Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
07.02.2017 | 11:46

(սկիզբը` այստեղ)

Ի՞նչ կլինի, եթե (կրկնում եմ՝ Աստված մի արասցե) Սպիտակի երկրաշարժի ուժգնությամբ մի երկրաշարժ էլ տեղի ունենա Երևանում: Կլինի այն, ինչը տեղի ունեցավ Սպիտակում ու Լենինականում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 11.41-ին։ Մոսկովյան 21 շենքը, ամենայն հավանականությամբ, փուլ կգա, կզոհվեն բազմաթիվ մարդիկ, հավանաբար նաև իմ ընտանիքի անդամները: Քաղաքի բնակչության կյանքի և առողջության մասին հոգ տանելու և նրանց այդպիսի հեռանկարներից անվտանգ հեռավորության վրա պահելու համար է, որ Երևանի քաղաքապետարանում ստեղծված է հատուկ ստորաբաժանում, որը կոչվում է «Երևանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչություն»: Հարց՝ ի՞նչն է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչությունը հենց այնպես, մատների արանքով է նայել կամ, ավելի ճիշտ կլինի ասել, տեսել, բայց չտեսնելու է տվել Մոսկովյան 21 շենքի առաջին հարկերում 14 պատուհանային բացվածքները դռան բացվածքների վերածելու մասշտաբային շինարարական աշխատանքները՝ առանց բնակիչների հետ քննարկելու, մարդկանց կամքն ու ցանկությունները հաշվի առնելու, առանց համապատասխան հաշվարկների ու փորձաքննության, առանց պարտադիր ինժեներական միջոցառումների: Կրող պատերի ու սեյսմիկ բեռնվածքների ընկալմանը մասնակցող կոնստրուկտիվ էլեմենտների վերահաշվարկի, լրացուցիչ երկաթբետոնե շրջանակների բացակայության պատճառով մեր շենքի սեյսմակայունությունը, բնականաբար, գտնվելու է ավելի ցածր մակարդակի վրա: Երկաթբետոնե լրացուցիչ շրջանակների տեղադրումը թույլ կտար բարձրացնել շենքի սեյսմակայունության աստիճանն ու բավարարել Sch>So պայմանին, որը սեյսմակայուն շինարարության նորմերի պահանջներից ամենակարևորն է:

Երկաթբետոնե շրջանակների հարցում Երևանի քաղաքապետարանի շինարարական ու հողի վերահսկողության վարչության աշխատակիցները միանշանակորեն բռնել են խանութների տերերի կողմը՝ անտեսելով քաղաքացիների կյանքի ու անվտանգության խնդիրը, որոնք, ի միջի այլոց, գտնվում են ՀՀ Սահմանադրության պաշտպանության դաշտում (եթե հավատալու լինենք ՀՀ Սահմանադրության հոդված 3-ին, ապա կարող ենք ենթադրել, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ու քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք): Հավանաբար մեր համապատասխան պաշտոնյաների ուշադրությունից վրիպել է ՀՀ Սահմանադրության 3-րդ կետը, հավանաբար նրանք տեղյակ չեն, որ մեր անկախ երկրում ու քաղաքում մարդը բարձրագույն արժեք է: Ելնելով մեր հանրային իշխանության մոտեցումներից` կարող ենք ենթադրել, որ, քաղաքապետարանի հաշվարկներով, մեր երկրում մեկ մարդու գինը տատանվում է 20-ից 500 դոլարի սահմաններում: Հասկանալի չէ, թե մեր մարդկանց կյանքն ինչու է այդքան ցածր գնահատվում, երբ մեր հանրապետությունում անլեզու հայվան ոչխարը վաճառվում է 70-100 դոլարով, իսկ յուրաքանչյուր անլեզու հայվան կովի գինը ավելի բարձր է՝ 600-2000 դոլար: Նման հակասությունների առաջացման պատճառները թաքնված են կոռուպցիոն գործարքների բարձրագույն թվաբանության խորխորատներում (իշխանական, նախագահական կամ՝ ինչպես կցանկանաք), որոնք, չգրված կանոնների տրամաբանությամբ, փոխանցվում են իշխանական գավազանների հետ՝ որպես համակարգային գաղտնիք:


Որոշ տվյալներով, մեր շենքի յուրաքանչյուր ընդարձակված բացվածքի համար կաշառքի չափը տատանվել է 5-15 հազար դոլարի սահմաններում, համենայն դեպս նման աշխատանքները մեր քաղաքում երբեք անվճար, այսպես ասած, «հոր խերի» չեն արվել: Կոռուպցիոն լեմմա 1. որքան լայն է դռան բացվածքը, այնքան մեծ է կաշառքի չափը: Կոռուպցիոն լեմմա 2. բնակիչների բողոքի հուժկու ձայնից կաշառքի չափը աճում է ցուցչային օրենքով:
Նորաբաց խանութներից մեկի տերը շատ էր ուրախացել իր անսպասելի հաջողությունից. նրան բախտ էր վիճակվել երկու դռան համար վճարել ընդամենը 5 հազար դոլար, և իր ուրախությանը հաճույքով մասնակից էր դարձնում հարևաններին ու պատահական անցորդներին: Բերված թվերը հետագայում մեզ պետք կգան՝ հասկանալու և հաշվելու կոռուպցիայի պատճառով պետությանը հասցված նյութական վնասների իրական չափը:
Կոռուպցիոն գործարքները միայն տգեղ սովորություններ չեն, դրանք իրական, մատերիալիստական գործոններ են, որոնք թուլացնում են պետության տնտեսական ու քաղաքական հենարանները՝ ի չիք դարձնելով անկախության մեր բոլոր ձեռքբերումները: Չէ՞ որ մեր անկախությունը պետք էր հատկապես նրա համար, որ մեր մարդկանց կյանքը դառնար ավելի ապահով ու անվտանգ, որպեսզի Սպիտակի գոտում ու Հայաստանի ողջ տարածքով մեկ կառուցվեին միայն բարձր սեյսմակայունություն ունեցող բնակելի, հասարակական ու արտադրական շենքեր, որ մեր երկրում այլևս 5-7-բալանոց շենքեր չկառուցվեին՝ փչացնելով եղածը: Մեր ժողովուրդը օգտվե՞ց արդյոք անկախության տված լայն հնարավորություններից ու բարիքներից: Ո՛չ, չօգտվեց: Հակառակը՝ զգալի նահանջ ապրեց ու շարունակում է կորցնել իր խորհրդային ձեռքբերումները, որոնք, լավ, թե վատ, խորհրդային, թե ոչ խորհրդային, ամեն դեպքում, ձեռքբերումներ էին, որոնք մարդիկ, շատ, թե քիչ, զգում էին իրենց առօրյա կյանքում:


2016 թվականի դեկտեմբերի 8-ին լրատվամիջոցներով ինֆորմացիա տարածվեց առ այն, որ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանում շտապ խորհրդակցություն է հրավիրել՝ քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ: Ներկաների առաջ քաղաքապետը կոնկրետ խնդիր դրեց. վարչությունում պետք է նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը (հարց՝ քաղաքապետին. կոռուպցիոն ռիսկերը պետք է վերացվեն առհասարա՞կ, թե՞ առժամանակ, սա սկզբունքային հարց է, որի պատասխանից կախված կլինի մեր քաղաքի ու երկրի ապագան): Քաղաքապետի ժողովը ոչ թե ամանորյան անակնկալ նվեր էր ներկաներին, այլ ստեղծված վտանգավոր իրավիճակից դուրս գալու հուսահատ փորձ: Ընդամենը երկու օր առաջ ՀՀ պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել էին քաղաքապետարանի շինարարության վարչության աշխատակիցներին, որոնք կաշառք էին վերցրել շինարարական օբյեկտներից մեկի (մեկի, բայց, հավանաբար, ոչ միակի) շահագործման ակտը ստորագրելու համար (այս մասին հանրությունը իմացավ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից): Նշեմ, որ այդպիսի ակտերի դիմաց կաշառք ստանալը Երևանի քաղաքապետարանում երբեք էլ նորություն չի եղել, դա միշտ էլ արվել է աշխատանքային կարգով, նախատեսված կաշառքը՝ համաձայն չգրված գնացուցակի, տեղ է հասել ծրարների մեջ դրված՝ առանց լուրջ ընդհատումների, այդ եկամտաբեր բիզնեսը դրված է եղել հոսքագծի վրա ու աշխատել երկար ժամանակ: Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք այդ փողաբեր առվի հունը մի քիչ փոխեց. քաղաքապետն արգելել էր, որ կաշառքը տրվեր հին ձևերով՝ ձեռքից ձեռք: Նոր, ավելի քաղաքակիրթ համարվող ձևի պահանջն այսպիսին էր. կաշառքը մնում է կաշառք, բայց պետք է տեղ հասնի բանկային փոխանցումների միջոցով, 21-րդ դարն է, վերջապես, չի կարելի, աշխարհում կաշառքը վերցնելու պրոցեսները վաղուց արդեն կատարվում են քաղաքակիրթ ձևերով: Խնդիր էր դրվել՝ նախատեսված կաշառքը փոխանցել բարեգործական և այլ հիմնադրամների հաշիվներին:


Մեր կոռումպացված երկրում անհասկանալի բաներ են կատարվում, գործը հասել է այնտեղ, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները արդեն ձեռք են բարձրացնում Երևանի քաղաքապետի կաշառակեր ենթակաների վրա, նախկինում կոռուպցիոն հոսքի նման ընդհատումներ չէին նկատվել, ի՞նչ է պատահել, միգուցե իր գլխին խաղե՞ր են տալիս, բայց ո՞վ, ո՞ւմ հրահանգով է դա անում: Հարցեր, հարցեր, անվերջ հարցեր, որոնց պատասխանը, հարկավ, մեզ էլ է հետաքրքրում: Եթե ԱԱԾ-ն սկսի քրքրել քաղաքապետարանի բոլոր գործերը (համոզված եմ, որ միայն Մոսկովյան 21 շենքի օրինակով կարելի է բացահայտել բազմաթիվ կոռուպցիոն գործարքներ ու հայ հասարակությանը ներկայացնել հակակոռուպցիոն պայքարի իրական հաջողությունները), ապա շատ բան կհայտնաբերի, ու կպարզվի, ցույց կտրվի, որ կաշառակերության առանձին դեպքերն այստեղ միավորվել ու վերածվել են մասշտաբային համակարգային կոռուպցիոն գործարքների, որոնք խոր արմատներ են գցել, դրված են քաղաքապետարանի որոշ ստորաբաժանումների աշխատանքային գործունեության հիմքում: Մեր հանրության համար ևս այստեղ նորություններ լինել չեն կարող, մենք գիտենք նաև, որ մեր հանրապետությունում կիրառական կաշառակերության ու կոռուպցիայի տեսական հիմունքները առաջադրվել ու կյանքի են կոչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է նրա հանրահայտ խոսքը՝ ուղղված Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին, որը, Երևան քաղաքի կարիքները հոգալու համար, Հայաստանի պետական բյուջեից հատկացումներ էր պահանջում.
-Այ տղա, նստել ես փողի վրա, փող ես ուզում:


Սրանք պատահական մարդու շուրթերից հնչեցված պատահական խոսքեր չէին, դրանք հասարակության առաջ ՀՀ նախագահի շուրթերից սպրդած կրակոտ խոսքեր էին, որոնք վերաբերում էին երկրի ներքին քաղաքականության մեջ էական, կոռուպցիոն գործարքների վրա խարսխված փոփոխություններ մտցնելուն:
Կարելի էր ենթադրել, որ այդ ելույթից հետո կոռուպցիոն գործարքներն ու կաշառակերության դեպքերը համարվելու են որպես նախագահի «դաբրոն» ստացած, պետական պաշտոնական հրահանգ՝ երկրի ներքին գործերում հանցավոր գործարքները բացահայտ լեգալ ձևով ու մասսայաբար իրականացնելու համար: Այն արագ ըմբռնեցին ու, անվերապահորեն, իրենց համար շահավետ գործելաձև դարձրին ՀՀ բոլոր պետական պաշտոնյաները (քաղաքապետերը, գյուղապետերը, դատավորները, դասախոսները, բժիշկներն ու բոլոր նրանք, ովքեր աշխատանքային շփումներ ունեին շարքային քաղաքացիների հետ): Մյուս կողմից` դա ընկալվեց որպես նախագահական հստակ հրահանգ՝ ձեռքերն ազատ արձակելու և տարաբնույթ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախվելու համար: Կոռուպցիոն գործառույթները դարձան սեփական պաշտոնական դիրքերը պահելու և չինովնիկական կյանքի երկարակեցությունը ապահովելու բանաձև:


Ալբերտ Բազեյանը ազնիվ, կռված տղա լինելով, Քոչարյանի հետ չհամաձայնվեց ու պաշտոնից հեռացավ, ավելի ճիշտ կլինի ասել՝ հեռացվեց: Հաջորդ քաղաքապետերի ու, ընդհանրապես, Հայաստանի չինովնիկության համար Քոչարյանի խոսքն ընկալվեց որպես պաշտոնական գործառույթներում կոռուպցիոն գործարքները շրջանառության մեջ դնելու, չինովնիկական անարխիային ազատություն տալու չգրված օրենք, պաշտոնական իրավունք, քարտ-բլանշ, որը հնարավորություն էր տալու կատարելու տարաբնույթ պաշտոնական չարաշահումներ՝ իշխանությունն ու պաշտոնական դիրքը ի չարը գործադրելու, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքը հակառակ ծառայության շահերի դիտավորյալ կերպով օգտագործելու: Այդպես էլ աշխատում էին շահադիտական կամ այլ անձնական շահագրգռությունից ելնելով՝ էական վնաս պատճառելով պետական կամ հանրային շահերին կամ քաղաքացիների՝ օրենքով պաշտպանվող իրավունքներին ու շահերին: Նման արարքների համար Խորհրդային Հայաստանի քրեական օրենսգիրքը շատ ծանր պատիժներ էր նախատեսում՝ ընդհուպ մինչև գնդակահարություն, որովհետև իրենց հետևանքներով դրանք մոտ էին պետական դավաճանությանը: Նման հոդվածները պահպանվել են նաև անկախ Հայաստանի քրեական օրենսգրքում, բայց նկատելի ձևով դեռևս չեն կիրառվում՝ իշխանական համակարգի ու նրանց հարող գործիչների նկատմամբ:

Հանցավոր գործեր կատարելու և անօրինական ճանապահներով հարստանալու համար դա հսկայական առավելություն է տալիս, բայց, միաժամանակ, մեծ վտանգ է պարունակում, որովհետև հետագայում այն կարող է դառնալ չափազանց մեծ գլխացավանք, գլուխներ կարող են թռչել: Սեփական անձի ճակատագրով շատ, թե քիչ մտահոգված քաղաքական գործիչները լավ են հասկանում, որ այս «երանելի» ու «ոսկե» ժամանակները անվերջ շարունակվել չեն կարող, վաղ թե ուշ, բայց, օրերից մի օր, դրանք ավարտվելու են, անխուսափելիորեն գալու է արդար հատուցումը ստանալու և արժանի պատիժը կրելու ժամանակը:
Այդ հնարավոր վտանգի ճիշտ գնահատումից էր, որ մեր ընտրությունները 25 տարի շարունակ կեղծվում են, մեր չինովնիկները գիտեն, որ կատվի վազքը մինչև մարագն է, որ իշխանությունը կորցնելուց հետո, նրանց «բարի քյալլա» ասող չի լինելու, հայ ժողովուրդը այնքան է կեղեքվել, զրկանքների ենթարկվել, տանջվել, պատերազմում «թագավոր» զավակներ կորցրել, որ չի ներելու: Համատարած կոռուպցիայի պետական քաղաքականությունը ոչ միայն հանցավոր է իր բնույթով, այլև ունի վարչակազմի ուժերը իրար միացնելու, միավորելու և մշտապես մոբիլիզացված մարտական վիճակում պահելու նշանակություն, դրանց նախանշանները մենք տեսնում ենք բոլոր ընտրությունների ժամանակ՝ դատելով միաբանության անդամների ագրեսիվ պահվածքից: Երկրի հարցերով մտահոգ ազգային գործիչները, ովքեր, տարբեր առիթներով, համարձակվել են չհամաձայնել կամ բացահայտորեն դեմ են գնացել կոռուպցիայի վրա հիմնված ապազգային, անպտուղ ու խիստ վտանգավոր պետական քաղաքականությանը, գործող իշխանությունների կողմից միանշանակորեն ճանաչվել են որպես ապադասային անձեր, իզգոյներ՝ կորցնելով ունեցած պաշտոնական դիրքերը (ինչպես տեղի ունեցավ Արթուր Բաղդասարյանի դեպքում) կամ կյանքը (ինչպես տեղի ունեցավ մեր ազգանվեր գործիչների, ՀՀ ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի դեպքում): Против лома нет приема-սա իշխող վերնախավին մխիթարող, հույսեր ներշնչող նշանաբանն է: Против лома нет приема, если нет другого лома- սա էլ պետք է լինի ժողովրդին հույս տվող, վճռական պայքարի մղող, ռեալիստական նշանաբան, որը իրագործելու համար պետք է գտնել պատասխան «լոմի» տեղը:


2016 թ. դեկտեմբերի 24-ին Ալիևը դարձավ 55 տարեկան, ինչի առիթով նա Ռուսաստանի պետական ու քաղաքական գործիչներից բազմաթիվ շնորհավորական-քծնողական ուղերձներ ստացավ, որոնցից կարելի է ենթադրել, որ պրագմատիկ դարձած ռուս քաղաքական գործիչները մշտապես կանգնելու են հարուստ Ադրբեջանի, բայց ոչ աղքատ Հայաստանի կողքին: Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք ու հրաժարվենք խոր արմատներ գցած կոռուպցիայի մեր պետական քաղաքականությունից ու զբաղվենք երկրի տնտեսությունը վերականգնելու հույժ կարևոր գործերով, այլ ճանապարհ մենք չունենք: Մի քանի մարդու փողային տենդի պատճառով մենք չենք կարող անկախություն ու երկիր կորցնել: Կասկածից վեր է, որ մեր երկրում ստեղծված իրավիճակը պարզորեն տեսնում և սթափ գնահատում են նաև ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետը, այլապես անբացատրելի կլիներ ԱԱԾ-ի կողմից Երևանի քաղաքապետարանի կաշառակեր քաղծառայողի ձերբակալության տրամաբանությունը: Եկել է ՀՀ բարձրագույն իշխանությունների կողմնորոշվելու և իրենց ընտրությունը կատարելու ժամանակը. ո՞ւմ հետ են նրանք պատրաստվում կառուցելու մեր երկիրը, ո՞ւմ հետ են նրանք կապում իրենց հույսերը՝ ազնիվ ու աշխատասեր հայ ժողովրդի՞, թե՞ իր դարն ապրած ու իրեն վերջնականորեն վարկաբեկած կաշառակեր հայ չինովնիկության հետ:
(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 6155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ