Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քաղաքական խնամախոս,կամ առակներ անառակ կարմիր խնձորի մասին

Քաղաքական խնամախոս,կամ առակներ անառակ կարմիր խնձորի մասին
17.02.2017 | 09:33

ՑՈՒԳՑՎԱՆԳ


Մի զարմանահրաշ թռչուն թևածեց Արարատի առեղծվածային լանջից և թառեց «Մայր Հայաստան» կոթողի ձախ ուսին։ Թռչունը առերևույթ աղավնի է, կտուցը ոսկերիզ փղոսկր է, փետուրները` ճերմակ մետաքս, սակայն ձայնը, Տերը փրկի, ղառղառային։ Տապանի պատվիրակի կտցին, անշուշտ, կռահեցիք, ոչ թե ձիթենու ճյուղ է, այլ կարմիր խնձոր, Արարատի Նոյյան տապանի նվեր-խորհրդանշանը 2017-ի Բաղրամյան պողոտայի թիվ 13 շենքին։


Եվ այսպես 2017 թ., ՀՀ, Երևան, Բաղրամյան առաքելական պողոտա։ (Այստեղ հնչում է «Էլեկտրիկ Երևան» նորօրյա թոնդրակյան շարժման արձագանքը)։ Նշանավոր զորավարի բրոնզաձույլ ձիարձանը։ Բաղրամյան-26, նախագահական շքեղաշուք նստավայր` դարպասը ամրակուռ փակ։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, դեռևս շնչավոր, անդարպաս և անոթի։
Բաղրամյան պողոտա թիվ 13։ Թուջե դարպասներից այն կողմ գեղակառույց շենքն է, բակը լանջաբաց և աստիճանները դյութիչ, որոնք ուղեկցում են ուղիղ դեպի օվալաձև դահլիճ։
Բաղրամյան 26-ում, ինչ խոսք, հստակեցվում են քաղաքական ներկա փասիանսի խաղադրույքները։ Բաղրամյան-13-ը խորհուրդ է խորին և պատվիրան է անթիվ ուխտադրժության։ Բայց և այնպես, ԱԺ-ի շենքը այս օրերին շատ նման է տապանին։ Նրա դարպասների առջև հրմշտոց է` քաղաքական։ Այր ու կին, նաև անդեմ ինչ-որ արարածներ փորձում են խցկվել-բնավորվել 2017-ի հայոց Տապան-խորհրդարանում։

ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՓՈՐՁԱԾ ԹԱՆԻ ԵՎ ԱՆՓՈՐՁ ՄԱԾՆԻ ՄԻՋԵՎ


Զարմանահրաշ համերաշխություն է բուն ընտրարշավից առաջ։ ՀՀԿ-ն յուր վարքով անում է հնարավորը, որ ընտրազանգվածը մեջքով շրջվի իրեն, դեմքով էլ փարվի ընդդիմադիր այրաց և տիկնանց։ Ընդդիմադիր գլխավոր հեծկաններն ու նրանց կցորդված անհամ լծկանները վերցրել են ՀՀԿ-ի նետած ձեռնոցն ու անում են անհնարինը, որ հանրությունը կանգնի դարակազմիկ-չարաբաստիկ երկընտրանքի առաջ` չփոխի փորձած թանը (ՀՀԿ-ն) անփորձ մածնի (միացյալ-անմիաբան ընդդիմության) հետ։


Սակայն այսօր ակնհայտ է, որ նույն սանրի կտավն ու միևնույն թաղարի կակտուսն են իշխանությունն ու ընդդիմադիրները։ Մի խոսքով` քաղաքական խնամախոսը նորություն է, որը լի է բազում անակնկալներով։ Քաղաքական խնամախոսը նախ առաքինի է, միաժամանակ անբռնազբոս է։ Առօրյա կյանքում նման բան անհնար է, զի դժվար թե սիրահոժար ոստիկանն աղջկան կնության տա գրպանահատին։ Կամ հնարավո՞ր է պատկերացնել, որ փոխշահավետորեն կերջանկանա աղանդավորից և առաքելական եկեղեցու հետևորդից կազմված զույգը։ Բայց հայոց ներկա քաղաքական անդունդներում հնարավոր է անհնարինը։

Ծառուկյանի գլխավորած քաղբդեշխությունը ո՛չ փորձած թան է, ո՛չ էլ անփորձ մածուն։ Այն, ըստ իս, նորաբնույթ մի Արշակավան է, ուր դիրքավորվում են այն քաղգործիչները, որոնց հայրենապաշտ սիրտը կոտրվել է խմբիշխանության լարած քաղաքական թակարդներում։ Ծառուկյանը մեծափորձ և, ինչ խոսք, պատկառատես խնամախոս է։ Եվ նրան անհնար է ընդդիմանալ։ Չընդդիմացավ-չդիմացավ ՀՀՇ-ն։ Զի նոր, համահայկական, կարծես թե, հակահանրապետական շարժում է ձևավորվում Առինջ պատվական համայնքում։ ՀՀՇ-ն, ներկա քաղաքական մենիշխանության և ուզուրպացված տնտեսության կնքահայրը, շատ ճիշտ վարվեց, որ միացավ ԲՀԿ-ին։ Քաղաքական վարքը սրա խիստ նման է բազմակի ամուսնական առագաստներ տեսած-վայելած, բայց և այնպես, կույս մնացած, խիստ պառաված օրիորդի վարքին։ Առինջից ճանապարհվեց և ոսկե սկուտեղի վրա կենտրոնական գրասենյակի առաջնորդական քաղսեղանի ճիշտ կենտրոնում հայտնվեց ՀՀՇ-ի կարմիր ու պլպլան և անառակ խնձորների կույտը։ Առա՛ջ, Հայաստան։ Կեցցե՛ արժանապատիվ այր Ալիկն Արզումանյան։ Թե ինչո՞ւ, դժվար չէ կռահելը։


Միով բանիվ, արգո Գագոն, տիար Ծառուկյանը, տանում է յուր խաչը։ Բայց ո՞վ է նրա Բարաբբան։ Այնուամենայնիվ, ՀՀԿ-ն է քաղդաշտի գլխավոր քաղհանելուկը։ Կուսակցության հրամկազմը չի ծուլանում, շեփորում է, որ ՀՀԿ-ին սատարողների բանակը մեծանում է օր օրի, և որ նա վերստին մեծամասնություն է կազմելու ԱԺ-ում։ Նման հայտարարությունները մի բան են նշանակում. հայ ժողովրդի մեծամասնությունը տառապում է քաղաքական մազոխիզմով, զի որքան էլ իշխող կուսակցությունն իրեն բռնադատում և սփռում է աշխարհով մեկ, միևնույն է, ժողովուրդն ավելի մեծ սիրով և երախտագիտությամբ է փարվում իշխանությանը։ Այստեղ ո՞վ է խնամախոսը և ո՞վ անառակ կարմիր խնձորը, կպարզվի ապրիլ ամսին։

Բազմափորձ թան է ՀՎԿ-ն։ Այսօր ՀՎԿ-ն ևս Արշակավան է կառուցում, սակայն կառուցում է` բերդաքաղաքի դռները բացելով նվիրյալ կարոտյալների առաջ։ Սակայն ՀՎԿ-ում տաքուկ-սիրուն նաև բնավորվում են կասկածելի զեռունները, ի մասնավորի` գրական տխրահռչակ ապիկարները, մականունակիր ոմն Սերոժ, դուրսպրծուկներ բազում-այլազան։ Այնինչ «Հայկական վերածնունդ» անվանումն իսկ պահանջում է` վերածնվել հայոց քաղաքական սակարանում և նոր դեմքով ազնվական։ Վերածնվեք և կշահեք մեծապես, ասենք այսպես` մի քսան մանդատ ձեռք կբերեք, բայց հենց այսօր հիմնավորեք ձեր շահերը ծառայեցմամբ համապետական շահին։ Թեկուզ այսպես, աչքը հանեք, կաշին պոկեք պաշտոնատար այն սուբյեկտի, որ պետբյուջեի հաշվին դեռ վերջերս փորձում էր ծառայողական աթոռ գնել 600000 դրամով։ Ի դեպ, «ՈՒրբաթօրյա հողմաղացը» 50 հազար դրամը գերազանցող բոլոր ծառայողական աթոռներին շնորհում է «Նստուկադարան» պատվավոր կոչումը։

ՀԱԿ-ի մասին էլ ի՞նչ ասեմ։ ՀԱԿ-ում ընդունում-ճանաչում-գնահատում եմ միայն Երևանի նախկին քաղաքագլուխ (հենց էսպես, քաղաքագլուխ, ոչ թե քաղաքապետ) Վահագն Խաչատրյանին։ ՀԱԿ-ն այսօր հակընդդեմ է երկրի տարածքային ամբողջականությանը, ազգային մեր ինքնությանը և, զարմանալի է, թե ինչու ՀԱԿ-ի քաղցուցակում չի հայտնվում Բլեյանը կամ, ինչու չէ, Մեհրիբանը։ Միով բանիվ, ՀԱԿ-ին մաղթենք ապաշխարանքային մի արարում, որ նրանք արիանան, զգան քաղաքական մեղքի բեռան ծանրությունը և արտագաղթեն դեպի Իսրայել։ Սակայն եթե կլիման կներազդի ՀԱԿ-յան նահանջողականների վրա, ապա մաղթենք նրանց հավերժական բնավորում նշանավոր Հառլեմ թաղամասում։
Հո-Հի-Դա՜-ն։ Մեծ խնդիր կա նրա շարքերում, նախ` համաժողով գումարել, այնուհետև երեք օր ծոմ պահել և դաշնակցական ոգուց մի թունդ աքացիով արտաքսել քաղաքական դյուրաբեկությունը։ Ի դեպ, վերջերս կարդում եմ դաշնակցական ճանաչված (մեզ մոտ առայժմ անհայտ) արձակագիր Մալխասի (1877-1962 թթ.) «Զարթոնք» վիպասքը, որը դաշնակցության աննկուն պայքարի հուշապատում է։ Ավելի քան մեկ դար առաջ ՀՅԴ մարտիկները կենաց-մահու պայքար էին մղում և՛ թուրքական արյունաբորբ բռնակալության, և՛ ռուսական դավադիր ինքնակալության դեմ վասն Հայաստանի և հայության։ Կախաղանը և աքսորը, զնդանն ու տարագրությունը տասնամյակներ ուղեկցել են նրանց։ Այսօր, անկախ պետականության պայմաններում ՀՅԴ-ն կենաց-մահու պայքարում է հանուն իշխանական ինչ-որ մասի։ Սթափվե՛ք, անգին ընկերներ, բավական է։ Իսկ եթե ոչ, ապա շատ շուտով կկանգնեք ծղոտե կախաղանի տակ։

ՊԵՏԱԿԱՆԱ-ՇԻՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՇԽԱՆԱՇԵՆՈՒԹՅՈՒՆ


Բայց պահը չէ՞ քնարական դադարի։ Դադար, որն ավելի շուտ մարտակոչ է... «Պատվախնդրություն չունեցանք։ Հայրենիքի պատվախնդրություն։ Վախենամ, որ Հայաստանի ադրբեջանցիներն ավելի պատվախնդիր լինեին էս երկրի համար։
Գյադայություն կա էս ամենի մեջ։ Եթե տղամարդ եղանք, էս ամբողջից վաղը հնարավոր է հեղաշրջում լինի, ու էս ամբողջը օտարված երկիրն ամբողջացնեն»։ Այսպես խոսեց Հրանտը մեծ, Հրանտ Մաթևոսյանը շուրջ 25 տարի առաջ։


Առաջիկա նախընտրական քաղծրագրերում պետք է բացահայտվեն այն արմատական դիրքորոշումները, որոնցով մանդատակիր տիկնայք և տիարք արմատապես կզատեն (ինչպես զատում են հացը ցորյանից, շիճուկը կաթից և, վերջապես, տաղանդավորին` աղանդավորից) իշխանությունը պետությունից։ Շուրջ քառորդ դար և ավելի հայրենի իշխանությունները բարեհաջող իշխել են մեզ և կալանավորել են Նաիրի երկիրը։ Արդյունքը գերշոշափելի է. դեռ չծնված յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու ուսերին փարվում է 2 հազար դոլար վարկային բեռը։ Պետության համար սա, անկասկած, մահազդ է, իշխանաց համար, ինչ խոսք, վերազարթոնք։ Սակայն, տուրք տալով աննահանջ բարեսրտությանս, ցանկանում եմ ամփոփ մի դատափետմամբ գալիք մանդատակիրներին իրազեկել, թե ինչպես տարանջատեն պետության և իշխանության անելիքն ու վայելիքը։ Երբ հանրածանոթ Լապշինին ոչ հայաստանամետ Բելառուսն արտահանձնում է ազերիստանին, և երբ ՀՀ-ն պարսավանքներից և կրավորական նեղսրտությունից բացի, մի այլ բան չի ձեռնարկում, նշանակում է, որ պետությունը այս խնդրում անհայտ բացակայող է, իշխանությունը ճիշտ իր տեղում է։ Զի իշխանության գերխնդիրը սեփական կապիտալի անխաթար պահպանումն է, հանուն ինչի էլ նա պատրաստ է 3-րդ հանրապետության և համայն հայության անվտանգությանն ու արժանապատվությանն ուղղված ցանկացած սպառնալիք զանց առնելու, խուսանավելու և խարխափելու համաշխարհային քաղաքակիրթ հանրության առջև ստանձնած և անթեղած պարտավորությունների սահմանումների և դրույթների միջև, ինչպես խարխափում-խուսանավում է ծեր խլուրդը լուսաշող մարգագետնում։ Ի դեպ, ինչո՞ւ է Բելառուսի անթագակիր արքա Բատկան այսքան բիրտ-կամայական հանդեպ ՀՀ-ն։ «Ինչո՞ւ»-ն դեռ պահ տանք ՀՀ ԱԳՆ պահակի մոտ։ Միայն հավելենք, որ բիրտ ուժի դիրքերից մեզ հետ խոսելու իրավունք Բատկա-Լուկաշենկոն ունի, զի Բելառուսում, այնուամենայնիվ, պետական ինքնիշխանություն է, Հայաստանում, ինչ խոսք, խմբիշխանություն։

Երիցս չարաբաստիկ Էռնեստ Էռնեկյանը Ծառուկյանի «Փարավոն» գերխաղատունը լայնք-երկայնքով գերազանցող խաղատուն է կառուցելու «Զվարթնոց» օդանավակայանում։ Մեր պետայրերն ու պետտիկնայք զույգ ձեռքերով վաղուց կողմ են խաղատնային գործարարության բարգավաճմանը։ Զի խաղատները ծանրակշիռ հարկեր են մուծում պետբյուջե։ Սակայն չէ՞ որ դրանք սատանայի հոգեզավակներն են։ Ի՞նչն է ուշագրավ ուշաթափության չափ։ Ներկայացնում եմ մեկ առ մեկ.
-խաղատները խոշոր հարկավճարներով սնուցում են պետբյուջեն,
-ՀՀ պետբյուջեն երախտամոռ չէ և իշխանական գույք և աշխատավարձ է նվիրաբերում պետչինովնիկներին,
-պետչինովնիկները երախտագետ են և պարբերաբար այցելում են իրենց սնուցող մայր-հանգրվան խաղատներ։ (Գուցե այստեղ մի խորհո՞ւրդ կա խաղատնային)։
Ի՞նչ կարծիքի են սույնի մասին ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՎԿ-ն, ՀՅԴ-ն և Օսկանյան-Օհանյան-Րաֆֆի փոթորկուն, սակայն փոփքորնային դաշինքը։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ


Տիարք և տիկնայք քաղգործիչներ, քաղուրագներ և քաղհանի այլ պիտույքներ, մրցակցեք իշխանության հետ և միմյանց միջև հետևյալ ձևաչափում`
-ո՞վ ավելի արմատական առաջարկ կներկայացնի, որ խմբիշխանության պորտը վերջապես տեղը գցվի,
-ո՞վ ավելի շիտակ ու համարձակ կգտնվի և առաջինը պետությանը կհանձնի իր կամա, թե ակամա յուրացրած գողոնը,
-ձեզնից ո՞ւմ մտքով առաջինը կանցնի կամավոր հիմունքներով հրաժարվել իշխանությունից և զբաղվել որևէ հանրօգուտ գործով։
Զինչե՞ր ցուցանեցին առակներն այս անառակներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ