Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աշխարհը հասել է հետարևմտյա՞ն աշխարհակարգի

Աշխարհը հասել է հետարևմտյա՞ն աշխարհակարգի
21.02.2017 | 12:37

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն RFI ռադիոընկերությանը, TV5 Monde հեռուստաալիքին ու Le Monde թերթին տված հարցազրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթը Մյունխենի կոնֆերանսում, որտեղ նա կոչ էր անում հաստատել «հետարևմտյան» աշխարհակարգ: Էյրոն կարծում է, որ ժամանակակից աշխարհի խնդիրը ոչ թե արևմտյան արժեքներն են, այլ այդ արժեքներից նահաջը: «Ես չեմ կարծում, որ Արևմուտքը և արևմտյան արժեքները ժամանակակից աշխարհում դժբախտությունների պատճառն են: Պատճառն ավելի շուտ նահանջն է այդ արժեքներից: Ի՞նչ արժեքներ են դրանք: Արևմտյա՞ն արժեքներ են, թե՞ համամարդկային»՝ հարց է տվել Ֆրանսիայի ԱԳ նախարարը: «Ես զարմանում եմ, որ այդ ոգով ելույթ է ունենում Ռուսաստանի պես երկիրը: Երկիր, որ վիթխարի տառապանքներ է ապրել Երկրորդ աշխարհամարտում, որտեղ ամենաշատ զոհերն ու ավերածություններն են եղել: Մենք միշտ ըստ արժանվույն ենք գնահատել ռուս ժողովրդին ու նրա քաջությունը: ԽՍՀՄ-ը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դաշնակիցն էր: Բայց այդ ժամանակներից հաստատվել է աշխարհակարգ որոշակի արժեքների հիման վրա: Որոնցից մեկը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն է: Դա արևմտյա՞ն շարադրանք է: Մենք պե՞տք է հրաժարվենք նրանից: Եթե մենք հրաժարվում ենք, ո՞ր ուղղությամբ պիտի գնանք: Մենք վերադառնում ենք ազգայնականությա՞նը, ուժային դիմակայությա՞նը»՝ հարցնում է Ժան-Մարկ Էյրոն:


Նախարարն ընդգծել է, որ ժամանակակից «վտանգավոր» աշխարհում, որտեղ բարձրացել է ազգայնականության ու մեկուսացման հակվածության մակարդակը, ինչպես երբեք կարևոր է «բազմաբևեռ աշխարհակարգ՝ արժեքների հիման վրա»: ՌԴ ԱԳ նախարարը Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսում համաշխարհային առաջնորդներին կոչ արեց ընտրություն անել հօգուտ ավելի արդարացի, իր խոսքով, «հետարևմտյան» աշխարհակարգի, որի օրոք յուրաքանչյուր երկիր «կձգտի հավասարակշռության որոնմանը իր ազգային շահերի ու գործընկերների ազգային շահերի միջև»: Մեկնաբանելով հաքերային հարձակումների վտանգը ընտրություններից առաջ Ժան-Մարկ Էյրոն ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ֆրանսիան թույլ չի տա որևէ պետության կամ կազմակերպության միջամտել Ֆրանսիայում ընտրական գործընթացին: Նա ընդգծեց, որ կիբեռհարձակումները «տեսության ոլորտից չեն, այլ՝ ռեալ գոյություն ունեցող սպառնալիք», և Ֆրանսիան ունի դիմակայելու գործիքներ: Նա նշեց, որ մասնավորապես Տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային ծառայությունը (ANSSI) ընտրապայքարի ընթացքում բոլոր թեկնածուներին կոնսալտինգային ծառայություններ կմատուցի, եթե նրանք ցանկանան:
«Մենք պետք է պաշտպանվենք և մեսիջ ուղարկենք նրանց, ովքեր կարող են մեզ սպառնալ՝ մենք դա թույլ չենք տա»՝ ընդգծեց Ժան-Մարկ Էյրոն:

Նա որևէ կոնկրետ պետություն չնշեց, որից բխում է հաքերային հարձակումների վտանգը: Ընտրություններին միջամտելու հարցում Ժան-Մարկ Էյրոն դիմեց ՌԴ իշխանություններին. «Ռուսաստանը կարող է փորձել, որ ընտրվի այն թեկնածուն, ով ավելի է դուր գալիս Մոսկվային: Մենք դա թույլ չենք տա: Ռուսաստանը նվազագույն միջամտություն թույլ չի տալիս իր քաղաքականությանը: Եվ երբ այս կամ այն թեկնածուն հարուցում է Մոսկվայի հատուկ համակրանքը, դա ինձ անկեղծորեն շոկի է մատնում: Ես զարմանում եմ, որ այդ թեկնածուները՝ Ֆրանսուա Ֆիյոնն ու Մարին լը Պենը, Ռուսաստանի դեմ հանդես չեն գալիս: Դա յուրատեսակ աջակցություն է»:


Ժան-Մարկ Էյրոն համարում է, որ «նրանք, ովքեր կարծում են, որ Մինսկի համաձայնությունները «մեռել են», սխալվում են, որովհետև երկու կողմերն էլ՝ Ռուսաստանն ու ՈՒկրաինան, կողմնորոշվում են այդ պայմանավորածություններով և ընդունում են բանակցությունների նորմանդական ձևաչափը»: Ֆրանսիայի ԱԳ նախարարը ընդգծում է, որ «Ռուսաստանը բանակցություններում հայտարարություններ է անում անջատողականների կողմից, մասնակից է կոնֆլիկտին ու դա պետք է ընդունի: Ո՞վ է սկսել կոնֆլիկտը: Ռուսաստանը, որ օգնության եկավ անջատողականներին»:
RFI


Հ.Գ. Ժան-Մարկ Էյրոն չափազանց ֆրանսիացի է՝ ընկալելու համար, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսում է հետարևմտյան աշխարհակարգից, որովհետև Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները չեն ստացվում, իսկ Ռուսաստանում ավանդույթ է փակել այն էջը, որտեղ արձանագրված չեն քո հաղթանակները: Հետարևմտյան համակարգը նույն համակարգն է, բայց «հետ»-ը ենթադրում է, որ Ռուսաստանը մեղքերի ու արժեքներին դավաճանության մեջ ընկղմված Արևմուտքին վերադարձնում է քրիստոնեական արժեքները ու քրիստոնյայի կերպարը: Եվ, վերջապես, հավասարը հավասարի հետ հարաբերվելու հնարավորություն է ստանում: Ընդունեք, որ շատ չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ