ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Մարդու իդեալը իր պապերի բնօրրանը շենացնող հայն է»

«Մարդու իդեալը իր պապերի բնօրրանը շենացնող հայն է»
17.02.2017 | 09:29

«Իրատեսի» հյուրը գրականագետ, բանասիրության դոկտոր ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է:

«ՈՒՍԱՆՈՂԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՈՇԱԿԱՌՈՒ ՏԱՏԻԿՆԵՐ ՈՒ ՊԱՊԻԿՆԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՄԱՍՏԵՂԻ ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՄԲ»


-Մարգարիտ, 2016-ին լրացավ Համաստեղի 100-ամյակը: Նրա գրական ժառանգության և կենսագրության ուսումնասիրությամբ զբաղվում եք տարիներ շարունակ, կազմակերպել եք գրողին նվիրված բազմաթիվ գրական միջոցառումներ թե՛ Հայաստանում, թե՛ Ամերիկայում, հրատարակել նրա հատորները: Կարծում եք՝ հայ ընթերցողը Համաստեղի գրականությունը լիարժեքորեն ընկալե՞լ է:
-Լրացնեմ՝ Համաստեղի գրական գործունեության 100-ամյակն է լրացել (ծնվել է 1895 թ. հոկտեմբերի 15-ին, մահացել է 1966 թ. նոյեմբերի 26-ին. համացանցում տվյալները ճիշտ չեն)։ Փա՜ռք Աստծո, ամեն տարի Համաստեղի կամ նրա առանձին ստեղծագործությունների հրատարակության հոբելյաններին նվիրված 5-6 ձեռնարկ եմ կազմում։ Այս տարի լրանում է «Աղօթարանի» տպագրության 60-ամյակը։ Ծրագրել էի Հայաստանում մեկ անգամ ևս հրատարակել այս բացառիկ ստեղծագործությունը (առաջին անգամ հրատարակել եմ 2005 թվականին «Համաստեղ. Մոռացված էջեր» քառահատորի Գ հատորում), բայց ընտանեկան ինչ-ինչ հանգամանքների պատճառով ստիպված եմ հովանավոր փնտրել: Տեսնենք, առաջ Աստված։ Ինչ վերաբերում է Համաստեղի գրականությունը լիարժեքորեն ընկալելուն, ընկալողն ընկալում է. տասնամյակների ընթացքում ձևավորվել է ընթերցողների լայն շրջանակ, և նրա գրականությանը նվիրված ձեռնարկներն անցնում են բուռն խանդավառության ու հետաքրքրության մթնոլորտում։ ՈՒսանողից մինչև թոշակառու տատիկներ ու պապիկներ հետաքրքրված են Համաստեղի գրական ժառանգությամբ։ Գրողի՝ իմ հրատարակած հատորները վաղուց բաժանված են (ընդհանուր տպաքանակն անցնում է 3000-ի սահմանը): Հիմնականում բաժանվել են այն մարդկանց, ովքեր իրենց անհանգստացնող կամ հետաքրքրող հարցերի պատասխանները երբեմն-երբեմն փնտրում են սիրած գրողի երկերում։ Ավելին, Համաստեղի «Սպիտակ Ձիաւորը» երկհատոր դյուցազնավեպի իմ օրինակներն անցնում են ձեռքից ձեռք, ու ամեն նոր ընթերցողի հետ վեպը քննարկելու, մեկնաբանելու հնարավորություն է ստեղծվում, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Համաստեղի գրականությունը լիարժեքորեն ընկալելու համար հարկավոր է նախ նրան վերադարձնել հայ գրականության դպրոցական դասընթաց ու դասագիրք, պետական միջոցներով հրատարակել նրա երկերի լիակատար ժողովածու և այլն։ Մի խոսքով, տեր կանգնել նրա գրական ժառանգությանը: Չնայած մեր օրերում ո՞ր հայ գրողին ենք տեր կանգնում. վարժվել ենք, որ բոլորը բոլորի մասին խոսում են, հաճախ նաև՝ չկարդացածի մասին։ Ժամանակնե՞րն են չար, թե՞ մարդիկ են անհոգի, չգիտեմ, բայց ոչ մի ասպարեզում չի կարելի հանդուրժել «ամենագետների» գոյությունը։ Սա հիասթափեցնող ու հուսահատեցնող հանգամանք է, բայց ժամանակը թացը չորից կբաժանի անպայման։
-2003-ին Ձեր հրատարակած «Համաստեղ. Նամականի» ստվար հատորը ոչ միայն բացում է Համաստեղի մտածողության խոր աշխարհը տանող դուռը, այլև տեղեկություն տալիս նրա լայն կապերի մասին իր ժամանակի նշանավոր մարդկանց հետ: Կա՞ն այնպիսի նամակներ, որոնք կարդացել եք և նպատակահարմար չեք գտել հանձնել լայն զանգվածների դատին:
-Համաստեղի արխիվը Խորհրդային Հայաստան ուղարկելուց առաջ «մշակել է» նրա գրչընկերն ու մտերիմը՝ Արամ Հայկազը (Չեքեմյան, 1900-1986). դժվար էր պատկերացնել, որ խորհրդահայ ընթերցողին անծանոթ հեղինակի ամբողջ արխիվը կարող է անցնել «կարմիր» սահմանը։ Բայց անցավ։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր պահվում է նաև Համաստեղի գրադարանի հայերեն գրքերի մեծ մասը։ «Վտանգավոր» նյութեր, հատկապես նամակներ չկան (եղածն էլ շատ «անվտանգ» չէ), բայց տարիներ շարունակ վերծանել եմ նրա մի քանի նամակների սևագրեր (ձեռագիրն առավել քան անընթեռնելի է, պատկերացրեք սևագրերի վիճակը), որոնց հետքերով գնում եմ տասնամյակներ շարունակ՝ մեր օրերում էլ բախվելով փակ դռների (փակագծերը կբացեմ մեկ այլ առիթով)։

«ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԱՅԳԻՆ ՈՒ ՊԱՐՏԵԶԸ ԽՆԱՄՈՂ ԻՐ ՀԱՐԵՎԱՆԸ ԻՍԿԱՊԵ՞Ս ԳՐՈՂ Է ԵՂԵԼ»


-Համաստեղի և Նիկոլ Աղբալյանի նամակագրությունը բավական ծավալուն է և ժամանակային լայն ընդգրկում ունի: Մի նամակում, գրված 1947 թվականին, Համաստեղը նկատում է. «Մարդ իր տարիքի լրումին է, որ կը հասնի որոշ իմաստութեան մը: Այդ շրջանին է, որ մարդ ինքն իր մէջ կը փորձէ նայել ինքզինք ճանչնալու համար»: Կարծում եք՝ Համաստեղն ինքն իրեն, իր արժեքի իսկական մեծությունը հասցրե՞լ է ճանաչել ապրած տարիների ընթացքում, թե՞ նրան, ինչպես հաճախ է պատահում խորագետ անհատականությունների դեպքում, խորթ են եղել ինքնաբավությունն ու բարձր ինքնագնահատականը:
-Համեստագույն մարդ էր, ժամանակակիցների ու դուստրերի հիշողության մեջ մնացել է որպես ծայրահեղ համբերատար ու աշխատասեր անձնավորություն։ Տպարանի ամերիկացի գործընկերները չգիտեին, որ աշխատում են հայ նշանավոր գրողներից մեկի հետ։ Բոստոնում Համաստեղի հիշատակին նվիրված ձեռնարկից առաջ ծանոթացա մի ամերիկուհու հետ, որը եկել էր ճշտելու՝ տարիներ շարունակ այգին ու պարտեզը խնամող իր հարևանը իսկապե՞ս գրող է եղել։ Համաստեղը ոչ մի անգամ չի համաձայնել, որ իր հոբելյանը նշեն։ 1966 թվականին հոբելյանը կազմակերպեցին Հակոբ Խաշմանյանը (1888-1968) և Արամ Հայկազը, որոնք պարզապես անտեսեցին ընկերոջ դժգոհությունը, համախմբեցին հարյուրավոր հայերի ջանքերն ու «տիեզերական մասշտաբով» (Սիմոն Վրացյանի արտահայտությունն է) նախապատրաստեցին գրողի ծննդյան՝ 70 և գրական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված ձեռնարկները, որոնք Համաստեղի մահից հետո վերածվեցին սգահանդեսների։
-Գրում եք, թե Համաստեղի բազմաժանր գրականությունը մեր ժողովրդի «ապրելու հզոր տենչանքի» հաստատումն է, և որ նա տալիս է «Ո՞վ ենք մենք» ավանդական հարցի պատասխանը: Որտե՞ղ է պետք փնտրել այդպիսի խորությունները քննելու և դժվարին նյութի տիրույթներում ստեղծագործելու կարողության արմատները:
-Համաստեղը հայ գրականության պատմության ձեռնարկ գրելու փորձ է արել (պահպանվել են ձեռագիր նյութեր, որոնք հրատարակել ենք «Համաստեղ. Մոռացված էջեր» գրքի Դ հատորում), բազմաթիվ հոդվածներ է գրել հայ գրողների մասին, Թլկատինցուն և Րաֆֆուն նվիրված ուսումնասիրությունների հեղինակ է և այլն։ Մի խոսքով, լավ գիտեր մեր գրական մեծերի թողած ժառանգությունը և յուրովի հարստացրեց բազմաժանր իր երկերով՝ մանրապատումից մինչև երկհատոր դյուցազնավեպ։ Հային նա բնութագրում է որպես մարդու արարող տեսակի, որն ստիպված է ապրելու և արարելու իր իրավունքի պաշտպանության համար մաքառել ավարառու տեսակի դեմ. սա հաստատում է ոչ միայն պատմությունը, այլև մերօրյա դեպքերը։ Համաստեղը հաղթանակը միշտ վերապահում է հոգևորին, մշակույթին ու համոզված պնդում՝ մարդու իդեալը իր պապերի բնօրրանը շենացնող հայն է, եթե մարդկությունն ու աշխարհը կամք ունենան հաստատելու հայի այդ իրավունքը՝ հստակ տարբերակելով զոհին ու դահճին։

«ՊԵՏՔ ՉԷ ՇՓՈԹԵԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՐԳԵՐՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»


-60-ականներին ակտիվ նամակագրություն են ունեցել Համաստեղը և Մահարին: Սա խոսում է երկու գրողների խիզախ նկարագրի մասին, մանավանդ որ Համաստեղը չի վարանում իրերը կոչել իրենց անուններով. «Իրական ստեղծագործութեան համար Հայաստանը շատ անպէտ շրջան մը անցուց - Սթալինի շրջանն էր այդ: Մանաւանդ մեր ազգային պատմութեան համար նման շրջաններ կանցնին վայրկեաններուն պէս»: Շատ ջերմ է արտահայտվում այդ նամակներում Բակունցի մասին, նշում, որ նա մեռավ, բայց չպարտվեց: Ինչպե՞ս են կարողացել խորհրդային գրաքննության պայմաններում այսպես շփվել հայաստանցի և արտասահմանցի գրչակիցները, Ձեզ հայտնի չե՞ն «անդրկուլիսային» մանրամասնություններ:
-Համաստեղը Բակունցի ու Չարենցի մասին միշտ գրել է խոնարհումով ու ցավով։ Ինչ վերաբերում է իրերը իրենց անուններով կոչելու համարձակությանը, Համաստեղը երբեք չի վարանել գրել ու ասել այն, ինչ մտածում էր։ Նա առաջիններից մեկը խոսեց այն մասին, որ պետք չէ շփոթել խորհրդային կարգերն ու Խորհրդային Հայաստանը՝ որպես հայության Հայրենիքի մի մաս։ Նա հստակ նշում է, որ կուսակցական ու քաղաքական շահերը խորթացնում են հայության տարբեր հատվածները, խորհուրդ տալիս լավ պատկերացնել երկաթե վարագույրի այն կողմում կատարվող դեպքերը, հարգանքով ու երախտագիտությամբ խոսել հայ ժողովրդի մասին, որն իր հզոր կամքով ու անձնազոհությամբ պահում է հայության ոգին, մշակույթ ստեղծում։ Նա չի վարանում քննադատել կուսակցական իր ընկերներին, որոնցից շատերը տասնամյակների ընթացքում խորթացել են հայ մշակույթին ու հայոց լեզվին։
-Համաստեղը լիրիկ է, երգիծաբան, էպիկական ժանրի վարպետ: Գրականագետի հայացքով նրա ո՞ր ժանրի գործերն եք առավել բարձրարժեք համարում:
-Պատմվածքների մի փունջ, «Հայու ոգին» բանաստեղծությունը, «Աղօթարանը», մեր օրերում՝ «Այծետոմարը» և «Սպիտակ Ձիաւորը», եթե ուզում ենք պատմության դասերից դաս քաղել ու ճանաչել մեզ ու մեր ավարառու հարևաններին:

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍԱՆԵՐՍ ՃԱՆԱՉԵՆ ՈՒ ՍԻՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՅՍ ՓՈՔՐԻԿ ՄԱՍԸ»


-Գրականագիտությունը և առհասարակ գիտության յուրաքանչյուր ոլորտ առավելապես իմաստավորվում է սերունդներին կրթելու իր գործառույթով: Դուք ևս լծված եք այդ գործին: Ինչպիսի՞ սերունդ է այսօր ուսանում բուհում, ի՞նչ արժեհամակարգի կրող են Ձեր ուսանողները:
-Շատ լավ սերունդ՝ առանց ավելորդ բարդույթների, անկեղծ, ազատ մտածող, չզարմանաք՝ նաև ընթերցող, եթե գիտեն՝ ի՛նչ և ինչո՛ւ կարդալ։ Շատ եմ սիրում գրական երկերի քննարկումները և ասմունքի դասերը, որոնք դառնում են գեղեցիկ հիշողություն ու արտալսարանական ծավալուն աշխատանքի առիթ տալիս։ ՈՒզում եմ, որ սաներս (նրանց զգալի մասը հայաստանաբնակ չէ) լավ իմանան, թե ի՛նչ բացառիկ հարստության տեր են, ճանաչեն ու սիրեն Հայաստան աշխարհի այս փոքրիկ մասը, որ երբեք չկորցնեն համազգային մեր մեծ երազանքի իրագործման հույսն ու հավատը։ Ես նրանց հետ սիրով եմ աշխատում ու փորձում շտկել որոշ բացթողումներ, որոնց արմատները թաքնված են կրթական համակարգում և մեր իրականության մեջ։

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ