Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումում

ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումում
19.02.2017 | 00:07

Նախ` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դոկտոր Թոմաս Պաուլսենին և տիկին Նորա Մյուլլերին՝ հրավերի և ողջույնի ջերմ խոսքերի համար: Ավելին, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց` Երիտասարդ առաջնորդների հարթակին, որպես Մյուխենի Անվտանգության համաժողովի կարևորագույն հավելմանը, երկարատև նվիրվածության համար:


Շատ լավ հիշում եմ սեփական մասնակցությունս գրեթե 9 տարի առաջ կայացած Մյունխենի երիտասարդ առաջնորդների 1-ին հանդիպմանը: Եվ նախքան դասախոսությանս անցնելը, ցանկանում եմ ասել հետևյալը. երբ ինչ-որ մեկը մասնակցում է որևէ խոշոր միջոցառման «երիտասարդական» հարթակի հանդիպմանը, կարող է մտածել, որ իրական կյանքն այնտեղ է՝ առանցքային միջոցառման մեջ: Հավատացեք, երբ ժամանակի ընթացքում դու բնականորեն տեղափոխվում ես այդ «առանցքային» միջոցառման ասպարեզ, սկսում ես խորապես կարոտել երիտասարդական ձևաչափի հենց այս յուրօրինակ մթնոլորտը: Ի վերջո, կարիերայի սանդուղքով բարձրանալը բնական զարգացման ուղին է այս դահլիճում հավաքված երիտասարդ, խելամիտ ու աշխատասեր մարդկանց համար, մինչդեռ հասակավոր դառնալն ու երիտասարդական հարթակների համար հասակին համեմատ «գերորակավորված» լինելը տխուր, թեկուզև բնականոն արդյունք է: Այնպես որ՝ վայելեք մյունխենյան երիտասարդ առաջնորդների միջոցառումը:


Այսօր ես խոսելու եմ Եվրասիայում տարածաշրջանային զարգացումների և այդ համատեքստում Հայաստանի դերակատարության կամ տեղի մասին:
Հայաստանը եվրասիական ու եվրաատլանտյան ձևաչափերում համաժամանակյա ինտեգրացիոն գործընթացների փոխօգտակար կիրառման եզակի օրինակ է:
Ինչպես շատերդ հավանաբար լսել եք, Հայաստանը հինավուրց քաղաքակրթություն է` Քրիստոսի ծննդից առաջ 9-րդ դարում դեռևս ունեցած առաջին պետականությամբ: Հայերը նաև առաջին ազգն են, որ դեռևս 301-ին քրիստոնեությունն ընդունեցին որպես պետական կրոն: Միջին դարերից մինչև նորօրյա ժամանակներ մի քանի դարով ընդհատված պետականությունների՝ իրար հաջորդող ծնունդների ու անկումների ընթացքում Հայաստանը սեփական դառը փորձով ամբողջովին զգացել է իր շուրջն ուժեղների ու հզորների բախումների նսեմացնող ազդեցությունը: Պատերազմներն ու դրանց զուգընթաց՝ սեփական տարածքների բաժանումներն ու վերամիավորումները, լինի դա հռոմեացիների և պարթևների, բյուզանդացիների, Սասանյանների, Օսմանյան թե Ռուսական կայսրությունների միջև, մեզ մեկընդմիշտ սովորեցրել է մեկ դաս. մենք օգուտ չենք ակնկալում տարածաշրջանային ու գլոբալ դերակատարների առճակատումներից: Մենք հաստատապես գիտենք, որ բարեկեցության ու կայունության ուղին անցնում է համապարփակ երկխոսության և կարծիքների բաց փոխանակման, փոխադարձ օգուտների ի հայտ բերման և համատեղ արարման միջով:


Ներկայում՝ 25 տարի առաջ անկախությունը վերագտնելուց հետո, այս գիտելիքներն ու փորձը վերածվել են տարածաշրջանային ու անդրտարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված մեր արտաքին ու պաշտպանական քաղաքականության՝ որպես վեճերի կարգավորման և տևական խաղաղության երաշխավորման հնարավոր միակ միջոց:
Մեր այսօրվա քննարկման համատեքստում այդ քաղաքականությունը կարող ենք դիտարկել ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը Եվրատլանտյան կառույցների հետ մեր թափանցիկ ու ներգրավվյալ գործընկերության հետ փոխօգտակար բանեցնելու հարացույցի միջոցով: Այս հարացույցի կենտրոնում անվտանգության, բարեկեցության և տարածաշրջանային կարգ ու կանոնի մեր խնդիրն է՝ հիմնված սկզբունքների ու արժեհամակարգի հետևողական համակարգի վրա:


Այժմ ես ուզում եմ անցնել այս ուղղություններից յուրաքանչյուրին:
Եվրասիական ինտեգրացիոն ձևաչափ
Հայաստանի համար այն հիմնվում է երեք հենասյան վրա, որոնք են մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, երկկողմանի հարթությունում՝ ռազմավարական դաշինքը Ռուսաստանի հետ:
Անդամակցությունը ԵԱՏՄ-ին հիմնականում ծառայում է տնտեսական նպատակների, ինչպիսիք են ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը, որոնց միջոցով ապահովվում են հայկական արտադրանքի և աշխատուժի համար հսկայական շուկաներ և Հայաստանում ավելի շատ օտարերկրյա անմիջական ներդրումներ:


ՀԱՊԿ-ն ավելի շատ անվտանգային գործիք է, որն ապահովում է ինտենսիվ միջզինվորական համագործակցություն բոլոր ոլորտներում՝ ռազմական գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքներից մինչև անդամ մյուս երկրների ռազմական արդյունաբերությունների հասանելիությունը, խաղաղապահ ներզոր կարողությունների զարգացումից մինչև ահաբեկչության, թմրանյութերի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միասնական ջանքերը: ՀԱՊԿ-ն ունի ՆԱՏՕ-ի այն մեխանիզմի իր համարժեքը, որը հայտնի է 5-րդ հոդված անվանումով՝ հարձակումն ընդդեմ մեկի հարձակում է ընդդեմ բոլորի: Լինելով համեմատաբար երիտասարդ կազմակերպություն, ՀԱԿՊ-ը դեռևս գտնվում է «փափուկ ուժի» զարգացման գործընթացում և շարունակում է ավելացնել իր մարդկային ու հաստատութենական կապիտալը:
Մեր երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթի և բազմանիստ են ու ներառում են բոլոր բնագավառները՝ սկսած բարձրագույն մակարդակով իրականացվող քաղաքական երկխոսությունից և վերջացրած տառացիորեն բոլոր ոլորտներում փոխշահավետ փոխգործակցությունով: Ռուսաստանը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, միակ միջազգային ձևաչափը, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ:
Հարձակումն ընդդեմ մեկի հարձակում է ընդդեմ երկուսի, ահա ևս մեկ երկկողմ պայմանավորվածություն, որը ներառված է մեր պաշտպանական համաձայնագրերում: Գործնական առումով Ռուսաստանի այս հանձնառությունը կյանքի է կոչվում Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան զորակայանի, Միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման և ՀՕՊ միասնական համակարգի միջոցով:


Գործընկերությունը Եվրատլանտյան ձևաչափերում
Այս ուղղությամբ մեր քաղաքականությունը մենք նույնպես կառուցում ենք երեք հենասյան վրա. երկկողմ հարաբերություններ ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների հետ, ակտիվ ներգրավվում ԵՄ Արևելյան գործընկերությանը և մեր շարունակական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ Գործընկերություն հանուն խաղաղության նախաձեռնության միջոցով, ինչպես նշված է մեր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում:
ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ երկկողմ կապերում հիմնվում ենք մեր միջև հարաբերությունների և փոխադարձ իմացության մեծ պատմության վրա: Այս հարաբերությունները արմատավորված են համընկնող քաղաքակրթական ու արժեհամակարգային մոտեցումներում և ամրապնդված են այդ երկրներում մեծաթիվ հայ համայնքների գոյությամբ: Փաստորեն, այդ կապերը այնքան ամուր էին, որ շարունակվեցին նույնիսկ ի հեճուկս խորհրդային տարիներին մեզ իրարից բաժանող երկաթյա վարագույրի:
ԵՄ հետ մենք ակտիվորեն ներգրավվել ենք անմիջապես, երբ հանգուցային ժողովրդավարական բարեփոխումների առաջին «ռաունդի» ավարտից հետո Հայաստանն ընդունվեց Եվրոպայի Խորհուրդ: Այդ ժամանակներից ի վեր ընդգրկուն երկխոսություն ենք ծավալել Բրյուսելի հետ՝ նպատակաուղղված մեր ժողովրդավարական հաստատությունների կառուցումն առաջ մղելուն: Մենք ջերմորեն ողջունեցինք Արևելյան գործընկերության հարթակը՝ որպես ավելի ինտերակտիվ երկխոսության գործիքարան, որպես մեր փոխգործակցության առաջ մղման ճանապարհ: Այժմ ավարտին ենք հասցնում բանակցությունները Շրջանակային համաձայնագրի շուրջ, որն ապագայում կարգավորելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Մենք ամբողջապես ավարտել ենք ռեադմիսիայի համաձայնագրերի վերաբերյալ աշխատանքների փուլը և ապահովել մուտքի արտոնագրերի դյուրացման մեխանիզմ: Հայկական ձեռնարկությունները օգտվում են ԵՄ-ի հետ GSP + առևտրային համակարգի օգուտներից, որը երկրում ներդրողների համար կարևոր գործոն է:
ՆԱՏՕ-ի հետ սերտորեն աշխատում ենք Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի միջոցով: Հայ խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕ-ի ղեկավարած և ՄԱԿ-ի իրավազորած առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում: ԱՄՆ կառավարության հետ սերտ համագործակցությամբ մենք ձևավորել են խաղաղապահության զգալի ներուժ և ներդրել ենք հումանիտար ականազերծման մեխանիզմներ: Շարունակում ենք նաև ՆԱՏՕ-ի և իր անդամ երկրների հետ աշխատել այնպիսի հանգուցային ուղղություներով, ինչպիսիք են Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը, Հայաստանում ռազմակրթական և ռամաբժշկական կարողությունների առաջադիմումը:


Ամփոփելով, պետք է նշել, որ Հայաստանն ամբողջովին որդեգրել է իր ներզոր կարողությունները բազմանիստ ու բազմակողմ համագործակցությամբ զարգացնելու ռազմավարություն: Մենք ոչ գաղտնի ենք պահում մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, ոչ էլ խուսափում ենք հիշատակելուց, մենք նաև շարունակում ենք իսկապես շահագրգռված լինել Արևմուտքի հետ ցանկացած ձևաչափի համագործակցության մեջ: Եվ մենք չենք ուզում ընտելանալ այն մտքին, որ աշխարհը կրկին դառնալու է սև ու սպիտակ:
Մեր Ազգային անվտանգության ռազմավարությունում և ռազմական դոկտրինում, ինչպես նաև գործնական մոտեցումներում առանձնակի նշանակություն ենք տալիս հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների կառուցմանն ու խորացմանը: Այս երկու պետությունների հետ էլ Հայաստանն ունի հազարամյակների կապեր, երկուսում էլ կա մեծաթիվ և վաղեմի հայկական Սփյուռք:


Վրաստանի՝ տարածաշրջանում ևս մեկ հնամենի քրիստոնեական երկրի հետ, Հայաստանը կիսում է հավանաբար համաշխարհային պատմության ամենահին անփոփոխ սահմաններից մեկը: Ավելին, ընդհանուր պատմության այս հազարամյակների ընթացքում չի եղել Հայաստանի ու Վրաստանի առճակատման և ոչ մի դեպք: Մեր վեճերը սովորաբար հանգում են այնպիսի թեմաների, թե, ասենք, ում կերակուրն է ավելի համեղ, ում լեզուն է ավելի հին, կամ թե ում երեխաներն են ավելի տաղանդավոր: Չնայած արտաքին քաղաքականության և անվտանգության ապահովման ընտրված ուղիներում զգալի տարբերություններին, մենք հավասարապես և հստակորեն հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, անվտանգությունն ու կայունությունը խորապես փոխկապակցված են: Հետևաբար, մենք սերտորեն աշխատում ենք մարտահրավերների ու ռիսկերի հասցեագրման ուղղությամբ:
Իրանի հետ նույնպես ունենք հազարամյակների ընդհանուր պատմություն: Այդ պատմությունն ունեցել է իր վերելքներն ու վայրէջքները. դավանափոխության պատերազմներ, հայկական նախկին պետականությունների կլանում ու կորուստ, հայերի՝ մոտակա այլ երկրներից Իրան գաղթելու քաջալերումներ և Միջին դարերում Իրանի հետ հայկական առանձին համայնքների ստեղծում, ռուս-պարսկական պատերազմների արդյունքում հայկական տարածքների երբեմնակի փոխանակումներ Իրանի և Ռուսաստանի միջև:


Այն պահից ի վեր, երբ 1991-ին Հայաստանը վերականգնեց իր երկար կորսված պետականությունը, Իրանը մշտապես հստակորեն ցուցադրել է իրական բարեկամության իր պատրաստակամությունը, և մենք կարողացել ենք զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարիդրացիական հարաբերություններ: Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ցուցաբերում է հավասարակշռված դիրքորոշում և շարունակում է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ արդար լուծման որոնմանը սատարելու համար: Իրանը ցուցադրել է խորին հարգանք իր տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության նկատմամբ և Հայ առաքելական եկեղեցու հետ ծավալուն աշխատանք է իրականացրել չորս հնադարյան եկեղեցիներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար: Մեր երկու երկրների միջև հարաբերությունները իսկապես օրինակելի են քաղաքակրթությունների երկխոսության, կրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի տեսանկյունից:


Այս դիրքորոշումը կտրուկ տարբերվում է մեկ այլ տարածաշրջանային «խաղացողի»՝ Թուրքիայի դիրքորոշումից և պահելաձևից: Անժխտելիի՝ 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչված փաստի ժխտման և Հայաստանի նկատմամբ իրականացվող լիարժեք ցամաքային բլոկադայի միջոցով Թուրքիան որպես քաղաքականություն որդեգրել է հստակ հակահայկական կեցվածք: Հայկական թերթի ականավոր խմբագրի սպանությունից ընդհուպ մինչև հայ համայնքի կյանքին միջամտելը և Ստամբուլում հայկական պատրիարքության հետ կապված խնդիրների նենգափոխումներ. այս ամենով Թուրքիան էլ ավելի է բորբոքում տարածաշրջանում բացասական զգացումները և գործընթացները:


Չնայած Վրաստանի ու Ադրբեջանի հետ շատ ամուր հարաբերություններին, վերջինիս հետ՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո, Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունների լրիվ բացակայության պատճառով գործնականում իրեն դուրս է թողել Հարավային Կովկասում տարածաշրջանային գործընթացներից: Մեր նախաձեռնությամբ Թուրքիան մի քանի տարի առաջ ներգրավվեց երկու երկրների միջև տարրական կապերի հաստատմանն ուղղված բանակցություններին, որոնք ընդունվեցին Ցյուրիխում գրեթե 7 տարի առաջ ստորագրված արձանագրությունների տեսքով: Սակայն դրանից անմիջապես հետո Անկարան ետ քաշվեց իր որոշումից, արձանագրությունների իրագործումը շաղկապելով որոշակի նախապայմանների, որոնք ոչ մեր բանակցությունների մաս էին կազմում, ոչ էլ կապված էին կազմված համաձայնագրերի բովանդակության հետ: Թուրքիան շարունակում է միակողմանիորեն աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում՝ դա անելով Բաքվին զինատեսակների, մարտական պատրաստության, տեխնոլոգիաների և քաղաքական օժանդակության տրամադրման միջոցով:
Եվ այժմ մենք մոտեցանք իմ դասախոսության առաջաբանի վերջին հարցին, ըստ հերթականության իհարկե, ոչ թե կարևորության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մարդիկ հաճախ լսում են այս հակամարտության շուրջ իբրև թե որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի մասին: Փաստացի այսպիսի պիտակավորումը ամբողջովին աղավաղում է հակամարտության էությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինքնորոշման համար ազգի պայքարի դասական դեպք է, մի իրավունք, որին հստակորեն աջակցում են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և սատարում պրակտիկան ու պատմությունը:
Առավել ևս հիմա, երբ ԼՂՀ-ն ապացուցել է ժողովրդավարական ինստիտուտների կառուցման իր կարողությունը և կայացրել է պետական կառավարման որոշումների ընդունման արդյունավետ համակարգ, այս պայքարը դառնում է ավելի հասկանալի, հաշվի առնելով մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: Ղարաբաղի ժողովուրդը հստակորեն ասում է, որ ինքը չունի կառավարման այդպիսի բռնապետական համակարգի մաս կազմելու մտադրություն:


Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որն այդ տարածքում իր հազարամյակների ապրելն ու արարելը դրոշմել է բազմաթիվ միջնադարյան եկեղեցիներում և վանքերում, տեղում գրված ձեռագրամատյաններում, իր քաղաքներում ու գյուղերում, հանդիպել է խորհրդային տարիների ազգային քաղաքականության անարդարությանը: Իոսիֆ Ստալինի միակողմանի և անօրինական որոշմամբ մարզը կցվել է Ադրբեջանին, միաժամանակ ստանալով խորհրդային սահմանադրությամբ ամրապնդված ինքնավարության իրավունք՝ որպես իր գրեթե միաէթնիկ հայ բնակչության իրավունքների ճանաչում: Նույնը կատարվեց պատմական մեկ այլ հայկական նահանգ Նախիջևանի հետ, որտեղ սակայն խորհրդային տարիները ադրբեջանցիներին թույլ տվեցին թվային գերակշռություն ստանալ հայ ազգաբնակչության նկատմամբ:

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ