Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չորրորդ հանրապետություն

Չորրորդ հանրապետություն
21.02.2017 | 01:20

1539-ը բաժանեք 101-ի, կստանաք 15,2376238: Կլորացրեք ու կստացվի՝ պատգամավորի 1 մանդատին հավակնում է 15 թեկնածու: Ընտրական թվաբանությունը տպավորիչ է: Փետրվարի 16-ին երկու ժամում պարզվեց, որ ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններին կմասնակցեն 5 կուսակցություն՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատները», ՀՎԿ-ն, ՀԿԿ-ն և 4 դաշինք՝ ՀԱԿ-ՀԺԿ-ն, ՕՐՕ-ն, «Ելք»-ը, «Ծառուկյանը»: ԿԸՀ են ներկայացվել համապետական և տարածքային ընտրացուցակները՝ 1539 թեկնածուներով: 101 մանդատի համար: ԿԸՀ-ն մինչև փետրվարի 26-ը կուսումնասիրի հայտերը, որ գրանցի: Ի՞նչ կարգախոսներ կան: ՀՀԿ-ինը գաղտնիք է: ՀՅԴ-ն ուզում է «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: «Ազատ դեմոկրատները» մի թեթև մոռացել են, որ Բարաք Օբաման չէ այլևս ԱՄՆ նախագահը ու ընտրել են նրա կարգախոսը՝ «Մենք կարող ենք», ավելի տեղին կլիներ «Հայաստանը մեծ դարձնելը», բայց Թրամփից վախեցան: ՀՎԿ-ի կարգախոսն է՝ «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»: ՀԿԿ-ն հայտարարեց տարբեր կարգախոսներ, այդ թվում՝ «Մեր երթին վախճան չկա»: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն ընտրել է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսը, ՕՐՕ-ն՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ», «Ելքը»՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ», «Ծառուկյանը»՝ «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»:


Աղմկահարույց ընտրացուցակները հրապարակելուց հետո ՀՀԿ-ն խոր պաշտպանության է անցել, ուժերը խնայում է մինչև մարտի 5-ը՝ ալարկոտ արձագանքելով միայն որոշ հարցերի: Հիմնականում՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի շուրթերով:
ՀՅԴ-ն ունի ընթացիկ հարցերի հերթապահ պատասխաններ, վստահ է 5 տոկոսին ու պատրաստ է կոալիցվելու: Նոր ոչինչ ընտրական արևի տակ: Ասե՞լ է «Նոր սկիզբ, արդար Հայաստան», ասել է, այդպես էլ իր համար որոնելու է նոր սկիզբ, իր շուրջը՝ արդար Հայաստան:


«Ազատ դեմոկրատները» ազդարարեցին մեծ համախմբում, բայց նույնիսկ «Ազատության» հետ ոչ թե դաշինք կնքեցին, այլ միավորման գնացին՝ Հրանտ Բագրատյանին ներկայացնելով վարչապետի թեկնածու: Արևմտյան ժողովրդավարության ցուցափեղկը կոչված են ապահովել քաղաքացիական շարժումների անդամները: Մեկ էլ՝ Անահիտ Բախշյանն ու Ստեփան Սաֆարյանը:
ՀՎԿ-ն համարում է, որ ինքնին քաղաքական միավորում է ու մենակ է գնում ընտրությունների՝ ցուցակում ունենալով հիմնականում ՕԵԿ-ականներին: Արթուր Բաղդասարյանը չէր լինի Արթուր Բաղդասարյան առանց բլեֆի չգնար: Պարզվեց՝ ունի երկիրը դրախտ դարձնելու, աշխատատեղեր ստեղծելու բանալին՝ Հայաստանի ընդերքում, ինչ-որ տեղ՝ շատ խոր, նավթ ու գազ կա, որի մասին գիտեր, բայց լռել է: Գուցե իբրև Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար:


Հաղթական ԿԸՀ մտան կոմունիստները: ԱԺ ընտրություններին մասնակցության նրանց մտադրության քննարկումների բացակայությունը ոչինչ չի նշանակում՝ տրամադրված են մարտական: Համապետական ցուցակը գլխավորում է Տաճատ Սարգսյանը, երկրորդը և վարչապետի թեկնածուն Վազգեն Սաֆարյանն է: Նրանք միանգամից հայտարարեցին, որ եկել են հաղթելու: «Մենք երկիր ենք կառուցել, աղքատ երկիրը սարքեցինք ծաղկուն, հրամցրինք Լևոն Տեր-Պետրոսյանին իր արհեստավարժ տղաներով, որոնք հետո դարձան Ալի Բաբան ու 40 ավազակները»: Կոմկուսի ներկայացուցիչը ԿԸՀ-ում հայտարարեց. «Մենք պիտի օգնենք Սերժ Սարգսյանին ու կառավարության ընկերներին»: Ինչո՞ւ հայտնվեցին: Մեկը պիտի լիներ, որ ապացուցեր՝ ՀՀԿ-ն շատ երիտասարդ քաղաքական ուժ է համեմատության մեջ: Ընկեր Զյուգանովն էլ կուրախանա ու կոգևորվի:


ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն ի վերջո լուծեցին դաշի՞նք, թե՞ միավորում հարցը ու դաշնակցեցին՝ «Տանուլ տա՞լ՝ միլիոն, սիրահարվե՞լ՝ արքային» սկզբունքով: Այս անգամ նրանք տնտեսական ու սոցիալական խնդիրներ, բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, քաղաքագիտական վերլուծություն չեն ծրագրում, գտել են ԱԺ ուղիղ ուղին՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», ու՝ վերջ:

«Խաղաղություն հիմա»-ն ՀԱԿ-ը համարում է գլխավորը ու պատրաստ է կամիկաձեի դերին, եթե նույնիսկ ընտրողը չհասկանա՝ ինչպե՞ս ու ինչո՞ւ հանձնել տարածքներ՝ Իլհամ Ալիևի «ռացիոնալիզմի» դիմաց: Բաղրամյան 26-ում տեսան, գնահատեցին, կաջակցեն, կօգտագործեն անհրաժեշտ պահին:


ՕՐՕ դաշինքի առաջին ասուլիսը, որ կարող էր առաջին հարցից հետո ավարտվել, որովհետև ասվել էր գլխավորը ու ժամուկեսում նոր ոչինչ չավելացավ, վկայեց՝ դաշինքը մնում է սկանդալային: Ակնհայտ էր՝ Սեյրան Օհանյանը զգուշանում է ու ամեն բառի վրա նախքան արտաբերելը՝ ներսում մի տասը տաբու ունի, նա նույնիսկ չասաց՝ իրեն ընդդիմություն համարո՞ւմ է: Հարցերը հիմնականում նրան էին ուղղվում, դաշինքի անկուսակցական ղեկավարի կարգավիճակը մնում է նոնսենս: Ի՞նչ պարզվեց: Ոչինչ ավելին, քան հայտնի էր: Նա կամ ժամանակ չի ունեցել իմաստավորելու իր պաշտոնավարման շրջանը ու անաչառ գնահատելու, կամ չի ցանկանում: Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինող Արմեն Մարտիրոսյանը համաձայն էին միմյանց հետ, որ «այսօրվա գործող իշխանական կուսակցությունները պետք է փոխվեն: ՀՀԿ-ի հետ համագործակցությունը անիմաստ կլինի, որովհետև կբերի նույն համակարգի մնալուն այսօրվա մեր իշխանության ղեկին»: Բացի բոլոր ձայներն իրենց տալուց՝ ի՞նչ պետք է արվի, որ նույն համակարգը չմնա, անհայտ մնաց: Տասնյակ հարցեր վերաբերում էին Սեյրան Օհանյանի անցյալ գործունեությանը, բայց չտրվեց գլխավոր հարցը՝ ինչպե՞ս է դաշինքը պատկերացնում փոփոխությունների իրագործումը, չտրվեց գուցե այն պատճառով, որ ՕՐՕ-ի կարգախոսի երրորդ մասին՝ «Հաղթանակ», հավատացող չկար: Ասուլիսի ամենասկզբում Սեյրան Օհանյանը հայտարարեց. «Ես հասկանում եմ, որ այս ճանապարհը մեզ համար, մեր թիմակիցների համար հեշտ չի լինելու։ Լինելու է շատ մեծ դիմադրություն, դրա վառ ապացույցն արդեն կա, այն արշավը, որ արդեն սկսվել է մեր դաշինքի, դաշինքի առաջին անդամների, անձամբ իմ նկատմամբ, որի մեջ ներգրավված են տարբեր քաղաքական գործիչներ, լրատվական միջոցներ, անհատներ, նաև ամբողջական կուսակցություններ և դաշինքներ։ Միամտություն է կարծել, թե մենք այս ամենը չենք հաշվարկել, չենք կանխատեսել ու կանխարգելիչ քայլեր չենք ձեռնարկել»: Ի պաշտոնե տիրապետելով բազմազան տեղեկատվության, կանի՞ բացահայտումներ հարցին, նա պատասխանեց երկար-բարակ, ու պարզ էր՝ ոչ: ՈՒրեմն ի՞նչ «կանխարգելիչ քայլերի» մասին է խոսքը: Մամուլում շրջանառվում են լուրեր, որ «ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը բազմաթիվ չարաշահումների, յուրացումների մասին»։

Բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների յուրացումների մասին տեղեկություններ են հավաքվել, չի բացառվում, որ քրեական գործ է բացվելու, որի առանցքում լինելու է Սեյրան Օհանյանը: Հենց այդ պատճառով էին ասուլիսում նրա պատասխաններն անորոշ ու խուսափողական: Նա, իհարկե, կհայտարարի, որ դա քաղաքական հետապնդում է, և ճիշտ կանի, որովհետև եթե կա հանցանք, բացահայտման պահը ոչ թե ընտրովի կամ պատվերով, այլ անխուսափելի պիտի լինի բոլորի դեպքում, բայց ընդունեք, որ իբրև քաղաքական գործիչ Սեյրան Օհանյանը չի կայացել ու թե իր, թե հասարակական ընկալումներում պաշտպանության նախկին նախարար է, որ մնացել է անգործ: Իսկ «Երրորդ հանրապետությունն» ու Վիկտոր Դալլաքյա՞նը, որ մարաթոնից դուրս մնաց ճանապարհի կեսին: Կապաշխարի ու կվերադառնա, եթե ընդունեն: Նախագահականում: Պարույր Հայրիկյա՞նը: Մինչև հաջորդ ընտրություններ նա այլևս չի աղմկի, ընդամենը մի քիչ կերգի, կպարզվի, որ առանց Հայրիկյանի կյանքը կանգ չի առնում: Ինչպե՞ս: Հարցրեք ԿԳԲ-ին: Սամվել Բաբայա՞նը, որ այնքան է սիրում Հայաստանը, որ «չի կարող անտարբեր լինել» այս ապրիլի նկատմամբ, թեև անցյալ ապրիլին անտարբեր էր ու մեկ ամիս անց միայն հայտնվեց: Կվերադառնա՝ որտեղից եկել էր: Հայաստանում առանց նրա էլ գորշ կարդինալների ու գորշության պակաս չկա:


ԵԼՔ-ը ոչ մի սկանդալի մեջ չի ներքաշվել, հանգիստ պատրաստվում է ընտրություններին, դաշնակիցներին ինքն է ընտրել, ավելի շատ մերժում է, քան համաձայնում՝ դավանելով այս ընտրություններում պահանջարկ չունեցող գաղափարական դաշինքի սկզբունքին, ոչ նպատակային, ոչ իրադարձային միությունների, այլ՝ գաղափարի, ու դա նրան դարձնում է սպիտակ ագռավ: Նրանց ակնառու թերությունը քաղաքական կարկառուն փորձի պակասն է:
ԿԸՀ ընտրացուցակները ներկայացնելուց առաջ ԲՀԿ-ն դաշինք կնքեց «Ալյանսի» հետ, փաստացի՝ իր հին անդամներին նորի տեղ դնելով, ու Գագիկ Ծառուկյանն արդարացավ. «Ե՞ս եմ մեղավոր: Ես ցանկացել եմ համախմբել, որ բոլորը գան, որովհետև դա մի մարդու բան չէ: Ես պատրաստ եմ համագործակցել, բայց եթե ընդհանուր համաձայնության չենք եկել, դրանում որևէ մեկը մեղավոր չէ»: Նա հորդորեց քարոզարշավի ընթացքում ոչ թե ընտրողներից ձայն խնդրել, այլ դաշինքի 15 կետով ծրագիրը ներկայացնել։ Եկող տարի դրախտի մուտքը 80000 դրամ նվազագույն աշխատավարձն է, որ խոստանում է ԲՀԿ-ն՝ 3 տարի փոքր և միջին բիզնեսին ազատելով հարկերից, վերացնելով արագաչափերը և կարմիր գծերը, սառեցնելով կուտակային կենսաթոշակային համակարգը, իջեցնելով էլեկտրաէներգիայի սակագինը:


Իրականում կա 10-րդ քաղաքական ուժը, որ մասնակցում է ընտրություններին՝ ժողովուրդը: Նրա անունից խոսում են, նրա ծառան են իրենց հայտարարում, նրան երդումներ են տալիս, երկրպագում են ընտրություններից առաջ, մոռանում են հետո, ու հենց դա է ժողովրդին դարձնում քաղաքական: Այնքան քաղաքական, որ ոք չի ասի՝ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ի՞նչ կապ ուներ չորրորդ հանրապետությունը: Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան բազմանում են կասանդրաները, որ ազդարարում են՝ ընդդիմությունը կոլապսի մեջ է, հասարակությունը ապատիայի մեջ է, ոչինչ չի փոխվելու: Դա էլ է տեսակետ: Գուցե անկեղծ, գուցե վարձավճարված: Բայց դա հաղթող հայի տեսակետ չէ: Հայաստանին այսօր պետք են ոչ թե հաստիքային հոռետեսներ, որ ամեն ինչ տեսել են, լսել են, գիտեն, այլ ազատ մտածող մարդիկ, որ ունակ են մտքի կաղապարները կոտրել, ինքնուրույն քայլ անել՝ առանց պարտվելու վախի: Ոչ էլ պաշտոնական լավատեսներ են պետք, որ ծառայողական ավտոմեքենայից դուրս իրենց օտար երկրում են զգում: Չորրորդ հանրապետությունը լինելու է նրանցը, որ պատրաստ են ընտրության ու ունակ փոփոխության: Նախ իրենց ներսում, հետո՝ քայլերով: Չորրորդ հանրապետության քաղաքացիները արդեն ծնվել են: Հերիք է հոգեհանգիստ անել տանը, որտեղ հանգուցյալ չկա, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը կոլապսի մեջ չեն, հանեք սև հանդերձները, հերիք է ողբալ: Մնաց ազգային գենի «պարտությունը» հիմնավորելու համար Մհերին հիշել, որ գնաց Ագռավաքար: Գուցե հենց կոլապսի մասին չլսելու, իսկ երբ պետք է, լավ էլ դուրս է գալիս՝ Մհերն իր գործը գիտի: Վերլուծաբանները հասունություն ու կայացածություն են ակնկալում քաղաքական ուժերից, իսկ կուսակցությունները հասարակության հայելին են՝ նրանց համապետական ու ռեյտինգային ընտրացուցակները իրենց մակարդակի ու որակի ցուցիչն են: Չեն կարող կուսակցություններն ավելին լինել հասարակությունից: Թեպետ կոչված են իրենց հետևից տանելու:

Փաստացի՝ մենք վերևից ներքև ենք փորձում կառուցել շենքը: Չափազանց շատ ժամանակ ենք կորցրել դեգերումների մեջ, հիմա ստիպված ենք միասին հասունանալ՝ ոտքի տակ ամուր գետին զգալու համար ու ամուր հիմքերը դնելու շենքի, որի վերնահարկերը կախված են օդում: Ելքը դա է: Ավազահատիկը խեցու մեջ արդեն մարգարիտ է դարձել, խեցին բացել է պետք, ոչ թե կախվելու պարան որոնել: Ագռավաքար յուրաքանչյուրն ունի իր ներսում ու ինքն է որոշում՝ դուրս գալ, թե դիմանալ:

Դիտվել է՝ 1906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ