Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ժամհարյանները

Ժամհարյանները
03.02.2017 | 08:57

(սկիզբը՝ այստեղ)

Բ. «ՆՐԱՆՔ ԺԱՌԱՆԳԵՑԻՆ ՋԵՐՄ ՀԱՒԱՏ, ՅՍՏԱԿ ՄԻՏՔ, ԱՐԹՈՒՆ ԽԻՂՃ, ԲԱՐԻ ՍԻՐՏ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ»
Իսահակ Ժամհարյանի սպանությունը խիստ բացասական վերաբերմունքի ու դատապարտող գնահատականի արժանացավ հայ մամուլում: «Լումայ» ամսագիրը հետևյալ կերպ արձագանքեց. «Ինչ պատճառներով էլ որ կատարւած լինի եղեռնագործութիւնը, խիստ ցաւալի է մեր հասարակութեան համար Իսահակ Ժամհարեանի պէս անձի կորուստը: Նա իւր կարողութիւնից միշտ բաժին էր հանում հասարակական կարիքներին. կարիք ունեցողը` լինէր հաստատութիւն, թէ հասարակական գործիչ, միշտ վստահ էր, որ Ժամհարեանին դիմելով` դատարկաձեռն չէր յետ դառնայ»: Իսկ «Տարազ» շաբաթաթերթը գրեց. «Եւ յարձակւեցին բարութեան, հայրենասիրութեան, բարեպաշտութեան տիպար Իսահակ Ժամհարեանի վրայ. կալանաւորեցին, քարշ տւին փողոցներով, նեղեցին նոր խաչահանները «սրօք ու բրօք» և… սպանեցի՜ն, սպանեցին տաճարի շէնքում, պատարագի ժամանակ, երբ պատարագչի ձայնը լցրեց տաճարը. «Արբէք ի սմանէ ամենեքեան, այս է արիւն իմ նորոյ ուխտի, որ յաղագս ձեր և բազմաց հեղանի»:


Ինչպիսի՞ն էր Ժամհարյանների ուղին:
Նրանց հայրը` շուշեցի պայտար Իսահակ Հովհաննեսի Ժամհարյանը կամ Ժամհարենց Սահակ ապերը, մի խեղճուկրակ մարդ էր: Ամուսնացավ Նազանի Զաքարի Անանյանի հետ, ունեցավ հինգ որդի` Հովհաննես (Աթանաս, ռուսական` Иван կամ Афанасий), Իսահակ, Աղաջան, Նիկոլայ, Թեոդորոս և Մարգարիտ անունով մի դուստր (վերջինս ամուսնացավ, մի դուստր ունեցավ ու վաղ մահացավ): Բազմանդամ ընտանիքը, մեղմ ասած, աննախանձելի վիճակում էր ապրում, ծայրը ծայրին հազիվ հասցնելով: Տղաների մորեղբայրն էր Ալեքսանդր Անանյանը, որ Թիֆլիսի տնտեսական կյանքում նոր-նոր հաջողության էր հասնում, իսկ հետագայում պիտի դառնար «Կովկասի հայոց բարեգործական ընկերության» խորհրդի նախագահը: Տեսնելով քրոջ ընտանիքի անմխիթար վիճակը, նա Հովհաննեսին բերում է Թիֆլիս և ծառայության դնում իր մյուս քրոջ ամուսնու` վաճառական Կարապետ Աղամալյանի մոտ: Երկու տարի անց, մի չնչին գումար գրպանում, Հովհաննեսը (հավանաբար, քեռու միջնորդությամբ) 1867 թ. մեկնում է Մոսկվա և աշխատանքի անցնում իրենց համերկրացի, շուշեցի Խաչատրյանների մոտ: Թե վերջիններս ինչով էին զբաղվում` չգիտեմ, բայց Իվան կամ Աֆանասի դարձած Հովհաննեսը մեկնում է արտասահման` Խաչատրյանների բիզնեսի գործերով:
Այդ ընթացքում Ալեքսանդր Անանյանը Թիֆլիս է բերում քրոջ մյուս որդուն` Իսահակին, և գործի դնում թիֆլիսցի վաճառական Արտեմ Ադամյանի մոտ, որը ջահելին նշանակում է աննշան ռոճիկ:


Իվանն արտասահմանից վերադառնում է Մոսկվա, ձեռք բերած ինչ-ինչ փորձառության և բնաձիր աչքաբացության շնորհիվ տեղի բորսայում կատարում հաջող միջնորդական գործարքներ և կանչում Իսահակին: Ժլատ Ա. Ադամյանը երիտասարդին խոստանում է տարեկան 1000 ռուբլի ռոճիկ, բայց Իսահակը մեկնում է:
Ծննդավայրում մնացած եղբայրների համար Իվանն ու Իսահակը Շուշիում բացում են մանուֆակտուրայի խանութ, բայց տեսնելով այդ ձեռնարկի անբավարարությունը` երեք եղբայրներին էլ են կանչում Մոսկվա: 1874 թ. նրանք հիմնում են «Ժամհարյան եղբայրներ» բանկային տունը (банкирский дом «Братья Джамгаровы»).
Ի՞նչ «ուղեբեռով» էին եղբայրները հայտնվել Մոսկվայում: Նշանավոր Բենիկ վարդապետը այսպես է բնորոշել. «Նրանք իրանց հորից ժառանգեցին այն, ինչ որ ունէր նա` ջերմ հաւատ, յստակ միտք, արթուն խիղճ, բարի սիրտ և աղքատություն»: Աղքատությունը վերացրին, մյուս հատկությունները պահպանեցին:


1877 թ. Մոսկվայի սրտում` Կուզնեցկի մոստ, թիվ 12 հասցեում թեյավաճառ Կ. Պոպովի պատվերով կառուցվել էր 5-հարկանի առևտրային պասաժ: 1899 թ. Ժամհարյանները գնեցին այն, իսկ դրա դիմացի շենքում տեղափոխեցին իրենց բանկը: Ինչո՞վ էր այն զբաղվում. արժեթղթերի (առաջին հերթին` երկաթուղային ու հիպոտեկային) գործարքներով, տարադրամի փոխանակմամբ, փոխառությունների մարմամբ, ինչպես նաև արժեթղթերի թողարկմամբ` խոշոր բանկերի գլխավորությամբ: Այդ գործարքները եղբայրներին հնարավորություն էին տալիս դառնալու ոչ միայն բազմաթիվ ընկերությունների վարչության անդամներ ու փայատերեր, այլև ձեռք բերելու սեփականություն (ի մասնավորի, Կոստրոմայի նահանգում նրանք տիրում էին 32 հազար քառակուսի սաժեն տարածությամբ անտառների): «Ժամհարյան եղբայրներ» բանկը մասնաճյուղեր ուներ նաև Մոսկվայի Իլյինկա փողոցում` բորսայի հարևանությամբ և Սանկտ Պետերբուրգում` Նևսկի պողոտա, թիվ 28 հասցեում:
Բացի այդ, եղբայրներին էր պատկանում եռահարկ հասութաբեր շենք` Կուզնեցկի մոստ- Ռոժդեստվենկա փողոցների անկյունում: Իսկ իրենք ապրում էին պասաժի մոտակայքում գտնվող առանձնատանը:


1910 թ. Ժամհարյանները 5 մլն ռուբլով անդամակցեցին Ազով-Դոնյան խոշորագույն բանկի գլխավորությամբ հիմնված բանկային կոնսորցիումին, որի կազմի մեջ մտնում էին նաև «Վավելբերգ», «Ի. Վ. Յունկեր և ընկ.», «Ռյաբուշինսկի եղբայրներ» բանկերը: Դա խիստ հաջող ձեռնարկ էր, բավական է ասել, որ մեկ տարի անց այդ կոնսորցիումի շրջանառությունը կազմեց 1,4 մլրդ ռուբլի:
Այսքանը համառոտ` եղբայրների բիզնեսի մասին: Բայց Ժամհարյանները վարում էին նաև եռանդուն հասարակական ու բարեսիրական գործունեություն:


1898 թ. երկաթուղին ձգվեց Մոսկվայի հյուսիս-արևելք, և Հողային վարչությունը Լոսինի Օստրով վայրում, Իչկա գետի երկու ափերին ծառատունկ իրականացրեց և հողատարածքները վաճառքի հանեց` ամառանոցներ կառուցելու նպատակով: Ժամհարյան եղբայրները գնեցին հինգ ընդարձակ հողամասեր ու սկսեցին կառուցապատել: Նախ, իրենց համար կառուցեցին մի գեղեցկատես դաստակերտ, Իչկա գետի վրա ամբարտակ դրեցին, ինչի հետևանքով ի հայտ եկավ Ջամգարովսկի արհեստական լճակը (Джамгаровский пруд), և երկու հողամաս նվիրեցին իրենց բարեկամներին` հայտնի նկարիչներ Ի. Լևիտանին ու Կ. Կորովինին: Նոր բնակավայրը ինքնըստինքյան կոչվեց Ջամգարովկա, որի բարեկարգման նպատակով 1905 թ. ստեղծվեց ընկերություն. դրա հաջող գործունեության հիմքը հանդիսացան Հովհ. Ժամհարյանի` ընկերության ցկյանս անդամի, շարունակական ֆինանսական նվիրատվությունները: 1917 թ. Ջամգարովկա ավանում կար 1500 տնտեսություն, այստեղ գործում էին հեռախոսակայան, ջրմուղ, դպրոցներ, գիմնազիաներ, եկեղեցիներ, խանութներ, հասարակական սննդի օբյեկտներ, կինոթատրոն, բուժարան, փոստային բաժանմունք և այլն: Հովհ. Ժամհարյանը, լինելով բարեգործական կոմիտեի ցկյանս անդամ, ամեն ամառ այստեղ հանգստի էր բերում բանտարկյալների երեխաներին, ինչպես նաև մանկատների որբերի:


Տեղի խնայողության պատճառով ես չեմ խոսի Ջամգարովկայի հետագա ճակատագրի մասին, կասեմ միայն, որ այսօր էլ Մոսկվայի Լոսինոօստրովսկի շրջանում գտնվող ջրատարածքը պահպանել է նախնական անվանումը` Ջամգարովսկի լճակ:


Բնական հարց է ծագում` իսկ ի՞նչ ներդրում ունեցան եղբայրները հայոց կյանքում:
Ժամհարյաններն իրենց հայրական տունը նվիրեցին Շուշվա քաղաքային վարչությանը` այդտեղ երկրագործական ուսումնարան հիմնելու համար: Այդ նպատակով նրանք հատկացրին 10 հազար ռուբլի` ընթացիկ ծախսերին և 100 հազար ռուբլի անձեռնմխելի գումար, որի շահութատոկոսները պիտի ծառայեին ուսումնարանին:
Ծննդավայրում կառուցեցին հիվանդանոց և ֆինանսական հատկացումներ արեցին Կիլիկիայի հայոց որբանոցին:
Երբ 1902 թ. դեկտեմբերին սպանվեց 1-ին գիլդիայի վաճառական, ժառանգական պատվավոր քաղաքացի, Ազով-Դոնյան առևտրային բանկի, Նիժնի Նովգորոդ-Սամարայի հողային բանկի վարչության անդամ 57-ամյա Իսահակ Ժամհարյանը, նրան հողին հանձնեցին Վագանկովսկոյե հայկական գերեզմանատանը: 1903 թ. եղբայրները Մոսկվայի քաղաքային վարչության գանձարան մուծեցին 5000 ռ. Իսահակ Ժամհարյանի անվան հիշատակի անձեռնմխելի գումար, որի շահութատոկոսները պետք է բաժանվեին աղքատներին: Ի հիշատակ նրա, Ժամհարյանները կառուցեցին մատուռ, որը 1997 թ. վերակառուցեցին նրանց հայրենակից ղարաբաղցիներ Լևոն, Վլադիմիր և Մակար Հայրապետյանները:


1910 թ. վախճանվեց առևտրի խորհրդական, «Ժամհարյան եղբայրներ» բանկի հիմնադիր Հովհաննես Ժամհարյանը, և նրան հողին հանձնեցին եղբոր կողքին: Հետմահու կտակից պարզվեց, որ նա հատկացրել է 250 հազար ռուբլի` Կովկասում երկրագործական ուսումնարան բացելու համար: ՈՒսումնարանը պիտի հիմնվեր Գանձակի (Ելիզավետպոլ) նահանգի Ջիվանշիր գավառի Առափլու գյուղում, ինչի համար ողջ եղբայրները գնեցին 4000 դեսյատին հողատարածք:


Բայց կա ևս մի փաստ, որը կուզենայի առանձնակի նշել: Հայկական միասնական բանկ ստեղծելու գաղափարը պատկանում է Ժամհարյաններին: Դա պետք է կազմավորեին իրենց բանկը, «Թիֆլիսի առևտրային բանկը» (վարչության նախագահ` Լևոն Մանթաշյանց), հայ բաժնետերերին պատկանող Թիֆլիսի վաճառականական բանկը, հայ ձեռնարկատերերի կողմից վերահսկվող Ռոստովի վաճառականական բանկը և Թիֆլիսի Հովհ. Չիթախյան բանկային տունը: Այդ նպատակով 1916 թ. Թիֆլիս ժամանեց Աղաջան Ժամհարյանը, և խորհրդակցության ժամանակ որոշվեց մինչև տարեվերջ կազմել «Հայկական բանկի» կանոնադրությունը և այլ փաստաթղթեր, իսկ «Ժամհարյան եղբայրներ» բանկում կազմկոմիտեի համար ընթացիկ հաշիվ բացել:
Բայց վրա հասավ ահարկու 1917 թվականը, վրա հասան ղարաբաղցու ասած «ղոշունլուղ» ժամանակները…


Բոլշևիկյան հեղափոխությունից քսանհինգ օր առաջ` 1917 թ. հոկտեմբերի 1-ին Ժամհարյաններն իրենց բանկը վաճառեցին Պետերբուրգի հաշվառիչ և վարկային բանկին:
…Խորհրդային իշխանության օրոք Վագանկովսկոյե գերեզմանատնից անհետացան Իսահակ և Հովհաննես Ժամհարյանների գերեզմանները: Ջամգարովկան անվանափոխվեց, ու բնակություն հաստատեցին այլ մարդիկ: Մոսկվայի տները, բնականաբար, պետականացվեցին:


Բոլոր հինգ եղբայրներն էլ ամուսնացած էին, ունեին երեխաներ ու թոռներ: Ողջ մնացածները տարագրվեցին արտասահման և անէացան օտարության մեջ…
Տխո՜ւր պատմություն, անհուշ ասք…
Ավարտեմ Ժամհարյան եղբայրների մասին Բենիկ վարդապետի խոսքով. «Նրանք իրենց մարմինը հայրենիքի հողից առած էին ընդունում, իրենց հոգին` նախնյաց հոգուց, իրենց շունչը` հայրենիքի հող ու ջրում, գիրկ ու ծոցում ծիլ տւած ու ուռճացած ծառ ու ծաղկի բուրմունքից:
Նրանց հաւատամքն Աստւածն էր, իրենց պապերի կրօնքը, դաւանանքը` հայոց եկեղեցին, հայրենիքն ու ազգը»:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ