Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրները հյուրընկալել են նախագահին

ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրները հյուրընկալել են նախագահին
03.02.2017 | 10:42

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հյուրընկալվել է ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում և հանդիպել դպրոցի ունկնդիրների հետ։
2016-ին ՀՀԿ-ի հիմնադրած՝ հանրապետությունում առաջին կուսակցական քաղաքական դպրոցի ավելի քան հարյուր ունկնդիրների շուրջ կեսը անկուսակցական է կամ այլ կուսակցությունների անդամ, նրանք ամենատարբեր մասնագիտությունների ու զբաղվածության տեր են՝ ուսանողից մինչև պետական ծառայող: Նախագահը ողջունել է դպրոցի ունկնդիրներին, հակիրճ ներկայացրել իր պատկերացումները ժամանակակից քաղաքական գործչի մասին, ուղերձն ու հորդորները հղել քաղաքականությամբ զբաղվել պատրաստվող երիտասարդներին, պատասխանել նրանց հարցերին, լսել տեսակետները արծարծվող թեմաների վերաբերյալ:


Իր խոսքում նախագահը ժամանակակից քաղաքական գործչի համար կարևորել է կրթվածությունը, անընդհատ սովորելու ձգտում և ամենատարբեր ոլորտներից որոշակի գիտելիքների պաշար ունենալը, հորդորել է անկախ մասնագիտությունից՝ առնվազն իրավաբանության և տնտեսագիտության հիմունքներին ծանոթ լինել, իրավաբանական ձևակերպումները լավ հասկանալ, իսկ մասնագիտությամբ իրավաբանների պարագայում՝ կարողանալ այդ ձևակերպումները հանրամատչելի ներկայացնել ու բացատրել հանրությանը: Քաղաքական գործիչը, նախագահի պատկերացմամբ, պետք է օգտագործի ցանկացած հնարավորություն անպայման անցնելու տնտեսագիտական դասընթացներ՝ թեկուզ կարճ, ինչը կօգնի շատ հարցերում արագ կողմնորոշվել ու ճիշտ որոշումներ կայացնել:


«Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է ունենալ գիտելիքների լավ պաշար, առանց որի անհնար է քաղաքական գործունեություն իրականացնել: Այո, քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է գիտելիք, քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ են բարոյական հատկանիշներ, անհրաժեշտ է քաղաքացիական արիություն»,- ընդգծել է նախագահը: Նա հորդորել է տիրապետել օտար լեզուների՝ միաժամանակ փայլուն տիրապետելով հայոց լեզվին ու շատ լավ իմանալ հայ գրականություն: «Մեր ժառանգության իմացությունը ուղղակի կապ է անցյալի, ներկայի և վաղն էլ՝ ապագայի հետ: Առանց այդ ժառանգության իմացության, լիարժեք չես կարող հայերեն մտածել: Առանց հայոց լեզուն լավ իմանալու, դու չես կարող հայերեն մտածել: Բայց մի բան է հայերեն մտածել, հայերեն արտահայտվել, այլ բան է ՝ ռուսերեն կամ անգլերեն մտածել ու հայերեն արտահայտվել: Շատ պրակտիկ բան եմ ասում, որովհետև քաղաքական գործիչների համար կարևոր է իրենց վարկանիշը: Եվ հավատացեք, որ դեռևս տևական ժամանակ օտարախոսությունը, օտարամոլությունը վարկանիշ չի բերելու. լսարանը դա անմիջապես տեսնում է, զգում է: Այ սա է կարևորը, որպեսզի կարողանաք հասկանալ, որովհետև դեռևս տևական ժամանակ մեր հասարակության հիմնական կորիզը, մեր հասարակության քաշող ուժը, լոկոմոտիվը լինելու է այն խավը, որը ներառում է ուսուցիչներին, մեր ամբողջ մտավորականությանը: Այնպես որ՝ պետք է շատ լավ տիրապետել հայոց լեզվին ու նաև մեր ժառանգությանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:


Նախագահը քաղաքական գործչի համար ոչ պակաս կարևոր է համարել կարևորը երկրորդականից տարբերելու ունակությունը, քաղաքացիական արիություն ունենալը, առանց որի անիմաստ է զբաղվել քաղաքական գործունեությամբ:
«Քաղաքական գործչի համար չափազանց կարևոր է, որպեսզի նա կարողանա տարբերակել կարևորը երկրորդականից: Որևէ դասագրքում երբեք դուք չեք կարող գտնել լուծումներ կամ գիտելիքներ սրա մասին: Դուք պետք է կարողանաք այդ ժխորում (իսկ քաղաքական դաշտում հաճախ ժխոր է լինում), իրոք, տարբերակել կարևորը երկրորդականից: Ցավոք, մեր հասարակությունը հիմա գտնվում է մի այնպիսի փուլում, երբ ժխորն իսկապես մեծ է, և այդ ժխորի մեջ գտնել կարևորը, ճիշտը, սա միայն հեղինակություն է բերում քաղաքական գործչին: Եթե տեսնում եք՝ մեր քաղաքական դաշտում երկարակյացներն այդքան էլ շատ չեն, որովհետև նրանք փորձում են պոպուլիզմով զբաղվել: Պոպուլիզմը, գուցե, լավ է որոշակի պահի համար՝ երեք օր, հինգ, յոթ, տասնհինգ օր, լավ՝ վեց ամիս, բայց, փառք Աստծո, մեր հասարակությունը կարողանում է շատ շուտ հասկանալ, թե ով ինչ է ի վիճակի անել:
Եթե ամեն անգամ փորձում ես տեղափոխվել կշեռքի ծանր հատվածը, դա հետո դառնում է բնավորություն, և կողքիններն էլ են տեսնում: Այսինքն, դու արդեն ճոճանակի պես կգնաս-կգաս, և հետո այդ ճոճանակը որևէ մեկին էլ պետք չի լինի:


ՈՒզում եմ ամենակարևոր բանի վրա ձեր ուշադրությունը սևեռել՝ քաղաքական գործիչը պետք է քաղաքացիական արիություն ունենա: Եթե դա չկա՝ անիմաստ է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վախկոտ մարդիկ քաղաքականությունում, ինչ ասեմ՝ կամ թիթեռի, կամ ձնծաղիկի կյանք են ունենում: Բայց ուզում եմ, որպեսզի ասածս ճիշտ ըմբռնեք և ընկալեք: Անվախ մարդ աշխարհում չկա: Անվախ են միայն ապուշները, սակայն երբ քո տագնապը դառնում է վախ, այ դա է վատը: Երբ քո տագնապի պահին, այդ տագնապի ազդեցության տակ փոխում ես որոշումներդ, դու արդեն դառնում ես վախկոտ մարդ: Չի կարելի, երբեք չի կարելի ճնշման կամ վախի ազդեցության տակ փոխել որոշումներ: ԱՄՆ նախագահներից մեկը շատ փայլուն միտք է արտահայտել՝ ասել է՝ երբեք մի վախեցեք զիջումներից կամ բանակցություններից, բայց երբեք մի գնացեք զիջումների կամ բանակցությունների ճնշման տակ: Ջոն Քենեդին ԱՄՆ-ի լավագույն նախագահներից մեկն էր, իմ կարծիքով, և կարծում եմ, որ նրա ասածները շատ համահունչ են այսօրվա մեր իրականությանը: Օրինակ, նույն Լեռնային Ղարաբաղի խնդրով մենք երբեք որևէ ճնշման տակ որևէ զիջում չենք անում. մենք պատրաստ ենք փոխզիջումներ անելու, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի, բայց որևէ ճնշում՝ լինի դա արտաքին թե ներքին, չի կարող ազդել, հակառակ պարագայում, մեր՝ տուն գնալու ժամանակն է»,- ընդգծել է ՀՀ նախագահը: Նա իր ուղերձն ու հորդորները ներկայացրել է ինչպես սեփական փորձից, այնպես էլ միջազգային պրակտիկայից բերված օրինակների ու համեմատությունների հիման վրա, խոսել ժամանակակից քաղաքական գործչին ներկայացվող պահանջներից որևէ մեկը լիարժեք չբավարարելու պարագայում առաջացող դժվարությունների ու խնդիրների մասին:

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ