Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Աթեշյանի քայլը` պաշտոնը և լիազորությունները անձնական շահի համար օգտագործելը, հանցանք է և պատիժ է նախատեսում

Աթեշյանի քայլը` պաշտոնը և լիազորությունները անձնական շահի համար օգտագործելը,  հանցանք է և պատիժ է նախատեսում
21.02.2017 | 11:56

Պոլսի միաբանության անդամ, Պոլսի պատրիարքարանի Հոգևոր խորհրդի (կրոնական ժողովի) նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի՝ հիշյալ և այլ պաշտոններից հրաժարականով սկսվել է իսկապես կարևոր զարգացում Թուրքիայի պատրիարքական ընտրության գործընթացում: Պատրիարքարանում ճգնաժամի պատճառ է դարձել, թերևս, հիմնականում այն, որ Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների գործընթացը հայտնվել է փակուղում:


Սահակ սրբազանը ս. թ. փետրվարի 13-ին գրավոր հայտարարություն է տարածել, որով ոչ միայն հայտնել է զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու մասին, այլև խստորեն քննադատել Պոլսի հայոց պատրիարք ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին (Արթին Աթեշին) ու նրա գործունեությունը, տեղեկացրել հրաժարական հայտնելու որոշման պատճառների մասին, որոնք Արամ Աթեշյանի, մեղմ ասած, բացասական քայլերի հետևանք են:
Ստորև ներկայացնում ենք Պոլսի պատրիարքարանի Հոգևոր խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հրաժարականի նամակը՝ գրված փետրվարի 13-ին, Քումքափըից, հայաստանյան մամուլում թերևս առաջին անգամ ներկայացնում ենք ամբողջությամբ.


«Իմ պարտքն եմ համարում պատրիարքական ընտրությունների վերջին զարգացումների լույսի ներքո ժողովրդիս տեղյակ պահել ստորև ներկայացվելիք խնդիրների մասին։
Պատրիարքի անաշխատունակ դառնալուց և պատրիարքական աթոռի թափուր մնալուց հետո Հայոց եկեղեցու գլխավոր խորհուրդը պատրիարքական ընտրություններ անցկացնելու որոշում էր կայացրել և սկսել էր համապատասխան գործընթացը։ Ըստ մեր ավանդույթի՝ ընտրական գործընթացը հետևյալ կերպ պետք է ընթանար. նախ պետք է տեղապահ ընտրվեր, ապա նախաձեռնող հանձնաժողով պետք է կազմվեր, և զարգացումների մասին նահանգապետարանին տեղեկացնելով՝ պետք էր ընտրակարգի իրավական գործընթացը սկսել։ Այս գործընթացը մի քանի շաբաթ պետք է տևեր։ Սակայն այս պարզ գործընթացը, ցավոք, պատրիարքական փոխանորդ արքեպիսկոպոս Արամի համառության և ձգձգելու պատճառով ևս մեկ անգամ դադարեցվեց և մինչ այսօր ոչ մի իրավական դիմում չի ներկայացվել։


Արամ սրբազանի բացասական քայլերը հետևյալն են.
1. Պատրիարքական աթոռը թափուր մնալուց անմիջապես հետո պետք էր տեղապահ ընտրել։ Սակայն Արամ սրբազանը ամեն տեսակի քմահաճույքներով և սպառնալիքներով խոչընդոտեց այս ընտրությունները։ Հոգևոր խորհուրդը ստիպված եղավ աչք փակել Արամ սրբազանի փոխանորդությանը՝ հաշվի առնելով որոշ զգայուն հանգամանքներ։ Դժբախտաբար, Արամ սրբազանը փոխանորդությունն իրականացրեց ոչ թե տեղապահին հարիր կերպով, այլ կուլ գնալով նախկին սովորություններին՝ գործեց ինքնագլուխ կերպով։ Այսպիսով ևս մեկ անգամ պարզ դարձավ, թե պատրիարքի բացակայության պայմաններում պատրիարքական ընտրությունների կանոնավոր ընթացքն ապահովելու համար փոխանորդի դերն ինչքան մեծ է։
2. Եկեղեցու գլխավոր խորհուրդը չորս հոգևորականից բաղկացած մի հանձնաժողով ստեղծեց, որը պետք է ընտրության անցկացման համար պաշտոնական դիմում-նամակ կազմեր։ Այս հանձնաժողովը, ուսումնասիրելով նախորդ դիմումները, դրանց հիմնական տարրերով նամակ կազմեց։ Դիմումը տեղեկատու նամակի տեսքով պետք է լիներ։ Նամակում պետք է նշվեր պատրիարքական ընտրության նախաձեռնող խմբի գոյության մասին և տեղեկացվեր, որ անունները ավելի ուշ ներկայացվելու են նահանգապետարանին։ Արամ սրբազանը սրտաճմլիկ դիմադրություն ցույց տվեց՝ պահանջելով չնշել նախաձեռնող խմբի առկայության մասին և ընտրությունների անցկացման համար պետությունից թույլտվություն խնդրել։ Ընդհանուր հայտարարի շուրջ գրված դիմում-նամակը չօգտագործվեց՝ սպասելով նահանգապետարանի պատասխանին։
3. Այդ ընթացքում հարգելի Պետրոս Շիրինօղլուն, որպես Սուրբ փրկիչ հիվանդանոցի ղեկավար խորհրդի նախագահ, հանդիպեց նախագահին և հայտնեց ավետիսը, որ համայնքի ընտրական խնդիրները կարգավորվելու են հանրաքվեից հետո։ Այս լուրը պետք է որ արագացներ ընտրական գործընթացը։ Սակայն այս լավ լուրը Արամ սրբազանի համար ընտրություններից խույս տալու մեկ այլ պատրվակ դարձավ։ Առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու հայտարարեց, որ ընտրության անցկացման դիմում չի ներկայացնելու՝ այսպիսով նաև խախտելով հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը համայնքին տված իր խոստումը։ Հոգևոր խորհուրդը և ես՝ այդ խորհրդի նախագահս, այդ լուրը լրատվամիջոցներից ենք լսել։


Այսօր՝ 2017 թ. փետրվարի 13-ին, հոգևոր խորհրդի հանդիպման օրակարգում այս խնդիրն էր։ Արամ սրբազանն իր միջոցներով, կապրիզներով, սպառնալից մոտեցումներով, ժողովը լքելու սպառնալիքներով կարողացավ շահարկել ժողովը և հասնել նրան, որ Հոգևոր խորհուրդը մերժի Սահակ սրբազանի առաջարկը։ Իսկ առաջարկս հետևյալն էր.
Նախագահից ոչ պաշտոնական ճանապարհներով մեզ հասած լուրերը պետք է արագացնեին պատրիարքական ընտրության աշխատանքները։ Կարող էինք չորեքշաբթի օրն անմիջապես նոր նախաձեռնող խորհուրդ կազմել, հինգշաբթի օրը դիմումը ներկայացնել նահանգապետարան և դիմում-նամակի բովանդակությունը ներկայացնել ժողովրդին։ Այսպիսով կարող էինք հանգիստ խղճով սպասել հանրաքվեին հաջորդող ընտրության տարեթվի հաստատմանը։ Հոգևոր խորհրդից ժողովրդի ակնկալած ողջամիտ և արժանապատիվ մոտեցումը կլիներ սա։ Այս առաջարկս մերժվեց։
Սակայն հարցն արդեն հանրաքվեից հետո դիմում ներկայացնելու մեջ չէ։ Արամ սրբազանը կարողացավ հին մեթոդներով Հոգևոր խորհրդին ստիպել որոշում կայացնել՝ սպասելու պետության՝ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆԸ։ Ստացվում է, որ նախաձեռնող խորհուրդը ստեղծվելու է ընտրության թույլտվությունը ստանալուց հետո։ Փորձել եմ իրեն ընկերաբար բացատրել, որ իրավաբանորեն աշխարհիկ պետությունից նման թույլտվություն երբեք չի ստացվելու, և ընտրությունները ոչ թե մնալու են գալիք գարնանը, այլ փակուղի են մտնելու։ Սակայն Արամ Աթեշյանը, որ ակնհայտորեն նախաձեռնող խորհրդից ավելի է վախենում, քան սատանայից, այս հարցում էլ կարողացավ իր նպատակին հասնել։ Կարճ ասած՝ այս ընտրությունները հանրաքվեից հետո էլ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ։ Քանի՞ցս է այս հնացած կերակուրը հրամցվելու այս մոլորված ժողովրդին, և նրանք դեռ քանի՞ցս են ախորժակով ուտելու դա։ Կներեք, բայց ստամոքսս արդեն չի ընդունում դա։


Ակնհայտ է, որ այս ընտրությունները չեն անցկացվելու, քանի դեռ Արամ սրբազանը պատրիարքի փոխանորդ է։ Պատրիարքական աթոռի թափուր մնալուց հետո, գնալով խորացող քաոսի պայմաններում բոլորը համակարծիք են, որ ստեղծված իրավիճակը Արամ սրբազանի օրոք ոչ միայն չի կարգավորվի, այլ ավելի կվատթարանա։ Անհնար է այս հարցի շուրջ Արամ սրբազանի արարքները գնահատել որպես ակամա և պարզ սխալներ։


1. Եկեղեցու գլխավոր խորհրդի՝ պատրիարքի ընտրության որոշումն անմիջապես չի իրականացրել, ընդհակառակը՝ փոխանորդի բոլոր լիազորություններն օգտագործել է ընտրությունները հետաձգելու համար։
2. Իրենից ավելի բարձր իրավասություններ ունեցող Հոգևոր խորհրդի հետ խորհրդակցելու անհրաժեշտությունն անուշադրության է մատնել, զարգացումների մասին տեղյակ չի պահել և ինքնագլուխ կերպով որոշել է ընտրության իրականացման համար դիմում չներկայացնել։ Այսպիսով, Արամ սրբազանը եկեղեցու գլխավոր խորհրդի և Հոգևոր խորհրդի առջև ծանր կարգապահական խախտումներ է թույլ տվել։
3. 1717 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցու պատմության մեջ ոչ մի անգամ պատրիարքական կամ կաթողիկոսական աթոռը 9 տարի թափուր չի մնացել։ Լիազորությունները շահագործելով՝ 9 տարի շարունակ կատարած մանիպուլյացիաները, պաշտոնը և լիազորությունները անձնական շահի համար օգտագործելը հանցանք է և եկեղեցական օրենքների համաձայն պատիժ է նախատեսում։
Սակայն վախկոտների բանակի նմանվող հոգևորականների այս ամբոխի կողմից պատժվելու մասին խոսք չի կարող լինել։ Այլևս անհնար է, որ ամեն տեսակի սկանդալներով հայտնի Արամ սրբազանի հետ նույն ճանապարհով քայլեմ։


1. Հոգևոր խորհրդի նախագահությունից հրաժարվում եմ։
2. Հոտած, անգամ կոյուղու պես բուրող «Հովակիմ 1461» հիմնադրամի երկրորդ նախագահի պաշտոնից հրաժարվում եմ։
3. Համայնքային և եկեղեցական հարցերում անզգա և անտարբեր մի ազգի, մի մարդու քմահաճույքներն ամեն կերպ ողջունող, ներպարփակ, անհեռատես փոքրամասնական կառույցների ղեկավարներին այսուհետ ծառայել չեմ ցանկանում։ Լքում եմ այս քաղաքը։
4. Գանք այն հարցին, որ տանջում է բոլորին. պատրիարքի թեկնածու չեմ։ Կյանքիս մնացած արգասաբեր տարիները ավելի իմաստալից գործերի եմ նվիրելու։ Մի շարք թեկնածուներ կան, որ այդ աթոռի ցմահ սիրահարն են։
Հոգևորականնե՛ր, ղեկավարնե՛ր և ժողովո՛ւրդ, ինձ միայնակ եք թողել։ Պարտության ճիչ է սա։ Սակայն միայն ես չեմ պարտվել, բոլորդ էլ պարտված եք։ Եվ նորից միայն մեկ հոգի է հաղթողը։ Աստվա՛ծ մեզ օգնական»։
Անշուշտ, նախ պետք է հավուր պատշաճի գնահատել Սահակ Մաշալյանի այս ընդվզումը, համարձակությունը և ոչ միայն: Լավ է, որ գոնե գտնվեց մի հոգևորական, որ ձայն բարձրացրեց (այլ խնդիր է, թե նրա ընդվզումից հետո մեր հոգևոր դասն ինչպե՞ս կվարվի՝ ավելի կմիավորվի՞, թե՞ հիասթափված հեռանա Հայ առաքելական Սուրբ Եկեղեցուց): Այնուամենայնիվ, այն տպավորությունն է, որ Պոլսի հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի (Արթին Աթեշի) ու նրա գործունեության վերաբերյալ Սահակ սրբազանի հայտնածն ամենը չէ, ինչ հայտնի է նրան: Այսինքն՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը փակագծերը դեռ ամբողջությամբ չի բացել:
«Արամ Աթեշյանի 24 ժամը եթե ձեզ պատմեմ, այդ մարդը պետք է մի պարան առնի և գիշերը կախվի, անբարոյականության ինչքան բան կա այս աշխարհում, այդ մարդու մեջ կա, իսկ բարոյականության նշույլ, եթե հատուկ ման գաս, չես գտնի,- այս կապակցությամբ մեր հարցին պատասխանելով, ասաց հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:- Չես գտնի գեթ մեկ բջիջ, որը լինի մարդկային, ազգային, հայկական, հոգևորական, բարոյական: Բացառվում է: Նման մարդու հետ գործ ունենք: Սահակ Մաշալյանը գրեթե միշտ նրա հետ լինելով, ամեն ինչ գիտի նրա մասին: Եթե Սահակ Մաշալյանը բերանը բացի, իրոք որ, Արամ Աթեշյանից, ինչպես ասում են, նույնիսկ փոշի չի մնա, բայց դա կանի՞, թե՞ ոչ՝ չգիտեմ, դա արդեն՝ Աստված իր հետ, իր խղճի հետ: Կարծում եմ` դա իր բարոյական պարտքն է»:


Սարգիս Հացպանյանի հավաստմամբ, հնարավոր չէ, որ Արամ Աթեշյանը դնի իր թեկնածությունը Պոլսի պատրիարքի ընտրության համար, կցանկանա, բայց չի դնի, որովհետև ատում են այդ մարդուն, ատելի է այդ մարդը, չի կարող ինքը 0,1 տոկոս քվե ստանալ, ուզում է 100 թեկնածու լինի, Արամ Աթեշյանը կլինի ամենավերջին քվե ստացողը, և դա ինքը շատ լավ գիտե, ինքը հենց ուզում է, որ ընտրություն չլինի: Ամեն ինչ անում է, որ ձգձգի, այդքան մանիպուլյացիան դրա համար է, ինչքան շատ մնաց փոխանորդի պաշտոնում, այնքան այդ աթոռն իրեն է պատկանում: Սահակ Մաշալյանը 2016 թ. հոկտեմբերի 26-ից ի վեր, ըստ իր ներկայացրածի և համայնքի մարդկանց վկայությունների, ամեն ինչ արել է, որ նոր պատրիարքի ընտրությունների համար Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալ լինեն, բայց Արամ Աթեշյանը 4 ամիս շարունակ խոչընդոտել է, որ ընտրություններ լինեն: Ըստ հասարակական գործչի, այստեղ աթոռի կռիվ լինել չի կարող, քանի որ այս կամ այն անձը պատրիարք է դառնում ոչ թե նշանակմամբ, այլ համայնքի կողմից ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությամբ: Սահակ Մաշալյանը և Արամ Աթեշյանը ուզեն էլ, չեն կարող նստել պատրիարքի աթոռին, եթե չընտրվեն:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ.- Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) հայոց պատրիարքի ընտրությունների հարցում պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, պատրիարքարանի Հոգևոր խորհրդի (կրոնական ժողովի) արդեն նախկին նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, ինչպես արդեն հայտնի է, այս տարվա փետրվարի 16-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որն արտահայտվել է նույն օրը ստորագրված արձանագրությամբ:
Սակայն տվյալ արձանագրության կետերից երկուսը հակասում են իրար, առաջացել է իրավական կազուս, որովհետև պատրիարքի ընտրությունների կազմակերպման, անցկացման համար տեղապահ չի կարող ընտրվել, քանի դեռ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պատրիարքի ընդհանուր փոխանորդի պաշտոնից հրաժարական չի տվել: Մինչդեռ, հիշյալ արձանագրության կետերից մեկի համաձայն, իբրև, այսպես ասած, փոխզիջման արտահայտություն, նշված է, որ Արամ Աթեշյանը մինչև ընտրությունների կայացումը շարունակելու է կատարել պատրիարքի ընդհանուր փոխանորդի իր պարտականությունները:
Այս իրավական թնջուկի հանգուցալուծման, ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հանդիպելու, խնդիրը նրա հետ քննարկելու նպատակով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերով երեկ Մայր Աթոռ է ժամանել Կոստանդնուպոլսի միաբանության անդամ, Գերմանիայի հայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկճյանը, իսկ փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը Ստամբուլ-Երևան չվերթով պետք է արդեն եկած լինեն նաև Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Այսօր Վեհարանում նախատեսված է նրանց հանդիպումը կաթողիկոսի հետ:

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ