«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

50 ռուբլի…

50 ռուբլի…
10.02.2017 | 12:00

1911 թվականը կորստաբեր եղավ թիֆլիսահայոց համար. վախճանվեցին մի շարք նշանավոր մարդիկ, և նրանցից առաջինը Պետրոս Սիմեոնյանն էր, որ մահկանացուն կնքեց 81 տարեկանում: Նա Թիֆլիսի հայ մտավոր կյանքի ամենահարգված ու համբավավոր մարդկանցից մեկն էր: Նախնական կրթությունն ստացել էր Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում, ուսանել էր Մոսկվայի Լազարյան ճեմարանում ու Դորպատի համալսարանում: Որպես ուսուցիչ ու տեսուչ աշխատել էր Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանում, 1863 թ. հիմնել ու 25 տարի խմբագրել էր «Մեղու Հայաստանի» ազդեցիկ թերթը, ապա` Էջմիածնի «Արարատ» հանդեսը, հեղինակել դպրոցական ձեռնարկներ:


Պ. Սիմեոնյանը վերին աստիճանի համեստ և անարծաթ մարդ էր, տուն անգամ չուներ և քսան տարի ապրում էր «Լումայ», «Հովիւ» և «Հովիտ» պարբերականների խմբագիր Եզնիկ ավագ քահանա Երզնկյանի տանը:
Հետմահու կտակ որպես այդպիսին` իրավաբանորեն հավաստված, նոտարի կողմից հաստատված, չէր թողել, բայց 1902 թ., հենց որ հիվանդացել էր ասթմայով` մի նամակ էր պատրաստել առ Երզնկյանը, ուր շարադրել էր իր վերջին կամքը: Ահա այդ նամակը.


«Արժանապատիւ և սիրելի հայր Եզնիկ
Ա.
Իմ մահիցս յետոյ վերջին կամքս կատարելու պարտքը քեզ կը խնդրեմ յանձն առնել, որ հետևեալն է.
1. Ինչ-որ տպագրեալ գրքեր, բացի ամսագրերից ու լրագրերից` ուղարկել Ս. Էջմիածնի ճեմարանի գրադարանին, բացի Չմշկեանի եռահատոր Հայոց պատմութիւնից, որ խնդրեմ յանձնել Ներսիսեան դպրանոցի գրադարանին.
2. «Մեղու Հայաստանի» լրագրի քսան և հինգ ամեայ յօբելեանի առթիւ ստացած արծաթեայ պսակը կը յանձնես Ս. Էջմիածնի կամ որևէ այլ ազգային թանգարանի` ըստ քո բարեհայեցողութեան.
3. Մնացած իրեղէններն ու շորեղէնները մնում են իբրև կողոպուտ քո տրամադրութեան իբրև սեփականութիւն:
Բ.
Արժ, հայր Եզնիկ, յուղարկաւորութեան մասին հոգսերն էլ կը խնդրեմ դու յանձն առնես և այդ մասին կամքս հետևեալն է.
1. Դագաղիս վրայ ոչ մի պսակ չդրուի, այլ յիշատակս յարգող ամեն բարեկամից կը խնդրեմ ջերմ մաղթանք Փրկչին, որ Նա իմ մեղաւոր հոգիս արդարութեամբ չդատէ, այլ իւր անսահման գթութեամբ քաւէ: Ոչ մի ճառախօսութիւն չլինի:
2. Դագաղս թէ եկեղեցի և թէ հանգստարան մարդիկ չկրեն, այլ դիակառքով տարուի:
3. Յուղարկաւորութիւնը կատարուի մի քահանայով (որ դու կլինես), մի սարկաւագով և մի խաչուառակիր տիրացուով:
4. Յուղարկաւորութեանս ծախքը հոգալու համար կը ստանաս` ա) մեծ. Պ. Դաւիթ Յովհաննիսեան Ռօտինեանցից նրան պահ տված դրամս. բ) պահարանիս (կոմոդիս) վերջին մեծ գզրոցում ձախ կողմում` պորտմանիս մէջ գտնուած դրամը և ինչ-որ դրամ կերևի գրպանիս դրամարկղի մէջ:
5. Ծախքերի վերաբերմամբ իրաւունք է տրւում քեզ. մնացածը քեզ կը պատկանի իբրև թաղմելայ: Եօթներորդ օրը, քառասունքին, տարելիցին միայն գերեզմանս կօրհնես: Այս է իմ վերջին կամքը, որ կը յուսամ ճշտիւ կը կատարուի:
Պ. Սիմէօնեանց
1902 թ., 15 հոկտ., Թիֆլիզ»:


Դ. Ռոտինյանից ստացվեց 150 ռ., կոմոդի գզրոցի մեջ փաթաթված պորտմանից, որ Պ. Սիմեոնյանը անկողին մտնելիս դնում էր բարձի տակ, և գրպանի դրամակրից («պիստոնչիկ») հայտնաբերվեց 86 ռ., ամբողջ գումարը կազմեց 236 ռուբլի: Բացի այդ, Պ. Սիմեոնյանը բանավոր պատվիրել էր Դ. Ռոտինյանին պահ տված 200-ական ռուբլի արժողությամբ իր երկու փոխառություններից մեկը հանձնել 10 տարի իրեն անվճար բուժած բժիշկ Ն. ՈՒմիկյանի ավագ դստերը, մյուսը` Ե. Երզնկյանի որդուն:


Նախկին խմբագրի ու մանկավարժի մահից հետո մեկ տարի շարունակ դրամահավաք կազմակերպվեց` նրա գերեզմանին հուշարձան կանգնեցնելու համար: Երեխաները տալիս էին իրենց կոպեկները, մեծերը` սովորաբար 5 ռուբլուց ոչ ավելի:
Հուշարձանը տեղադրվեց, բայց Խոջիվանքի զգալի հատվածի ավերմամբ վերացվեցին թե դա և թե հանգուցյալի գերեզմանը:


Ես այսքանով կարող էի ավարտել, ասելով` տեսեք, թե նվիրյալ մտավորականի ամբողջ ունեցվածքը որքան էր, ազգին անմնացորդ ծառայելու համար փողն ու հարստությունը երկրորդական են, և անգամ նրա հիշատակը տարրալուծվում է ժամանակի բարդույթներում: Բայց իրականում այս ամբողջ պատումը խորհրդապաշտական, գաղտնագրային իմաստ է պարունակում:
Բանն այն է, որ 236 ռուբլուց 50-ը պատվիրել էր տալ գանձակեցի մի այրի կնոջ, որի որդին սովորում էր Ներսիսյան ճեմարանի 3-րդ դասարանում: Այդ երեխայի անուն-ազգանունն էր Կարո Հալաբյան…


Ինչո՞ւ հենց Կարոյի համար, Պետրոս Սիմեոնյանը ի՞նչ էր նկատել այդ երեխայի մեջ: Որ կդառնա ամենանշանավոր հայ ճարտարապետներից մե՞կը: Որ նրա նախագծերով Մոսկվայում, Երևանում, Կիևում, Ստալինգրադում և այլուր բազմաթիվ շենքե՞ր կկառուցվեն: Որ կդառնա ԽՍՀՄ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապե՞տ, ակադեմիկո՞ս, ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի թղթակից-անդա՞մ, Նյու Յորքի պատվավոր քաղաքացի՞:


Այս ամենը Պետրոս Սիմեոնյանը, անշուշտ, կանխատեսել չէր կարող, բայց նա երեխայի մեջ նկատել էր տաղանդի առկայծումը և իր չնչին գումարից 50 ռուբլի էր բաժին հանել: Օգնել էր` ինչով կարողացել էր…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ