«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վիգեն Սարգսյանն Իրանում էր լուրջ իրադարձությունների նախօրեին

Վիգեն Սարգսյանն Իրանում էր լուրջ  իրադարձությունների նախօրեին
17.02.2017 | 00:52

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանի իշխանություններին հանձնելու շուրջ բարձրացած կիսա-«վարկանիշային» աղմուկը Բաքվում առաջ բերեց «հայերի նկատմամբ հերթական հաղթանակի» համար «ազգային հպարտության» հերթական ալիքը: Ապշերոնցիներին կարելի է հասկանալ, անհնար է, սակայն, հասկանալ երևանյան «իրարանցումը», թեև, իհարկե, հաճելի փաստ չէ, հաշվի առնելով այն շարժառիթը, որի համաձայն Լուկաշենկոն ոչ այն է իսրայելցուն, ոչ այն է ռուսաստանցուն հանձնեց Բաքվին՝ Արցախի Հանրապետություն այցելելու համար: Տարբեր երկրներից հարյուր հազարավոր թե՛ հայեր, թե՛ ոչ հայեր այցելել են կամ մտադիր էին այցելել Ստեփանակերտ, այնինչ Լուկաշենկոն ստեղծում է իր անպատասխանատու բացասական նախադեպը:

Բայց թող «լապշիններով» զբաղվեն ՌԴ իշխանությունները. որքան գիտեմ, ռուսաստանյան օրենսդրությունը երկքաղաքացիություն չի նախատեսում: Իսկ Լուկաշենկոյով թող զբաղվեն Հայաստանի ու Արցախի արտգործնախարարությունները, գուցե նաև գործարար քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանը, որը վերջին շրջանում տարփողում է իր բարեկամական հարաբերությունները Բելառուսի մարազմատիկ նախագահի հետ:
Մեզ ավելի շատ պետք է հետաքրքրի, թե ում էր ձեռնտու Լապշինի շուրջ բարձրացված աղմուկով ստվերել Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի այցը Իրան: Մինչդեռ Հայաստանի և Արցախի շուրջ լարվածության կտրուկ սրման սպառնալիքի պայմաններում հայ նախարարի Թեհրան կատարած այցն ու բանակցությունները միանգամայն առանձնահատուկ իմաստ են ստանում և ոչ քիչ թվով գաղտնի ենթատեքստեր են պարունակում: Զուր չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ու համացանցային կայքերը շատ նյարդայնացած արձագանքեցին, իսկ Իլհամ Ալիևը հերթական անգամ աշխարհով մեկ սկսեց «ղժղժալ», թե անցած տարվա ապրիլյան ռազմական գործողություններն Արցախում, իբր, «Ադրբեջանի ներքին գործն են»: Վախենում են մեր ոչ բարով հարևանները, շատ են վախենում, որովհետև ապշերոնյան խանը մեկամսյա լռությունից հետո մի նոր «շշպռանքի» արժանացավ. հունվարին թե՛ ինքը, թե՛ բոլոր պանթյուրքիստները այդ առիթով պատասխան ստացան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովից: Եվ այդ մասին գիտեն, փաստորեն, Արցախյան խնդրի էությանն իրազեկ բոլոր շահագրգիռ անձինք: Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանի այցը տեղի ունեցավ նրա իրանցի պաշտոնակից, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհանի պաշտոնական հրավերով: Իսկ բուն հրավիրագիրը Վ. Սարգսյանի նշանակումից շատ չանցած Երևան բերեց Իրանի պաշտպանության նախարարի հատուկ հանձնակատար, Իրանի պաշտպանության փոխնախարար Նասրոլլահ Քալանթարին՝ հայ նախարարի նշանակման առթիվ Իրանի նախարարի շնորհավորական ուղերձի հետ: Այնպես որ, այցն արդեն կանխորոշված էր կամ նույնիսկ անխուսափելի:


Այս կամ այն երկրի ամեն մի նորանշանակ նախարարի չէ, որ Իրանը շնորհավորել և շնորհավորում է նշանակման առթիվ, բացի այդ, աշնանը, բացի Իրանի պաշտպանության նախարարությունից, ոչ ոք Վիգեն Սարգսյանին պաշտոնապես չշնորհավորեց էլ և չհրավիրեց այցելելու իրենց երկիր: Եվ, այնուամենայնիվ, զարմանալի էր, որ հայ նախարարը Իրան մեկնեց, փաստորեն, եթե դատելու լինենք ըստ նրա արտասահմանյան այցերի, Ռուսաստանում բավական երկար տևած այցից անմիջապես հետո: Եվ, ի դեպ, Երևանի տարբեր մակարդակի ամերիկամետ շրջանակները «խուլ» տարակուսանք են արտահայտում այն առնչությամբ, որ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարը առաջին այցը կատարեց ոչ թե ՆԱՏՕ և ԱՄՆ, այլ Դոնի Ռոստով և Մոսկվա: Հիմա այդ «շրջանակները» չարախոսում են նաև մեր նախարարի Իրան կատարած այցի առնչությամբ: Տարօրինակ է, որ այդ «շրջանակները» մինչև հիմա ուզում են հայ հասարակությունից թաքցնել այն հանգամանքը, որ ապրիլյան ռազմական գործողությունների թիկունքում կանգնած են եղել (որպես հրահանգիչներ) ԱՄՆ-ը, Իսրայելը և Թուրքիան, դժվար է նրանց գլուխը մտցնել, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ անցած տարվա վերջին իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայության ղեկավար Յոսի Կոհենը հրապարակավ խոստովանել էր, թե իր «գրասենյակի» բարձրաստիճան սպաները պաշտոնապես «աշխատում են» Բաքվում՝ հօգուտ Ադրբեջանի: Եվ տարօրինակ է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի (ստացվում է՝ նաև Թուրքիայի, քանի որ հենց վերջերս Դոնալդ Թրամփը մեկ անգամ ևս հավաստեց, որ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում Թուրքիայից լավ դաշնակից չունի) հետևորդների այդ նույն «շրջանակներն» ուզում են թաքցնել, որ 2016 թ. ապրիլին Ռուսաստանից ավելի շատ հենց Իրանն էր, որ կարողացավ թույլ չտալ՝ ռազմական գործողությունները վերաճեն լայնամասշտաբ պատերազմի: Ասենք, այս հարցում Հայաստանի իշխանություններն իրենք էլ ԱՄՆ-Իսրայել զույգի երևանցի նվիրյալների կողմն են:


Երևանյան այդ շրջանակներին անիմաստ է բացատրել ու կրկնել, որ «ոչ մի տեղ չեք փախչի» արտահայտությունը, նախ և առաջ, վերաբերում է իրենց խաղերին և հենց այն իմաստով, որ ոչ ոք, սկսած Հայաստանից, տարածաշրջանում ոչ մի տեղ չի փախչի Իրանից: Բայց ի՞նչն է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի Իրան կատարած այցում գրեթե միատեսակ անհանգստացրեց թե՛ ադրբեջանցիներին, թե՛ երևանցի արևմտամետ-իսրայելամետներին: Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարությունների պաշտոնական հաղորդագրություններից կանխավ հայտնի էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարը Թեհրանում հանդիպումներ է ունենալու ինչպես իր իրանցի պաշտոնակցի, այնպես էլ քաղաքականության և անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, և որ հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: Հաղորդվել էր նաև, որ հայ նախարարն այցելելու է գերատեսչական և արդյունաբերական ձեռնարկություններ, ինչպես նաև Թեհրանում գտնվելիս հանդիպում է ունենալու Իրանի հայկական համայնքի ներակյացուցիչների հետ: Ամփոփելով Թեհրան կատարած իր այցը, Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ տարածաշրջանային անվտանգության շատ խնդիրներ առանձնակի հրատապություն են հաղորդում Հայաստանի և Իրանի համագործակցությանը: Առաջին հերթին խոսքը, իհարկե, Արցախի մասին է: Ինչպես հայտնի է, Իրանը ծայրաստիճան բացասաբար է վերաբերվում և՛ պատերազմի վերսկսման սպառնալիքի, և՛ հակամարտության գոտում արևմտյան խաղաղապահների տեղաբաշխման հեռանկարին: Բացի այդ, Թեհրանը բազմիցս հասկանալ է տվել, որ դեմ չէր լինի անմիջականորեն ներգրավվելու հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում:


Մյուս խնդիրը Ադրբեջանի և Իսրայելի հարաճուն ռազմատեխնիկական համագործակցությունն է, իսկ Յոսի Կոհենի խոստովանություններից հետո՝ նաև հետախուզական և դիվերսիոն ոլորտներում Բաքվի ու Թել Ավիվի գործակցությունը: Խոսքը, մի կողմից, Իրանի անմիջական հարևանի մասին է, մյուս կողմից՝ նրա ամենագլխավոր (եթե Իսրայելը դիտարկելու լինենք ԱՄՆ-ի հետ մեկտեղ) գաղափարական ու աշխարհաքաղաքական հակառակորդի: Ինքը՝ Իսրայելը, պնդում է, որ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական գործակցության հիմնական «հասցեատերը» Իրանն է: Բայց չէ՞ որ մենք տեսել ենք, որ իսրայելցիներն Ադրբեջանին օգնում են նաև ընդդեմ հայերի: Հայաստանն ու Արցախը չեն կարող, իրավունք չունեն հանգիստ վերաբերվելու Ադրբեջանի կողմից իսրայելական առաջնագծային ռազմական արտադրանքի գնմանը և ապշերոնյան ու իսրայելական հատուկ ծառայությունների համագործակցությանը: 2016 թ. ապրիլը Արցախում նշանավորվեց Ադրբեջանի կողմից իսրայելական անօդաչու սարքերի ակտիվ կիրառմամբ: Հետաքրքրական է, որ այն ապրիլյան օրերին հայկական լրատվամիջոցներում տեղեկություն եղավ Արցախի զինված ուժերի խփած իսրայելական արտադրության անօդաչու սարքը Իրանին փոխանցելու հնարավորության մասին: Տեղեկատվական աղմուկն արդեն մարել է, սակայն, ինչպես ասում են, նստվածքը մնացել է: Առավել ևս, որ այժմ անանուն աղբյուրներից հաստատվում է, որ Իրանը դարձյալ Հայաստանին առաջարկում է ամենասերտ համագործակցությունն այդ հարցում, բայց, չգիտես ինչու (հասկանալի է, թե ինչու. ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղի շարունակման պատճառով), Երևանը կոնկրետ պատասխան չի տալիս իրանական կողմին:


Մեծ հետաքրքրություն առաջացրեց Վիգեն Սարգսյանի այցելությունը «Իրանի էլեկտրոնային արտադրություն», որը մասնագիտանում է պաշտպանական ոլորտում տեխնոլոգիական նախագծերի մշակման և ներդրման գործում: Երկու երկրների լրատվամիջոցներում նշվեց, որ Իրանն ու Հայաստանը կարող են մշակել իսրայելական անօդաչու սարքերի դեմ պայքարի համատեղ ծրագիր, և ոչ միայն իսրայելական: Երևանում իրանական դիվանագետների հետ զրույցները ցույց են տալիս, որ իրանական կողմը ջանքեր է գործադրում համոզելու Հայաստանին, որ որոշակի շրջանակներ, ոչ միայն Իսրայելը, հետագայում կձգտեն ոչ միայն ապշերոնյան խանության, այլև Հայաստանի ու Արցախի տարածքն օգտագործել Իրանի դեմ լրտեսական և քայքայիչ գործողություններ իրականացնելու համար, այդ թվում՝ անօդաչու սարքերի միջոցով: Այնպես որ, ռազմական համագործակցության շեշտադրումն աննախադեպ է, թեև, իհարկե, երկար ժամանակ անհայտ կլինի, թե Վիգեն Սարգսյանի այցի շրջանակներում Թեհրանում կայացած բանակցությունների ընթացքում կոնկրետ որ հարցերի վրա են ուշադրությունը կենտրոնացրել հայկական և իրանական կողմերը: Պաշտոնական հաղորդագրությունները մեզ քիչ կօգնեն, բայց, այնուամենայնիվ, հայկական կողմն ուզում է ընդլայնել պաշտպանական համագործակցությունը Իրանի հետ և հույս ունի, որ Հայաստանի պաշտպանության նախարարի այցն Իրան կնպաստի դրան՝ հայտարարել է Վիգեն Սարգսյանը իր իրանցի պաշտոնակից Հոսեյն Դեհանի հետ հանդիպման ժամանակ: Պաշտպանության նախարարը պարզաբանել է, թե ինչպես կարելի է սպաների ծառայությունը դարձնել գրավիչ: Անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին, կողմերն ընդգծել են, որ դրանք պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով: «Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, և Իրանը ջանքեր չի խնայի հաշտության գործընթացին աջակցություն ցուցաբերելու գործում»,- ընդգծել է բրիգադային գեներալ Հ. Դեհանը: Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել իրանական պետության դերը Արցախի ու Ադրբեջանի հակամարտության կարգավորման գործում: Իրանի պաշտպանության նախարարն ընդգծել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը ահաբեկչության, անկայունության աղբյուրների և տարածաշրջանում անվտանգության խաթարման դեմ մղվող մշտական ու վճռական պայքարում: Նա նշել է, որ Թեհրանն արդեն ծախսեր է կատարում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման նպատակով: Հոսեյն Դեհանը դատապարտել է Իսրայելին՝ զավթված պաղեստինյան տարածքներում ռազմաբնակավայրեր ստեղծելու համար, որոնք սպառնալիքի տակ են դնում Մերձավոր Արևելքի անվտանգությունը, և կոչ է արել «համաձայնեցված գործողություններ իրականացնել ընդդեմ սիոնիստական նախագծերի» (Երևանին ուղղված ծայրաստիճան բացահայտ, անթաքույց առաջարկություն):
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ