Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞վ և ինչո՞ւ է տրոլում Հռոմի պապին

Ո՞վ և ինչո՞ւ է տրոլում Հռոմի պապին
19.02.2017 | 19:26

Փետրվարին Հռոմում հայտնվեցին Ֆրանցիսկոս պապին քննադատող պոստերներ, իսկ կարդինալները ստացան պոնտիֆիկոսին ծաղրող ֆեյքային հոդված: Պոստերների վրա Ֆրանցիսկոսը չափազանց խոժոռված է: Նրա դեմքի արտահայտությունը համարյա սպառնալից է, իսկ մռայլ դիմանկարի տակ շարված է բողոքների ցանկը: Պապին հանդիմանում են, որ նա կրճատել է հոգևորականներին, անտեսում է կարդինալների անհանգստությունը ու գլխատեց Մալթայի կաթոլիկ հինավուրց միաբանությունը:

Ֆրանցիսկոս պապի մռայլ դիմանկարները Հռոմում նորություն են: Սովորաբար Հավերժական քաղաքում, որտեղ Հռոմի պապը անփոփոխ երկրպագության է արժանանում, կախված են լինում ժպտացող պապի դիմանկարներ: Քաղաքի իշխանությունները հրահանգել են ծածկել անհայտ ձեռքով փակցված դիմանկարների տակի տեքստերը՝ համարելով վիրավորական: Բայց քաղաքում հայտնվեցին նոր պոստերներ` մռայլ ու չարացած պապի դիմանկարներով ու մակագրությամբ՝ «Անօրինական կախված պլակատներ»: Համարյա նույն ժամանակ կարդինալները Հռոմում իրենց էլեկտրոնային փոստով ստացան հոդված, որ իբր տպագրվել է Վատիկանի L'Osservatore Romano թերթում: Հոդվածը կեղծ էր՝ նման հրապարակում թերթում չէր եղել: Հոդվածում թվարկվում էին պահպանողական կարդինալների հարցերը պապին: Բոլոր հարցերին տրված էր պատասխան՝ «Sic et non!»՝ «Այո և ոչ»: Փաստացի Հռոմի պապը Հռոմում բախվել է տրոլինգին: Հավերժական քաղաքում ասում են, որ պոստերները աջ ակտիվիստների ձեռքի գործն են, որ դժգոհ են Եվրոպայում միգրանտներին ողջունող Հռոմի պապից: Այդպես է, թե ոչ, հայտնի չէ, բայց աննախադեպ տրոլինգը վկայում է Վատիկանում մեծացող տարաձայնությունները և դժգոհությունը պապից:

Ֆրանցիսկոս պապը վայելում է կաթոլիկների համակրանքը, բայց Վատիկանում նրանից դժգոհ են նախ և առաջ բարեփոխումների պատճառով, որ երբեմն բավականաչափ ազատական են եկեղեցու համար: Նրան քննադատում են ավելի ավանդապաշտ, պահպանողական հավատացյալները: Տարակարծության հիմնական պատճառը սեքսի նկատմամբ վերաբերմունքն է և ընտանիքի ու ամուսնության հարցերում կանոնիկ իրավունքը: Ֆրանցիսկոս պապը թույլատրել է առանձնահատուկ դեպքերում հաղորդություն տալ ամուսնալուծվածներին, որ նորից անուսնացել են: Նրա ընդդիմախոսները համարում են, որ դա խարխլում է եկեղեցու ուսմունքը ամուսնության մասին, որ երկրորդ ամուսնությունը համարում է ամուսնական դավաճանություն: Կեղծված հրապարակման հարցերը հենց այդ թեմայով էին:

Պապից դժգոհներից է ԱՄՆաբնակ կարդինալ Լեո Բերկը, որ հրաժարվել էր հաղորդություն տալ նախագահի թեկնածու Ջոն Քերիին, որովհետև նա կողմնակից էր անցուցքին: Լեո Բերկը հայտնի է իբրև գործող կանոնների ու ավանդույթների ջատագով: Նա կյանքի մեծ մասը նվիրել է եկեղեցու կանոնների ուսումնասիրմանը և հիմա պնդում է դրանց պահպանությունը: Բերկը վստահ է, որ Ֆրանցիսկոսը վտանգավոր խաղ է սկսել քրիստոնեական ավանդույթների հետ: Նա սպառնացել է ինչ-որ հատուկ փաստաթուղթ հրապարակել, որ պապին կստիպի ուղղվել: Եթե նա համարձակվի դա անել, առաջին դեպքը կլինի մի քանի դարերի ընթացքում: Կարդինալ Բերկը չի կիսում միգրանտների հարցում Ֆրանցիսկոս պապի հայացքները: Վերջերս նա հանդիպել է հակամիգրանտական ծայրահեղ աջերի «Հյուսիսային լիգա» շարժման ղեկավարների հետ: Առայժմ ապացույցներ չկան, որ Բերկը ինչ-որ կապ ունի պոստերների կամ կարդինալներին կեղծ հոդվածի հետ:

Ֆրանցիսկոս պապին հաճախ են քննադատում իր անպաճույճ կյանքի համար՝ Առաքյալների պալատի փոխարեն նա ապրում է Վատիկանի շքեղությունից զերծ հյուրատանը և երթևեկում է համեստ Ford Focus ավտոմեքենայով: Պապը ձեռքով բարևում է լրագրողներին և անհարմար է զգում, երբ իր առաջ ծնրադրում են: Հռոմում շատերն են կարծում, որ Ֆրանցիսկոս պապի ժողովրդական կենսակերպը «պապավայել չէ»՝ չի համապատասխանում պոնտիֆիկոսի բարձր դիրքին և խախտում է Վատիկանի դարավոր ավանդույթները: Այս ամբողջ պատմությունը վկայում է, որ Վատիկանում գուցե սկսվել է տարբեր հայացքներ ունեցող հոգևորականների խզումը: Այսինքն՝ Հռոմում շարունակելու են պապին տրոլել:

BBC

Հ.Գ. Հազիվ թե Ֆրանցիսկոս պապը շատ վախենա ու նահանջի իր բարեփոխումներից, այս ամբողջ պատմությունը նաև վկայում է, որ Վատիկանում ևս փոփոխությունների ժամանակն է հասունացել: Իսկ որ Հռոմի պապը կանի այդ փոփոխությունները, վկայում է նրա ամբողջ գործունեությունը իբրև պոնտիֆիկոս:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ