույն ծառայության ՀԿԳ քննիչներ Ս. Տոնոյանին, Վ. Ջանազյանին:


Ի դեպ, ոստիկանապետի տեղակալի աշխատասենյակում կատարված զննությամբ հայտնաբերվել է անձնագրերի և վիզաների վարչության վերաբերյալ ևս երկու թղթապանակ: Թե դրանցից մեկում ինչ է եղել, ոչինչ նշված չէ, իսկ «Անձնագրերի և վիզաների վարչություն» գրառմամբ մյուս թղթապանակի առնչությամբ ընդամենը նշված է, որ դրանում առկա են եղել փաստաթղթեր:
Պակաս հետաքրքիր չէ այն հարցի պատասխանը, թե Գ. Մհերյանն այդ անձնագրի կամ անձնագրերի հետ կապված ի՞նչ է հայտնաբերել, որ անհրաժեշտ է համարել պատճենահանել կամ պատճենները ձեռք բերել ու պահել իր աշխատասենյակի գրասեղանի դարակում գտնվող թղթապանակում:


Ավելին. տողերիս հեղինակին հայտնի դարձավ, որ 2009 թ. փետրվարի 3-ին Գ. Մհերյանի սպանության փաստի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, սպանությունից դեռ երկու շաբաթ չանցած, հայտնաբերվել է կեղծ անձնագիր, որը կապ չունի ջավախահայերին տրված հիշյալ անձնագրերի հետ: Այդ կապակցությամբ 2009 թ. փետրվարի 17-ին ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հեկտոր Սարդարյանն այն ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հ. Թամամյանին ուղարկել է պաշտոնական գրություն, որում նշված է. «Նախաքննության ընթացքում Վաչագան Վոլոդյայի Մանուկյանի բնակության վայրում` Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի 23 տանը, կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ՀՀ քաղաքացու AB սերիայի 0645011 համարի անձնագիրը` տրված 029-ի կողմից 08.09.1975-ին «Սասուն Մկրտչյանի» անվամբ: Նախաքննության տվյալների համաձայն` նշված անձնագիրը կեղծ է. դրանում փակցված է մեկ այլ անձի` Արտյոմ Սամվելի Գևորգյանի լուսանկարը, իսկ վերջինիս անձնագրի տվյալներն են` AC0390162, ծնվ. 28.02.1974 թ., գրանցված է Երևան, Դավթաշեն 1-ին թաղ., 24 շենք, բն. 4:

Հայտնելով վերոգրյալի մասին, խնդրում եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պարզելու համար նշված անձնագրի պատրաստման, օգտագործման, նշված անձնագրով արտերկիր մեկնելու և մյուս հանգամանքները»:


Թե ո՞վ է Վաչագան Վոլոդյայի Մանուկյանը, ի՞նչ կապ ունի նա Գևորգ Մհերյանի սպանության հետ, որ ոստիկանապետի տեղակալի սպանությունից կարճ ժամանակ անց և սպանության փաստի առթիվ հարուցված քր. գործի նախաքննության ընթացքում նրա բնակարանում խուզարկություն է կատարվել, Վաչագան Մանուկյանն ինչո՞ւ և ումի՞ց է այդ կեղծ անձնագիրը ձեռք բերել (եթե հենց ինքը չէ անձնագիրը կեղծողը), կամ նշված անձնագիրն ինչպե՞ս է հայտնվել նրա բնակության վայրում, ոստիկանության համապատասխան աշխատակիցները, ի վերջո, պարզե՞լ են Հ. Սարդարյանի հիշյալ գրության մեջ նշված հանգամանքները, մեզ դեռ հայտնի չէ: Համենայն դեպս, հարցում կուղարկենք ՀՀ քննչական կոմիտե, և վերջինս կպատասխանի, եթե, իհարկե, չպատճառաբանի ակնկալվող տեղեկությունների նախաքննական գաղտնիք լինելը:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ