Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Սատանան երբևէ հանգիստ չի թողել ո՛չ անհատներին, ո՛չ ազգերին, ո՛չ եկեղեցիները, այլ թունավորելով ապականել է ի սկզբանե»

«Սատանան երբևէ հանգիստ չի թողել ո՛չ անհատներին, ո՛չ ազգերին,  ո՛չ եկեղեցիները, այլ թունավորելով ապականել է ի սկզբանե»
20.02.2017 | 21:53

Վերջին տարիներին մի շարք տեղեկություններ ասպարեզ եկան Արևմուտքի քրիստոնեական տարբեր եկեղեցիների (մասնավորապես՝ անգլիկան, բողոքական, կաթոլիկ) բազմաթիվ հոգևորականների այլասերվածության մասին: Այս ցավալի, միաժամանակ և ահավոր ու տագնապի տեղիք տվող իրողության կապակցությամբ է մեր հարցազրույցը Գորիսի տարածաշրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ:

-Տեր Ահարոն, Արևմուտքի քրիստոնեական տարբեր եկեղեցիների բազմաթիվ հոգևորականներ, նրանց թվում նաև՝ բարձրաստիճան, որոնք առաջինն իրենք պետք է ապրեն ու ծառայեն Աստծո պատվիրաններին ու խոսքին համապատասխան և, օրինակ ծառայելով, ճշմարիտ ճանապարհով առաջնորդեն մարդկանց, այլասերվածության տարբեր դրսևորումներով իրենք են դեմ գնում Աստծուն, այդ ահավոր պղծագործություններով միտումնավոր թե առանց միտումի, ծառայում սատանային: Ինչո՞ւ… Ի՞նչ է կատարվում Եվրոպայում և Ամերիկայում:
-Ձեզ հուզող հարցերի մեջ շոշափվող ցավալի իրողությունները պատճառահետևանքային բնական և սերտ կապերի մեջ են, և դժվար կլինի հստակ ուրվագծված պատասխաններ տալ: Ինչևէ, փորձենք մեր համեստ կարողությունների շրջանակներում, Սուրբ և Ամենակալ Աստծո օգնականությամբ և Սուրբ գրքի վկայություններով հիմնավորված շարադրել Ձեզ մտահոգող հարցերի պատասխանները:
Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է: Նա ճանաչում է Իր Եկեղեցին, որ կաթոլիկ, բողոքական, անգլիկան չէ, այլ Մի է, Սուրբ, ընդհանրական և առաքելական, միշտ Իր աչքի առջև է, և որպես Քրիստոսի Մարմին՝ Նա պիտի անցնի Քրիստոսի երկրային ուղին. ծնունդ, աճ՝ լի շնորհով և ճշմարտությամբ, փորձություն անապատում, Պայծառակերպություն, Մատնություն, Խաչելություն, Հարություն փառքով, սա՝ ի գիտություն:
Ինչպես ասել է Վարդան վարդապետ Այգեկցին, սատանան երբևէ հանգիստ չի թողել ո՛չ անհատներին, ո՛չ ազգերին, ո՛չ եկեղեցիները, այլ թունավորելով ապականել է ի սկզբանե:
Ինչ խոսք, հոգևոր առաջնորդները պետք է օրինակ, այլ ոչ թե գայթակղություն հանդիսանան հավատացյալ հոտի համար: Այն, ինչ այսօր է կատարվում մայրամուտ ապրող արևմտյան եկեղեցիներում, փաստում է, որ, ցավոք, չարը բացահայտ և համարձակորեն գործում է Եկեղեցու ներսում՝ հավաքագրելով սեփական ցանկություններին հետամուտ և ո՛չ Աստծո սուրբ ու սրբարար կամքին նախանձախնդիր հոգիներին: Նրանք, ովքեր փափագում են Աստծո ներողամիտ, բարեգութ ու ողորմած բարձերի վրա ընդարմանալ ու հեշտանալ, սարսափած վեր են թռչելու Սուրբ ու Արդարադատ Աստծո ահեղ ձայնից. «Հեռացե՛ք Ինձնից բոլորդ, որ անօրենություն եք գործում. Ես ձեզ չեմ ճանաչում»:
Կան ստեղծված իրավիճակին հանգեցնող օբյեկտիվ և սուբյեկտիվ, արտաքին ու ներքին, պատմական ու անհատական բնույթի գործոններ: Պետք է նկատի ունենալ, որ Եկեղեցին իբրև ուղեցույց ունի հետևյալ, կարելի է ասել, աքսիոմները.
«Իմ թագավորությունը այս աշխարհից չէ». Հովհ.18.36-Եկեղեցին Երկնքի արքայության սերմն է Երկրի վրա, Աստծո նոր արարչությունը, որ պետք է մերժի մեղքը, մեղավոր աշխարհը և նրա իշխանին՝ սատանային:
«Սո՛ւրբ եղեք, քանզի Սո՛ւրբ Եմ Ես». Ղևտ.11.44-Եկեղեցին կոչված է սրբության և պետք է ամենայն զգաստությամբ ու նախանձախնդրությամբ վերաբերվի պատվիրանապահությանը:
«Դուք եք Երկրի աղը և աշխարհի լույսը». Մատթ.5.13,14-Եկեղեցին պետք է ճշմարտության լույսը տարածի մեղքով խավարած աշխարհում և քրիստոնեական ճշմարիտ վարդապետության քաղցրությամբ համեմի, այն է՝ քարոզի Ավետարանը խոսքով և գործով: Կարևորվում է ամեն մի քրիստոնյայի դերը: Անհատը չպետք է կրավորաբար վերաբերվի իր կամ ուրիշի փրկությանը: Ինչպես ասել է Օգոստինոս Երանելին՝ «Առանց Աստծո մենք ոչինչ չենք կարող, իսկ առանց մեզ Աստված ոչինչ չի կամենա անել»:


«Ով հաղթի, նրան թույլ կտամ նստելու Ինձ հետ Իմ աթոռին, ինչպես Ես հաղթեցի և նստեցի Իմ Հոր աթոռին». Հայտն.3.21-Հաղթանակը ենթադրում է պայքար: Եկեղեցին, եթե հարկ լինի, մինչև իսկ արյուն թափելու չափ պետք է պայքարի մեղքի, աշխարհի ապականության ու Սատանայի դեմ:
Արևմտյան եկեղեցիները, Քաղկեդոնի ժողովից սկսած, շեղվեցին քրիստոսաբանության բուն բովանդակությունից՝ փրկաբանությունից, այն ճշմարտությունից, որ Աստված՝ Իր անսահման սիրուց դրդված, Իր Որդուն զոհեց մարդկության փրկության համար: Սկսեցին քննել անքննելին, անվերջանալի բանավեճեր ծավալվեցին աստվածային տնօրինությունների շուրջ, մասնավորապես՝ շեղվեցին նվիրագործվող Հացի և Գինու բաղադրության և շատ այլ հարցերի շուրջ առաջին երեք Տիեզերաժողովներում Եկեղեցու ընդունած կանոններից և, սեփական համբավին, հեղինակությանը և ազդեցությանը հետամուտ, իրենց շուրջը համախմբեցին նրանց, ում ճշմարտությունը չէր, որ հետաքրքրում էր, այլ սեփական մեղքերը արդարացնող ու հիմնավորող ինչ-ինչ գաղափարներ:


Նրանք արդեն իսկ շեղվեցին ճիշտ ճանապարհից, խեղաթյուրեցին ճշմարտությունը և հեռացան Կյանքից: Խոսքն առանձին անհատների մասին է, քանզի Կաթոլիկ եկեղեցին նաև շատ նշանավոր սրբեր ունի: Մենք չենք պնդում որևէ որոշակի անձի սայթաքումների կամ միտումնավոր արած սխալ քայլերի մասին, քանզի պատմության փաստերը շատ հեշտ է խեղաթյուրել կամ, ընդհանրապես, սարքել, բայց Եկեղեցու ներսում կային անձեր, որ գիտակցաբար կամ անգիտակցաբար համագործակցում էին Չարի հետ, ինչպես ժողովրդական առածն է ասում, «Գողը որ տնից լինի, կարմիր կովը երդիկից դուրս կգա»:


Մարդկային նեղմտությունը, սնապարծությունը, անսրբությունն ու անպատասխանատվությունը կարող են շատ բաներ ավերել: Արևմտյան Եկեղեցին հասավ մի վիճակի, երբ նրա ներսում գտնվեցին մարդիկ, ովքեր, դարձյալ Չարից խաբված, ցանկացան անել անկարելի ու անհեթեթ մի բան՝ բարեփոխել Եկեղեցին:
Եկեղեցին մարդիկ չեն հիմնել, այն ինքնին անթերի ու անսխալական է, քանզի Քրիստոս է Նրա գլուխը, և Սուրբ Հոգին՝ առաջնորդող ու գոտեպնդող ուժը: Եկեղեցին Աստծո հավատարիմների ամբողջությունն է: Եկեղեցին, Քրիստոսի Մարմինը լինելով, մեկ ամբողջություն է և միշտ էլ ամբողջական է լինելու, իսկ Չարին գործակից ներքին դավադիրները և արտաքին թշնամիները, որ այդքան խանդավառությամբ Նրան մահվան են տանում, դեռ ականատես են լինելու Նրա փառավոր Հարությանը:


Բողոքական եկեղեցիները, որ առաջացան Կաթոլիկ եկեղեցու իբր բարեփոխման արդյունքում, արդեն զրկված էին առաքելականությունից՝ Սուրբ Հոգու ներկայությունից և առաջնորդությունից: Դրանք մարդկային իմաստության վրա հիմնված և Չարի կողմից խոցելի, անգամ, կարելի է ասել, նրա կողմից կուրորեն առաջնորդվող կառույցներ են:
Դեռևս Վերածննդի՝ այդ լավագույնս քողարկված նեոհեթանոսության շրջանում, արևմտյան եկեղեցիները վարակվել են մարդապաշտության ախտով, հոգևորն աննկատ կերպով փոխարինվել է մարմնավորով: Մարդու, պարզ հավատացյալի հայացքը երկնայինից ու հոգևորից սահել ու սևեռվել է երկրայինին ու մարմնավորին: Նապոլեոն Բոնապարտի օրոք Արևմուտքում Եկեղեցին բաժանվել է պետությունից, դպրոցը՝ Եկեղեցուց, կրթությունը դարձել է աշխարհիկ, խախտվել է քրիստոնեության ավանդականությունը, և վտանգվել սերունդների հոգևոր-բարոյական կրթության կարևորությունն ու նախապատվությունը: Ֆրանսիական հեղափոխությունից և ինքնակալության տապալումից հետո ընդհանրապես կասկածի տակ է առնվել Եկեղեցու և հոգևորի անհրաժեշտությունը:


Այդ շրջանում Արևմուտքում ձևավորվել ու տարածվել են նորանոր հակաքրիստոնեական և աստվածանարգ գաղափարներ: Որևէ գաղափար՝ ուղիղ, թե թյուր, նախ պետք է ներկայացնել, այնուհետև հիմնավորել, հետո պաշտպանել, ապա տարածել: Այդպես են մարդկությանը պարտադրվել մինչ օրս հայտնի բոլոր «իզմ»-երը՝ հումանիզմից ու դարվինիզմից մինչև կոմունիզմ ու ֆեմինիզմ: Այս ամենի պատճառով մեծապես տուժել են և՛ անհատը, և՛ ընտանիքը, և՛ հասարակությունը, արդյունքում՝ Եկեղեցին:


Սատանան հասավ իր նպատակին. մարդը զրկվեց հոգևոր պաշտպանությունից՝ Սուրբ Հոգու շնորհից՝ մեղքի և աշխարհի փորձությունների դեմ պայքարելու և նորոգվելու կարողությունից, և դարձավ խոցելի աշխարհի ապականող ազդեցությունների դիմաց, մարդը կտրվեց հոգին սնուցող երակից՝ քրիստոնեությունից, իրենից թոթափեց Աստծո պատվիրանները պահելու բեռը և թևակոխեց խղճի ազատության խոստումնալից դարաշրջան: Իրականում մարդը վերադարձ կատարեց դեպի կռապաշտություն:


Մերօրյա կուռքերն ունեն երկու դեմք՝ բարեպաշտի և աստվածանարգի: Առաջինը պետք է պարզ հավատացյալներին քողարկված կերպով ճշմարտությունից շեղելու, երկրորդը՝ դեպի կործանում ուղղորդելու համար, եթե ուրիշ ոչինչ չանեն էլ, խլում են մարդուց այն ժամանակը, որ նա պետք է ծախսի իր փրկության համար:
Կաթոլիկ Եկեղեցին կորցրեց իր հավատացյալին և փորձեց զիջումների գնալ նրան վերադարձնելու համար, իսկ քաղցկեղի բջիջների նման տրոհվող ու տարածվող «Բողոքական եկեղեցի» հորջորջվող կառույցը սկզբունքորեն բավարարում էր գրեթե ցանկացած ճաշակի հավատացյալի քմահաճույք: ԱՄՆ-ում անհավատ մարդ չկա, փոխարենը կա այնքան հավատալիք, որքան մարդ: Այնտեղ Սատանայի եկեղեցին ևս պաշտոնապես է գործում և միլիոնավոր հետևորդներ ունի:
-Մանկապղծությամբ, արվամոլությամբ զբաղվելը կարելի՞ է բացատրել միայն Աստծո հանդեպ հավատի բացակայությամբ, թե՞ այս կերպ արտահայտվում է նրանց գիտակցված աստվածամարտությունը: Որո՞նք են հատկապես Արևմուտքում բազմաթիվ հոգևորականների այլասերվածության՝ մակերեսին գտնվող ու խորքային պատճառները:
-Մեղքն ընդհանրապես պետք է բացառվի Եկեղեցում: Եկեղեցին Սուրբ է և սրբագործող: Սակայն վերը նշվածը ոչ թե մեղքի կամ անհավատության արտահայտություն է, այլ բացահայտ սատանայապաշտություն՝ իրեն բնորոշ արարողակարգով: Այս ամենի պատճառներից մեկը Սուրբ գրքի հատվածական, կամայական և ազատական մեկնությունն է և Սուրբ ավանդության մերժումը: Աստծո Խոսքի հանդեպ այդպիսի մոտեցմամբ կարելի է արդարացնել ցանկացած մեղք ու այլասերվածություն:
Սուրբ Հոգին գործակցում էր մարդուն Սուրբ գիրքը գրելիս և կանոնը կազմելիս, իսկ Եկեղեցին հիմնվեց առաքյալների վրա Սուրբ Հոգու էջքից հետո, Ով միշտ ներկա է Քրիստոսի Եկեղեցում և Նրան հավատացող ամեն մի անհատի կյանքում: Սուրբ գրքի ցանկացած մասի մեկնություն չպետք է հակասի Նրա ամբողջականությանը, Նրա պատգամին և Հոգուն, Որով այն գրվել է. «Բայց նախ այս բանն իմացե՛ք, որ գրքերի ամեն մի մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, քանի որ մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց երբևէ, այլ Սուրբ Հոգուց մղված է, որ խոսեցին Աստծու սուրբ մարդիկ» (Բ Պետ.1.20):
Եկեղեցին պետք է լինի սուրբ, կատարյալ, աշխարհի համար աղ և լույս: Եկեղեցին հավատացյալ անհատների և ընտանիքների ամբողջությունն է, հետևաբար այն պետք է վերոգրյալ կերպի մեջ լինի ի դեմս այդ անհատների և ընտանիքների:
Սրբությունը և աշխարհի ապականությունից հեռու մնալը գլխավոր ու կարևորագույն նպատակն է, որ պետք է հետապնդի հավատացյալ անհատը կամ ընտանիքը: Սակայն այսօր ցավով պետք է նշենք, որ մեծապես վտանգված են քրիստոնյա ընտանիքի ոչ միայն ամբողջականությունը, այլև սրբությունը:


Այսօր Եկեղեցի ասելով հասկանում ենք գլխավորաբար նվիրապետությունը կամ հոգևորականությունը, անհասկանալի պատճառներով նվիրապետությունից դուրս քրիստոնյաները կոչվում են աշխարհիկ քրիստոնյաներ, ինչը չենք տեսնում Նախնի Եկեղեցում կամ Ավետարանի պատգամում, որից իսկապես շատ ենք հեռացել բոլորս:
Ավետարանը մեղավոր մարդու փրկության բարի լուրն է, սակայն սատանայի արբանյակ ամբարիշտ մարդիկ, այդ նույն Ավետարանն իրենց շահերին ու քմահաճույքներին ծառայեցնելով, այն բազմաթիվ մարդկանց, ազգերի ու եկեղեցիների կործանման պատճառ են դարձնում, որովհետև իրենց ինքնակամ մեկնություններով ու վարդապետություններով նրանց ապստամբեցնում են Աստծո դեմ: Աղանդավորներն ու այլասերվածներն իրենց համար ձեռնտու կերպով արդեն իսկ անճանաչելիորեն այլափոխել են Սուրբ գրքի պատգամը: Սակայն, Աստծո Խոսքը, որ Քրիստոս է, փոփոխման ենթակա չէ:


Աստծո Խոսքը պետք է լինի մարդու հոգու կենսունակության աղբյուրը, կենսագործունեության բովանդակությունը, կյանքի մղիչ ուժն ու նպատակը: Երբ մարդը դադարում է զրուցել Աստծո հետ՝ կարդալ Նրա կենդանի ու կենսավորող Խոսքը, Սրբազան Ավանդությունը և աղոթել, նա ստիպված է լինում ուրիշներից լսել Աստծո մասին ունեցած նրանց սեփական սահմանափակ ու վիճարկելի պատկերացումները:
Ճշմարտության ճանապարհից շեղվում են բոլոր նրանք, ովքեր թեկուզ իրենց իսկ համար աննշմարելի չափով անգամ սկսում են այդ հայտնված և փրկարար ճշմարտությունն իրենց հարմար ձևով մեկնաբանելու փորձեր անել: Մարդն իր կյանքի ամեն քայլափոխին կատարում է ընտրություն լավի և վատի, սպիտակի ու սևի, բարու և չարի, լույսի ու խավարի, հոգևորի և նյութականի միջև: Մի փոքր անզգուշություն և զգոնության պակաս, մեկ սխալ քայլ, և արդեն կարող է ուշ լինել:
Կասկած չի հարուցում, որ աստվածամարտ ու աստվածանարգ ցանկացած արարք, գործունեություն ուղղորդում է սատանան, և դա՝ անկախ այն բանից, թե գիտակցո՞ւմ է արդյոք ուղղորդվողը, թե՞ ոչ, սակայն եթե այդ ամենը լինում է գիտակցաբար, մոլորեցվողի համար այլևս ներում չկա, նա ինքն արդեն չի կարողանում ընդունել վերադարձի հնարավորությունը, որովհետև լրիվ, ինչպես ժողովուրդն է ասում, սատանայի ծնունդ է դառնում, ըստ Տիրոջ անսուտ խոսքի. «Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք» (Հովհ.8.44):


Աստված մարդուն ստեղծել է անձնիշխան կամքով, ազատ ընտրության իրավունքով և երբեք չի բռնանում մարդու կամքի վրա, որ չաղճատվի նրա աստվածակերպությունը: Մարդու ողբերգությունը կյանքի և մահվան միջև կատարած սեփական սխալ ընտրությունն է:
(շարունակելի)


Հարցազրույցը՝
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4651

Մեկնաբանություններ