Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դաշինքները չծնված` մեռան

Դաշինքները  չծնված` մեռան
14.02.2017 | 01:07

Ինչո՞ւ այդպես եղավ: Բոլոր վարկածները նույն դաշինքավորներն արդեն իսկ հնչեցրել են. «մեկ կենտրոնից է ղեկավարվում» սույն փլուզումը, ղեկավարելի քաոսի և հիբրիդային վերահսկողության խաղարկումը հենց այսպիսի «վախճան» էր կանխատեսելու քաղաքական այդ միավորների համար, «ականներ» կային դաշինքավորների մեջ, և այդպես շարունակ:
Գուցե և այդ ամենը դեր է խաղացել, սակայն առնվազն քաղաքական «թզուկ» պետք էր լինել` խաղն սկսելուց առաջ երկու կարևոր հանգամանք հաշվի չառնելու համար. այդ բոլոր դաշինքները ապաքաղաքական, ապագաղափարական էին, և նրանցից այլ բան սպասելն առնվազն ուտոպիա էր: Սա` «ա»:


բ) Հայաստանյան քաղաքական պատմության ողջ ընթացքը ապացուցել է` միավորումները, դաշինքները, անգամ մեկ «կերակրատաշտի» շուրջը հավաքված կոալիցիաները երկար գոյատևել անկարող են ոչ միայն «հայուն խասիաթին պատճառով», այլև պրագմատիկ շահերի:
Իսկ եթե դրանից կարող է «մեկ կենտրոնը» օգտվել` իրավիճակը դարձնելով հիբրիդային մինչև վերջին վայրկյանը (հաշվի առնենք, որ վերադասավորվելու ժամանակ գրեթե չկա), ապա դաշինքավորներն իրենք իրենց պետք է մեղադրեն` հաշվել չկարողանալու համար: Արդյունքում դաշինքների մի մասը քանդվեց, մյուս մասը դարձավ անհասկանալի մի «օրգանիզմ», որն էլ կքայքայվի քիչ ավելի ուշ, ասենք` ընտրություններից հետո, պառլամենտում:
Չէ, չենք «ծամում», շատ ուղիղ էլ նկատի ունենք «Ծառուկյան» դաշինքը, որը, եթե անկեղծ, «բարաթ» է գրելու «Ալյանսի» հետ (հարգանքներիս հավաստիքը Հովիկ Արգամիչին, որի «շուքին» ներքո «Ալյանսը» ծլել, ծաղկել, բողբոջել է այսքան տարի) ու, այլ կուսակցություններից մի քանի անհատի ներառելով յուր ցուցակում, գնալու է ընտրությունների։


Ձգենք պաուզան` արձանագրելու. Գագիկ Ծառուկյանի վերադարձի ԲՀԿ համագումարը եթե չասենք ահագին տխուր, ապա հաստատապես խիստ մոնոտոն էր: Ոչ Ծառուկյանի բանավոր ելույթի պատճառով (ինչը նույնպես բավարար հետաքրքիր է), այլ որ քաղաքական էջը բարձր նոտայով բացած Ծառուկյանը համագումարում «մի տեսակ էն չէր», եթե չասենք` անգամ մի քանի տարով ծերացած թվաց: Չէ, չենք ասում, որ Հովիկ Արգամիչի հետ որսից հետո կարող է և մարդը հոգնած էր: Ասում ենք` վերադարձած Ծառուկյանը հաստատապես և ակնհայտորեն հասկացել էր. անցնող երկու տարում քաղաքականությունը փոխվել, ինքը փոխվել, խաղը բարդացել է:


Հասկանալի չէ՞ նաև, որ «մեկ կենտրոնի» բուն մոդերատորը քաղաքական տախտակը գծում է Արգամիչի հագով. երբ Արգամիչը դարձավ վարչապետ, Ծառուկյանը «դուրս մնաց» քաղաքականությունից, երբ Ծառուկյանը վերադարձավ, Արգամիչը «դուրս մնաց»: Զի նա լավ գիտի` «երկու գլուխ մեկ կաթսայի մեջ չի կարելի եփել»` անչափ տրիվիալ պատճառով: Արգամիչն ստացավ հնարավորություն` հետնամուտքերից ներս մտելու համար, ինչի խոր պատրաստակամությունն էլ դրսևորում է: Ինչն էլ ահավոր փսորեց «տոնը», որը կարող էր ապրել Ծառուկյանը` իր վերադարձի, իր կազմելիք դաշինքի, իր քաղաքական խաղի իմաստով: Միով բանիվ` Ծառուկյանի երկընտրանքները ապագա խաղի մասով շատ շատ են. այդ բեռը Ծառուկյանը շատ լավ է գիտակցում, ինչն էլ ակնհայտ էր համագումարում հնչեցրած նրա ելույթի տողատակերում, մի տեսակ կնճռոտված դեմքի անհայտ ծալքերում:
Թողնենք Նիկոլաևիչին յուր մտահոգությունների հետ միայնակ, հավարտ` մեկ-երկու նախադասությամբ անդրադառնանք մեկ այլ` «Սեյրան Օհանյան» դաշինքին ու յուր ծալքերին, ուր, ինչպես և կանխատեսել էինք, հրմշտոցը հասել է այնտեղ, որ «պոտենցիալ» դաշինքավորները ո՛չ միայն սկսել են իրար դեմ «քարեր գլորել» լրատվամիջոցներով, այլև հարցականի տակ դնել թե՛ դաշինքի կազմավորման, թե՛ ընտրություններին մասնակցության հեռանկարը:


Պատճա՞ռը: Ոչ միայն ցուցակային ամբիցիոզությունը չէր, նաև «քաղաքական» էր: Նրանց ծնող-մոդերատորները (գիտենք` ով) հույս ունեին, որ ինչ-որ պահի այս դաշինքը տեղ կգտնի «Ծառուկյան» դաշինքում` իրենց «մեծ» խաղը «տեղ հասցնելու» համար:
Չստացվեց:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ. Նյութը պատրաստ էր, երբ իմացանք, որ «Ժառանգությունը» միացել է «Օհանյան» դաշինքին։ Կարծում ենք` չի բացառվում մինչև «աքլորականչ» ևս երեք անգամ սույն ցուցակում նոր տեղաշարժեր լինեն` ՀՀ ոստիկանապետի հետ վերջնական աղոթքից առաջ։

Դիտվել է՝ 2026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ