Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մեկը որբերին էր հավաքում, մյուսը` պատմություններ որբերից»

«Մեկը որբերին էր հավաքում,  մյուսը` պատմություններ որբերից»
21.02.2017 | 12:14

«Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. hայ որբերի հուշերը» գիրքը ընթերցողի սեղանին է: Գիրքը հեղինակել է բանաստեղծի ծոռը` գրականագետ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆԸ: Լույս է ընծայել «Անտարես» hրատարակչությունը:
1915 թվականի դեկտեմբերին Վահան Տերյանն այցելել է Երևան և Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցի սաներին հանձնարարել է նկարագրել Հայոց ցեղասպանությունը: Բացի նրանից, որ երեխաների ձեռագրերը բացառիկ փաստաթղթեր են, որոնք պատմագիտական շատ կարևոր նյութ են պարունակում, դրանք հսկայական ազդեցություն են թողել Վահան Տերյանի հետագա կյանքի և ստեղծագործության վրա:


Շարադրությունները պահվել են «ՈՒսանողական տետրակ» անունով: Գրքի հեղինակի կարծիքով, այսպիսի անվանում տալով փաստաթղթերին, մի բարի մարդ գուցե ցանկացել է փրկել դրանք: Գրքում ներկայացված 24 երեխայի գրած 34 տեքստերը տպագրվել են առանց խմբագրման, ինչպես եղել է` բառացի, տառասխալներով, ջնջումներով:


«Իրատեսի» հետ զրույցում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ այդ նյութը չէր կարող «ՈՒսանողական տետրակ» անվանումը կրել սխալմունքի, անփութության հետևանքով. «Խոսքը Վահան Տերյանի մասին է, մեր ամենասիրված, ամենից շատ մեծարված բանաստեղծի, չեմ կարծում, թե արխիվն ուսումնասիրողները, մշակողները կսխալվեին: ՈՒրիշ հարց է, որ ներքին հրահանգ կար` Տերյանին միակողմանի ներկայացնելու, բայց սխալմունք չէր կարող լինել: Խոսքը մեկ էջի, մեկ բացիկի մասին չէ, այլ մի ամբողջ տետրի»: ԳԱԹ-ի տնօրենը նշեց, որ տասնյակ նման օրինակներ ունեն, երբ, ապահովության նկատառումներով, գիտաշխատողները հանդգնել են որոշ նյութեր այլ խորագրի տակ պահել: Ավելին` Սարյանի «Դիմակով Չարենցը» հայտնի նկարը մի գիտաշխատող փրկել էր` հանդգնելով այն թաքցնել պահարանի հետևում:


Տերյանի արխիվում չուսումնասիրված, չհրատարակված ձեռագրեր գրեթե չկան: Կարո Վարդանյանն ասաց, որ Գևորգ Էմին-Տերյանը օրեր շարունակ աշխատել է, ուսումնասիրել, սակայն չբացառեց, որ Տերյանի ժամանակակիցների այլ ֆոնդերում ինչ-որ բաներ լինեն. «Այդպես հաճախ է պատահում, որևէ հեղինակի ֆոնդն ուսումնասիրելիս` պատահաբար ժամանակակիցներին, այլ հեղինակներին վերաբերող բացառիկ նյութեր են գտնվում: Ի վերջո, շատ մեծ են մեր ֆոնդերը»: Այսպիսով, Տերյանին առնչվող անհայտ, չուսումնասիրված նյութեր կարող են լինել, բայց այլ ֆոնդերում: Ինչ վերաբերում է Մակինցյանների մոտ պահվող արխիվին, Կարո Վարդանյանն ասաց, որ ընդամենը տեղեկություն ունի, որ այն, ինչ մնացել էր Տերյանից, Պողոս Մակինցյանը (որ այդ ժամանակ զբաղեցնում էր Տերյանի պաշտոնը` ազգությունների կոմիսարիատի կոմիսարի տեղակալ) վերցրել է Տերյանի այրուց՝ Անահիտ Տերյանից, և ենթադրելի է, որ դրանք Մակինցյանի ժառանգների մոտ են:


Անդրադառնալով մեր՝ «Ի՞նչ կարծիք ունեք որբերի թողած հուշագրության վավերագրական նշանակության մասին» հարցին` ասաց, որ Տերյանը որբերի պատմություններն էր հավաքում, ինչը շատ կարևոր էր. «Այդ երեխաները վերարտադրում էին իրենց վերապրածը, տեսածը, դա ամենաճշգրիտ պատմագրությունն է, ժամանակի ճշգրիտ արտացոլանքը: Նույնիսկ մի համեմատություն անցավ մտքովս. Տերյանը հավաքում էր որբերի պատմությունները, իր մեկ այլ մեծանուն ժամանակակից` Զորավար Անդրանիկը, հենց այդ որբերին էր հավաքագրում քրդերից` ամեն մեկի համար մի ոսկի վճարելով, որ վաղվա Հայաստանը ժողովուրդ ունենա: Մեկը որբերին էր հավաքում, մյուսը` պատմություններ որբերից: Անպայման պետք է թարգմանության մասին մտածել, հանրայնացնել բացառիկ այս նյութը, ճիշտ նպատակային աշխատանք տանելու պարագայում դրանք համաշխարհային նշանակություն կունենան»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ