Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պարտվեց Զարուհի Փոստանջյա՞նը, թե՞ «Ժառանգությունը»

Պարտվեց Զարուհի Փոստանջյա՞նը, թե՞ «Ժառանգությունը»
21.02.2017 | 12:34

Երեկ «Ժառանգությունից» հեռացավ Զարուհի Փոստանջյանը: Ավելի ճիշտ՝ հայտարարեց, որ հեռանում է, իսկ հեռացել էր ավելի վաղ, երբ «Ժառանգությունը» երկար-բարակ որոշում էր՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ, մասնակցել միայնա՞կ, թե՞ դաշինքով, ու ընդհանրապես՝ ի՞նչ ակնկալիք ունեն ընտրություններից՝ հինգ պատգամավորով խմբակցությո՞ւն, թե՞ իշխանափոխություն: Զարուհի Փոստանջյանը «Ժառանգությունից» հեռանալը պայմանավորեց խորհրդարանական ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ հանդես գալու համաձայնագրով. «Դուք տեսաք, որ ստորագրվեց մի համաձայնագիր, որտեղ ընդհանուր կետեր կային, որոնք չեն համապատասխանում «Ժառանգության» ոչ նախկինում անցած ուղուն, ոչ ընդունված որոշումներին, ոչ ծրագրին, ոչ սկզբունքներին»:


Զարուհի Փոստանջյանը չէր ուզում հեռանալ «Ժառանգությունից»՝ նախընտրական սկանդալները կուսակցության ներսում, անվերջ ժողովները, տևական ժամանակ չկողմնորոշվելը՝ ինչ անել ու ինչ չանել, նաև դա են վկայում՝ նա փորձում էր կուսակցությունը պահել իր ծրագրերի ու սկզբունքների շրջանակում՝ ինչպես ինքն էր պատկերացնում: Անում էր անգամ անհեթեթ հայտարարություններ՝ միայնակ համագումար էր ուզում հրավիրել, հրապարակավ հայտարարում էր իր անհամաձայնությունը կուսակցության այդ պահի որոշման հետ, որի մասին մյուսները լռում էին: Բայց կուսակցությունն արդեն փոխվել էր ու մեկ անդամ՝ նույնիսկ ի դեմս «Ժառանգության» բրենդը դարձած, ԱԺ միակ պատգամավորի, չէր կարող դեմ գնալ մեծամասնությանը: Նա փորձեց ու պարտվեց: Հարց է՝ պարտվեց կուսակցության անդա՞մը, թե՞ կուսակցությունը: Զարուհի Փոստանջյանը պահպանեց դեմքը, «Ժառանգությունը» դեռ պիտի հիմնավորի ՕՐՕ դաշինքի մաս դառնալը: Ինչ-որ տեղ օդում մնաց արժեքային համակարգ հասկացությունը, որ բնավ էլ կաղապարված-քարացած չէ, փոփոխական ու պայմանական է՝ ժամանակի պահանջով: Փոփոխությունները անհրաժեշտ են, սկզբունքայինը ոչ թե փոփոխվել-չփոփոխվել հարցն է, այլ՝ ինչպե՞ս փոխվել:

«Ժառանգությունն» ընտրեց կոնֆորմիզմն ու փողը, Զարուհի Փոստանջյանը՝ պատմությունն ու սկզբունքները: Իհարկե, «Ժառանգությունն» ունի առարկություն, որ ընտրություններին միայնակ մասնակցելու պարագայում առավելագույն հաջողությունը՝ հինգ մանդատն էր լինելու ԱԺ-ում, ընդդիմադիր ելույթները և որոշումների ընդունման վրա ազդելու անհնարինությունը: Այդ հնգամյակը «Ժառանգությունն» արդեն ապրել է իր առաջին խորհրդարանական կյանքում: Իսկ դաշինքի հետ կարող է իշխանափոխության հասնել՝ մեծամասնություն կազմելով խորհրդարանում: Բայց դա ոչ թե առարկություն է, այլ՝ արդարացում: «Ժառանգությունը» ռեալ կորցնում է իր տարիներով ստեղծած քաղաքական կապիտալը և անում է ներդրում մի բանկում, որը պարզապես կարող է պայթել՝ ի՞նչ մեծամասնություն, ի՞նչ իշխանափոխություն, ի՞նչ երաշխիք, որ դաշինքն ընդհանրապես խորհրդարան կմտնի: Սկանդալները գովազդի առումով աշխատում են նախընտրական շրջանում, իսկ ընտրություններում առավելություն ունեն կանխատեսելի քաղաքական ուժերը: Սովորաբար:

Գուցե դեռ վաղ է եզրակացություններ անել մեկ ասուլիսով, բայց փաստ է, որ ՕՐՕ դաշինքը չի պատկերացնում ոչ իր տեղը, ոչ իր դերը, ոչ անելիքը: Իշխանափոխությունը իշխանություն ունեցող անձերի փոփոխություն է՝ դատելով ՕՐՕ դաշինքի առաջին դեմքերի տեսակետներից, նրանց հաջողության դեպքում փոխվելու են վարչապետն ու մի քանի նախարար, մնացածը մնալու է նույնը: Կրկնում եմ՝ դատելով առաջին համատեղ ասուլիսից, որտեղ թե Սեյրան Օհանյանը, թե Վարդան Օսկանյանը կաշկանդված էին ու ավելի շատ արդարացնում էին իրենց համատեղ հայտնությունը ու դաշինք կազմելը, քան ներկայացնում, թե ինչ են պատրաստվում անել: Նույնը՝ «Ժառանգությունը» ներկայացնող Արմեն Մարտիրոսյանը: Փաստ է, որ անցյալին վերաբերող հարցերի պատասխանները համոզիչ չէին: Իսկ ապագային վերաբերող հարցեր չեղան, թերևս, հենց այդ պատճառով: Եվ ընդհանրապես՝ երբ հիշողությունը դառնում է ընտրովի, այլևս ոչ թե հիշողություն է, այլ՝ հասկացված լինելու ցանկություն: «Ժառանգությունն» ընտրեց արկածախնդրության ճանապարհը, իսկ Զարուհի Փոստանջյանը, որ «Ժառանգության» ամենաարկածախնդիր պատգամավորն էր, հավատարիմ մնաց կուսակցությանը, որն արդեն չկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ո՞վ էր ճիշտ: Հարցին կպատասխանեն ընտրությունները: «Ժառանգությունից» կհեռանա՞ն նրանք, ովքեր համարում են, որ ճիշտը Զարուհի Փոստանջյանն է, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, որ նմանվել է հյուրախաղերով հայրենիք այցելող թատրոնի տնօրենի: Կհեռանան, եթե կիսում են այն արժեքային համակարգը, որի համար պայքարում Զարուհի Փոստանջյանը պարտվեց, իսկ պարտությունը սովորաբար որբ է լինում, գնում են հաղթողի հետևից: Բայց այս իրավիճակում պարտված են երկու կողմերն էլ: Ի վերջո, ցավալի է, բաց փաստ, որ «Ժառանգության» միայն բրենդն էր մնացել, իրավատեր բարևի հիշողությունը: Անցած հնգամյակը Ազգային ժողովում վկայեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը սխալվելիս անուղղելի է սխալվում, ընտրելիս խայտառակ է ընտրում, հանգամանքներին տրվելը և հանգամանքներից վեր չբարձրանալը, սակայն, միայն Րաֆֆի Հովհաննիսյանի «արժանիքը» չէ՝ կյանքն է այդպիսին: Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը դա կարող են հաստատել, թեպետ ժամանակը ցույց կտա՝ նրանց ընտրությունը «Ժառանգության» ավանդույթներո՞վ էր, թե՞ Զարուհի Փոստանջյանի սկզբունքով:

Դիտվել է՝ 1867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ