Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վիգեն Սարգսյանն Իրանում էր լուրջ իրադարձությունների նախօրեին

Վիգեն Սարգսյանն Իրանում էր լուրջ  իրադարձությունների նախօրեին
21.02.2017 | 00:33

(սկիզբը` այստեղ)

Է՛լ ավելի դժվար է ասել, թե կոնկրետ ինչ կարող էր նախարար Վիգեն Սարգսյանը քննարկել Իրանի Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի խորհրդական, երկրի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթիի հետ։ Մեկ անգամ ևս դիմենք պաշտոնական լրահոսին. բարձր գնահատելով հայ-իրանական բարեկամությունը, զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ դա կարևոր նախադրյալ է հարաբերությունների շարունակական խորացման համար։ Վելայեթին նշել է, որ Իրանն ու Հայաստանն արդեն արդյունավետորեն փոխգործակցում են տնտեսության մի շարք ճյուղերում, և հույս է հայտնել, որ Հայաստանի պաշտպանության նախարարի Իրան կատարած պաշտոնական այցը կխթանի նաև պաշտպանական ոլորտի համագործակցությունը։ Իսկ այստեղ արդեն լայն դաշտ է բացվում ցանկացած հետազոտողի աշխատանքի, երևակայության համար, որովհետև մյուս իրանական ընկերությունը, որին ծանոթացավ Վիգեն Սարգսյանը և որի հետ համատեղ աշխատանքը կարող է օգտակար լինել Հայաստանի պաշտպանական ոլորտի համար, բազմապրոֆիլ «Էտկան» էր։ Այդ ընկերության գործունեության ընդգրկումը չափազանց լայն է` գյուղատնտեսական և սննդի արտադրանքից մինչև կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա։ Իրանական ընկերությունը նաև մեծ փորձ է կուտակել Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի թիկունքային ստորաբաժանումների սպասարկման ուղղությամբ։


Ակամա հիշողությանդ մեջ արթնանում է հունվարի 27-ին Երևանում Հայաստանի պաշտպանության նախարարի տված մամուլի ասուլիսը, երբ նա, խոսելով ռուսական սպառազինությունների մատակարարումների կատարման մասին, հայտարարեց, որ Հայաստանը կշարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ սպառազինությունների մատակարարումը շարունակելու ծրագրի առնչությամբ, քանի որ գերժամանակակից զենքով բանակի զինանոցի լիարժեք համալրման համար անհրաժեշտ է ոչ միայն փոխգործակցություն` տարատեսակ համատեղ ծրագրերի շրջանակներում, այլև ակտիվ աշխատանք ինչպես ռուսական շուկայում, «այնպես էլ այլ գործընկեր երկրների հետ»։ Համաձայնենք, որ երբ «այլ գործընկեր երկրների» մասին խոսվում է Իրան մեկնելու նախօրեին, ապա տրամաբանական կլինի ենթադրել, որ Հայաստանի պաշտպանության նախարարն էլ նկատի է ունեցել, առաջին հերթին, հենց Իրանն ու Հայաստանին նրա հնարավոր զինամատակարարումները։ Հատկապես ինչպիսի՞. կսկսեն «քչփորել» ԱՄՆ-Իսրայել զույգի երևանցի և այլ ջատագովներ։ Դե նմաններին կարելի է միայն մեկ բան խորհուրդ տալ. աչք ու ականջներդ լայն բացեք, վերջ տվեք միայն Իրանի մասին արևմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունները կրկնելուն, տեսեք, վերջերս Թրամփն էլ նույն ամերիկյան CNN-ին մեղադրեց ամենատարբեր թեմաներով կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Այդ դեպքում չի կարելի բացառել, և արևմտամետներն էլ կկարողանան ինքնուրույն հասկանալ, թե ինչ կարող է առաջարկել Իրանն ինչպես Հայաստանին, այնպես էլ իրանական սպառազինությունների, չի բացառվում նաև որոշ ռազմական ու մերձռազմական տեխնոլոգիաների ցանկացած այլ հնարավոր գնորդներին։ Օրինակ, նույն անօդաչու սարքերի դեմ պայքարի առումով. Իրանն ունի ոչ միայն իսրայելական, այլև ամերիկյան անօդաչու համակարգչային համակարգերի աշխատանքին միջամտելու հիանալի բազմամյա փորձ, և իրանցիները կարողացել են բազմիցս «նստեցնել» Իսրայելի և ԱՄՆ-ի անօդաչու սարքերը` առանց խփելու դրանք։


Այդուամենայնիվ, այն թեմայով «կիրառական» դատողություններն ու պրպտումները, ինչի շուրջ կարող էին պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանն ու Իրանը Վիգեն Սարգսյանի Թեհրան կատարած այցի ժամանակ, առայժմ պետք է մի կողմ թողնենք։ Կարծում եմ` անգամ քաղաքականությունից հեռու մարդկանց է հասկանալի` շատ հաճախ պաշտպանության նախարարի (ընդ որում` ցանկացած երկրի) բանակցությունների որոշ նրբություններ գաղտնի են մնում երկար ժամանակով։ ՈՒշադրություն դարձնենք նախարար Վիգեն Սարգսյանի բանակցությունների ոչ ռազմական բաղադրիչներին, մասնավորապես այաթոլլահ Խամենեիի խորհրդականի հետ նրա հանդիպմանը։ Մենք արդեն գրել ենք, որ օրերս Վելայեթին Թեհրանում ընդունել և բանակցել է Իրաքի եզդիների մի շարք շեյխերի հետ։ Հիմա էլ ահա` Հայաստանի պաշտպանության նախարարի։ Հենց միայն սա հասկանալ է տալիս, որ Վելայեթիի վրա է դրված մի լրջագույն գործառույթ` տարբեր տարածաշրջաններում Իրանի հնարավոր գործընկերների համախմբման գործառույթը։ Այս հարցում պայմանավորվածություն ձեռք բերե՞լ էին, արդյոք, Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին անցած տարվա վերջին Իրանի նախագահի Երևան կատարած այցի ժամանակ։ Ամենայն հավանականությամբ` այո, ընդ որում, իրանական կողմի նախաձեռնությամբ։ Ավելին, նախարար Սարգսյանի Թեհրան կատարած այցի օրերին Իրանը բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում կատարեց` առաջ բերելով ԱՄՆ-ի և Իսրայելի հակաիրանական հիստերիայի հերթական ալիքը։ Հարցնողներ կլինեն` ի՞նչ կապ ունի իրանական բալիստիկ հրթիռի արձակումը Հայաստանի ու նրա շահերի հետ։ Դժվար է «մատների վրա» բացատրել, թե հատկապես ինչ կապ ունի, բայց, հավատացեք, Իրանը ոչ մի բան «հենց այնպես» չի անում, և դա եղել է ծրագրված քայլ։ Այնպես որ, ամեն ինչ իսրայելական անօդաչու սարքերի կամ Հայաստանի պաշտպանական արդյունաբերության այս կամ այն ճյուղում համագործակցության վերաբերյալ զուտ «խոսակցություններով» ու առաջարկություններով չի վերջանում։ Վիգեն Սարգսյանի այցի և դրա շուրջ իրադարձությունների արտքաղաքական ենթատեքստը շատ ավելի ծանրակշիռ է, քան ոմանց պարզունակ ակնկալիքները դեպի Հայաստան «իրանական սպառազինությունների հոսքի» վերաբերյալ։


Չէ՞ որ Իրանում շատ լավ գիտեն, թե իրականում որ աստծուն են աղոթում (քաղաքական իմաստով) Հայաստանի իշխանությունները կամ աղոթել մինչ օրս։ Եվ Իրանում չեն էլ թաքցնում, որ պատրաստվում են մի նոր կոշտ դիմակայության ոչ միայն Իսրայելի, այլև ԱՄՆ-ի հետ։ Ահա բրիտանական «Reuters» գործակալության փետրվարի 10-ի մի հաղորդագրություն. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է այն առաջարկությունը, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարվի «ահաբեկչական կազմակերպություն»։ ՈՒզում եմ հիշեցնել, որ ԱՄՆ-ի ցանկացած վարչակազմի օրոք Սպիտակ տունը «անտարբեր չի եղել» ԻՀՊԿ-ի նկատմամբ։ ԱՄՆ-ն արդեն մի շարք կազմակերպությունների ու մարդկանց «սև ցուցակի» մեջ է մտցրել ԻՀՊԿ-ին անդամակցելու կասկածանքով։ 2007-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ԻՀՊԿ-ի էլիտար ստորաբաժանումը` «Կոդս» հատուկ ծառայությունը, հայտարարել էր «պատասխանատու արտասահմանյան գործողությունների և ահաբեկչությանն աջակցության համար»։ Հերքելով մեղադրանքները, Իրանը հայտարարում է, որ Սիրիայում և Իրաքում իր ուժերը խորհրդատվական օգնություն են ցուցաբերում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում` Դամասկոսի և Բաղդադի պաշտոնական խնդրանքի համաձայն, ինչը համապատասխանում է իրականությանը։
Բայց նույն օրը Իրանի բոլոր գլխավոր քաղաքներում 1979 թվականի իսլամական հեղափոխության հերթական տարեդարձի առթիվ միլիոնավոր իրանցիներ դուրս էին եկել հակաամերիկյան ցույցերի ու հանրահավաքների։ Ցուցարարները հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներ էին վանկարկում ու այրում ամերիկյան դրոշներ։ Թեհրանի կենտրոնում ցույցի մասնակիցները պարզել էին «Մահ Ամերիկային» պաստառն ու Թրամփի խրտվիլակը։ Ոչ, խրտվիլակը չայրեցին։ Ինչո՞ւ։ Իմաստն առանց այն էլ հասկանալի էր։ Այսպես Իրանը պատասխանում էր նոր պատժամիջոցների, «ահաբեկիչներ» պիտակի վերաբերյալ Վաշինգտոնի սպառնալիքներին, ընդ որում, պատասխանը հռչակվել էր անձամբ այաթոլլահ Խամենեիի կողմից դեռ փետրվարի 7-ին։ Իսկ ահա զանգվածային միջոցառումներում հանդես էր գալիս «բարեփոխիչ» նախագահ Հասան Ռոհանին, անձամբ հայտարարելով, որ իրանցիները կարողացել են «ցույց տալ իրենց անխզելի կապը Գերագույն առաջնորդի և Իսլամական Հանրապետության հետ», և որ աշխարհը պետք է իրանցիների հետ շփվի «հարգանքի ու արժանապատվության լեզվով, ոչ թե հոխորտանքի ու սպառնալիքների»։ Ավելի հեռուն գնաց ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ Մոհամմեդ Ալի Ջաֆարին. «Իրանը գտնվում է այնպիսի վիճակում, որ նրա համար ԱՄՆ-ը ասես «թղթե առյուծ» լինի։ Ամերիկան պետք է մոռանա գերտերության կիսաֆաբրիկատի իր դիրքը»։


Այս ամենը գերէական է։ Եթե ԻՀՊԿ-ն հայտարարվի «ահաբեկչական կազմակերպություն», ապա հնարավոր է, որ դա ունենա էլ ավելի խոր բարդություններ, քան այն բարդությունները, որոնք մեղմացվեցին 2015 թ. Իրանի ու համաշխարհային տերությունների միջև կնքված միջուկային գործարքով։ Եվ Հայաստանը ոչ մի հնարավորություն չի ունենա «գլուխն ազատելու» ինչպես տարածաշրջանում, այնպես էլ մոտակա աշխարհագրական գոտիներում միջազգային դրության զարգացման իրական ուղիներից։ Կցանկանայի հուսալ, որ Հայաստանի համար ապագա աշխարհաքաղաքական օրակարգի ամբողջ բարդությունը հասկացել են ինչպես Վիգեն Սարգսյանը, այնպես էլ Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, որին երկրի պաշտպանության նախարարը զեկուցել է Թեհրան կատարած այցի և բանակցությունների այն նույն մանրամասները, որոնց 20-30 տոկոսն էլ դեռ շուտ չենք իմանա։
Իհարկե, մի կողմից Ռուսաստանի ու Չինաստանի ձգտումը` էլ ավելի ամրապնդելու ռազմավարական գործընկերությունն Իրանի հետ, մյուս կողմից ԱՄՆ-ի ձգտումը` վերականգնելու առճակատումն Իրանի հետ, Հայաստանին կանգնեցնում են ոչ հաճելի, բայց անհրաժեշտ աշխարհաքաղաքական ընտրության առջև։ Եվ երբ Իրանի պաշտպանության նախարար Դեհանը Վիգեն Սարգսյանին կոչ է արել «համաձայնեցված գործողություններ իրականացնել ընդդեմ սիոնիստական նախագծերի», ապա նա, նախ, մեր նախարարի միջոցով աներկբա ուղերձ է հղել Հայաստանի և՛ նախագահին, և՛ կառավարությանը և ոչ թե, ասենք, միայն մեր ԱԳՆ-ին ու պաշտպանության նախարարությանը։ Երկրորդ, Դեհանը բացահայտորեն նկատի է ունեցել ոչ միայն «զավթված պաղեստինյան տարածքներում ռազմաբնակավայրերի ստեղծման» իսրայելական գործունեությունը, այլև ԱՄՆ-Իսրայել-Թուրքիա «եռյակի» քողարկված գործողությունները թե՛ ամբողջ Մերձավոր Արևելքում, թե՛ մեր տարածաշրջանում։ Ըստ էության, սա ևս մեկ տնային առաջադրանք է Իրանի կողմից` մեր երկրին։ ՈՒրեմն, ինչո՞վ է պատասխանելու Երևանը Թեհրանին` որևէ կոնկրետ բանո՞վ, թե՞ հերթական անգամ իրեն դեսուդեն գցելով։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ