Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը առիթ է ճշտելու, թե մեր արդի երաժշտությունն ինչ վիճակում է, որ փուլի վրա է գտնվում»

«Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը առիթ է ճշտելու, թե մեր արդի երաժշտությունն ինչ վիճակում է, որ փուլի վրա է գտնվում»
06.02.2017 | 19:27

Փետրվարի 15-28-ին Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը։ Այն այս տարի նվիրված է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին և անվանվելու է Հարո Ստեփանյան-ֆեստ։ Նշենք, որ Հարո Ստեփանյանը (1897-1966 թթ.) 20-րդ դարի տաղանդավոր և ինքնատիպ կոմպոզիտոր է, որը մեծ ավանդ է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում: Նա հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։
Փառատոնը ներառում է սիմֆոնիկ և կամերային հինգ համերգ, որոնց ընթացքում հնչելու են Հարո Ստեփանյանի, Արթուր Ահարոնյանի, Գրիգոր Հախինյանի, Մարտին Վարդազարյանի, Աշոտ Զոհրաբյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Սուրեն Զաքարյանի, Վարդ Մանուկյանի, Վարդան Աճեմյանի, Սերգեյ ՈՒմրոյանի, Հարություն Դելլալյանի, Վաչե Շարաֆյանի, Էդուարդ Հայրապետյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները, այդ թվում՝ հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ։


Նշենք, որ փառատոնի շրջանակներում թվայնացվել են Հարո Ստեփանյանի երբևէ չկատարված կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք ունկնդրի դատին կներկայացվեն առաջին անգամ:
Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը նկատում է, որ Հարո Ստեփանյանը մեր մեծ կոմպոզիտորներից է, որը թողել է հիանալի ժառանգություն։ Ցավոք, այդ ժառանգությունը հաճախ չի հնչում մեզանում։ Եվ, ըստ պարոն Աճեմյանի, փառատոնը ևս մեկ առիթ է՝ հնչեցնելու մեր հիանալի կոմպոզիտորի ստեղծագործությունները։


Կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանն էլ նկատում է, որ այս փառատոնը մեծ դեր է խաղում մեր երաժշտական կյանքում։ Ըստ նրա՝ նախ և առաջ քարոզում է հայկական երաժշտությունը, և մեր կոմպոզիտորները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց գործերը։ Սա առիթ է ճշտելու, թե մեր արդի երաժշտությունն ինչ վիճակում է, որ փուլի վրա է գտնվում։
Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Նրա խոսքով՝ սա մեծ փառատոն է, որը հետաքրքիր է նրանց, ովքեր փնտրում են նոր երաժշտություն։ Սմբատյանը կարծում է, որ քիչ երկրներ կան, որ կարող են ժամանակակից կոմպոզիտորական փառատոն ունենալ, և դա մեծագույն հաղթանակ է մեզ համար։


Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակն է ստեղծել կապ հայ կոմպոզիտորական արվեստի սերունդների միջև, արժևորել մեր կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը, հանրայնացնել այն, ներկայացնել ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը:


Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։ Երաժշտական այս նախաձեռնության կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ