Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մահը վերջակետ չէ, այլ ստորակետ` հարությունից առաջ

Մահը վերջակետ չէ, այլ ստորակետ` հարությունից առաջ
14.02.2017 | 10:15

Շատերը կասեն` դե իհարկե սատանան է, որ մոլորեցրեց մեր նախաստեղծ ծնողներին՝ Ադամին ու Եվային, որ մարդկության մեծ մասին դժոխք է տանում իր հետ։ Այո՛, իհարկե, սատանան անշուշտ մեր փրկության թշնամին է, բայց մեր վերջին թշնամին նա չէ, քանի որ սատանան պարտվեց Խաչի վրա Տիրոջ զոհաբերության հաղթանակով։ Մեր վերջին թշնամին մահն է, որ դեռևս չի պարտվել։ Եվ դա ըստ Պողոս առաքյալի խոսքի է. «Վերջին թշնամին, որ կկործանվի, մահն է» (Ա Կորնթ. 15.26)։


«Մահը կուլ գնաց հաղթությանը։ Ո՞Ւր է, ով մահ, քո հաղթությունը, ո՞ւր է, դժոխք, քո խայթոցը»։ Մահի խայթոցը մեղքն է, և մեղքի զորությունը` օրենքը։ Բայց գոհություն Աստծո, որ մեզ տվեց հաղթություն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Կորնթ. 55-56)։

ՄԱՀ. ՎԵՐՋԱԿԵ՞Տ, ԹԵ՞ ՍՏՈՐԱԿԵՏ
Իհարկե` վերջակետ։ Այսպես է պատասխանում մեզ շրջապատող մարդկանց գերակշռող մասը, նույնիսկ իրենց քրիստոնյա համարողներից շատերը, բայց կան նաև մարդիկ, որ առանց տատանվելու պատասխանում են. «Իհարկե` ստորակետ, այլապես այս կյանքը իր բոլոր ձևերով կլիներ անիմաստ, եթե հավիտենական արժեքների խոստում չլիներ մեզ Ստեղծողի կողմից»։
Զարմանալի է, բայց փաստ, որ հավիտենական արժեքների եզրեր ունեն աշխարհի բոլոր կրոնները, թեև ամեն մեկը յուրովի մեկնաբանություններով։
Մի անգամ քրիստոնյա մի քանի եղբայրներով գնացել էինք Երևանի մերձակա գյուղերից մեկի ծիրանի այգիներում խոտաբույս հավաքելու։ Դե, բնական է, որ ծիրանի ժամանակը արդեն անցել էր, թե չէ ո՞վ կհամարձակվեր այդ օրերին ուրիշի այգին մտնել։


Տասը րոպե էլ չանցած, հարայհրոցով մի գյուղացի վրա հասավ ու սպառնանքով գոռաց բոլորիս վրա. «Ձեզ ո՞վ է թույլ տվել ուրիշի այգին մտնել»։ Մենք էլ քրիստոնյային վայել մեղմությամբ, նախ, ներում խնդրեցինք, որ առանց հարցնելու ենք ներս մտել, շրջակայքում ոչ մեկին չտեսնելով, որ թույլտվություն խնդրեինք, ու այգու բերքը քաղած-հավաքած տեսնելով, համարձակաբար ներս ենք մտել, որ մի քանի դեղաբույս քաղենք հիվանդի համար։ Ես էլ, առիթից օգտվելով, որոշեցի Աստծո մասին խոսք բացել, ասացի. «Ախպեր ջան, էս այգուդ բերքն ու բարիքը Աստված միշտ առատ անի, և ինչ որ պակասեցնելու ենք, թող Տերը ավելիով վերադարձնի»։ Մարդն Աստծո անունը լսելով մեղմացած ու սիրալիր ասաց. «Դե որ Աստծու անունը տվեցիք, էս այգին ձեզ փեշքեշ, ինչքան ուզում եք, ինչից ուզում եք` օգտվեք»։ Խմբի անդամներին ասացի, որ շարունակեն խոտաբույս հավաքել, իսկ ես այդ մարդու հետ խոսք ու զրույցը շարունակեցի։ ՈՒ մի ծառի տակ առանձնանալով նստեցինք ու սկսեցինք Աստծո մասին խոսել։ Ես իր հետ ավետարանի խոսքով էի ուզում շարունակել, բայց նա սկսեց ժողովրդական իր հավատալիքների մասին հպարտությամբ պատմել. «Էս այգին մի ժամանակ կոլխոզին էր պատկանում, ես էլ այնտեղ բրիգադիր էի, բայց ամեն տարի զատկի տոնին մատաղ էի անում ու յոթ տեղ բաժանելուց հետո մնացածով մենք էինք քեֆ անում, ուրախանում։ Բայց երբ սովետը փլվեց, էս այգին ես սեփականացրի, ու մեռնեմ Աստծու զորությանը, ամեն տարի մատաղ եմ անում, քանի որ Աստված ինձ սոված չի թողում»։ Փորձեցի «մոմ ու մատաղի» մակարդակի հավատքից մի փոքր այն կողմ անցնել։ Տնտղելու համար նրա հավատքի խորությունը, ասացի. «Լավ ես անում, որ մատաղ ես անում ու կարիքավորներին բաժանում, թող Տերը հիշի արածներդ ու դեմդ բերի, իսկ Աստծո արած «Մատաղը» ընդունո՞ւմ ես, այսինքն` Աստծո Գառին՝ Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ ճանաչո՞ւմ ես»։
Նա, թե. «Բա ոնց, ախպեր ջան, ես Հիսուսի ցավն էլ տանեմ, բա ոնց, մենակ Ինքն ա մեր Տերն ու Աստվածը»։


Ես մտքումս ուրախացա այս վկայության համար, և այս անգամ հարց տվեցի մեռելների հարության ու հավիտենական կյանքի մասին։
«Իսկ հավատո՞ւմ ես, որ, ըստ Տեր Հիսուսի խոսքի, երբ մի օր մեռնենք ու գերեզման դրվենք, հարության օրը մեռելներից պիտի կենդանանանք ու գերեզմաններից դուրս գանք»։
Նրա հայացքը քարացավ, սառեց ու կարեկցաբար մեջքիս թփթփացնելով, հատ-հատ ասաց. «Ի՞նչ մեռելների հարություն, ի՞նչ հավիտենական կյանք, ախպեր ջան, էս ա մեր կյանքը, կե՛ր, խմի՛, բազմացի, ընտանիքդ պահի, նամուսով ապրի ու վերջում էլ գնա պապերիդ կողքը պառկի, ու վե՛րջ. էս ա։ Մենակ թե քեզանից հետո լավ անուն թողես: Հավիտենական կյանքս ո՞րն ա. չկա՛, էս ա՛, ու վերջ։ Քեզ խաբե՛լ են, ախպեր ջան, կե՛ր, խմի, քեֆ արա, էգուց մեռնելու ենք ու գնանք»։


Տխրեցի զրուցակցիս հոգևոր տգիտության համար։ Գետնից մի ծիրանի կորիզ բարձրացնելով, ասացի. «Որ հիմա հողը փորեմ ու կորիզը մեջը գցեմ-ծածկեմ, ի՞նչ կլինի հետո»։ Նա իսկույն պատասխանեց. «Դե ի՞նչ պիտի ըլնի, սաղ ձմեռը հողի տակ կփտի, ու եթե առողջ ա մեջը, փուչ չի, գարնանը ծիլ կտա, հետո էլ կմեծանա ու ծառ կդառնա, պտուղ կտա»։ Ես ասացի. «Շատ ճիշտ բացատրություն տվեցիր, ու ես հավատում եմ, որ ասածդ ճշմարտություն է, բայց դու ինչո՞ւ չես ուզում հավատալ Հիսուսի խոսքին, որ ասաց. «Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար: Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմանում են, կլսեն Նրա (Հիսուսի) ձայնը և դուրս կգան, ովքեր բարի գործեր են արել՝ կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի հարության համար» (Հովհ. 12.24 և 5.29)։ Այս խոսքերը ասողը Աստված է, Ինքը սուտ բան չի ասի։ ՈՒրեմն, ինչպես որ ես քեզ հավատացի, երբ ասացիր` կորիզը ձմեռը կփտի ու գարնանը ծիլ կտա, այդպես էլ դու աշխատիր հավատալ Հիսուսի խոսքին, որովհետև ով հավատում է Տիրոջ խոսքին, նրա մեջ կենդանություն կա, ու փուչ չի, քո ասածի նման, երբ նա գերեզման դրվի, այսինքն` մահվան ձմեռը անցնի, ու հարության գարունը գա, Տիրոջ խոսքի համաձայն մեռելները գերեզմաններից պիտի «ծլեն», այսինքն` հարություն ստանան։ Դրանից հետո ամեն մեկն ըստ իր արած գործերի պատասխան կստանա` թե՛ չարի, թե՛ բարու։ Ինչպես որ դուք` հողագործ գյուղացիներդ, երբ գարունը գալիս է, ձեր ցանածը ծլում է, սկսում եք քաղհան անել, ու ինչ անպետք է, հանում, դուրս եք թափում ու վառում, այդպես էլ Աստված պետք է հարությունից հետո «քաղհան» անի բոլոր մարդկանց, ու ինչ Իրենն է, կտանի դրախտ, ինչ չարից է, դժոխքի կրակի մեջ է գցելու»։
Գյուղացի մարդը լսեց-լսեց ասածս, չգիտեմ, սրտում սերմ ընկավ թե չէ, բայց այլևս չուզեց շարունակել մեր խոսակցությունը, վեր կացավ, մնաս բարով ասաց ու գնաց իր գործին։
Եթե ընթերցողների մեջ կան մարդիկ, որոնք այս մարդու նման են հավատում Աստծուն, ուրեմն իսկապես տեղին է մեջբերել Պողոս առաքյալի այս խոսքը. «Եթե քարոզում ենք, թե Քրիստոս մեռելներից հարություն է առել, ձեզնից ոմանք ինչպե՞ս են ասում, թե մեռելներից հարություն չկա։ Եթե մեռելներից հարություն չկա, ապա և Քրիստոսը հարություն չի առել։ Իսկ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է ձեր հավատը։
Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հավատը, ու տակավին նույն մեղքերի մեջ եք։ Իսկ արդ՝ նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդյոք։


Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել Քրիստոսի վրա՝ ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ։ Բայց արդ՝ մեռելներից հարություն է առել Քրիստոս՝ ննջեցյալների առաջին պտուղը։
Բայց եթե մեկը կասի՝ ինչպե՞ս են հարություն առնում մեռելները կամ ի՞նչ մարմնով պիտի գան։ Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի։ Եվ ինչ որ սերմանում ես, սերմանվածը այն նույն մարմինը չէ, որ ծնվելու է, այլ մերկ հատիկը, լինի ցորենի, թե այլ սերմերի։ Եվ Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է» (Ա Կորնթ. 15. 13-39)։
Իսկ այս խոսքերի կենդանի վկայությունը հիմա ինքներդ կկարդաք։


Պատմում են, որ այն ժամանակ, երբ մայր Մարիա Սկոբցովան գտնվում էր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում, մի խումբ կանանց մահվան դատապարտեցին։ Նրանցից մեկը հուսակտուր լաց էր լինում և օգնություն աղերսում, որովհետև սարսափում էր մահից։ Մայր Մարիան մոտենում է նրան և ասում. «Մի՛ վախեցիր, վերջին խոսքը մահը չէ, այլ կյանքը»։ Դատապարտյալ կինը առարկում է. «Ես ինչպե՞ս կարող եմ հավատալ դրան»։ Եվ մայր Մարիան պատասխանում է. «Շատ հասարակ՝ ես կգամ քեզ հետ»։ Եվ նա գնաց, չնայած նրա անունը չկար դատապարտյալների ցուցակում, և մեռավ, ավելի շուտ ինքնակամ նահատակվեց, ապացուցելով, որ մահը վերջակետ չէ, այլ ստորակետ` հարությունից առաջ։
Աստված բոլորիս նման կենդանի հավատքով ապրելու շնորհ տա։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ