Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Բոլորս էլ, անկախ մեր մասնագիտությունից, սիրում ենք բախվել հրաշքին»

«Բոլորս էլ, անկախ մեր մասնագիտությունից, սիրում ենք բախվել հրաշքին»
18.02.2017 | 12:22

«Գրականություն» ֆեյսբուքյան խումբը երեք տարեկան է: «Գարնանն ընդառաջ» խորագրի ներքո շուտով տեղի կունենա հոբելյանական ցերեկույթ: Սպասվում է յուրատեսակ հանդիպում էջի ընթերցողների, ճանաչված գրողների և արվեստագետների հետ: Զրուցակիցս գրականագետ-գրաքննադատ, խմբի հիմնադիր ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆՆ է:

- Վերջին անգամ զրուցել ենք մեկ տարի առաջ, երբ «Գրականություն» խմբի անդամները նշում էին գրական էջի երկամյակը: Ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում, առհասարակ, ժամանակի ազդեցությունը
զգո՞ւմ եք:

-Շատ բան փոխվել է, իհարկե: Նախ` ավելացել են մեր ընթերցողները: Այսօր խմբի մասնակիցների թիվը 2575 է: Գաղտնիք չէ, որ ‹‹Գրականություն››-ը փակ խումբ է: Դա ես արել եմ հատուկ նպատակով, որպեսզի այն ծառայի միայն նրանց, ովքեր հետաքրքրված են գրականությամբ, մտքի աշխատանքով, արվեստի և գրականության հարուստ կապով: Երբեմն ընտրություն անում եմ ինքս՝ իմ ֆեյսբուքյան ընկերներին բերելով այս տարածք: Դեռ դժգոհողներ չեն եղել, հակառակը, մասնակիցները հայտնում են նաև իրենց հետաքրքրությունը էջում կատարվողի նկատմամբ: Ամեն օր դիմում են շատերը։ Պիտի խոստովանեմ, որ ոչ բոլորին ենք ընդունում: Որովհետև ուզում ենք լավ ընթերցողներ և հետևողներ ունենալ, մի բառով՝ բարեկամներ: Իսկ ժամանակի ազդեցությունը զգում եմ, այո: Նախ, պահանջ առաջացավ ամենօրյա մեր աշխատանքում հետևելու նաև թատրոնին առնչվող իրողություններին, որը սիրով իրականացնում է թատերագետ-արվեստաբան, արձակագիր Անուշ Ասլիբեկյանը: «Վեմ» ռադիոկայանում վարելով ‹‹Գրական ընտրանի›› հաղորդաշարը՝ պարբերաբար ներկայացնում եմ այդ հաղորդումները էջում՝ համաշխարհային հռչակ վայելող 20-րդ դարի գրողների և նրանց ստեղծագործությունների մասին: Նաև օրեր ունենք, որ հատկացնում ենք կինոյին։ Մանեն, որն ավարտում է հենց այդ բաժինը՝ կինոյի և թատրոնի ինստիտուտում, հետաքրքիր մեկնաբանություններով է հանդես գալիս այս առումով: Մեկ տարվա ընթացքում փոխվել են մոտեցումները, սկզբունքները, պահանջները ոչ միայն մեր, այլև մեր հեղինակների:

-Իսկ ի՞նչ ազդեցություն, դեր ունի «Գրականությունը»:

-Խումբն աշխատում է ամեն օր, աշխատանք, որն ինքնանպատակ չէ: Մեր շատ ընթերցողներ հայտնում են իրենց կարծիքը, այն, որ այստեղ են ծանոթանում այս կամ այն գրողի հետ, ծանոթանում նրանց գործերին, պատկերացում կազմում այսօրվա արդի հայ գրականության մասին, տեղեկանում նոր լույս տեսած գրքերի մասին, ընթերցում նոր բան, որ այլ տարածքում չեն տեսել: Ազդեցությունը կերևա ժամանակի ընթացքում, քանի որ խումբը ստեղծելիս մտածել եմ հենց դրա մասին, քանի որ կարևոր բան ասելու պահանջ եմ ունեցել և ձգտում եմ դա ներկայացնել մատչելի, որովհետև տարաշերտ ընթերցող ունենք։ Կան շատ ճանաչված գրողներ, թարգմանիչներ, որոնք մեծ ճանապարհ են անցել, սկսնակ բանաստեղծներ, արձակագիրներ, մի խոսքով՝ մտավորականներ, ուսանողներ, տարբեր մասնագիտությունների տեր մեր սիրելի ընթերցողները, որոնք միշտ ինքնատիպ են իրենց կարծիքներով, երբեմն նաև անհամաձայնություններով: Հետաքրքիր չի լինի, եթե ամեն ինչի հետ համաձայն լինեն: ՈՒշադիր ենք բոլորի հանդեպ: Չնայած մեր էջը կարող են նաև չբացել՝ լինելով մեր խմբում: Կարծում եմ` էջում կարծիք է ձևավորվում: Այդ մասին կռահում եմ՝ կարդալով ինձ ուղարկված բազմաթիվ նամակները:

-Ժամանակակից գրական ընթացքին հնարավո՞ր է հետևել ձեր խմբի միջոցով: Որպես կանոն, ինչպես գրական մամուլը, կարծում եմ, ֆեյսբուքյան խմբերը նույնպես, ունեն իրենց հեղինակները:

-Անշո՛ւշտ… Հստակ երևում է այսօրվա գրական ընթացքը: Խումբն ունի իր հեղինակները, ովքեր պարբերաբար ուղարկում են իրենց գործերը: Ինքս տեղադրում եմ՝ փորձելով ներկայացնել շատերին: Անընդգրկելին հնարավոր չէ ընդգրկել, իհարկե: ‹‹Գրականություն›› խումբը վստահաբար պիտի քայլի առաջ՝ ներկայացնելով նոր անուններ:

-Խումբը կոչվում է «Գրականություն», բայց ունի նաև երաժշտական, կերպարվեստի բաժիններ... մշակութային այս բազմազանությունն ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Գրականության թելադրանքն է, որովհետև բոլոր արվեստներն էլ խոսքից ու մտքից են ծնվում, այնքան սերտ է կապը, այնքան կարևոր է բոլորի լինելությունը գրականության համար, որի ստեղծողը և՛ մեղեդու հետ է առնչվում, և՛ գեղանկարի: Պատահական չէ, որ գրական երկում գրողը պատկերում է երաժշտության և գեղանկարի հոգին, ինչպես Հերման Հեսսեի ‹‹Տափաստանի գայլը›› վեպում: Նաև մեր ընթերցողին վայելելու հնարավորություն ենք տալիս, որ ընթերցելիս նաև ունկնդրի, տեսնի… Մի խոսքով, սիրում ենք մեր էջը հետևողներին:

-Պատահո՞ւմ է, որ օգտատիրոջ տեղադրած նյութը հեռացնում եք: Թե՞ ամենևին պարտադիր չէ համակարծիք լինել հեղինակի հետ, կամ հանել այս կամ այն աշխատանքը, որը կամ որի մասին նյութ է տեղադրվում ձեր խմբում:

-Ոչ բոլոր նյութերն ենք տեղադրում: Ինքս հետևում եմ, որ գեղարվեստական գոնե մեկ-երկու արժանիք ունենա: Այլապես ամբողջ համացանցը ողողված է անհասկանալի ձեռագիր ունեցող գրվածքներով, անփույթ մեկնություններով՝ սեփական ճակատագրի հանդեպ վրեժով լցված գրոտումներով: Հասկանում եմ, որ մարդիկ ուզում են լիցքաթափվել, պարպել զայրույթն ու դժգոհությունը: Թող այլ էջերում տեղադրեն: ‹‹Գրականություն›› խումբը փորձում է պահել հենց այդ չափանիշը՝ որակյա՛լ խոսքի տարածումը:

-«Գրականություն» խմբի հետագա գործունեության մասին խոսելիս ասել էիք, որ նորություններ են սպասվում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ խումբը մի օր վերածվելու է տպագիր կամ էլեկտրոնային ամսագրի, բլոգի... ի՞նչ բնույթ են ունենալու նորությունները:

-Շատ նպատակներ ունենք: Երազում եմ գտնել ոչ միայն ֆինանսական հովանավորի, այլև, առաջին հերթին, մեկենասի, ում հետաքրքիր է մեր երկրի մշակութային ճակատագիը, ում հուզում է գրականությունը: Կարևոր ծրագրեր ունենք, կփորձնեք դրանք իրականացնել:

-Ենթադրում եմ` պատահականություն չէ, որ խումբը հիմնվել է գարնանամուտին:

-Այո, խումբը բացել եմ 2014 թվականի փետրվարի 17-ին՝ նպատակ ունենալով ներկայացնելու ժամանակակից հայ գրականությունը, հետագայում նոր գաղափարներ առաջացան, և խմբի աշխատանքներում ընդգրկվեցին շատերը՝ գրողներ, արվեստագետներ, մտավորականներ: Անում են մեծ սիրով և պատասխանատվությամբ: Գնահատելի գործ է, որ ամեն օր նրանք իրենց ոսկի ժամանակը տրամադրում են մեզ. չէ՞ որ մտքի աշխատանքն ամենաբարդն է: Նաև մեր խմբում իրենց նյութերն են տեղադրում շատ անվանի լրագրողներ: Էջը հարստանում է մեր երկրում տեղի ունեցող ամենատարբեր իրադարձություններով:
-Քաղաքական այս եռուզեռի մեջ տեղ մնո՞ւմ է գրականության համար:

-Բոլորս էլ, անկախ մեր մասնագիտությունից, սիրում ենք բախվել հրաշքին: Իսկ գրականության հետ հանդիպումը հենց դա է, միայն պիտի այնպես լինի, որ սիրտ լինի դրա համար: Մեր խումբը փորձում է հենց դա՛ անել:

-Ի՞նչ կասեք ընթերցողին վերջում:

-Որ անչափ սիրում եմ բոլորին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ, որովհետև նրանց ամենօրյա արձագանքներից է կախված նաև, թե ինչ կանենք վաղը:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ