Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վառոդը չոր պիտի պահեն ոչ միայն «հոպարները»

Վառոդը չոր պիտի պահեն ոչ միայն «հոպարները»
19.02.2017 | 12:32

Վաղը՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղում հանրաքվե է՝ սահմանադրական: 102 հազար քվեարկող, 280 ընտրատեղամաս և ընտրական կենտրոններ: Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների նախագծի նպատակն է հզորացնել նախագահական կառավարումը: Նախագիծը քննարկվում է համարյա մեկ տարի: Կողմ էլ կա, դեմ էլ: Ովքեր դեմ են, դեմ են ոչ թե գաղափարին, այլ համարում են, որ գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հնարավորություն է ստեղծվում: Բաքուն հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները չի ճանաչելու, կարծես ինչ-որ մեկը սպասում է Բաքվի ճանաչմանը: Փոխվարչապետ Ալի Ահմեդովի պնդմամբ՝ «Ղարաբաղի հանրաքվեն Հայաստանի ծրագրած սադրանքն է»: Ահմեդովը հայտարարել է, որ հանրաքվեն կարող է վնասել բանակցային գործընթացին, թեպետ բանակցային գործընթացը «վնասված է»՝ անցյալ տարի ապրիլից: Ահմեդովը նաև հայտարարել է, որ ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի անբաժան մաս: Եթե նույնիսկ այդպես լիներ, ինչո՞ւ պիտի Ղարաբաղը հանրաքվե չաներ, եթե մի քանի ամիս առաջ հանրաքվե արեց Բաքուն: Եվ, իրենց «արժանահավատ տվյալներով»՝ փայլուն հանրաքվե: Ինչո՞ւ պիտի Ստեփանակերտը հանրաքվե չաներ Հայաստանի ու Ադրբեջանի հանրաքվեներից հետո: Բաքվում այս հարցը իրենց չեն տալիս ու Բաքվի կարծիքը որևէ դեր ու արժեք չունի:


Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի արտգործնախարարության վիճակը կբարդանա՝ հանրաքվեին ներկա կլինեն օտարերկրացի բազմաթիվ դիտորդներ, լրագրողներ և փորձագետներ, «ուստի ադրբեջանցիները ստիպված կլինեն կատարել «սև ցուցակն» ընդարձակելու բարդ և ծավալուն աշխատանքը»: Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը համարում է, որ կիսանախագահական մոդելը լի է վտանգներով՝ եթե նախագահական կամ պառլամենտական ընտրությունների ժամանակ գործող Սահմանադրությամբ ընդդիմությունն ունենում է հաջողություն, առաջանում է քաղաքական պրոբլեմ, նախագահականի արդյունքում պառլամենտի համաձայնությամբ պետք է նշանակվի կառավարություն, վարչապետ, հաստատվեն ծրագրերը, օրենքները: Իսկ պառլամենտական ընտրություններից հետո կառավարությունը պետք է ներկայացնի զարգացման ծրագիրը, կառավարության ծրագիրը:


Փետրվարի 17-ին Մյունխենում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին ու համատեղ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Ռիչարդ Հոգլանդը ամփոփիչ հայտարարություն տարածեցին, որտեղ անդրադարձ կար Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեին. «Համանախագահները տեղյակ են, որ Լեռնային Ղարաբաղում փետրվարի 20-ին անցկացվելու է այսպես կոչված սահմանադրական հանրաքվե։ Նկատի ունենալով հանդերձ, որ Լեռնային Ղարաբաղի դեֆակտո իշխանությունները նման ընթացակարգի կիրառումը դիտարկում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, համանախագահները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ոչ մի երկիր, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող հանգամանք։

Համանախագահները նաև ընդգծում են, որ հանրաքվեի արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակվող բանակցությունների ելքը»: Հայտարարությունը, իհարկե, տարօրինակ էր, ոչ Երևանում, ոչ Ստեփանակերտում որևէ մեկը չէր հայտարարել, որ սահմանադրական հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում նպատակ ունի ազդել ԼՂ իրավական կարգավիճակի վրա, ոչ էլ պնդել էր, թե կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, առավել ևս՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների ելքը: Համանախագահների հայտարարությանը պետք է վերաբերվել ինչպես հերթական ու պարտադիր փաստաթղթի, որ գործի բերումով համանախագահները պարտավոր էին անել ու արել են: Երբ նրանք մարտին գան տարածաշրջան, հազիվ թե հանրաքվեի փաստը լինի ուշադրության կենտրոնում։ Համանախագահները դեռ պիտի սովորեն պարիտետային հայտարարություններ չանել, փաստերին ու իրադարձություններին իրենց իսկակական անունները տալ, որպեսզի իրենց հայտարարությունները նաև իմաստ ու նշանակություն ունենան: Առավել ևս՝ ազդեցություն: Իրենք էլ դա գիտեն՝ դիվանագիտությունը դադարում է դիվանագիտություն լինել, երբ հանուն հեռանկարի աչքաթող է անում ընթացիկ պահը: Ի վերջո, նաև համանախագահների անդեմ ու անհասցե հայտարարություններն են Բաքվի գործողություններին ազատություն տալիս ու վաղուց ժամանակն է հասկանալ պատասխանատվության ամբողջ ծանրությունը: Հանրաքվեն կարող է դառնալ ԼՂՀ ներքին կարգավորման կարևոր իրողություն, բայց արտաքին քաղաքական կյանքում որևէ փոփոխություն չի բերի՝ միայն կարող է ավելացնել ժողովրդավարական պետության կառուցման ևս մի քանի աստիճան, եթե ամեն ինչ լինի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ստեփանակերտը ունի մեկ և հիմնական խնդիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, ու այդ գերխնդիրն է պարտադրում մյուս բոլոր քայլերը: Երեկ ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանին կարող է թվալ, թե նախընտրական անցուդարձով տարված Հայաստանը խոցելի է, և դիմել ռազմական նոր սադրանքների ու «հոպարներից» պահանջեց «միշտ չոր պահել վառոդը»: Բայց վառոդը չոր պիտի պահեն նաև դիվանագետները, իշխանություններն ու բանակը: Եվ՝ քաղաքական կուսակցությունները: Հայաստանի ԱԺ ընտրություններում իրեն հաղթողի լուրջ թեկնածու համարող որևէ քաղաքական ուժ չի կարող ծրագրում չանդրադառնալ ԼՂ խնդրի լուծմանը: ՈՒ պետք են ոչ թե ստատուս քվոն արձանագրող, կամ ասպարեզում շրջանառվող երեք հայտնի տարբերակները քննադատող կամ դրվատող տեսակետներ, այլ՝ հարցը փակուղուց դուրս բերող առաջարկներ: Առայժմ դա արել է միայն «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Դիտվել է՝ 2621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ