Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Որտեղ են ձմեռում «Ծառուկյան» դաշինքի խեցգետինները

Որտեղ են ձմեռում «Ծառուկյան» դաշինքի խեցգետինները
10.02.2017 | 00:40

Հայոց մեջ որսը դառնում է «որպես ուղիղ ճանապարհ»: Հովիկ Աբրահամյանն իր տարերքի մեջ է: Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ նա խիստ ինքնատիպ, կարելի է ասել, մեզանում եզակի գործիչ է, որ, ինտրիգից բացի, նախընտրում է նաև էքստրիմը: Այդ միայն նրա մտքով կարող էր անցնել օդում, կոնկրետ դեպքում` ինքնաթիռում «քաղաքականություն անել»` շատ կարևոր պահի, շատ կարևոր «մարդու» հետ:


ՈՒ ինչպես պարզվեց օրերս, նա նաև առյուծների, ճայերի և այլ էկզոտիկ կենդանիների որսի սիրահար է: Նպատակն էլ ոչ այնքան էկզոտիկ, որքան պրագմատիկ է եղել. որս անելիս` քննարկել «Ծառուկյան» դաշինքի ապագան և իր մասնակցության ձևաչափը դրանում: Կոնկրետ ի՞նչ է խոսվել, դժվար է ասել, քանզի «որսի ժամանակ» կարող ես խոսել որքան ուզես, ումից ուզես, ինչպես ուզես, զի «լսել» այդ ամենն անհնար է (բայց կարծես ասում էին` մեր ոստիկանությունը ռուսական սպուտնիկներից է օգտվում. ինչևէ): Ի դեպ, Արգամիչը նման նպատակներով օգտագործում է ոչ միայն ինքնաթիռները, այլև ժամանակին` նաև խորհրդարանը, երբ ԱԺ նախագահ էր. խորհրդարանի այգին իր համար հա՛մ զբոսանքի, հա՛մ էլ «կոնֆիդենցիալ» որոշումների վայր էր:


Ինչևէ, մեր ժամանակակից Ջեյմս Բոնդին թողնենք իր «անտառային որոշումների» հետ միայնակ, անցնենք քաղաքական բաղկացուցչին` «Ծառուկյան» դաշինքին` արձանագրմամբ. եթե այնպես ստացվի, որ ամսի տասին տեղի ունենալիք ԲՀԿ համագումարի ժամանակ պարզվի` Գագիկ Ծառուկյանը փակված քաղաքական էջը բացել է բացառապես ԲՀԿ-ի համար, ինչին էլ տանում են վերջին զարգացումները, ապա կստացվի, որ նա դասը` առաջինից մինչև «հաջորդ», կրկին չի սերտել:


Ճիշտ է, պատմությունը, այդ թվում` քաղաքական, սիրում է չսովորած դասերն անվերջ կրկնել, բայց այս դեպքում արդեն հակահարվածները չեն ուշանա, քանզի կար «ուղենիշ», որի մասին արդեն իսկ խոսվել է: Եվ, անկախ նրանից, թե մենք ինչպես ենք գնահատում այդ «ուղենշումը», համաձայն ենք դրա հետ, թե ոչ, այն լավն է, դեմոկրատիկ է, թե ոչ, այնուհանդերձ, երկու տարի անց` օրերս տեղի ունեցած ՀՀԿ ոչ պակաս կարևոր պատմական խորհրդի նիստում սակավախոս, «նշանային» համակարգն ամենևին չանտեսող «նախագա ջանը» երկու լակոնիկ միտք հայտնեց.
ա) ես չեմ ողջունել Ծառուկյանի մուտքը քաղաքականություն,
բ) բայց կարևորում եմ դաշինքների ձևավորումը մեզանում:
Ասել է` Ծառուկյանի առջև «ոչ տեսանելի» խնդիր կա ծառացած. կարողանալ խոշորացնել քաղաքական դաշտը` խորհրդարանական կառավարմամբ հանրապետությունում, ապագայի համար երկկուսակցական (ինչպես, ասենք, ԱՄՆ-ում է) համակարգի «շինարարության» գործում ունենալ իր լուման. հասկանալի այդ «ինֆրաստրուկտուրան», քաղաքակիրթ լինելուց զատ, նաև կենսական անհրաժեշտություն է փոքրիկ Հայաստանի համար, ուր ամեն մեկը «դուքան բացել, կուսակցություն է ծախում»` նպաստելով մեծ խառնաշփոթին:
Սակայն, ինչպես ասում են, ուզում էին լավ, բայց դեռ ոչինչ չի ստացվում: Համենայն դեպս, իրողություններն այդ են արձանագրում. մեկ պարզվում է` Ստեփան Դեմիրճյանը բանակցեց-բանակցեց-նեղացավ-գնաց, հետո պարզվեց` Խաչատուր Սուքիասյանը (որի առնչությամբ ԲՀԿ-ից մեզ գրեթե պաշտոնապես հայտարարել էին` «միլիոն տոկոսով» երկրորդ հորիզոնականում է), հայտարարեց, որ ինքը` «փաս», հետո ռամկավարների հետ պատմությունն էր, հետո հետ-առաջ սկզբունքով հնչակներին են «տանում-բերում»` Նարեկ Գալստյան-Լյուդմիլա Սարգսյան «տարբերակումով»: Եզակի գաղափարական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Արզումանյանը (որը, ի դեպ, ուղղակիորեն զարդարելու էր այդ դաշինքը, որպես Ղարաբաղյան հիմնախնդրի գիտակ) հայտարարեց, որ ինքը ևս` «փաս» (ԲՀԿ-ից ասացին` առաջին տասնյակում էր տեղ ուզում, իսկ իրենց տասնյակը «ռեզինից» չէ)։ Ինչ վերաբերում է ՀՀՇ-ի մյուս թեկնածուին` Արարատ Զուրաբյանին, դեռ պարզ չէ` ինչ կլինի նրա դեպքում ևս, այստեղ խնդիրը ոչ այնքան գաղափարական, որքան տանդեմային է` Ծառուկյանն ու «Արոն» շատ մտերիմ են:

Այսպիսով, եթե որսից հետո դրսևորված «հանգամանքները» տանեն այն բանին, որ ԲՀԿ-ն մնա միակն ու անգերազանցելին այդ «դաշինքում», որն էլ իր հերթին հնարավորության դաշտ կապահովի այս պահին լուսանցքում հայտնված Հովիկ Արգամիչի համար, թե՛ հետընտրական զարգացումների, թե՛ խորհրդարանում` «բազարի» համար, ապա…
Ապա, կարծում ենք, չկայացած դաշինքի շուրջ նոր զարգացումները չեն ուշանա: Այս անգամ արդեն հանդիպակաց` «կոնկուրենտ» ֆիրմայի կողմից:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ