Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ընդդիմությունը պետք է թարմ, նոր տնտեսական ծրագրեր ներկայացնի»

«Ընդդիմությունը պետք է թարմ, նոր  տնտեսական ծրագրեր ներկայացնի»
21.02.2017 | 00:50

Հաշված օրեր են մնացել քարոզարշավի մեկնարկին։ Մարտի 5-ից ընտրություններին մասնակցող ուժերի հիմնական թիրախը լինելու է իշխող կուսակցության տնտեսական քաղաքականության քննադատությունը։ Ամեն մեկն իր չափով ու ծրագրով կներկայացնի սեփական տեսլականը, կտա խոստումներ, բայց հասարակությունը հազիվ թե հավատա. շատերին է տեսել, լսել ու համոզվել։ ՀԱԿ-ի ցուցակի յոթերորդ համարով ընտրություններին մասնակցող տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցեց ընտրություններին մասնակցող ուժերի ծրագրերի տնտեսական բաղադրիչի վերաբերյալ։

-Պարոն Խաչատրյան, այս ընտրություններում Հայաստանի տնտեսական վիճակն ի՞նչ չափով պետք է ներկայացված լինի։
-Հայաստանում գրեթե բոլորին հետաքրքրում է տնտեսության վիճակը։ Հավատացած եմ` կլինեն շատ խոստումներ, որոնք հաճախ իրականություն չեն դառնում։ Առավել ևս, երբ նման խոստումներ իշխանությունն է տալիս։ Համեմատության համար կարող եք վերցնել 2008-ից տրված խոստումները և համոզվել, որ դրանց 90 տոկոսն այդպես էլ իրականություն չի դարձել։ Տարբեր պատճառաբանություններ կարող են ներկայացնել՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ։ Իշխանությունն իր առջև կենսամակարդակի բարձրացման, փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակ չի էլ դնում։ Մնացած ուժերը պետք է ներկայացնեն, թե ինչպիսին են տեսնում Հայաստանի տնտեսական ապագան, ինչ նոր գործիքներով կամ մեթոդներով պետք է տնտեսության մեջ փոփոխություններ անել, որ կարողանանք այս ծանրագույն վիճակից դուրս գալ։ Փաստն այն է, որ Հայաստանի տնտեսությունն աննախանձելի վիճակում է։
-Կթվարկե՞ք մի քանի կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է ընդդիմադիրների ուշադրության կենտրոնում լինեն։
-Առաջին հերթին պետք է տնտեսական աճի ապահովման համար հարկային քաղաքականության խնդիրը դնել, հետո երկրում հավասար մրցակցություն ապահովել։ Ավելի շատ խնդիրների մեջ չեմ էլ ուզում խորանալ, քանի որ շատ երկար կարելի է բարեփոխումներ նշել։ Մի կողմից` պետք է մարդկանց հավատը, վստահությունը վերադարձնել, որ Հայաստանում հնարավոր է մի բան փոխել, մյուս կողմից էլ` նոր եկող ուժը պետք է իր տնտեսական քաղաքականությամբ իրավիճակը կտրուկ փոխելու ազդանշան տա հասարակությանը։ Այսպես շարունակելու դեպքում ոչ մի զարգացում չի լինի։ Այսօր մենք զրոյական կետում ենք։ Զարգացման համար տնտեսական վերոնշյալ մի քանի խնդիրները պետք է արագ լուծել, մնացածը` աշխատավարձի բարձրացում, նոր աշխատատեղեր, իհարկե, զարգացման համար անհրաժեշտ են, սակայն վերն ասված թված երկու կարևոր գործոններն են էական։
-Եթե իշխանությունը տնտեսական առումով բավականին խոցելի է, ապա ընտրություններին մասնակցող ընդդիմադիրների գրեթե կեսը եղել է իշխանության անդամ, այսինքն, իրենց վկայակոչած խնդիրները կարող էին ժամանակին լուծել։ Ստացվում է, որքան հասարակությունը տեղ ունի իշխանություններին չհավատալու, նույնքան էլ այսօրվա շատ ընդդիմադիրների։ Ինչպե՞ս հասարակությունը հավատ ընծայի ընդդիմադիրների խոստումներին։
-Բարդ հարց եք տալիս։ Ես ընդամենը ընտրողներից մեկն եմ, ոչ ավելին։ Պետք է կարողանալ մարդկանց այնպիսի ծրագրեր ներկայացնել, որոնք վստահություն կներշնչեն։ Բայց նաև փաստ է, որ այսօրվա իշխանությունն իրեն սպառել է, բոլոր ծրագրերը տապալվել են։ Ոչ ոք չի կարող ասել, որ վերջին տարիներին իր եկամուտներն ավելացել են, ու դրա համար ինքը կգնա և կընտրի իշխանություններին։ Ազգային վիճակագրության տվյալները ևս ապացուցում են, որ վիճակն ահավոր է, բոլոր ռեսուրսները մսխվել են։ Հիմա այս պայմաններում մարդիկ պետք է կողմնորոշվեն և ընտրություն կատարեն։ Հարկավոր են նոր մոտեցումներ, նոր ծրագրեր, նույնիսկ աներևակայելի մոտեցումներ, որ մարդիկ կարողանան այդ ամենի մեջ ինչ-որ իրական ծրագիր գտնել ու այդ քաղաքական ուժին ձայն տալ։ Պետք է թարմություն, նորություն, հին սկզբունքներով չպետք է առաջնորդվել։ Ամեն դեպքում քաղաքական ուժերը պետք է իրենց մոտեցումները շատ հստակ ներկայացնեն։ Այն քաղաքական ուժը, որը ես եմ ներկայացնում, իհարկե, կարևորում է քաղաքական գործոնը, բայց նաև շատ լավ հասկանում ենք, թե երկրին տնտեսական առումով ինչն է պակասում։ Իշխանությունները չունեն քաղաքական կամք, որ փոխեն կառավարման համակարգը, որի ամենաէական բաղադրիչը երկիրը քանդող կոռուպցիան է։
-Փաստորեն, եթե ՀԱԿ-ը մեծամասնություն կազմի, կսկսի տնտեսության արմատական փոփոխությունների ճանապարհո՞վ գնալ։
-Այո։ Կառավարման ողջ համակարգը պետք է արմատական փոփոխությունների ենթարկել։ Սա միանշանակ է։ Սա անհրաժեշտ փոփոխություն է, բայց բավարար չէ երկրի ընդհանուր վիճակի բարելավման համար։ Հարկավոր է հիմնական խնդիրը լուծել. խոսքը ղարաբաղյան հիմնախնդրի մասին է։ Տնտեսական հարցերը միայն տնտեսական բարեփոխումներով լուծելի չեն, բայց սա չի նշանակում, որ այդ բարեփոխումները նվազ կարևոր են։ Այսօրվա վիճակը պայմանավորված է հենց քաղաքական այս հարցով։ Երկուսի համատեղ լուծման պարագայում կարող ենք այս փոսից դուրս գալ։
-Կառավարությունը նախընտրական շրջանում սկսել է տնտեսական բարեփոխումների մասին խոսել, քայլեր ձեռնարկել, ներդրումային ծրագրեր մշակել։ Այս ամենը տեղավորվո՞ւմ է ընտրությունների տրամաբանության մեջ, թե՞ լուրջ քայլեր են փորձում իրականացնել։
-Իհարկե, դրանք ընտրություններով են պայմանավորված, բայց այս պահին ինձ համար դա այդքան էլ էական չէ։ Պետք է նայել, թե ինչ են ցանկանում փոխել։ Բացի տնտեսության առանձին ճյուղերի հետ կապված մոտեցումների փոփոխությունից, համակարգային փոփոխություններ չեն նախատեսված։ Կարող են մի տեղ փոքր քայլ անել ու դրական ազդեցություն ունենալ, սակայն դա էլ էական չէ։ Հարկային մարմինները սկսել են լավագույն հարկ վճարողներին, պարտաճանաչներին մրցանակներ տալ, բայց դա էլ էական չէ։ Կարևորն այն է, որ համակարգային փոփոխությունների արդյունքում գործարարների, հարկատուների վերաբերմունքը փոխվի հարկային մարմինների հանդեպ։ Հասկանան, որ հարկային մարմինները ոչ թե իրենց կաշին քերթող են, այլ գործընկեր, որոնք օգնում են այդ մարդկանց լավ պայմաններում աշխատելու, հարկերն ավելացնելու։
-Կարեն Կարապետյանի կառավարությունում այդպիսի մոտեցումներ չե՞ք տեսնում։
-Ոչ, շատ հեռու են այն ամենից, ինչ ես եմ ներկայացնում։ Սա լուրջ փիլիսոփայական խնդիր է, ես ընդամենը հարկային մարմինների օրինակը բերեցի։ Նույնը կարելի է ասել առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, մշակույթի ու բոլոր բնագավառների մասին։ Եթե կառավարման ոլորտում վերաբերմունք փոխվի, մենք կապրենք լիովին այլ իրականությունում, որտեղ խնդիր կդիտարկվի ոչ թե իշխանության ու նրա շրջապատի, հովանավորյալների հարստանալու հարցը, այլ քաղաքացիների բարեկեցության բարձրացումը։ Մարդկանց պետք է հնարավորություն տալ սեփական ուժերով իրենց հարցերը լուծելու։ Մենք փորձում ենք ցույց տալ, թե պետությունը կարող է այդ խնդիրներն իր ուսերին վերցնել, բայց պետությունը ոչինչ էլ չի կարող անել, քանի որ ֆինանսներ չունի կամ լուծում է ընդամենը սեփական շրջապատի խնդիրները։ Այսօր չես կարող հասկանալ, թե ինչ է ուզում անել նոր կառավարությունը, գուցե ե՞ս չեմ հասկանում։
-Տնտեսագիտորեն սխա՞լ մոտեցումներ են։ Օրինակ, վերջերս շատ է խոսվում ներդրումային ծրագրերի մասին։ Դրանք Ձեզ իրատեսական չե՞ն թվում։
-Ոչ։ Եթե խոսում ենք ներդրումներ ներգրավելու մասին, պետք է հիմնական խնդիրները լուծենք։ Ներդրման համար ի՞նչ է պահանջվում` խաղաղություն։ Հիմա լուծե՞լ ենք խաղաղության հարցը։ Ներդրումը պահանջում է ցածր հարկեր, այդ հարցը լուծե՞լ ենք։ Ոչ։ Ներդրման համար անհրաժեշտ են ողջամիտ օրենքներ։ Լուծե՞լ եք այս հարցը, երբ ամեն անգամ Ազգային ժողով եք բերում օրենսդրական նախաձեռնություններ, որոնց 50 %-ը հարկային դաշտին է վերաբերում։ Այսքանից հետո ինչպե՞ս կարող ենք հավատալ այդ փոփոխություններին։ Եթե Դուք ասեք, որ այս հարցերը լուծել ենք, ուրեմն իմ ակնոցն ավելի մուգ է, քան կարելի է պատկերացնել։ Բայց, հավատացեք, այդպես չէ, քանի որ ես չափից ավելի ուշադիր եմ հետևում տնտեսական զարգացումներին և գնահատականները տալիս եմ զուտ մասնագիտական, ոչ թե քաղաքական առումով։ Այս վերջին ութ ամսում հարկային դաշտում ի՞նչ է փոխվել։ Եթե դրականորեն տրամադրված լինեին, առնվազն հարկային վերջին օրենսգիրքը չպետք է ընդունեին, որովհետև այն ոչ թե խթանում, այլ խանգարում է ներդրումներին։
-Ի՞նչ պետք է աներ կառավարությունը։
-Կառավարությունը պետք է սկսեր ողջ համակարգը փոխել, մնացածն ածանցյալներ են։ Շատ դեպքերում առաջարկում են մասնագիտական առումով գրագետ ծրագրեր, խնդիրների լուծման տարբերակներ, բայց դրանք չեն արդարացնում սպասումները, ակնկալիքները։ Այսինքն, մենք ունենք գրագետ կազմված մոտեցումներ, որոնց տապալման համար մեղադրում ենք կառավարության առանձին օղակի, մինչդեռ իրականում դա երկրում վարվող ընդհանուր քաղաքականության հետևանք է, քանի որ մեզանում հովանավորվում է մենաշնորհը, կա կոռուպցիա։ Այսինքն, եթե ինչ-որ առանձին ճյուղում ուզում են հարցին գլոբալ լուծում տալ, դա որևէ ընդհանուր դրական արդյունք չի ապահովում։ Իսկ այս համակարգի հիմնական արատը կոռուպցիան է։
-Դուք ծանո՞թ եք մյուս ընդդիմադիրների ծրագրերի տնտեսական բաղադրիչին։ Ո՞ր ուժն է այդ առումով Ձեզ համար առավել հետաքրքիր։
-Ծանոթ եմ ԲՀԿ-ի 15-կետանոց ծրագրին։ Դեկտեմբերի 17-ին հրապարակած ծրագրում դրանց մի մասը կա։ Տեղյակ լինելով նաև, թե ովքեր են տնտեսական բլոկը մշակել, դրական եմ գնահատում, որ մենք ընդհանուր մոտեցումներ ունենք։ Այսինքն, մեր պատկերացումները տնտեսության հետ կապված շատ հարցերում համընկնում են։ Քայլեր կան, որոնք կարելի է շատ արագ, առանց վախենալու անել։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

‚ƒĂ†ĂƒĂ˘/1549574394">Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում