Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
21.02.2017 | 00:25

(սկիզբը`այստեղ)

Հետխորհրդային երկրների տնտեսական անհաջողությունների բուն պատճառն այն էր, որ գիտնականներին արհեստականորեն զրկեցին տնտեսական պրոցեսներին ակտիվ մասնակցություն ունենալու առաքելությունից: Եթե հավատանք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին, ապա նա հիանալի գիտե, որ Հայաստանի տնտեսական զարգացման համար պետք է հենվել արդյունաբերության գիտատար ճյուղերի վրա։ Գիտե, որ դա է ճիշտ ճանապարհը։ Բայց մի՞թե պարոն նախագահը չգիտի, որ գիտատար ճյուղերը զարգացնելու համար պետք է ապահովել գիտնականների գործուն մասնակցությունը տնտեսական ու քաղաքական գործերին, ինչը, ցավոք, Հայաստանում անտեսվում է: Վերցնենք վերջին բիզնես միջոցառումները, որոնք հունվարի 25-27-ին անցկացվեցին Երևանում՝ «Արևի շաբաթ» միջազգային ներկայացուցչական ֆորումի շրջանակներում: Ֆորումում ընդարձակ ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հուշեց հետևյալ կարևոր գաղափարը. «Մենք ունենք արևի հսկայական պոտենցիալ, որը պետք է օգտագործենք»:


Հզոր արև ունենալու նախագահի գյուտը կայծակի արագությամբ տարածվեց հայկական լրատվամիջոցներով։ Այսուհետ ՀՀ նախագահին կարելի է համարել Հայաստանում արևային տեխնիկայի զարգացման կարևոր ջատագովներից մեկը։ Բայց ինչո՞ւ մեր նախագահը չհիշեց ու չհիշատակեց արևային ոլորտի զարգացման նախաձեռնողներին, առաջին հերթին ակադեմիկոս Պարիս Հերունուն ու նրա «Արև» ծրագիրը, տեխնիկական գիտությունների թեկնածուներ Վահագն Հերունուն (Վահագն Հերունին տեղափոխվել է Ամերիկա ու աշխատում է ամերիկյան արևային ծրագրերի վրա՝ օգտագործելով Հայաստանում ստեղծված ու այդպես էլ չօգտագործված կարևոր գյուտերը) ու Վիկտոր Աֆյանիին, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանին և նրա մշակած «Երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիայի» երկրաստեղծ ծրագիրը: Ռեալիստական, թե բարոյախոսական այս հարցադրումները թողնենք մեր հարգարժան նախագահի ու միջոցառման կազմակերպիչ, էներգետիկայի երիտասարդ փոխնախարար Հայկ Հարությունյանի խղճին: Հանգամանքների բերումով Հայկ Հարությունյանն այսօր դարձել է Հայաստանում արևային ոլորտի կարգադիրը ու մեծ ճանապարհ ունի անցնելու։ Այդ շնորհալի երիտասարդին միայն հաջողություններ ենք մաղթում։ Գուցե և նրան հաջողվի արևային կարևոր ոլորտը դուրս բերել փակուղուց։
Մեզ չէին հիշել ու չէին հրավիրել այդ միջոցառմանը։ Բայց դրանից մեր գիտական կուռ թիմը չի հուսահատվել, որովհետև մեր գիտական գործերի գինը մենք լավ գիտենք, դրանք «Արևի շաբաթից» ամենևին չեն տուժել:


Հայաստանում ձևավորված «արևային» միջավայրի օրինակով կարելի է պատկերացնել մեր գիտնականների հաջորդ քայլերը, հասկանալ, որ կյանքը պայքար է ու այդ պայքարը շարունակվելու է ոչ միայն Ղարաբաղում, այլև «արևային» ճակատներում:
Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կարելի էր որոշակի հույսեր կապել՝ հելիոֆիկացիայի մեր ծրագիրը կյանքի կոչելու հարցերում, բայց միայն որոշակի հույսեր, որովհետև այստեղ կա բիզնեսի առարկա, որի շուրջ դաժան պայքար է մղվելու հայկական էլիտայի ու գիտական հանրության միջև: Պարզից էլ պարզ է, որ այսուհետ Հերունի-Համազասպյան «արևային» գործերը դրվելու են փակի տակ, չեն զարգանալու, որովհետև կա աներ-փեսա, վարչապետ-փոխնախարար հուսալի դաշինքը, որը ձգտելու է արևային թեմատիկան զարգացնել իրենց համար նախընտրելի ճանապարհներով՝ հասցնելով հաջողակ բիզնեսի աստիճանի: Ի՞նչ արած, մարդիկ նոր են ընկալել այդ ոլորտի հեռանկարները ու հեռուն գնացող ճանապարհներ են տեսնում, թող տեսնեն ու գնան իրենց ճանապարհներով, չենք խոչընդոտի, ամեն դեպքում օգտվողների մեջ կլինեն նաև հայ ժողովուրդն ու Հայաստանը:


Հելիոֆիկացիայի մեր ծրագիրը մենք կշարունակենք մեր նախանշած ճանապարհով, որոնք, Հայաստանից բացի, փայլուն հեռանկարներ կունենան նաև սփյուռքում: «Արևի շաբաթից» հետո մենք հասկացանք, որ Հայաստանում գործերը շարունակելու համար այսուհետ պետք է պայքարել՝ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի ու մի շարք նախարարների դիմադրությունը հաղթահարելու համար: Անիմաստ ու ժամանակ սպանող նման պայքարից մենք կամավոր հրաժարվում ենք ու մեր գործերը փորձելու ենք տեղափոխել սփյուռք: Հելիոարդյունաբերության ոլորտը ճիշտ կլինի կազմակերպել սփյուռքում՝ մինչև Հայաստանում դրությունը կարգավորվի, պղտոր ջրերը պարզվեն ու ասպարեզ մտնեն պետականամետ տնտեսական ու քաղաքական գործիչները: «Որտեղ հայություն, այնտեղ՝ հայկական արդյունաբերություն»,- սա շատ լավ նշանաբան ու նպատակ է («որտեղ հաց՝ այնտեղ կացի» փոխարեն) համահայկական արդյունաբերություն կազմակերպելու համար, սրա մասին մենք դեռ կխոսենք:


Ի դեպ, ծանոթանալով «Արևի շաբաթի» նյութերին, ինքնաբերաբար հիշեցի Խնկո Ապոր «Գյուղացին ու արջը» հեքիաթը: Շա՜տ իմաստուն մի ստեղծագործություն։ Արժեր, որ այն մեկ անգամ ևս կարդային Հայոց աշխարհը փրկող (հնարավոր է նաև կործանող) ու վճռական ընտրություններին պատրաստվող մեր հանրապետականները:


Գյուղացին իր բոստանում
Գարնան սերմ էր ցանում,
Արջը եկավ. - Բարև ձեզ,
Ինչ ես անում քեզ ու քեզ.
Արի, այ մարդ, միանանք,
Մեկտեղ անենք վարուցանք:

Վարուցանքը մեր կիսրար,
Հունձն էլ անենք հավասար:
- Աչքիս վրա, արջ ապեր,
Օտար հոմ չենք, կուզես բեր,
Հենց առաջին անգամը
Ցանենք մոտիս շաղգամը:
Ինձ՝ արմատը հողումը,
Քեզ փրերն ու ցողունը:

Եթե մեր պարոնները ձգտում են արևից էլեկտրական հոսանք ստանալ (սա նախագահի ելույթի լեյտմոտիվն էր՝ բազմիցս անգամ կրկնված ու ընդգծված), թող ստանան, դա պետք կլինի Հայաստանի քաղաքացիների աչքերին թոզ փչելու, ավելի առաջադեմ ու ինտելիգենտ երևալու, ընտրություններից առաջ սեփական ռեյտինգները բարձրացնելու համար, բայց պետք է հասկանալ, որ ուրիշ երկրներում արտադրված տեխնիկայի միջոցով արևից հոսանք ստանալը չի կարող տնտեսական հաջողություններ բերել ճգնաժամի մեջ հայտնված Հայաստանին: Հարուստ ու բարգավաճ երկրները նման շռայլություն կարող են իրենց թույլ տալ, մենք՝ ոչ, մենք այդ հնարավորությունը չունենք: Դրանք հիվանդոտ երևակայության, բարի ցանկությունների կամ սխալ հաշվարկների արդյունք են: Մեր երկրի գործերը կարգավորելու, տնտեսությունը ոտքի հանելու, արտագաղթը կասեցնելու, հզոր երկիր կառուցելու համար անհրաժեշտ է արևային թեմաներով ջուր ծեծելու քաղաքականությունից անցում կատարել դեպի նորմալ տեխնիկական ու տնտեսական քաղաքականություն: Ի վերջո, մեր երկիրը պետք հրաժարվի լիբերալիզմի ու գլոբալիզացիայի պատճառով ծնված փող-փող-փող սխալ բանաձևից՝ ապավինելով փող-ապրանք-փող մարքսիստական տնտեսագիտական աշխատող բանաձևին:


Վարկային գումարները հեշտությամբ ուտվում-մարսվում են՝ ոչինչ չտալով շարքային հայ մարդկանց: Հայաստանի արդյունաբերությունն ու ողջ տնտեսությունը պետք է խարսխվեն արտահանմանը միտված արտադրությունների վրա, որը դրված է, մասնավորապես, Հերունի-Համազասպյան արևային ծրագրերի հիմքում: Թող ինձ ներեն մեր բարձրաստիճան ղեկավար այրերը, բայց Խնկո Ապոր հեքիաթի նման նրանք մտել են արջի կերպարի մեջ (եթե ավելի արդար լինենք, նրանց 40 միլիոն դոլարի վարկ տվողներն են ստիպում մտնել այդ կերպարի մեջ), ինձ ու Պարիս Միսակովիչին, բնականաբար, տրված է խելացի գյուղացու դերը, բացատրեմ, թե ինչու: Արևային տեխնիկայի ոլորտը բազմաբևեռ է, որի մեջ տեղ է հատկացված ուժային էներգետիկային, որը գտնվում է արդյունաբերական գերտերությունների ուշադրության կենտրոնում ու, առայժմ, զարգանում է միկրո և նանոէլեկտրոնիկայի հետ համատեղ՝ հիմնվելով կիսահաղորդչային թափոնների վրա: Այստեղ մենք կարող էինք որոշակի հաջողություններ ակնկալել, եթե աշխատանքային վիճակում լինեին Աբովյանի «Սիրիուս» ու Աշտարակի «Տրանզիստոր» խոշորագույն գործարանները, որտեղ տեխնոլոգիական լայն հնարավորություններ կային լույսի արևային ձևափոխիչների արտադրության համար: Հիմա նշված գործարանները չկան, գոյություն չունեն, թալանված են, արտադրանք տալ չեն կարող, այդ պատճառով կառուցվելիք արևային էլեկտրակայաններում ստիպված ենք լինելու օգտագործել արտասահմանում արտադրված կիսահաղորդչային սարքերը, որոնց համար պետք է վճարել, վճարել վարկերի գումարներից: Ի՜նչ ասեմ, արտասահմանյան երկրների բանվորների աչքը լույս, Հայաստանից լավ պատվեր կստանան, կաշխատեն, կապրեն, մինչդեռ հայ բանվորները կշարունակեն սեփական մատները ծծել: Մյուս կողմից, Հայաստանում էլեկտրական հոսանքի ավելցուկ կա, մեր գործարանների մեծ մասը չի աշխատում, հոսանքը չի սպառվում, ունենք ատոմակայան, բազմաթիվ ՋԷԿ-եր ու մեծ ու փոքր հէկեր: Հարց է` թե մեր ինչին են պետք այս պայմաններում մեր չփլաղ ջանին կատու շալակել ու արտասահմանից նոր վարկեր վերցնել, երբ երկիրը ճռռում է 6-միլիարդանոց պարտքի տակ:


Արևային տեխնիկայի «շաղգամը» այն է, ինչը զարգացել ու ներդրման աստիճանի է հասցված Հերունի-Համազասպյան ծրագրով: ՀՀ նախագահ-ՀՀ վարչապետի առաջարկած արևային ծրագիրը շաղգամի փրերն ու ցողունն են, թող ծլեն ու ծաղկեն, աշնանը կտեսնենք, թե ինչ ստացվեց:
Նման մեծ-մեծ մտքեր արտահայտելու ու մեր իշխանություններին քննադատելու բարոյական իրավունքը ինձ տվել է իմ երկարամյա աշխատանքային պրակտիկան, որը հաջողվել է ստանալ խորհրդային տարիներին: Հպարտությամբ կարող եմ հիշատակել արևային ձևափոխիչների բնագավառում կատարած իմ բազմաթիվ գյուտերն ու այն հսկայածավալ փորձը, որ ինձ հաջողվել է ստանալ ֆոտոէլեմենտների տիեզերական հետազոտություններից՝ օգտագործելով «Космос-1514», «Космос-1667», «Космос-1887», «Горизонт-21», «Горизонт-22» ու «Горизонт-24» Երկրի արհեստական արբանյակները: Մեր պատասխանատուներին ցանկանում եմ հայտնել, որ արևային ձևափոխիչների խաղերը մենք վաղուց ենք խաղացել, կան տեղեր, օրինակ, տիեզերագնացության մեջ, երբ առանց կիսահաղորդչային ձևափոխիչների հնարավոր չէ յոլա գնալ, բայց ուժային էներգետիկայում նրանք կարևոր կլինեն 50-100 տարի հետո, երբ հիմնական էներգակիրների պաշարները սպառված կլինեն: Մինչև 2200-2300 թվերը մենք դեռ պետք է կարողանանք ապրել ու երկիրը պահել, խաշ-խորովածի ոսկորներից բացի, մեր հայրենիքը պաշտպանող սերունդներ թողնել: Այդ տեսակետից մեր արևային ուղղությունը շատ առավելություններ ունի։ Դրանք կարող են լուծել հայ ազգի առջև ծառացած կարևոր խնդիրները: Մեր իշխանությունների արևային խաղերի մեջ շատ է ավանտյուրիզմի բաղադրիչը. հելիոֆիկացիայի երկրաստեղծ մեր ծրագիրը մի կողմ թողած, առաջ է մղվում մի ծրագիր՝ որպես դեմարշ ու անհաջող այլընտրանք մեր գործերին, ինչ արած, ընտրությունն ու վճռական խոսքը մեր իշխանություններինն է: Դա տեղավորվում է մեր բոլոր անհաջողությունների տրամաբանության մեջ:


(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 5254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ