Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեյնստրիմն ընդդեմ մեյնստրիմի

Մեյնստրիմն  ընդդեմ մեյնստրիմի
17.02.2017 | 01:32

Փետրվարի 6-15-ին` 9 օր և անգամ 16-ին մինչև կեսօր ԿԸՀ-ին անգործության մատնած քաղաքական ուժերը փետրվարի 16-ին ներկայացրին վեցերորդ գումարման խորհրդարանի մաս դառնալու իրենց հայտը: Ավարտվեց ներկայացման առաջին արարը, սկսվում է երկրորդը: Ի՞նչն էր առաջին արարին բնորոշ:

1. Թեև ընտրություններին սկսում են նախապատրաստվել ավարտված ընտրությունների հաջորդ օրը, քաղաքական ուժերը փաստացի պատրաստ չէին: Նրանք երկար պատրաստվում էին, իսկ երբ պաշտոնական մեկնարկը տրվեց, պարզվեց՝ հիմնականում չգիտեն, թե ով ինչպես է մասնակցելու ընտրություններին: Դա վկայում է ինքնուրույնության պակասը քաղաքական դաշտում:
2. Ընտրական օրենսգիրքը քաղաքական ուժերին ստիպում էր միավորվել հաջողության համար: Համարյա երկու ամիս ականատես էինք՝ ինչպես են դաշինքներ ձևավորվում, համաձայնագրեր ու հուշագրեր ստորագրվում ու մի քանի օրից քանդվում նոր համաձայնագրերի ու հուշագրերի համար: Դա վկայում է ստվերային քաղաքական գործընթացների գերակայությունը հրապարակայինի նկատմամբ: Բոլորը սպասում էին ինչ-որ մեկին, հետո ոմանց չհերիքեց ժամանակը:
3. Այս ընթացքում քաղաքագիտական հայտնագործություն արեցինք՝ նպատակային դաշինքներ, որոնք ձևավորվում են գաղափարական ներհակությանը հակառակ՝ խնդիր ունենալով իշխանափոխությունը: Սա հետևանքն էր Սահմանադրության փոփոխության և խորհրդարանական մոդելի անցման՝ փաստացի ԱԺ ընտրություններին տրվեց նախագահականի կարգավիճակ:
4. Ցավալիորեն ի հայտ եկավ քաղաքական ուժերի գաղափարական թուլությունը՝ իշխանական ուժերը ուզում են պահպանել իշխանությունը, ոչիշխանական ուժերը՝ փոխարինել իշխանությանը, ընդդիմությունն ուզում է համակարգային փոփոխություն: Մեկնարկային հնարավորությունները բացարձակապես անհավասար են: Սա վկայում է քաղաքական դաշտում խնդրի, նպատակի, միջոցի, արդյունքի ու հետևանքի խառնաշփոթը:
5. Ինչպես նախորդ ընտրություններում՝ պարզվեց, ընտրությունների շարժիչ ուժը ֆինանսական է: Ֆինանսներն են որոշում կուսակցությունների ոչ միայն նախապատրաստության մակարդակն ու հնարավորությունները, այլև դաշինքների կայացումն ու չկայացումը: Առավել ևս՝ ֆինանսները կարող են որոշել որոշակի ուժերի հաջողության տոկոսը: Սա վկայում է, որ անկախության քառորդ դարում Հայաստանում լուծված չէ բազմակուսակցական համակարգի գոյության խնդիրը:
6. Քաղաքական ուժերը դեռ չեն հրապարակել իրենց ծրագրերը, բայց շրջանառվող հարցազրույցներից ու հրապարակումներից ենթադրելի է, որ շեշտադրվելու են սոցիալական խնդիրները, մինչդեռ դրանք ածանցյալ են արտաքին քաղաքական խնդիրներից: Մի կողմից` սա վկայում է պարզունակ բաժանում՝ Ռուսաստանի ու Արևմուտքի կողմնակիցների, մյուս կողմից` հաստատում է, որ ընտրությունների վրա մեծ է արտաքին ներգործությունը, իսկ դա ինքնիշխանության պակաս է:
7. Քաղաքական ուժերն այնքան էին տարված իրենք իրենցով, որ մոռացել էին ընտրողին: Ընտրողը դեռ չի «արթնացել»՝ նրան դեռ պետք է համոզել, որ ինքը պիտի ընտրի ու պիտի հավատա իր ընտրությանը: Պիտի հասկանա, որ ինքն է գլխավոր գործող անձը, ու ընտրությունները իր տոնն են՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:
Իսկ ավելի կոնկրե՞տ: Ավելի կոնկրետ անվանվեցին դաշինքներն ու բացվեցին ընտրացուցակները: Եվ այդ գործընթացում ի հայտ եկան առաջին արարի բոլոր հայտանիշները, հավելվեցին նորերը.


1. ՀՀԿ ԳՄ նիստից հետո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց առաջին տասնյակը, ու պարզվեց, որ ՀՀԿ-ում «նոր ոգին» այլևս Կարեն Կարապետյանը չի մարմնավորում: Նա ցուցակում չկար: Այդ դերը վերապահված է ՀՀԿ-ի նորագիրներին:

Ոչ Էդուարդ Շարմազանովը, ոչ որևէ մեկը կուսակցությունում, բացի նախագահից, չեն կարող բացատրել ընտրացուցակը կազմելու սկզբունքը: ՀՀԿ-ում կա ամեն ինչ, բացի կանխատեսելիությունից: Որքան էլ որոնես որևէ չափանիշ ու օրինաչափություն իշխող կուսակցության ընտրացուցակում, չես գտնելու: Կա կուսակցության նախագահի՝ իր կուսակիցների աշխատանքի գնահատականը, բայց չկա գնահատման սանդղակը: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ էր հայտարարել, որ բոլորի տեղը գիտի, բոլորի աշխատանքը տեսնում է ու գնահատում, համարյա ասել էր՝ ոտատակ մի ընկեք՝ չեմ հանդուրժելու: Կուսակցությունն անձնական օգտագործման պարագաների հավաքածու չէ, նրանք հանրային դեմքեր են, որ բացի Սերժ Սարգսյանից, նաև հանրությանն են հայտնի իրենց գործունեությամբ, և ընտրացուցակի ողջ տրամաբանությունը պիտի միտվի հանրությանը հասկանալի, հիմնավորված ու հավատարժան լինելուն՝ ընտրողից են քվե ստանալու, ոչ թե ՀՀԿ նախագահն է որոշելու ընտրության արդյունքները՝ համենայն դեպս՝ դատելով բարձրաձայնված հայտարարություններից, հավաստիացումներից ու խոստումներից: Կուսակցությանը մի քանի ամիս ու օր առաջ անդամակցածներին տրված նախապատվությունը պիտի բացատրվի: Պարզունակ է հնչելու, եթե հայտարարվի, որ կուսակցությունն ընտրողին ցանկանում է ներկայանալ երիտասարդ դեմքով ու նոր անուններով: ՀՀԿ-ն նրանց հույսին չէ հաստատ: Կա ևս մեկ օրինաչափություն՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակը «պահելու է» համամասնականը: Բացի այդ՝ ՀՀԿ-ն չի ունենալու շտաբի պետ՝ «ՀՀԿ շտաբը կղեկավարեն գործադիր մարմնի բոլոր անդամները՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ու հենց այդ մարմինն էլ կհամակարգի քարոզարշավը»: Ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, երբ քարոզարշավը ՀՀԿ նախագահն առնում էր իր ուսերին ու տանում հաղթական ավարտի: Ավարտը ՀՀԿ-ի համար ոչ թե 2017-ն է, այլ 2018-ը, երբ նոր Սահմանադրությունը ամբողջությամբ կսկսի գործել:


2. ԲՀԿ-ն փաստացի դաշնակցեց ինքն իր հին ու նոր անդամների հետ, բայց կոչվում է «Ծառուկյան» դաշինք. նա մերժեց ավանդականներին՝ ռամկավարներին ու հնչակներին, ու ավանդաբար հայտարարում է, որ համաժողովրդական է: ԲՀԿ-ն այս արարում ոչ հաստատեց, ոչ հերքեց, որ կարող է դաշնակցել այլ դաշինքների հետ, բայց կա ընտրական փորձ ու պատմություն, որ արձանագրել է՝ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ ու չի դառնում ընտրություններից հետո:


3. ՀՅԴ-ն ընտրությունների է գնում «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: Դատելով ընտրացուցակից՝ «նորն» ու «արդարն» ապահովելու են հին ընկերները, որ չեն դավաճանում: Առաջին եռյակը՝ Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան, ապացույց, մյուսներն էլ՝ նույնը: ՀՅԴ-ն վստահ է, որ 6-րդ գումարման ԱԺ-ում կունենա ծանրակշիռ ներկայություն։ «Երբեք մենք մեր սկզբունքները չենք դավաճանելու, երբեք մենք կցորդ չենք դառնալու: ՀՅԴ-ն թերևս միակ իսկապես համակարգային քաղաքական ուժն է, օրգանական քաղաքական ուժն է, որն ունի սկզբունքներ»՝ հայտարարեց Աղվան Վարդանյանը ու երևի ինքն իրեն հավատաց։


4. ՀՎԿ-ն մենակ գնաց ընտրությունների: «Կաշի քերթելն» ու «աչք հանելը» եղան վերածնված ՕԵԿ-ի հիշվող «ձեռքբերումները»:


5. Ընտրություններին մենակ գնաց և ՀԱԿ-ը, եթե չհաշվենք ՀԺԿ-ին ու հաղթելու մեծ պատրանքները: Մենակ են և «Ազատ դեմոկրատները», որ իրենց հայտարարեցին արևմտամետ միակ բևեռ, կուսակցական «բևեռային աստղ» ունենալով Հրանտ Բագրատյանին, «Ժառանգությունից» հին ու նոր հեռացածներին:


6. Ամենահեղհեղուկը դարձավ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, որ մի քանի անգամ փոխեց կազմը՝ հեռացան ՀԴԿ-ն, «Երրորդ հանրապետությունը»՝ ասուլիսներով, հայտարարություններով: Պարույր Հայրիկյանը գնաց ու եկավ, բայց ի վերջո հեռացավ: Փոխարենը միացավ «Ժառանգությունը»: Գաղափարական ու նպատակային դաշինքների հայտնագործությունը նրանցն էր, նրանցն է նաև ամենահակասական դաշինքի դափնին՝ ներկա գործընկերները նախկին գաղափարական հակառակորդներ էին, «թյուրիմացությունը» հիմա համարում են հարթված, այլևս չեն ապավինում գաղափարների, առաջնորդվում են նպատակով: Որևէ երաշխիք, որ վաղը Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը տեսակետ չեն փոխի, չկա: Նրանց դաշինքը ոչ թե նպատակային է, այլ իրադարձային, նրանցից յուրաքանչյուրը, նախքան դաշինքին առնչվող հարցերին պատասխանելը, հաջողության ակնկալիքով պետք է իրեն վերաբերող հարցերին պատասխանի, որ վաղուց ձևակերպված են, բայց դեռ չեն ստացել հոդաբաշխ պատասխան: Առավել ևս, որ այս դաշինքը բացի հակասականն ու սկանդալայինը, նաև ամենաստվերայինն է՝ իր ֆինանսական աղբյուրներով ու ստվերային ղեկավարով: Ռոբերտ Քոչարյանի ստվերը երբեմն ավելի ուժեղ է երևում դաշինքի մարմնից:


7. 2016-ի դեկտեմբերի 12-ին իր գոյությունն ազդարարելուց հետո «ԵԼՔ» դաշինքը այդպես էլ մնաց միակը, որ, «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով, գործեց հրապարակային, մերժեց իրադարձային ու նպատակային առաջարկները, ընտրացուցակի առաջին եռյակին ընտրեց լրագրողների ներկայությամբ՝ քվեարկությամբ, կուլիսային խարդավանքների ու առևտրի չգնաց որևէ ուժի հետ՝ հանուն ֆինանսական կամ վարկանիշային ընթացիկ ու կասկածելի ներարկումների: «ԵԼՔ»՛-ը դիմացավ անգամ բազմափորձ Պարույր Հայրիկյանի գրոհին, որ դաշինքը շփոթել էր երթուղու վերջին ավտոբուսի հետ ու մի կերպ ուզում էր ոտնակին ցատկելով՝ տեղ հասնել:


Փետրվարի 16-ից սկսվում է երկրորդ արարը՝ քաղաքական ուժերի ու դաշինքների գրանցումը: Մարտի 5-ից՝ քարոզարշավը: Ապրիլի 2-ին ընտրությունն է: Իսկ մինչև այդ օրը քաղաքական դաշտում մեյնստրիմները գործելու են մեյնստրիմների դեմ: Փաստ չէ, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտում որոշակիություն կհաստատվի՝ իշխանության ու ընդդիմության տեսքով: Պատճա՞ռը: Նորից կարդացեք առաջին յոթ կետերը: Բայց դա չի նշանակում, որ բացառվում է քամին, որ ցրում է մշուշը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ոչ ոք չի կարող բացարձակապես ճշգրիտ կանխատեսել, թե ինչ է լինելու ու ինչպես: Կանխատեսելու կամ կռահելու ֆանտաստիկ տարբերությունը շրջանցելով, այնուամենայնիվ, ելքի ի՞նչ տարբերակներ կարող են լինել.
1. Ընտրությունների նախօրեին միավորվելու են որոշ դաշինքներ ու ձգտելու են իրավիճակ փոխել՝ նախքան ընտրությունները, այդպես արդեն եղել է, տարբերակ, որի մեծ ցանկությունն ունի Ռոբերտ Քոչարյանը, բայց նվազ հավանական է:
2. Ընտրություններին մասնակցելու են ոչ բոլոր դաշինքներն ու քաղաքական ուժերը, նույնիսկ եթե գրանցվել են: Բացահայտվելու է ևս մեկ դավադրություն, ու իրավիճակ է փոխվելու: Տարբերակ, որ անցանկալի է, բայց՝ հավանական:
3. ՀՀԿ-ն հաղթելու է և ունենալու է ցանկալի մեծամասնությունը, որ թույլ կտա առանց կոալիցիայի դիմելու կառավարություն կազմել:
4. ՀՀԿ-ն հավասարակշռելու է իր հաղթանակը արբանյակ կուսակցությունների հետ և ունենալու է ստվերային մեծամասնություն, որը գործողությունների ավելի մեծ ազատություն է տալիս: Այդ պարագայում կկնքվի կոալիցիոն համաձայնագիր, ու Բաղրամյան 26-ում նորից շամպայնի գավաթներ կշրխկան՝ 2008-ի կազմով:
5. ՀՀԿ-ն տանուլ է տալու ընտրությունները ու դառնալու է ընդդիմություն:
6. ՀՀԿ-ն չի ստանալու իր ցանկացած մեծամասնությունը, ԱԺ-ում ընդդիմությունը պատկառելի ներկայություն է ունենալու և որոշումների վրա ազդելու ռեալ հնարավորություն:
7. Յուրաքանչյուր ընտրություն ունի իր անակնկալը:
ՈՒ ի՞նչ: 100 % կանխատեսելու ունակությամբ արժեր վիճակախաղով զբաղվել, ոչ թե քաղաքականությամբ կամ լրագրությամբ: Կյանքը փոփոխական է, մարդը կանխատեսում է, Աստված տնօրինում:

Դիտվել է՝ 1610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ