Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչպիսի՞ն կլինի հայկական հարցերի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետդեպարտամենտի նավթագործ ղեկավարի օրոք

Ինչպիսի՞ն կլինի հայկական հարցերի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետդեպարտամենտի նավթագործ ղեկավարի օրոք
10.02.2017 | 00:24

Այսպիսով, ԱՄՆ-ի նոր պետքարտուղարը նշանակվեց։ Ոչ թե, ասենք, միայն ԱՄՆ-ի կամ Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ղեկավարի ի հայտ գալը կարևոր իրադարձություն է և կարող է համեմատվել, թերևս, միայն այն բանի հետ, թե ովքեր կգլխավորեն, օրինակ, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի արտգործնախարարությունները։ Որովհետև շատերի համար արդեն եկել է «իքս ժամը»` հասկանալու, որ երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի չեզոքացման հարցը կախված է հենց հիշատակված չորս պետություններից։ Մեզ, բնականաբար, բացի համաշխարհային երկյուղներից, չի կարող չհուզել այն հարցը, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայկական հարցերի համալիրի առնչությամբ պետքարտուղար Ռեքս ՈՒեյն Թիլերսոնի օրոք։

Տեխասցի նավթագործ Թիլերսոնը կդառնա ԱՄՆ-ի 69-րդ պետքարտուղարը։ Ի՞նչ է դա նշանակում։ Իհարկե, շատ բան։ Անգամ բուն ԱՄՆ-ի պատմության մեջ Տեխասի նահանգը շատ հաճախ ծայրաստիճան բացասական դեր է խաղացել. բավական է հիշել Դալլասում իռլանդացի նախագահ Ջոն Քենեդիի սպանությունը, որը, ըստ էության, մինչ օրս էլ մնում է չբացահայտված։ «ExxonMobil» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահը և գլխավոր կառավարիչը (1 հունվարի 2006-1 հունվարի 2017), իմ կարծիքով, հակասական և տարօրինակ անձնավորություն է։ Համենայն դեպս, նա, հաստատ, ռուսական «պարգևակիր» է. 2012 թ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թիլերսոնին հանձնել է օտարերկրացիների համար ռուսական բարձրագույն պարգևը` Բարեկամության շքանշանը։ Նավթագործն այն ստացել է ռուս-ամերիկյան տնտեսական, «Սախալին-1» նավթի-գազի համատեղ նախագծի իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար, թեև պաշտոնապես նշվում է «արտասահմանում ռուսական մշակույթի պահպանման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։ Բայց սա ոչ ոքի չպետք է մոլորության մեջ գցի Թրամփ-Թիլերսոն զույգի օրոք ԱՄՆ-ի և Ռուսաստանի ապագա լիակատար փոխըմբռնման հույսերի առնչությամբ։ Իր կոշտ բնավորության պատճառով ստացել է «տեխասցի Տի-Ռեքս» («Տիրանոզավր Ռեքս») մականունը։ Բարեկամների ասելով` Թիլերսոնը համոզված բողոքական է, որը գործարար խորհրդակցություններն սկսում էր աղոթքով, գրում է «The Wall Street Journal» թերթը։ «Կոշտ խաղեր» հուշագրքում Ալյասկայի նահանգից նշանավոր հանրապետական Սարա Փեյլինի պնդմամբ, Թիլերսոնն այդ մականունն ստացել է հենց Ալյասկայում` այն բանի համար, որ «ExxonMobil»-ը չէր ցանկանում ընտրություններից հետո համագործակցել նահանգի նոր իշխանությունների հետ։ Մինչդեռ սենատն արդեն Մայքլ Պոմպեոյին (ծագումով իտալացի) հաստատել էր ԿՀՎ տնօրենի պաշտոնում։ Հիմա արդեն Դոնալդ Թրամփի կաբինետի արտաքին քաղաքական թևը համարյա ձևավորված է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դոնալդ Թրամփի նախագահական երդմնակալությանը հաջորդած ամենաառաջին օրերին ԱՄՆ-ի Պենտագոնի ղեկավար էր հաստատվել գեներալ Ջեյմս Մաթիսը (մականունները` «Սև ճգնավոր», «Կատաղած շուն»)։
Այնպես որ, կարելի է միայն ուրախանալ, որ Թիլերսոնը գոնե Թրամփի նման մորմոն չէ։ Մնացած հարցերում կոշտ մարդ է։ Եվ հասկանալի է, թե ինչու։ Հայտնի է, որ նա մասնակցել է ԱՄՆ-ի բոյսկաութների շարժմանը և 1965 թ. նույնիսկ արժանացել է «Engle Scout» կոչմանը։ Բոյսկաութների համար դա բարձրագույն նվաճումն է, որին գոյության ամբողջ պատմության ընթացքում արժանացել է մասնակիցների միայն 4 %-ը։ Բոյսկաութների քուրայով են անցնում ԱՄՆ-ի վերնախավի առավել հետադիմական ընտանիքները` սկսած ծնողներից, վերջացրած զավակներով։ Եվ պատահական չէ, որ միստր Թիլերսոնի ծնողները ծանոթացել են հենց բոյսկաութների ճամբարում։ Ամուսնացած է դարձյալ «վերնախավային» Ռենդ Սենտ-Քլերի հետ, հայտնի տոհմից է։ 2010-12 թթ. Թիլերսոնը եղել է «Ամերիկայի բոյսկաութներ» կազմակերպության նախագահը և երկար տարիներ մտել է նրա հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ, կարևոր դեր է խաղացել միասեռականներին կազմակերպության մեջ ընդունելու թույլտվության մասին որոշման կայացման գործում։ Հետաքրքիր «նրբերանգ» է ԱՄՆ-ի 69-ամյա պետքարտուղարի գաղափարական զինանոցից, այնպես չէ՞։ Հարգում է գեյերին, պարզվում է... հանդես է եկել ի պաշտպանություն ԱՄՆ-ում Common core դպրոցական կրթության ստանդարտներ մտցնելու նախաձեռնության։ Սիրած գիրքը Այն Ռենդի նշանավոր «Ատլանտը շտկել է ուսերը» վեպն է` հակաուտոպիա հանրային կյանքի տարբեր ոլորտների նկատմամբ պետական վերահսկողության աստիճանական ընդլայնման հետևանքով ամբողջ աշխարհում (ներառյալ ԱՄՆ-ը) տոտալ վարչակարգի հաստատման մասին։

Ընդսմին, նույնիսկ ԱՄՆ-ում կան փորձագետներ, որոնք համարում են, թե իբր Թիլերսոնին կհաջողվի գտնել շփման այն եզրերը, որոնցով Վաշինգտոնը կկարողանա ընդհանուր լեզու գտնել Մոսկվայի հետ։ Օրինակ, ամերիկացի քաղաքագետ Էդվարդ Լոզանսկի. «Կասկած չկար, որ Թիլերսոնը հավանություն կստանա սենատի կոմիտեում և ամբողջ սենատում։ Նրան պաշտպանում է ամերիկյան քաղաքական վերնախավի զգալի մասը։ Նա շատ փորձառու և ազդեցիկ գործարար է։ Ռեքսը համոզված պահպանողական է։ Կարծում եմ, որ դա նրան կօգնի նոր որակի կապեր հաստատելու Ռուսաստանի հետ։ Թիլերսոնը հասկանում և ճանաչում է Ռուսաստանը, իսկ նրա կրոնահակությունը միայն կօգնի հարաբերություններ հաստատելու գործում։ Նա Ռուսաստանի հետ համատեղ ահաբեկչության դեմ պայքարի կողմնակից է։ Եվ ակնհայտ է, որ եթե Մոսկվան ու Վաշինգտոնն ուժեղացնեն համատեղ պայքարն արմատական իսլամիստների դեմ, ապա դրանից կարող են բխել համագործակցության նոր ձևաչափեր»։
Անկեղծ ասած, ես շարունակում եմ պնդել, որ աշխարհն այսօր լրջորեն փոխվել է, և ամբողջ մոլորակի ապագան ամենևին էլ կախված չէ միայն ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններից։ Իսկ նախագահ Թրամփի ու ««ExxonMobil» ֆիրմայի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր կառավարիչ Թիլերսոնի մեջ առայժմ ձգտումներ չեն նկատվում կարգավորելու Վաշինգտոնի հարաբերությունները միաժամանակ Չինաստանի ու Իրանի հետ։ Եվ, ուրեմն, լարվածությունն աշխարհում չի թուլանա անգամ եթե ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները շատ ավելի մեղմ դառնան։ Բայց չէ՞ որ Թիլերսոնի մեջ էլ «ամեն ինչ կարգին չէ» Ռուսաստանի քաղաքականության և, այսպես ասենք, Ռուսաստանի պատմության նրբերանգների ընկալման առումով. ԱՄՆ-ի սենատի կոմիտեում իր թեկնածության հաստատման ունկնդրումների ժամանակ պետքարտուղարը հայտարարեց, թե չի պաշտպանում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ։ Իսկ դա այսօրվա համաշխարհային քաղաքականության ամենագլխավոր հարցերից մեկն է, և ոչ պակաս կարևոր, քան, ասենք, Հյուսիսային Կիպրոսի հետնվաճումը թուրքերից, իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը կամ Թայվանի ճանաչումը որպես Չինաստանի բաղկացուցիչ մաս։ Եվ այսպես, Թիլերսոնը պաշտպանում է ՈՒկրաինայի նեոֆաշիստական իշխանություններին. և դա խնդիր է «ռուսաստանյան շքանշանակրի» համար։ Մյուս կողմից, նա շարունակում է «գործարար կապերի» մեջ լինել Ռուսաստանի հետ։ Գերմանական «Suddeutsche Zeitung» թերթին անանուն աղբյուրի տրամադրած փաստաթղթերի համաձայն, 1998-ին Թիլերսոնը դարձել է Բահամյան կղզիներում գրանցված ռուս-ամերիկյան «Exxon Neftegas Ltd» ընկերության տնօրեն («ExxonMobil»-ի տվյալներով, նա այդ պաշտոնից հեռացել է 2006 թ., երբ սկսեց գլխավորել կորպորացիան), որն զբաղվում է Կասպից ծովի նավթահանքերի շահագործմամբ։ 1990-ական թվականներին, լինելով Ռուսաստանում «Exxon»-ի ներկայացուցիչը, Թիլերսոնը կարևոր դեր խաղաց «Սախալին-1» նավթի-գազի հանքավայրերի շահագործման միջազգային կոնսորցիումի ստեղծման համաձայնության հասնելու գործում, իսկ 2007-ին, արդեն որպես կորպորացիայի ղեկավար, կարողացավ պաշտպանել նրա շահերը ռուսական իշխանությունների և «Գազպրոմի» հետ դիմակայությունում։ 2009 թ. ապահովեց Կատարի հետ «Exxon»-ի հեղուկ բնական գազի արտադրության 30-միլիարդանոց պայմանագրի ստորագրումը։ 2011 թ., Սպիտակ տան կողմից պատժվելով պաշտոնական Բաղդադի շրջանցմամբ հում նավթի մատակարարման վերաբերյալ Իրաքի մի ինքնավար շրջանի հետ ծովահենային պայմանագիր կնքելու համար, «Exxon»-ը համաձայնագիր կնքեց «Ռոսնեֆտ» կորպորացիայի հետ, որի համաձայն, Արկտիկայի ռուսական հատվածի նավթի պաշարների տնօրինման իրավունք ստացավ` «Exxon»-ի անդրծովային նախագծերում ռուսական ընկերության ներդրումների փոխարեն։ Այդ պայմանագիրը սառեցվեց 2014 թ. պատժամիջոցների սահմանումից հետո (ամերիկյան ընկերության կրած վնասները գնահատվում են մոտ 1 մլրդ դոլար), և Թիլերսոնը ձգտում էր ընդունված որոշումների չեղարկմանը։ Բրիտանական «The Guardian» թերթի պնդմամբ, Թիլերսոնն անձամբ ծանոթ է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի հետ 1990-ական թվականներից, երբ նա աշխատում էր Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում։ Հենց այդ ժամանակ էլ, ի դեպ, տեխասցի Տի-Ռեքսը ծանոթացել է նաև Վլադիմիր Պուտինի հետ, եթե հավատալու լինենք «The Wall Street Journal» գործարար հրատարակությանը։


Այսինքն, ինչպես կարելի է նկատել, Թիլերսոնը մշտապես հավասարակշռել է «ռուսական նժարների» վրա` լինելով մերթ Մոսկվայի հետ, մերթ ընդդեմ նրա։ Հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցների չեղարկման օգտին, բայց Ղրիմը ռուսական չի ճանաչում։ Եվ դա այն դեպքում, երբ Թրամփի խորհրդական Փեյջն արդեն հրապարակավ ընդունել է, որ Օբամայի օրոք Ղրիմի վերաբերյալ ընդունված որոշումները կառուցված են եղել ապատեղեկատվության վրա և ամբողջ ՈՒկրաինայի ու մասնավորապես Ղրիմի վերջին տարիների իրադարձությունների պատմությունը համարել է վերջին ժամանակների «կեղծված նորությունների» ամենաաղաղակող օրինակներից մեկը։ Թքում է Օբամայի վարչակազմի երեսին, և նրա կորպորացիան 2014-ի պատժամիջոցների սահմանումից հետո էլ շարունակում էր համագործակցել «Ռոսնեֆտի» հետ։ ԱՄՆ-ի պաշտպանության նախկին փոխնախարար Ջոն Համերը Թիլերսոնին համարում է մի մարդ, որը Պուտինի հետ շփվել է ցանկացած ամերիկացուց ավելի հաճախ, բացառությամբ Հենրի Քիսինջերի։ Բայց միաժամանակ Թիլերսոնը ԱՄՆ-ի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) հոգաբարձուների խորհրդում է, այսինքն, «առնչություն ունի» (ԱՄՆ-ի իշխանություններին տրամադրելու համար) այնպիսի պատրաստի որոշումների մշակմանը, որոնք հիմնվում են քաղաքականության և քաղաքական, տնտեսական հարցերի, ամբողջ աշխարհի անվտանգության հարցերի ռազմավարական վերլուծության տեսլականի վրա, առանձնակի շեշտադրելով այն հարցերը, որոնք վերաբերում են միջազգային հարաբերություններին, առևտրին, տեխնոլոգիաներին, ֆինանսներին, էներգետիկային և աշխարհառազմավարությանը։ Հիշենք, «տեխասցու» նշանակումը պաշտպանել են նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, Պենտագոնի նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսը և ԱՄՆ-ի սենատի արտաքին գործերի կոմիտեի գործող նախագահ Բոբ Քորկերը, իսկ նրանք բոլորը բավական կոշտ գործիչներ են ու բնավ էլ խաղաղասիրաբար չեն տրամադրված Ռուսաստանի հանդեպ։ Եվ հիշենք, թե ինչի է ձգտում հասնել ԱՄՆ-ը նշված ոլորտներում... Ահա և ձեզ հանելուկի բանալին, թե ինչ քաղաքականություն է վարելու Թրամփ-Թիլերսոն զույգը։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ