ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

«Ամեն պարագայում գրողին չպետք է լքեն առաքինությունն ու գութը, ասպետական կեցվածքը»

«Ամեն պարագայում գրողին չպետք է լքեն առաքինությունն ու գութը, ասպետական կեցվածքը»
03.02.2017 | 01:07

«Իրատեսի» հյուրն է գրականագետ, «Հայաստան» հրատարակչության տնօրեն ՎԱՀԱԳՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նրա հետ զրույցի առիթն իր հոր՝ Մկրտիչ Սարգսյանի «Նամականի» գրքի հրատարակումն է:

«ԲԱՌԵՐԻ ՄԵՋ ԹԱՔՆՎԱԾ ԲԱՌԵՐ ԵՄ ՈՐՍՈՒՄ»


-Վահագն, գրողի, մտավորականի մասին շատ բան է պատմում նրա նամականին։ Բացառություն չէ նաև Մկրտիչ Սարգսյանի պարագայում։ «Հայաստան» հրատարակչության տպագրած Մկրտիչ Սարգսյանի «Նամականին», որ լույս տեսավ 2016 թվականին, խոր շերտեր է բացում նրա կենսագրության, ինչպես և ապրած ժամանակի համապատկերում։ Ինքներդ ունեցա՞ք անակնկալ բացահայտումներ այդ նամակներին ծանոթանալիս։
-«Նամականին» հրատարակման պատրաստելու ընթացքում ինձ համար անակնկալ բացահայտումներ գրեթե չեղան։ Քիչ է ասել, թե ես ծանոթ էի նյութին: Նրանում ամփոփված շատ բնագրերի ստեղծման ականատեսն եմ եղել, հետևաբար, նամակագրի՝ գրիչն ի ձեռն առնելու հանգամանքների, խոհ ու հույզի, ջերմ կամ պաղ վերաբերմունքի ակամա վկան: Եվ փորձել եմ, հնարավորինս բարեխղճորեն ծանոթագրելով, «վկայաբանել»։ Թեև լուսաբանման առիթ դարձած շատ իրողություններ, երբ տեքստից կենսափաստի էի վերածում՝ յուրատեսակ էպիստոլյար պատումի, զանազան արխիվային փաստաթղթերի, հրատարակությունների, հուշագրությունների մեջ գրողի նկարագրում նոր շերտեր, նոր որակներ, նոր մոտիվներ էի նկատում մեր ոչ վաղ անցյալի գրական ու պատմական միջավայրի համապատկերում, իրողություններ, որ մինչ այդ, թերևս, թերթել-սահելով անցել էի։ Խոսքս վերաբերում է ոչ միայն հասարակական լայն բովանդակություն ունեցող նամակներին, այլև ներընտանեկան կամ ռազմադաշտից գրած մի քանի ժլատ տողերին, որ այսօր, թերևս, ա՛յս տարիքում, ինձ համար առանձնակի նշանակություն են ստանում: Գրքի գրախոս Հարություն Հովնաթանի դիպուկ բնորոշումով՝ բառերի մեջ թաքնված բառեր եմ որսում։ Ես կարծում եմ՝ գրողն իր ստեղծած գրականության բարոյական, հոգևոր նկարագրի կրողն է և չի կարող հակոտնյա լինել իր ստեղծագործությանը, չէ՞ որ այն հյուսվում է ի պատկերի յուրում, և կեղծ կամ արհեստական խաբկանքը վաղ թե ուշ ի դերև է ելնելու։ Եվ ապա՝ փոքրոգի, մանրախնդիր մարդը չի կարող մեծ գործեր ստեղծել, ինչպես որ չես կարող փոքր տրամաչափի զենքով մեծ փամփուշտներ կրակել, անգամ եթե նպատակդ «նշանի ահագնությունն» է։ Մկրտիչ Սարգսյանի պարագայում նրա մարդկային լավատեսությունը, հոգու լույսն ու բարությունը, որ յուրաքանչյուր նամակի լեյտմոտիվն է, լիարժեք ներդաշնակության մեջ են իր ստեղծագործության հետ։ Տեղին է հիշել, որ ժամանակին Սիլվա Կապուտիկյանն էլ նկատել է, թե իր կերտած բազում հերոսների կողքին Մկրտիչ Սարգսյանն ստեղծեց ի՛ր կերպարը, որ կրում է «բարձր էության» հատկանիշներ։ Այսպիսով, ըստ գրքի, ամեն պարագայում գրողին չպետք է լքեն առաքինությունն ու գութը, ասպետական կեցվածքը. ահա «ծանր օրերին մարդ մնալու» պարզ սկզբունքը։

«ԱՆՎԱԽՃԱՆ Է ԳՐՈՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»


-Գիրքը բացվում է 2001 թ. Մկրտիչ Սարգսյանի գրած մի բանաստեղծությամբ, որում մասնավորապես կարդում ենք.
Շատը գնացել, քիչն է մնացել,
Քայլի՛ր քո ճամփով և եղի՛ր հպարտ,
Որ թեկուզ և ծեր, բայց չես հնացել
Եվ ծանր օրերին մնացել ես Մարդ...
Չե՞ք կարծում, որ գրողի ճամփան երբեք էլ չի ավարտվում, և յուրաքանչյուր նոր հրատարակվող գիրք այդ ճանապարհի հերթական հանգրվանն է և ոչ՝ վերջին կանգառը։
-Մի բանաստեղծության մեջ Մկրտիչ Սարգսյանը հետևյալ բանաձևումն է արել.
Ամենաճշտապահը մահն է, մահն է, իմացե՛ք,
Ամենաերերունը Աստծո գահն է, իմացե՛ք,
Հավերժությունն Անմահի
թանկ պարգևն է Աստծո,
Անմահության մեկնարկը մահվան պահն է,
իմացեք...
ՈՒրեմն գրողի ժառանգությունը՝ իր ամենատարբեր դրսևորումներով, որ ամփոփվում է նրա ապրած ժամանակի մեջ, մի անպարագիծ երկխոսության մեջ է հետագա սերունդների հետ և մշտապես նոր ընթերցման, նոր բացահայտումների, հին ու նոր ըմբռնումների բախման, բանավեճի առարկա է դառնում, նաև՝ ժամանակաշրջանի նկարագիր, կենսափորձ ու խորհուրդ, սահմանում է գրական ու գեղագիտական որոշակի չափանիշներ և այլն։ Եվ իհարկե, անվախճան է գրողի ճանապարհը, իսկ անտիպ գործերի հրատարակումը (նույնիսկ՝ սևագրությունների) առավել ամբողջական է դարձնում նրա դիմանկարը։
-Մկրտիչ Սարգսյանի «Նամականին» կարելի՞ է համարել էպիստոլյար ժանրի յուրօրինակ վերածնունդ, եթե հաշվի առնենք, որ բջջային հեռախոսների և համակարգիչների մեր ժամանակներում նամակագրությունն այլ ձև ու բովանդակություն է ձեռք բերել։
-Գրքի առաջաբանում ես ակնարկել եմ էպիստոլյար ժամանակների ավարտի մասին։ Ժանրը կարծես թե վերանում է, դառնում է պատմական փաստ, զրկվել է հազարամյա իր գործառնական նշանակությունից։ Հիշեք, թե քանի հատորներով էին տպագրվում Դոստոևսկու և Չեխովի, Տոլստոյի և Հյուգոյի նամակները։ Մինչդեռ այսօրվա հեռահաղորդակցության գործիքները այլևս տեղ չեն թողնում մտքերի խաղաղ ու դանդաղ գրավոր շարադրմանը (միայն՝ բացառիկ դեպքերում), հետևաբար և չեն պահպանվում գրողի անձնական (առտնին) վերաբերմունքն ու տեսակետը այս կամ այն հարցի շուրջ։ Նորահայտ գործիքներով արագընթաց նամակագրությունը իրականում այլ ձև ու բովանդակություն է ձեռք բերել՝ առօրյա-խոսակցական, թեթև-ակնարկային։ Սա որևէ կերպ չի կարող փոխարինել դասական իմաստով նամակի ժանրին (նամակի ժանրն էլ դարավոր զարգացման շրջափուլ է անցել): Այս հրատարակությունը ժանրի վերածնունդ չեմ կարող կոչել, ժամանակակից մտայնությունը ահա հեռանում է էպիստոլյար փոխհարաբերություններից, բայց եթե մասնագետները վարակվեն այս նախադեպից և նախորդ դարի 60-ականների սերնդի նամակների գիտական հրատարակություններ պատրաստեն և հանձնեն ընթերցողին, կհամարենք, որ մենք դրեցինք այս անչափ կարևոր գործի հիմնաքարը։
-Հետաքրքիր փաստ է Ջոն Սթայնբեքի նամակն ու դրան առնչվող հանգամանքների վկայակոչումը։ Փաստորեն, մենք դեռ այն տարիներին կարողացե՞լ ենք գրավել այդպիսի մեծանուն գրողի ուշադրությունը։
-60-80-ական թվականներին համաշխարհային հռչակ վայելող շատ գրողներ են այցելել Հայաստան, ճանաչել մեր երկիրն ու ժողովրդին, գրական և մարդկային ջերմ փոխհարաբերություններ ստեղծել մեր մտավորականների հետ։ Հիշենք Պաբլո Ներուդայի, Սարտրի և այլոց ուղևորությունները, որոնց մասին շատ է գրվել։ 1963 թվականի աշնանը, երբ Հայաստանում մեծ շուքով նշվում էր Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը, Ջոն Սթայնբեքը տիկնոջ հետ գալիս է Հայաստան։ Չափազանց տպավորված հայկական հյուրասիրությունից և մշակույթից, ԱՄՆ վերադառնալով, նա մի խումբ հայ մտավորականների հասցեով ուղարկել է նամակներ։ Մի սիրո ու հարգանքի նամակ էլ ուղղված է հայ ժողովրդին, այն ժամանակին հրապարակվել է մամուլում։ Ինչևէ։ Ինչպես հռչակավոր գրողը սիրեց Հայաստանը, այնպես էլ հայերս՝ նրան: Եվ տպագրեցինք նրանից թարգմանություններ, գրքեր, լուսաբանեցինք մամուլում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ նա աննպաստ կարծիք է հայտնել ամերիկյան մամուլում խորհրդային ապրելակերպի մասին, և աչալուրջ պատասխանատուների կողմից այլևս չխրախուսվեցին նոր հրապարակումներն ու թարգմանությունները: Մինչդեռ երբեք չդալկացան նրա ջերմ տողերը հասցեատերերի համար։ Ահա այսպես։

«ԹԵԹԵՎԱՍԱՀ ԳԻՆԵՁՈՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՀԱՄ ԹԽՎԱԾՔՆԵՐԻ ՀՈՍՔԻ ՄԵՋ»


-Նամակներում հորդում են ջերմությունն ու հումորը, բացահայտվում են մարդկային տեսակի շատ նուրբ բնութագրումներ։ Ինձ գրավեց Վախթանգ Անանյանի նամակին կցված նկարը՝ իր մակագրությամբ. «Մի խումբ մուսաներ եմ ուղարկում քեզ»: Արդյո՞ք մեկմեկու մուսաներ «մատակարարելու» շահագրգռությունը բնորոշ է մեր այսօրվա գրողներին։
-Դուք հիշեցիք Վախթանգ Անանյանի նամակը, որն իր շռայլ հոգուց կարողանում է «բաժին հանել» իր կրտսեր գրչընկերոջը՝ հետևյալ անկեղծությամբ. «Սրտումս մի մեծ բողոք կար ուղղված 37-ի դեպքերի դեմ և մեր հերոս գերիների նկատմամբ հակամարդկային վարմունք ցույց տալու դեմ։ Սիրտս արյունոտված էր, սիրտս լիքն էր, բայց դատարկել չէի կարող, գրիչս անզոր էր։ Դու արել ես էդ բանը և այն էլ ի՜նչ ուժով, ի՜նչ ցասումով... Հիմի սիրտս հանգիստ է»։ «Կարողանո՜ւմ է»,- բառը ճիշտ ընտրեցի, որովհետև այս խոսքերով մեծահամբավ գրողի հռչակը ավելանում է և ոչ՝ հակառակը. իր գրական տեսադաշտից ուղենշում է մեր գրականության զարգացման անխոտոր ընթացքը՝ ազգային ու հումանիստական արժեքների վրա խարսխված, հեռու և ընդդեմ տիրող գաղափարական կաղապարին, արհեստածին սոցիոլոգիզմին։ Իսկապես, նամակներում ջերմության մեծ կուտակում կա, ինչը, ինչպես ակնարկեցիք, մի որոշ չափով պակասում է մեր գրական միջավայրին: Միմյանց գրական հաջողություններով ուրախանալու, գրչընկերոջ առաջընթացը խրախուսելու, սրտացավորեն, բարեկամաբար դիտողություն անելու մշակույթը, որն անհրաժեշտ է նույնիսկ կայացած գրողին, որ հանկարծ չլճանա դափնիների վրա, կարծես մարել է թեթևասահ գինեձոների և գրականագիտական անհամ թխվածքների հոսքի մեջ. մեծ աղմուկ, նաև տրիումֆալ հաղթանակներ մի բաժակ ջրում։ Իսկ մուսաներ պետք է իրար ուղարկել, միայն թե այդ աննյութեղեն հրաշածինները, որ գայթակղում են կանացի շքեղ կերպարանքներով, ափսոս՝ գնդերով չեն լինում, և միշտ չէ, որ բարեկազմ են, այլապես մեր նոսրացած ընթերցողների վրա գրական գոհարները կթափվեին առատության եղջյուրից:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ